Լանդշաֆտ (գերմ.՝ Landschaft), աշխարհագրական թաղանթի տարածքային բաժանման կատեգորիա, աշխարհագրական հիմնական հասկացություն, լանդշաֆտագիտության ուսումնասիրության օբյեկտ։ Հանդիսանում է աշխարհագրական թաղանթի բնական զարգացման ընթացքում առաջացած համասեռ տեղամաս, որը այլ տեղամասերից որակապես տարբերվում է ներքին կառուցվածքով, տարածքային փոքր միավորներով, երևույթների սեզոնային ռիթմի յուրօրինակությամբ և այլն։

Լանդաշֆտ (Մեծ Պարնի գյուղի շրջակայք)

Աշխարհագրական լանդշաֆտի առաջին գիտական բնորոշումը պատկանում է ռուս աշխարհագրագետներին, որոնք այն դիտում էին որպես բնական բաղադրամասերի (ռելիեֆի, կլիմայի, հողաբուսական ծածկույթի և այլն) ներդաշնակ համակցում՝ առանձնացված բնական սահմաններով։ Աշխարհագրական լանդշաֆտը կազմված է տարբեր բնույթի աշխարհագրական համալիրներից (տեղանք, բնատեղամաս, ֆացիա և այլն)։ Զարգացման արտաքին գործոններն են արեգակնային ռադիացիան (նրա հետ կապված մթնոլորտի շրջանառությունը), երկրակեղևի տեկտոնական շարժումները, մարդու տնտեսական գործունեությունը։ Աշխարհագրական լանդշաֆտները միմյանցից մեկուսացած չեն, գտնվում են փոխադարձ կապի մեջ, որն արտահայտվում է բաղադրամասերի և ձևաբանական միավորների նյութերի և էներգիայի փոխանակությամբ, մթնոլորտի ու ջրի շրջանառությամբ և օրգանական աշխարհի կենսագործունեությամբ։ Արտասահմանյան աշխարհագրական գրականության մեջ աշխարհագրական լանդշաֆտը օգտագործվում է տարբեր իմաստով։ Հիմնականում դիտվում է որպես երկրի մակերևույթի արտաքին բնորոշ գծերի ամբողջություն՝ որն ընդգրկում է նաև մարդու գործունեության տարբեր դրսևորումները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 484