Դանայա (նկար, Ռեմբրանդտ)

(Վերահղված է Դանայա (Ռեմբրանդտ)ից)

Դանայա (հոլ.՝ Danaë, 1636-1647), հոլանդացի մեծ գեղանկարիչ Ռեմբրանդտի կտավներից է, պահվում է Էրմիտաժում։ Կտավի սյուժեն վերցված է հին հունական դիցաբանությունից։

Դանայա
Danaë
տեսակգեղանկար
նկարիչՌեմբրանդտ վան Ռեյն[1]
տարի1636
բարձրություն185 սանտիմետր[2]
լայնություն202,5 սանտիմետր[2]
ստեղծման վայրՆիդերլանդներ[2]
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրնյու և դիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՊետական Էրմիտաժ[2]
հավաքածուՊետական Էրմիտաժ և Քրոզա հավաքածու
հիմնական թեմաՈսկե անձրև
https://www.wga.hu/html/r/rembran/painting/z_other/danae_1.html, https://www.wga.hu/html/r/rembran/painting/z_other/danae1.html, https://www.wga.hu/html/r/rembran/painting/z_other/danae2.html կայք
Ծանոթագրություններ
 Danae by Rembrandt Վիքիպահեստում

Պատկերը թեպետ կոչվում է Դանայա, բայց դրա սյուժեն մինչև օրս ճշտորեն պարզված չէ։ Գիտնականներից ոմանք կարծում են, թե դա Վեներան է` սիրո և գեղեցկության անտիկ աստվածուհին, որն իր մահճում սպասում է Մարսին` պատերազմի աստծուն, ոմանք ենթադրում են, թե դա Աստվածաշնչի հերոսներից է` Սառան, որն սպասում է իր ամուսնուն` Թոբիասին[3]։

Ըստ Դանայայի մասին տարածված առասպելի՝ նա Արգոսի թագավոր Ակրիզիոսի աղջիկն է։ Ակրիզիոսը, զգուշանալով այն գուշակությունից, թե ինքը կարող է մեռնել իր թոռան ձեռքով, բանտարկել է Դանայային և խստորեն հսկել, որ նա չշփվի որևէ մեկի հետ։

Զևսը, հրապուրվելով աղջկա գեղեցկությամբ, արհամարհել է այս բոլոր սահմանափակումներն ու թափանցել նրա մոտ ոսկյա անձրևի տեսքով ու կենակցել նրա հետ։

Իտալական Վերածննդի շրջանի մի քանի նկարիչներ, պատկերելով Դանայային, օգտագործել են հենց նշված առասպելը։

Նկարագրություն

խմբագրել

Կտավում պատկերված է երիտասարդ մերկ կին՝ լուսավորված արևի շողերով։ Կինը ձեռքը մեկնել է դեպի լույսը՝ կարծես ցանկանալով դիպչել դրան իր ափով։ Կնոջ հայացքը ևս ուղղված է դեպի լույսը։ Նրա կազմվածքը, չնայած չի համապատասխանում ժամանակի գեղեցկության չափանիշներին, կանացիության խորհրդանիշ է համարվում։

Կնոջ ձեռքերը զարդարված են ապարանջաններով, ձախ ձեռքի մատնեմատին մատանի կա, որը կարող է ընկալվել որպես ամուսնական մատանի, չնայած այս հանգամանքը հակադրվում է առասպելական սյուժեին։

Ռեմբրանդտի «Դանայա»

խմբագրել

Ի տարբերություն Վերածննդի ժամանակաշրջանի մյուս նկարիչների՝ Ռեմբրանդտն իր կտավում շեղվել է տարածված առասպելից։

Մասնավորապես, նա իր պատկերած կտավում ոսկե անձրևը փոխարինել է լույսով։ Կարծիք կա, որ Ռեմբրանդտի մոտ առասպելական աստվածուհուն փոխարինել է նկարչի սիրելի կինը՝ Սասկիան՝ «առասպելական» լույսով ողողված, փափուկ մահճում պառկած։ Մահճակալի հետևում աղախինը բաց է արել թանձր վարագույրները, որտեղից էլ լույսը ներս է թափանցել։ Ձեռքի շարժումով Դանայան կարծես թե ներս է հրավիրում ինչ-որ մեկին։

Պառկած քանդակազարդ բրոնզյա մահճակալի վրա, հարուստ միջավայրի մեջ, ոսկեկար ծանր վարագույրների ու այլ առարկաների շրջապատում Դանայայի մերկությունը դիտվում է կանացիության իր ամբողջ հրապույրով։

Ռեմբրանդտի Դանայան տարբերվում է թե′ Վերածննդի իդեալականացված Դանայաներից, թե′ բարոկկոյի պաթետիկ զգայականությամբ ներծծված Դայանաներից իր խոր մարդկայնությամբ։ Առասպելը վերածելով կենցաղային պատկերի, Ռեմբրանտդը, այնուամենայնիվ, իր առասպելական էակին օժտել է բարոյական մաքրությամբ[3]։

Ստեղծման պատմություն

խմբագրել
 
Սասկիան․Ռեմբրանդտի կինը

«Դանայա» կտավը Ռեմբրանտդն սկսել է պատկերել 1636 թվականին, Սասկիա վան Էյմենբրյուխի հետ ամուսնությունից երկու տարի անց։

Նկարիչը ջերմորեն սիրում էր իր երիտասարդ կնոջը, հաճախ էր նրան պատկերում իր կտավներում։ «Դանայա»-ն ևս բացառություն չէր․ Ռեմբրանդտն այն պատկերել էր ոչ թե վաճառքի, այլ իր տան համար։ Նկարիչն իր մոտ պահեց կտավը մինչև 1656 թվականը, այսինքն, մինչև իր կարողությունը կորցնելը։ Երկար ժամանակ անհասկանալի էր, թե ինչու այս կտավում պատկերված կինն այնքան ակնհայտորեն նման չէ Սասկիային, որքան 1630-ականներին պատկերված մյուս կտավների հերոսուհիները։ Այս հարցի պատասխանը հայտնի դարձավ ռենտգենասկոպիայի օգնությամբ համեմատաբար ավելի ուշ, 20-րդ դարի կեսերին։ Ռենտգենյան պատկերներում Ռեմբրանդտի կնոջ հետ նմանությունն առավել ակնհայտ էր[4]։ Պարզվում է՝ պատկերը փոփոխվել է նկարչի կնոջ մահից հետո (1642)։ Այդ ժամանակ Ռեմբրանդտն ապրում էր Հերտե Դիրկսի հետ։ Դանայայի դիմագծերն այնպես են փոփոխված, որ համատեղում են նկարչի երկու սիրելի կանանց։ Բացի դրանից, ռենտգենասկոպիան ցույց տվեց, որ ի սկզբանե կտավի վրա պատկերվել է ոսկե անձրև, իսկ Դանայայի հայացքը ոչ թե կողքի է ուղղված եղել, այլ՝ վերև։

Բարբարոսություն

խմբագրել

1985 թվականի հունիսի 15-ին Էրմիտաժում Ռեմբրանդտի սրահ է մտնում մի տղամարդ, ով թանգարանի աշխատակցին հարցնում է, թե որն է սրահի ամենաարժեքավոր կտավը։ Դրանից հետո նա մոտենում է «Դանայա»-յին ու դրա վրա շրջում ձեռքի դույլի պարունակությունը։ Ներկի վրա միանգամից պղպջակներ առաջացան․ դույլի մեջ ծծմբական թթու էր։ Չարագործը հասցնում է նաև դանակի երկու հարված հասցնել կտավին։ Ավելի ուշ փորձաքննությունը տղամարդուն անմեղսունակ ճանաչեց։ Նա Լիտվայի քաղաքացի 48-ամյա Բրոնյուս Մայգիսն էր, ով իր արարքը բացատրեց քաղաքական դրդապատճառներով։ 1985 թ․ օգոստոսի 26-ին լենինգրադյան դատարանը որոշում կայացրեց նրան հոգեկան հիվանդ ճանաչել և ուղարկեց Լենինգրադի հոգեբուժարան։ Այնտեղ նա 6 տարի անցկացրեց, այնուհետև ուղարկվեց Լիտվա, որտեղ էլ ազատ արձակվեց Լիտվայի՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուց հետո[5]։

Վերականգնում

խմբագրել

Առաջինն արձագանքեցին Լենինգրադի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները՝ խորհուրդ տալով կտավը լվանալ ջրով։ Մինչև դեպքի վայր հասնելը՝ հեռախոսով խորհուրդներ տվեց նաև քիմիկոս, ակադեմիկոս Մ․ Շուլցը։ Մասնավորապես, նա խորհուրդ տվեց լվանալ կտավը՝ այն ուղղահայաց դիրքով պահելով։ Այնուհետև, շտապ ժամանելով թանգարան, ռեստավրատորներին խորհուրդներ տվեց տեղում[6]։ Շատ մասնագետներ չէին հավատում հաջողությանը՝ համարելով, որ կտավը վերջնականապես կորած է։ Կտավի կորուստները կազմեցին 27 %։ Համաշխարհային գլուխգործոցի վերականգնման աշխատանքներն սկսվեցին հենց նույն օրվանից։ Ջրով լվանալուց կես ժամ հետո ծծմբաթթվի ազդեցությունը հնարավոր եղավ դադարեցնել, ինչից հետո կտավը մշակվեց հատուկ նյութերով, ինչը պետք է կանխեր ներկի շերտավորումը չորանալիս։ Երեք օրից պետական հանձնաժողով կազմվեց, որը պետք է որոշեր կտավի հետագա ճակատագիրը․ թողնել այն աղճատված, թե վերականգներ այն՝ փաստացի ստեղծելով դրա կրկնօրինակը։ Ի վերջո որոշվեց վերականգնել կորուստները, ջնջել ծծմբաթթվի հետևանքներն ու հնարավորինս պահպանել ռեմբրանդտյան գեղանկարը։ Ռեստավրացիան սկսվեց Ձմեռային պալատի Փոքր եկեղեցում, որտեղ կտավի համար համապատասխան եղանակային պայմաններ ու լուսավորություն ապահովվեց։ Էրմիտաժի ռեստավրատորներ Եվգենի Գերասիմովը, Ալեքսանդր Ռախմանը, Գեննադի Շիրոկովն ու Տատյանա Ալեշինան աշխատում էին կտավի վերականգնման համար։ Երկարատև աշխատանքներից հետո վերջանական վերականգնումը հնարավոր եղավ միայն 12 տարի հետո, 1997 թվականին։ Այնուհետ կտավը ցուցադրվում է հոլանդական ու ֆլամանդական դպրոցի ներկայացուցիչների աշխատանքների հետ, Էրմիտաժի գլխավոր շենքի 2-րդ հարկում։ Այժմ կտավը պաշտպանված է հատուկ ապակիով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://rkd.nl/explore/images/40824
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/45708/
  3. 3,0 3,1 Մարտիկյան, Եղիշե (1959). Ռեմբրանդտ. Երևան. էջեր 21–22.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Ю. И. Кузнецов. Особенности и методы изучения творческой лаборатории Рембрандта. В сб.: Психология процессов художественного творчества. Л., Наука. 1980.(ռուս.)
  5. Юрий Москаленко (2009 թ․ հունիսի 15). ««Даная» Рембрандта: почему вандал выбрал именно эту картину?». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.(ռուս.)
  6. Судьба «Данаи» — «Наука и жизнь», № 7. 1988, стр. 109 ISSN 0028-1263 (ռուս.)

Արտաքին հղումներ

խմբագրել