Բենիամին Պետրոսյան

Հայ գեղանկարիչ

Բենիամին (Բենիկ) Հովհաննեսի Պետրոսյան (նոյեմբերի 25, 1924(1924-11-25), Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 5, 1993(1993-07-05)), հայ գեղանկարիչ։

Բենիամին Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 25, 1924(1924-11-25)
ԾննդավայրԱրմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 5, 1993(1993-07-05) (68 տարեկան)
Քաղաքացիությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Բենիամին Պետրոսյանը ծնվել է Հյուսիսային Կովկասում, Արմավիր քաղաքում 1924 թվականին[1]։ Նրա նախնիները եղել են պատմական Հայաստանի Գողթն գավառի Ագուլիս քաղաքից։ Այդ մեծ ազգատոհմի ծնունդ է եղել նաև հայ թատրոնի ականավոր դերասան և ռեժիսոր Գևորգ Տեր-Պետրոսյանը։

1918 թվականին Բենիամին Պետրոսյանի ընտանիքը ողբերգական իրադարձությունների զոհ է դարձել, փրկվել են միայն երկու երիտասարդ, որոնք մեկնել են ուսումնառության Արմավիր։ Նրանցից մեկը եղել նկարչի հայրը` Հովհաննեսը։ Հետագայում, երբ Բենիամինը երեք տարեկան էր, ընտանիքը Արմավիրից տեղափոխվել է մշտական բնակության Հայաստան։

1941 թվին տասնյոթ տարեկանում Պետրոսյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ[1], որտեղ ինը անգամ վիրավորում է ստացել։

Բենիամին Պետրոսյանը մահացել է 1993 թվին` Երևանում։ Այսօր նկարչի աշխատանքների մեծ մասը գտնվում են արտասահմանում։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Պատերազմական շրջանում՝ հոսպիտալում արված ճեպանկարներն ու գծանկարները կազմել են ստեղծագործական կյանքի առաջին փուլը։ Պատերազմիվ հետո, 1946 թվականին Բենիամին Պետրոսյանը ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան[1]։

1952 թվականին Արա Սարգսյանի (այդ ժամանակ ինստիտուտի ռեկտոր) առաջարկով Բենիամին Պետրոսյանը հրավիրվել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ` ուսանելու[1], և միանգամից ընդունվել երկրորդ կուրս։ Նրա ուսուցիչներն են եղել Մկրտիչ Քամալյանը, Վահրամ Գայֆեճյանը։  

Ունենալով մեծ ընտանիք և լինելով միակ աշխատող ուժը` նա սկսել է մեծածավալ պատվերներ ընդունել։ ՀՍԽՀ կառավարության կողմից ստացել է  առաջարկ` Խ.Աբովյանի տուն թանգարանի համար նկարել մի շարք պորտրետներ։ Բենիամին Պետրոսյանը նկարել է մեծ գրողի հետ առնչություն ունեցող հայտնի մտավորականների, գրողների` Լ.Ֆոն Մայդելի, Ա.Պուշկինի, Ի.Կռիլովի և այլոց դիմանկարները։

Այնուհետև գործունեություն է ծավալել «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում (նախկինում «Սովետական Հայաստանը Հայրենական Մեծ պատերազմում 1941-1945 թվականներին») և նկարել Խորհրդային Միության հայ հերոսների, գեներալների դիմանկարներ։ Այսօր այդ թանգարանում են գտնվում Բենիամին Պետրոսյանի շուրջ չորս տասնյակ յուղաներկ պորտրետներ։

Ստեղծագործությունների ընդհանուր բնութագիր խմբագրել

Բենիամին Պետրոսյանի ստեղծագործությունները օժտված են պատկերի գունային կառուցվածքի ճշգրիտ զգացողությամբ, տեսարանի գեղանկարչական էությունն արտահայտելու ունակությամբ։ Շնորհիվ սուր աչքի ու վարպետության` նա որսում է պատկերվող օբյեկտի հատկանշական գծերը և հասնում ամբողջականության։ Կառուցվածքային հետաքրքիր մտահղացմամբ են կատարված հինավուրց եկեղեցիներ պատկերող բնանկարները և դիմանկարները։

Հետմահու ցուցահանդեսներ, հիշատակ խմբագրել

2004 թվականին հրատարակվել է «Բենիամին Պետրոսյան»  ստեղծագործությունների ալբոմը, իսկ 2007 թվականին, Փարիզում «Հայկական մշակութային օրերը Ֆրանսիայում» միջոցառումների շրջանակներում կազմակերպվել է «Երեք սերունդ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են վարպետի` Բենիամին Պետրոսյանի, նրա որդու` Դավիթ Պետրոսյանի և թոռան` Էդուարդ Պետրոսյանի աշխատանքները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Դզնունի, Դանիել (1977). Հայ կերպարվեստագետներ. Երևան: Լույս. էջ 404.
  2. Պեպանյան, Ռուզան (2011թ, Մայիս 13). «Մեծ գերդաստանի շավիղներում». Հայացք: էջ 14.

Արտաքին հղումներ խմբագրել