Բնապահպանական համաձայնագրեր

Բնապահպանական համաձայնագրեր, միջազգային իրավունքի նորմատիվներին համապատասխան՝ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև կնքված գրավոր համաձայնություններ, որոնց հիմնական խնդիրը համաշխարհային (կամ տարածաշրջանային) մակարդակով բնապահպանական և էկոլոգիական հարցերի կարգավորումն է։ Ընդհանուր իրավական դաշտի ստեղծումով, սահմանված կարգով պարտականություններ կատարելով՝ աղետները ժամանակին կանխարգելվում են։

Հայաստանի անդամակցությամբ բնապահպանական համաձայնագրեր խմբագրել

 
Ռամսարի կոգոն

Յուրաքանչյուր պետության վավերացրած համաձայնագրերը տվյալ պետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ 1991 թվականից ՀՀ նույնպես անդամակցում է միջազգային համաձայնագրերին և ցայսօր վավերացրել է 13 համաձայնագիր։

Ռամսարի համաձայնագիր խմբագրել

Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի, պահպանության մասին (Ռամսարի համաձայնագիր) համաձայնագրին ՀՀ միացել է 1993 թվականին։ Այն միջկառավարական համաձայնագիր է, որն իրավական հիմք է ստեղծում խոնավ տարածքների թռչունների բնադրավայրերի պահպանման միջազգային համագործակցության համար։ Համաձայնագրում նշված է խոնավ տարածքների տնտեսական, գիտական և ռեկրեացիոն նշանակությունը, իսկ ջրլող թռչունները ճանաչված են որպես միջազգային նշանակության պաշար։

Խոնավ տարածքներ են ճանաչվում բնական կամ արհեստական, ժամանակավոր կամ մշտական ճահիճները, տորֆավայրերը կամ ջրատարածքները։ Անդամակցած երկրների պարտավորություններից է միջազգային կարևորության խոնավ տարածքների ցանցում համապատասխան տարածքների ընդգրկումը, որոնք պետք է կարևորվեն նաև իրենց էկոլոգիական, լճաբանական, կենսաբանական և ռեկրեացիոն նշանակությամբ։

Կողմերը պարտավորվել են նաև տեղեկատվություն տրամադրել այդ տարածքների էկոլոգիական վիճակի և դրա փոփոխությունների վերաբերյալ՝ նշելով պատճառները։ Համաձայնագրում հատուկ նշվում է, որ խոնավ տարածքների և այնտեղ բնադրող ջրլող թռչունների պահպանության նպատակով անհրաժեշտ է ստեղծել բնության հատուկ պահպանվող տարածքներ։

2005 թվականին Ռամսարի համաձայնագրին միացած երկրների թիվը 146 էր, իսկ խոնավ տարածքները՝ 125 միլիոն հա։ Որպես այդպիսի տարածքներ՝ ՀՀ ընտրել է Սևանա լիճը՝ իր ավազանով, և Արփի լճի ջրամբարը՝ հարակից ճահիճներով։

Կլիմայի փոփոխության համաձայնագիր խմբագրել

Կլիմայի փոփոխության մասին համաձայնագիրը ՀՀ Աժ վավերացրել է 1993 թվականին։ Նպատակն է մթնոլորտում կայունացնել ջերմոցային գազերի կոնցենտրացիան՝ կլիմայի վրա վտանգավոր մարդահարույց ազդեցությունը կանխելու համար։ Նպատակ ունենալով կասեցնել ջերմոցային գազերի աճը, չսպասելով կլիմայի անդառնալի փոփոխություններին՝ համաձայնագրին անդամակցող երկրները 1997 թվականի Կիոտոյի երրորդ համաժողովում ընդունել են արձանագրություն, որը զարգացած երկրների համար սահմանում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման պարտադիր քանակ, նպատակային ցուցանիշներ։

2008-2012 թվականներին՝ 1990 թվականի համեմատությամբ, այդ երկրների ընդհանուր արտանետումները կրճատվել են 5,2 %-ով։ ՀՀ զարգացող երկրների շարքում է. ըստ այդ կարգավիճակի՝ նրա հիմնական պարտավորություններն են՝

  • կազմել և վարել ջերմոցային գազերի ազգային կադաստր և ազգային զեկույցի տեսքով պարբերաբար ներկայացնել համաձայնագրի կողմերի համաժողովին,
  • մշակել կլիմայի կանխատեսվող փոփոխություններին հարմարվելու միջոցառումների ծրագրեր և ուսումնասիրել տնտեսության և բնության վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը,
  • մշակել ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակմանը և կլանիչների ու կուտակիչների զարգացմանը նպատակաուղղված ազգային ռազմավարություն և այդ նպատակով միջազգային համագործակցության միջոցով կիրառել առաջավոր տեխնոլոգիաներ,
  • համագործակցել համաձայնագրի կողմ երկրների հետ կրթության, կադրերի պատրաստման, տեղեկատվության, գիտական հետազոտությունների և այլ բնագավառներում,
  • ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել համաձայնագրի նպատակներին

Կենսաբանական բազմազանության համաձայնագիր խմբագրել

 
     Համաձայնագրի կողմեր      Ստորագրած, սակայն չվավերացրած      Չստորագրած

Կենսաբանական բազմազանության մասին համաձայնագիրն ընդունվել է 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում։ ՀՀ Աժ վավերացրել է 1993 թվականին և ստանձնել մի շարք միջազգային պարտավորություններ՝

  • կենսաբանական բազմազանության կանոնակարգում և բաղադրիչների պահպանություն, օգտագործման կարգավորում,
  • գենետիկական պաշարների համատեղ օգտագործմամբ արդարացի արդյունքների ստացում,
    • այդ բնագավառում օրենսդրության և կառավարման համակարգի բարելավում,
    • գիտական հետազոտություններ,
    • կադրերի պատրաստում,
    • հասարակայնության իրազեկության բարձրացում,
  • գենետիկական պաշարների պահպանություն,
  • գիտատեխնիակական համագործակցություն և այլն

Համաձայնագիրը մեծ նշանակություն է տալիս բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգին, ազգային և միջազգային ծրագրերին, կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության փոխադարձ կապին։ Կլիմայի փոփոխությունը կարգավորելու համար պետք է իրականացվեն մթնոլորտում ջերմոցային գազերի ընդհանուր պարունակության աճը կանխող միջոցառումներ։ Դրան կարելի է հասնել հանքային վառելիքի օգտագործման նվազեցմամբ և ածխածնի երկօքսիդի բնական կլանիչների ընդարձակմամբ։

Համաձայնագրում առանձնակի նշանակություն է տրվում անտառային տարածքների պահպանությանը և ընդարձակմանը։ Կենսաբազմազանության վիճակի և անապատացման փոխադարձ կապի բնագավառում նախատեսվող գործողությունները պետք է ուղղված լինեն կենսաբազմազանության պահպանությանը։ Վերջինս ենթադրում է արգելոցային գործի, կենսաբանական պաշարների օգտագործման տնտեսական մեխանիզմների կատարելագործում, տնտեսական արժեք ներկայացնող տեսակների տնկարկների և բուծարանների ստեղծում, անտառահատումները կանխելու նպատակով էներգիայի այլընտրանքային աղբյուրների կիրառում։

Համաձայնագիրն առաջնահերթ նշանակություն է տալիս կենսաբանական անվտանգության հարցերին, մշակվել է «Կենսաբանական անվտանգության մասին» Կարթախենյան արձանագրությունը, որը ստորագրվել է 2000 թվականի հունվարին՝ Մոնրեալում՝ համաձայնագրի կողմ երկրների համաժողովի արտահերթ նիստում։ ՀՀ Աժ վավերացրել է 2004 թվականին։ Արձանագրությունը պահանջում էր խթանող միջավայր ստեղծել կենսատեխնոլոգիաների անվտանգ կիրառման համար՝ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի և մարդու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգները։

ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանումը կանոնակարգվում է բազմաթիվ օրենսդրական ակտերով՝ «ՀՀ անտառային օրենսգրքով», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Սևանա լճի մասին» և այլ օրենքներով։

Համաշխարհային բնական և մշակութային ժառանգության պահպանության համաձայնագիր խմբագրել

Համաշխարհային բնական և մշակութային ժառանգության պահպանության մասին համաձայնագիրն ընդունվել է 1972 թվականին։ ՀՀ Աժ համաձայնագիրը վավերացրել է 1994 թվականին։ Նպատակն է ստեղծել մշակութային և բնական ժառանգության կոլեկտիվ պահպանության արդյունավետ համակարգ։ Համաձայնագրին անդամակցած պետությունները ստանձնել են հետևյալ պարտավորությունները.

  • պահպանել և ապագա սերունդներին փոխանցել մշակութային ու բնական ժառանգությունը
  • համատեղել մշակութային և բնական ժառանգության պահպանության գործողություններն ու ծրագրերը, ստեղծել դրանց պահպանության հատուկ ծառայություններ, իրականացնել գիտական և տեխնիկական ուսումնասիրություններ, ընդունել համապատասխան օրենսդրություն

Արտադրական վթարների անդրսահմանային ազդեցության համաձայնագիր խմբագրել

Արտադրական վթարների անդրսահմանային ազդեցության մասին համաձայնագիրը ՀՀ Աժ վավերացրել է 1996 թվականին։ Համաձայնագրով ՀՀ ստանձնել է մի շարք իրավական, վարչական, բնապահպանական և այլ պարտավորություններ, որոնք էկոլոգիական անվտանգ ու կայուն տնտեսական զարգացման տեսակետից կնպաստեն պետությունների միջև միջազգային ակտիվ համագործակցությանը՝ արտադրական վթարները կանխարգելելու, իսկ վթարների դեպքում՝ օգնելու դրանց անդրսահմանային վնասակար ազդեցությունը վերացնելու։ ՀՀ օրենսդրությամբ արտադրական վթարների հետևանքների վերացման իրավասությունները տրված են ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչությանը, իսկ արտադրական վթարների կանխման գործառույթները վերապահված են ՀՀ բնապահպանության նախարարությանը։ Վերջինս իրականացնում է շրջակա միջավայրի վրա ներգործող օբյեկտների պետական հաշվառումը և ներգործությունների նորմավորումը, բնապահպանական նորմերի ու կանոնների կատարման վերահսկողությունը, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը։ Նախարարությանն են վերապահված նաև շրջակա միջավայրի պահպանության նորմերն ու կանոնները խախտող կազմակերպությունների աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու կամ շրջակա միջավայրին հասցրած վնասի փոխհատուցման համար հայցեր ներկայացնելու լիազորությունները։

Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության համաձայնագիր խմբագրել

Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին համաձայնագիրն ընդունվել է 1979 թվականին՝ Ժնևում։ ՀՀ Աժ վավերացրել է 1997 թվականին։ Նպատակն է սահմանափակել և աստիճանաբար կրճատել ու կանխարգելել օդի աղտոտումը (ներառյալ մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածությունը)։ Համաձայնագիրը երկրներին պարտավորեցնում է համագործակցել համապատասխան ուսումնասիրությունների, տեղեկության փոխանակման, օդի աղտոտիչների տարածման գնահատման ու մոնիտորինգի իրականացման համատեղ ծրագրերի շրջանակներում։

Համաձայնագիրը սերտորեն առնչվում է «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին», «Վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրերի հետ։

Անապատացման դեմ պայքարի համաձայնագիր խմբագրել

Անապատացման դեմ պայքարի համաձայնագիրն ընդունվել է 1994 թվականին՝ Փարիզում։ Ուժի մեջ է մտել 1996 թվականին։ ՀՀ ԱԺ վավերացրել է 1997 թվականին։ Հիմնական խնդիրն է բացահայտել տվյալ երկրում անապատացմանը նպաստող գործոնները և իրականացնել այն կանխելու գործնական միջոցառումներ։ Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսվում է տեղական բնակչությանն ըստ ամենայնի ընդգրկել անապատացման դեմ նախաձեռնություններում և որոշումներ կայացնելու գործընթացում, ինչպես նաև գիտատեխնիկական համագործակցությանը, ջրանցքների, ջրամբարների կառուցմանը օժանդակություն ցուցաբերելիս հաշվի առնել տեղական բնակչության և գործողությունների իրականացման հնարավորությունները։ Ազգային ծրագրերում նախատեսվում է տարանջատել կառավարության, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, հողօգտագործողների գործողությունները և ներդաշնակեցնել դրանք։ Համաձայնագրին ներկայումս անդամակցում է ավելի քան 180 երկիր։ ՀՀ-ում համաձայնագրից բխող պարտավորությունների կատարման պատասխանատուն ՀՀ բնապահպանության նախարարությունն է։

Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի ազդեցության գնահատման համաձայնագիր խմբագրել

Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին համաձայնագիրն ընդունվել է 1991 թվականին՝ Էսպոյում (ՖինլանդիաՀՀ Աժ վավերացրել է 1997 թվականին։ Համաձայնագրում շարադրված են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անհրաժեշտ փաստաթղթերը, հարցումների և իրազեկման արարողակարգերը, երկկողմ ու բազմակողմ համագործակցության սկզբունքները։ Անդամակցող երկրները պարտավորվում են ապահովել համապատասխան և արդյունավետ խորհրդատվություններ այն երկրներին, որոնք կարող են տուժել իրենց մոտ նախատեսվող գործունեությունից։ 2003 թվականին Կիևում ընդունվել է նաև «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրությունը, որի նպատակն է ապահովել շրջակա միջավայրի պահպանությունը (ներառյալ բնակչության առողջությունը)՝ հետևյալ եղանակներով՝

  • ապահովել էկոլոգիական հիմնախնդիրների ներառումը բոլոր ծրագրերում,
  • նպաստել էկոլոգիական հիմնախնդիրների քննարկմանը՝ ցանկացած ոլորտի քաղաքականության և օրենսդրության մշակման ժամանակ,
  • սահմանել ռազմավարական էկոլոգիական գնահատման հստակ, թափանցիկ և արդյունավետ արարողակարգեր,
  • ապահովել հասարակության մասնակցությունը ռազմավարական էկոլոգիական գնահատման գործընթացին

Բազելի համաձայնագիր խմբագրել

Վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին (Բազելի համաձայնագիր) համաձայնագիրը ՀՀ Աժ վավերացրել է 1999 թվականին։ Ըստ այդ համաձայնագրի՝ պետությունները ստանձնել են հետևյալ պարտավորությունները՝

  • մշակել և իրականացնել թափոնների կառավարման օրենսդրություն,
  • ստեղծել թափոնների տվյալների բանկ,
  • ապահովել կենցաղային թափոնների հավաքումը, տեսակավորումը, վերամշակումը և տեղափոխումը,
  • աղբանոցների վիճակը համապատասխանեցնել սանիտարական պայմաններին, չափորոշիչներին ու նորմերին,
  • ներդնել վտանգավոր թափոնների վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաներ,
  • կատարելագործել թափոնների վերամշակման, վնասազերծման, տեղաբաշխման և տեղափոխման վերահսկողության համակարգը

Վիեննայի համաձայնագիր խմբագրել

Օզոնային շերտի պահպանության մասին (Վիեննայի համաձայնագիր) համաձայնագիրն ընդունվել է 1985 թվականին։ ՀՀ Աժ վավերացրել է 1999 թվականին։ Նպատակն է համատեղել երկրների ջանքերը մթնոլորտի օզոնային շերտի պահպանության համար։ 1987 թվականին համաձայնագրի շրջանակներում մշակվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը, որը կարգավորում է օզոն քայքայող վտանգավոր նյութերի արտադրությունն ու գործածությունը։ ՀՀ Աժ այդ արձանագրությունը վավերացրել է 1999 թվականին։

Ռոտերդամի համաձայնագիր խմբագրել

Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին (Ռոտերդամի համաձայնագիր) համաձայնագիրն ընդունվել է 1998 թվականին։ ՀՀ Աժ վավերացրել է 2000 թվականին։ Նպատակն է վտանգավոր քիմիական նյութերի վնասակար ազդեցությունից մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանությունը, ներկրող և արտահանող երկրների ընդհանուր պատասխանատվության ապահովումը։ Համաձայնագիրը թույլ է տալիս երկրներին իրականացնել առանձին վտանգավոր քիմիական նյութերի առևտրի մոնիտորինգը։ Ներկրող երկրներին հնարավորություն է տալիս ընտրելու ներմուծվող քիմիական նյութերը և բացառել այն նյութերը, որոնց անվտանգության կարգավորումը չի ապահովվում։

Օրհուսի համաձայնագիր խմբագրել

Տեղեկատվության հասանելիության, շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունմանը հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին (Օրհուսի (Դանիա) համաձայնագիր) համաձայնագիրն ընդունվել է 1998 թվականին։ Ուժի մեջ է մտել 2001 թվականին։ ՀՀ Աժ վավերացրել է 2001 թվականին։ Համաձայնագիրը շրջակա միջավայրի ոլորտում նոր փաստաթուղթ է. սահմանում է, որ կայուն զարգացում կարելի է ապահովել կառավարող մարմինների և հասարակության համատեղ ջանքերով։ Շրջակա միջավայրի ոլորտին առնչվող համաձայնագրից շատերն ընդգրկում են կողմերի միմյանց հանդեպ ստանձնած պարտավորություններ, Օրհուսի համաձայնագիրը՝ կողմերի՝ հասարակության հանդեպ ունեցած պարտավորությունները։ Ուշադրության են արժանի 2 կարևոր դրույթներ՝ էկոլոգիական իրավունքը՝ որպես մարդու իրավունքների բաղկացուցիչ մաս, և տեղեկատվության մատչելիության կարևորությունը, որը պայմանավորում է հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման և իրականացման գործընթացներին։

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են 2 հավելվածները։ Առաջինը պարունակում է գործունեության այն ոլորտների ցանկը, որոնք կարող են զգալի ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա։ Դրանք են էներգետիկան, լեռնամտալուրգիան, քիմիական արդյունաբերությունը, թափոնների վերամշակումն ու հեռացումը և այլն։ Երկրորդ հավելվածը կողմերի միջև ծագած վեճերի դեպքում արդարադատության մատչելիության մասին է։

Լանդշաֆտի եվրոպական համաձայնագիր խմբագրել

Լանդշաֆտի եվրոպական համաձայնագիրն ընդունվել է 2000 թվականին՝ Ֆլորենցիայում։ ՀՀ Աժը համաձայնագիրը վավերացրել է 2003 թվականին։ Նպատակն է խթանել լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման գործընթացը և կազմակերպել լանդշաֆտի հիմնախնդիրներով զբաղվող Եվրոպական համագործակցություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։