Գրիգոր Գալֆայան (ֆակիր)

հայ բժիշկ, ֆակիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Գալֆայան (այլ կիրառումներ)

Գրիգոր Թորոսի Գալֆայան (հետագայում ստացել է Թահրա Բեյ բեմական անունը, մայիսի 17, 1900(1900-05-17), Տանտա, Եգիպտոս - 1975), հայ բժիշկ, ֆակիր[1]։

Գրիգոր Գալֆայան
Ծնվել էմայիսի 17, 1900(1900-05-17)
ԾննդավայրՏանտա, Եգիպտոս
Մահացել է1975
Մասնագիտությունբժիշկ և ձեռնածու-աճպարար

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Գալֆայանը ծնվել է 1900 թվականին Եգիպտոսի Տանտա քաղաքում։ Հայրը՝ Թորոս Գալֆայանը (Թորո), եղել է բժիշկ, մայրը՝ նիկոմիդացի։ Նախնական կրթությունն ստացել է Էոզպեքիի (Կահիրե) արաբական դպրոցում։ 1909 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, սովորել տեղի միջնակարգ դպրոցում։ 1918 թվականին Կոստանդնուպոլսում ստացել է բժշկական կրթություն։ Ապրել Սկյուտարում, եղել սուլթան Ռեշադի արքունի աստղագուշակը։ Վերադառնալով Եգիպտոս՝ ղպտիների մոտ ուսանել է ֆակիրության գաղտնիքները։ Եղել է ֆակիր և տիրապետել «գաղտնի գիտություններին»՝ հիպնոտիզմին, մագնետիզմին, ոգեհարցությանը, մահահայտնությանը, մեռելահարցությանը և օկուլտիստական այլ գիտությունների։ 1919 թվականին՝ 19 տարեկան հասակում, կայսերական իշխան Մեճիտի շնորհիվ մեկնել է Գերմանիա և ֆակիրության հնարքներ ցուցադրել Բեռլինում, Դրեզդենում, Համբուրգում։ Բեռլինում բազմանդամ հետազոտողների հանձնաժողովի հսկողությամբ պառկելով դագաղի մեջ և դիականալով՝ ավազաթաղ է եղել և 2 ամիս 12 օր 8 ժամ մնացել գերեզմանում։ Այնուհետև նույն փորձը կատարել է ջրով լի թափանցիկ սնդուկում և մնացել 24 ժամ։ Հետագայում ներկայացումներ է ունեցել Վիեննայում (երեք ամիս), Հռոմում, Փարիզում, որտեղ նրա ներկայացման տոմսն արժեցել է մինչև 1000 ֆրանկ։ Սոֆիայում (8 ամիս) նրան ընդունել է Բուլղարիայի Բորիս թագավորը։

1922 թվականին Աթենքում ունեցել է 38 ներկայացում, ընդունվել է Հունաստանի Յորգիոս թագավորի կողմից։ Կորֆու կղզում հույն հոգևորականները նրան անվանել են նեռ։ 1925 թվականին եղել է Իտալիայում և Ֆրանսիայում։ Նույն թվականի հուլիսի 22-ին Փարիզի օպերայում Գալֆայանը մի սարսափելի փորձ է կատարել. առաջին շարքում նստած մի աղջկա բեմ հրավիրելով՝ նստեցրել է աթոռին, ձախ ձեռքով բռնել մազերից ու յաթաղանով կտրել գլուխը։ Սարսափահար հանդիսատեսը պատրաստվել է հարձակվել ու պատառոտել ֆակիրին, սակայն նա, գետնից վերցնելով գլուխը, միացրել է մարմնին ու վերակենդանացրել աղջկան։

Ֆրանսիական «Լեզ Անալ» թերթը գրել է, թե նրա ելույթները ժողովրդին մոռացրել է Մարոկկոյի պատերազմը։ Մեկ այլ անգամ բժիշկները դաշույնով խոցել են նրան, բայց արյան կաթիլ անգամ չի երևացել։ Նա բեմից խոսելով հանդիսականների հետ, բացատրում էր, որ իր փորձերը ոչ թե խաբկանքներ են, այլ ունեն գիտական բացատրություններ։

1926 թվականի ապրիլի 27-ին Լոնդոնի թատրոններից մեկում կիսամերկ պառկել է փայտե սնդուկում, որը վառվել է, սակայն նրա վրա այրվածքի հետք անգամ չի եղել։ Նա համոզված էր, որ իր կախարդության մեթոդներով կարող է բուժել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ թոքախտը և քաղցկեղը։ Պատմում են, որ նա բուժել է մի աղջկա, որը 6 տարեկանից համրացել էր՝ շնից վախենալու պատճառով։

Գալֆայանը եղել է Կահիրեի ֆակիրների «Իվնա» հոգեկան միության անդամ։ Հետագայում հիմնադրել է «Շավգ» (արաբերեն՝ լույս) ընկերությունը, որի նպատակն էր ֆակիրությունը տարածել Եվրոպայում, և որի անդամները բժիշկներ ու գիտնականներ էին։ Հետագայում «Շավգը» մասնաճյուղեր է ունեցել Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր։

Գայֆայանի անձն ու աշխատանքները տասնյակ տարիներ եղել են համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում։ Նրա հրաշագործությունների մասին հոդված է տպագրվել «Ալիք» թերթում։ Անգլիացի հնագետ Փոլ Պիրթուն իր «Եգիպտոսի գաղտնիքները» գրքում հիշատակել է նաև Գալֆայանի անունը։ Չնայած ֆակիրներն ազգ և հայրենիք չեն ընդունում, Թահրա բեյը երբեք չի մոռացել իր հայ լինելը։ Լիոնում նա այցելել է հայկական եկեղեցի և խոշոր գումար նվիրաբերել։ Մշապես եղել է օտար և հայ մամուլի ուշադրության կենտրոնում։

1926 թվականին պոլսահայ գրող Հրանտ Գուրապյանը հրատարակել է «Ֆակիր Թահրա բեյի զարմանահրաշ գործերը» գիրքը։ Գալֆայանի անվան և հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի հետ կապված դառը երգիծանք է գրել Երվանդ Օտյանը։

Գալֆայանի գործունեության տարիներին եղել են ոգեհարցությամբ զբաղվող ևս մի քանի հայեր՝ Գևորգ Աբդուլլահը, նկարիչ Տիգրան Եսայանի հայրը՝ Թովմասը, նմանաբույժ (հոմեոպաթ) Հովհաննես Արշակունին, Ինտրան, Հովհաննես Գազանճյանը, որոնց մասին Թահրա բեյը խոսել է դրվատանքով։

Մահացել է 1975 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Առաջինը՝ հայ բժշկության բազմադարյան պատմության էջերում». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։