Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյուլիստան (այլ կիրառումներ)

Գյուլիստանի բերդ (ադրբ.՝ Gülüstan qalası), նաև Գյուլիստան, Գյուլստան, Գյուլստանի բերդ, Գյուլուստան, Զեյվա Կյուլիսթան, Կյուլիստան, Կյուլստան, Կուլիստան, Շավաղ, Ջվանշիր, պատմական բերդ-ամրոց[1] Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում` պատմական Արցախ նահանգի Խաչեն գավառում, Մռավի լեռնաշղթայի հյուսիսային կողմում, Ինջաչայ գետակի աջ ափին, Գյուլիստան (այժմ՝ Գյուլուստան) գյուղից 3 կմ հեռավորությամբ, խոր ձորից բարձրացող սեպաձև, հսկայական ժայռաբլրի վրա, Ինջա գետակի աջ ափին, Մռավ լեռանը հանդիպակաց հսկայական սեպաձև քարաժայռից կազմված բլրի վրա։ Արևմուտքից՝ Մռավի անտառոտ փեշերից հոսող գետակը երեք կողմից շրջանցում է բլուրը՝ նրան թերակղզու ձև տալով և միայն հարավային կողմի համեմատաբար մատչելի լանջով է կապվում ստորոտի հետ, որտեղից և ամրոցի հիմնական մուտքն է։

Գյուլիստանի բերդ
Նկարագրություն
Տեսակամրոց
Վարչական միավորՇահումյանի շրջան
ԵրկիրԼեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Բերդը կառուցված է ժայռաբարձունքի լեզվակաձև հարթության վրա (երկարությունը 240 մետր է, ամենալայն մասը՝ 30 մետր), գnգավոր շրջապարիսպը դրված է տարածքը եզերող գրեթե ուղղաձիգ ժայռերի անկանոն պարագծով, հարավային կողմը ամրացված է կրկնապարսպով։ Գետնափորթ աղակապ գաղտնուղին հյուսիս-արևմտյան կողմում է՝ քողարկված անտառախիտ լանջով։

Բերդը մի կողմով միացած է ցամաքին, իսկ երեք կողմերով շրջափակված է խոր անդունդով հոսող գետակով, որը ժամանակին խրամատի տեղ է ծառայել։ Գյուլիստանից 3 կմ հեռավորության վրա է գտնվում Գյուլիստանի Սուրբ Ամենափրկիչ վանքը, որից բերդ տանող ճանապարհն անցնում էր անտառների միջով։ Դիրքը գեղատեսիլ է և ամուր։ Ժամանակին այստեղ են ամրացել Ղարաբաղի մելիքները[2]։

Պատմություն խմբագրել

Միջնաբերդ-ապարանքը տեղավորված է ամրոցի արևմտյան կողմում, ժայռազանգվածի անկման եզրին գոյացած բարձրադիր ու նեղլիկ դարավանդի վրա, իսկ երկրորդ՝ փոքր ապարանքը կառուցված է բերդի հարավային լանջի ստորոտում, դեպի մուտք տանող ճանապարհի մոտ։ Այստեղ՝ բերդի շուրջը սփռված երբեմնի բերդավանից պահպանվել են բազմաթիվ այլ շինությունների մնացորդներ, այդ թվում եկեղեցու, ջրաղացի, բաղնիքի և կամրջի ավերակները։ Բերդի, նաև ապարանքների կառուցման վերաբերյալ պատմական ստույգ տեղեկություն հայտնի չէ։ Անցյալ դարավերջի ուսումնասիրողներից սկսած, ժողովրդական ավանդազրույցների հիման վրա տարածված է այն տեսակետը, իբր Գյուլիստանի մելիքության մյուս կենտրոնում՝ Հոռեկավանում հիմնավորված Մելիք-Բեգլար Ա-ն հզորանալով տիրել է նաև գավառի հին իշխող Աբրահամ յուզբաշուն պատկանող Գյուլիստան բերդին և նորոգելով՝ դարձրել իր նստավայրը[3][4][5][6][7][8]։ Սակայն նորահայտ պատմական աղբյուրները ցույց են տալիս, որ այստեղ ժամանակագրական շփոթություն կա. 17-րդ դարի կեսերին գործած Մելիք-Բեգլար Ա-ի և նրան հաջորդած մելիքների իշխանությունը մինչև 18-րդ դարի կեսը անմիջականորեն չի տարածվել Գյուլիստան գյուղի և նրա շրջակայքի վրա, իսկ այստեղի հին իշխողների շառավիղ Աբրահամ յուզբաշին ապրել ու գործել է Մելիք-Բեգլար Ա-ից ավելի քան կես դար հետո[9]։ Միջնաբերդ-ապարանքի ընդհանուր հատակաձևը թելադրված է տեղանքը պարփակող ժայռերի եզրագծով և արևելքից-արևմուտք ձգված կողմերով սեղանի տեսք ունի։ Հիմքում ուղղանկյուն սենյակները երկայնական պարսպապատերին կից երկու շարք են կազմում, որոնց միջև ստեղծված միջանցքի մուտքը արևելքից է։ Միջանցքի հյուսիսային կողմի սենյակներից երկուսը (4,6 x 7,1 մ & 4,6 x 5,6 մ) արտաքին պատում լայն պատուհաններ ունեն, իսկ դրանցից արևելյանը՝ նաև օջախ-բուխարի՝ զույգ պահարանախորշերով։ Այս շարքի մյուս երկու սենյակների (3,9 x 5,6 մ & 3,9 x 3,3 մ) ներքին պատերից միայն հետքեր են մնացել, իսկ արտաքին պատի մեջ բացված է յոթ պատուհան-հրակնատ։ Միջանցքի հարավային շարքը բաղկացած է իրար հետ մուտքերով կապված երեք սենյակից, որոնցից արևելյանը (4,5 x 7,0 մ) մուտք ունի նաև միջանցքից։ Այս սենյակն առանձնանում է մյուսներից կանոնավոր դասավորված պահարանախորշերով և խոշոր օջախ-բուխարիով, մուտքի դիմաց ունի փոքր պատուհան։ Հարավային ճակատի ծածկի սահմանում պահպանված չորս գերանաբները վկայում են բարձակային պատշգամբի, հետևաբար՝ նաև երկրորդ հարկի երբեմնի գոյության մասին։ Միջին սենյակի (4,5 x 4,8 մ) հատակը մի փոքր բարձր է կողքիններից և ունի երդիկակիր գոցվող թաղով ծածկված թաքստոց-գետնահարկ։ Վերջինս այժմ մասամբ լցված է ծածկի փլվածքով ու հողով և հավանաբար ստորգետնյա գաղտնուղի է ունեցել։ Շարքի մյուս սենյակում ևս (3,8 x 7,0 մ) կան պահարանախորշեր և, ըստ ամենայնի, այդտեղ եղել է նաև բուխարի։ Երկշարք սենյակների և միջանցքի արևմտյան կողմում առաջացած անկանոն հատակաձևով փոքր հրապարակը եզերված է ժայռազանգվածի շուրթով դրված խուլ պարսպով, իսկ հյուսիս-արևմտյան անկյունամասը ամրացված է բարձր, բոլորաձև, սնամեջ և հրակնատներով հագեցված բուրգով[10]։

Այս խմբի շինությունների ներքին պատերը պահպանվել են 1-2 մ բարձրությամբ, իսկ շրջապարսպի երկայնական հատվածների բարձրությունը դրսից 5-6 մ է։ Ըստ պահպանված հետքերի՝ սենյակներն ունեցել են հարթ գերանածածկ, իսկ միջանցքը բաց է եղել։

Ապարանքի բաղկացուցիչ մաս են կազմում պարփակ համակառույցի մուտքի աջ կողմում կցված գլխատունը և դրա հանդեպ, հարավային ժայռեզրին մեկուսի տեղակայված երկհարկանի շենքը։ Վերջինս բաղկացած է հիմքում ուղղանկյուն (4,1 x 10,1 մ) կրկնահարկ դահլիճից և ողջ կառուցապատման մեջ իր ակնհայտ շեշտվածությամբ, ըստ ամենայնի, մելիքական տան գլխավոր հարկաբաժինն է եղել։ Շենքի պատերը հիմնականում կանգուն են մինչև 6,5 մ բարձրությամբ, փլված է միայն երկրորդ հարկի երկայնական պատերի արևմտյան կեսը։ Չեն պահպանվել նաև փայտաշեն մասերը՝ միջհարկային ծածկերը, երկրորդ հարկի աստիճաններն ու բարձակային պատշգամբը, ինչպես նաև տանիքը, որն ըստ լայնական պատերի ճակտոնների՝ եղել է երկլանջ։

Գլխատունը ուղղանկյուն հիմքով կառույց է (6,1 x 6,6 մ) և մոտ է գտնվում կից պարսպաբուրգի միջով բացվող բերդի մուտքերից մեկին, ինչպես նաև միջանցքի և կրկնահարկ դահլիճի մուտքերին, հավանաբար եղել է պահակատուն կամ ախոռ։ Կառույցի քառակուսուն մոտ հատակաձև ու պահպանված խուլ պատերը հուշում են, որ ծածկն ունեցել է վերնալույս երդիկով բրգաձև-գերանակապ կառուցվածք։

Փոքր ապարանքը ուղղանկյուն հատակագծով քառաբուրգ-պարսպափակ կառույց է (արտաքուստ՝ 18,4 x 23,0 մ), բաղկացած է բակից և արևելակողմից դրա ողջ լայնքը բռնող երեք հավասարաթռիչք բաժանմունքից։ Շինությունից պահպանվել է միայն բրգավոր շրջապարիսպը, սակայն առկա հետքերից պարզ երևում է, որ բաժանմունքներից եզրային երկուսը թաղակապ սենյակներ են եղել (4,6 x 6,8 մ), իսկ մեջտեղինը՝ կամարակապ-երեսբաց ճակատով թաղածածկ նախասրահ։ 1,2 մ հաստությամբ պատերը կառուցված են կոպտատաշ շարվածքով և պահպանվել են 1-2 մ բարձրությամբ։ Սենյակներում չկան բուխարիներ և պահարանախորշեր։ Կարելի է ենթադրել, որ գետափի հարմարավետ հարթության վրա, բերդի դյուրամատչելի ստորոտում և բաղնիքի հարևանությամբ կառուցված այս փոքր ապարանքը ծառայել է ամառային հանգստի ու ժամանակավոր բնակության համար։

1720-30-ական թվականներին հայ-ռուսական հարաբերությունների նամակ-փաստաթղթերում, որպես Գյուլիստան գավառի, գյուղի և բերդի (բնագրում՝ նաև «սղնախ») տեր քանիցս հանդես են գալիս եղբայրներ Եսայի, Աբրահամ և Սարգիս յուզբաշիները։ Այս փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզված է, որ Գյուլիստան բերդը 18-րդ դարի առաջին երեսնամյակում Արցախի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում ստեղծված հինգ ռազմական կազմավորումներից մեկի՝ Չարաբերդ-Գյուլիստան սղնախի կարևոր հենակետերից մեկն էր։ Ժամանակին մեծ համբավ ու հեղինակություն են ունեցել հատկապես այստեղ ամրացած Եսայի յուզբաշին և Աբnահամ Սպարապետը, որոնք կարողացել են համառ դիմադրությամբ ու ճկուն քաղաքականությամբ երկրամասը զերծ պահել կովկասյան լեռնականների և թուրքական բանակի ասպատակություններից՝ միաժամանակ եռանդուն մասնակցություն ունենալով Արցախն ազատագրելու խնդրով Ռուսաց արքունիքի հետ տարվող նամակագրական բանակցություններում։

Ամենայն հավանականությամբ, հենց այս շրջանում էլ՝ 18-րդ դարի առաջին տասնամյակներին, հիմնովին վերակառուցվել են բերդի՝ մեզ հասած պարիսպներն ու շինությունները, այդ թվում՝ միջնաբերդի ապարանքը։ Անշուշտ, բերդի չափազանց նպաստավոր դիրքն ու պայմանները պաշտպանական նպատակներով օգտագործվել են նաև նախորդ դարերում և, դատելով ավերակների շերտագրական դիտարկումից, մասնավորապես միջնաբերդ-ապարանքը վերակառուցվել է առնվազն 17-րդ դարից պահպանված հիմքի վրա։

Սղնախական պայքարի անկումից և Աբրահամ Սպարապետի մահից հետո, 18-րդ դարի կեսերին բերդն անցել է գավառի մյուս նշանավոր իշխանատոհմի ներկայացուցիչ Մելիք Հովսեփին, որի հիմնական նստավայրը Հոռեկավանի ապարանքն էր։ Այս մելիքին պետք է վերագրել բերդի ստորոտի փոքր ապարանքի կառուցումը, հավանաբար նաև՝ միջնաբերդի ապարանքի վերանորոգումը։ Մելիք-Հովսեփի և նրա որդիների՝ Մելիք-Բեգլարի և Մելիք-Աբովի օրոք ևս բերդը երկրամասի հզորագույն ամրոցներից մեկն էր և անառիկ է մնացել դարավերջին գրեթե ողջ Արցախին տիրած Շուշվա խաների ոտնձգությունների դեմ։ Բերդը միաժամանակ շարունակում էր մնալ հայ-ռուսական դիվանագիտական նամակագրության օջախներից մեկը, և պատահական չէ, որ այստեղ է 1813 թվականի հոկտեմբերի 24-ին կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը, ըստ որի այժմյան Ադրբեջանը և Արևելյան Հայաստանի մեծ մասը անցել են Ռուսաստանին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бретаницкий Л. С. Зодчество Азербайджана XII-XV вв. и его место в архитектуре Переднего Востока. — Наука, Главная редакция восточной литературы, 1966. — С. 74. — 556 с.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 906 — 992 էջ։
  3. Րաֆֆի, ԵԺ, հտ. 9, 419, 422
  4. Մ. Բարխուտարեանց, Պատմութիւն Աղուանից, հտ. Բ, էջ 49-50
  5. Մ. Բարխուտարեանց, Արցախ, էջ 256-257
  6. Ե. Լալայան, ՙԳանձակի գավառ՚, Երկեր, հտ. 2, էջ 210, 253
  7. Լեո, Հայոց պատմություն, հտ. 3, գիրք Բ, էջ 259
  8. Մ. Յովհաննէսեան, Հայաստանի բերդերը, էջ 457-460։
  9. Կ. Ղահրամանյան, Հյուսիսային Արցախ, գիրք Ա, էջ 16-20։
  10. Ղուլյան, Արտակ. Արցախի և Սյունիքի Մելիքական ապարանքները. էջեր 38–42.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 114