Դիլիջանի պետական թատրոն

Դիլիջանի պետական թատրոն, սկզբնավորվել է 1881 թվականին, Սրապիոն Հեքիմյանի «Սամվել» պիեսի բեմադրությամբ։ 20-րդ դարի սկզբից տեղի խմբերի հետ հանդես են եկել Վարդան Միրզոյանը, Անդրանիկը, Ազնիվ Հրաչյան և ուրիշներ։

Դիլիջանի պետական թատրոն
Տեսակթատրոն
Գտնվելու վայրըԴիլիջան
Հիմնադրման ամսաթիվ1881
Նախկին անվանումներՀասմիկի անվան ժողովրդական թատրոն

1910-ական թվականներին գործել է Թատերասերների ընկերությունը։

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման առաջին օրերից թատերասերների խումբը Հասմիկի ղեկավարությամբ բեմադրել է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»[1] և այլ ներկայացումներ։ 1926-1927 թվականներին տեղի թատերական կյանքի զարգացմանը նպաստել է Ա․ Գուլակյանը, Վաղարշակ Նորենցը՝ «Կապույտ բլուզ» թատերախմբի ուժերով տալով մի շարք ագիտացիոն բնույթի բեմադրություններ։

1932 թվականին Յանովսկու «Ցասում» ներկայացումով բացվել է Դիլիջանի 26 կոմիսարների անվան պետական թատրոնը, խաղացանկում՝ Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» և այլն։ 1934-1948 թվականներին գործել է կոլխոզ-սովխոզային թատրոնի իրավունքներով։

Բեմադրություններ խմբագրել

Բեմադրություններից են՝ Վաղարշ Վաղարշյանի «Օղակում», Լյուդվիգ Միքայելյանի «Գոշ», Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ», Շիրվանզադեի «Պատվի համար», Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»։ Դիլիջանի թատրոնի գործունեությանը նպաստել են ռեժիսորներ Աշ-Մաթը, Բ․ Շաքարյանը, Ց․ Սողոմոնյանը, Հովհաննես Կարապետյանը, Արշակ Կայծունին, նկարիչներ Ռ․ Նալբանդյանը, Հովհաննես Շարամբեյանը, դերասան-դերասանուհիներ Մ․ Գալոյանը, Ս․ Ղազարյանը, Գ․ Դավթյանը, Ժան Էլոյանը, Նվարդ Աբալյանը, Գրիգոր Յաղջյանը, Լ․ Ալվարյանը և ուրիշներ։

1949 թվականին Դիլիջանի պետական թատրոնը գործել է որպես մշակույթի տան թատերախումբ, 1959 թվականից՝ Հասմիկի անվան ժողովրդական թատրոն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԹԱՏՐՈՆԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ | Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության». hushardzan.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 46 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։