Բեթհովենյան ֆրիզ
Բեթհովենյան ֆրիզ (գերմ.՝ Beethovenfries), ֆրիզի ձևով իրականացված նկարների շարք։ Հեղինակը ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտն է, աշխատանքն արվել է Վիեննական սեցեսսիոնի 14-րդ ցուցահանդեսի համար, որն անց է կացվել 1902 թվականի ապրիլ-հունիս ամիսներին և նվիրված է եղել Լյուդվիգ վան Բեթհովենին։ Ֆրիզն ավստրիական մոդեռնի ամենանշանակալի ստեղծագործություններից մեկն է։ Այն երեք պատ է գրավել Վիեննական սեցեսսիոնի Բեթհովենյան ցուցադրության ձախ սրահում, ունեցել է 34 մետր երկարություն և երկու մետր բարձրություն։
«Բեթհովենյան ֆրիզը», որն ի սկզբանե հեղինակը մտահղացել էր զուտ որպես քանդակագործության ժամանակավոր շրջանակ, այժմ ցուցասրահ է զբաղեցնում Սեցեսսիոնի տանը` որպես ինքնուրույն ստեղծագործություն և Գուստավ Կլիմտի անվիճելի գլուխգործոցներից մեկն է[5]։
Նկարագրություն
խմբագրել«Բեթհովենյան ֆրիզը» կարդալու ձևի մասին նկարագրված է Ver Sacrum ամսագրում։ Վագներյան տեքստի տեսական հիմքի վրա Կլիմտը ձախից աջ նկարագրում է լսած սիմֆոնիայի վերաբերյալ իր ապրումները` Շիլլերի օդայի հետ համադրված. թույլ մարդկության տառապանքները (երեք մերկ ու ծնկաչոք կանայք), դրա աղոթքներն առ լավ զինված Ուժին (ոսկե ասպետ)` արտաքին ուժին, կարեկցանք և սնապարծություն (կանացի երկու կերպար` ասպետի հետևում), ներքին ուժեր, որոնք ասպետին դրդում են պայքար սկսել թշնամական ուժերի դեմ, որոնցից են գիգանտ Տիփոնը, որին հեռացնել չեն կարողանում անգամ իրենք` աստվածները, նրանից ձախ երեք դուստր-գորգոններն են` Հիվանդությունը, Խելահեղությունը և Մահը, իսկ աջից` Վավաշոտությունը, Արատավորությունը և Անզսպությունը, որոնց հետևում միայնակ կանգնած է Ձանձրույթը, որի մոտով հեռանում են մարդկության ձգտումներն ու ցանկությունները, մաքուր երջանկությունը և մաքուր սերը։ Ֆրիզի երկու եզրափակիչ նկարները պատկերում են «Ուրախության օդայի» մեջբերումները. դրա առաջին տողը` գերմ.՝ Freude, schöner Götterfunken , «ուրախություն, երկնային հուր»[6] (դրախտային հրեշտակների երգչախումբ) և երգչախմբի տողը` գերմ.՝ Diesen Kuß der ganzen Welt!, «Միաձուլվեք ուրախության մեջ»[6][7]։
1970-ական թվականներին տեսություն է առաջ եկել առ այն, որ կլիմտյան «Բեթհովենյան ֆրիզի» վրա ազդել է Կարլ Վիլհելմ Դիֆենբախի 70 մետրանոց «Փշերի միջով` դեպի աստղերը» ֆրիզը` արված 1892 թվականին։ Ինքը` նկարիչը, երբեք չի հիշատակել Դիֆենբախին որպես իր ոգեշնչման աղբյուր, սակայն երկու աշխատանքների միջև նկատվում է ոչ թե մոտիվների, այլ` ձևի ու բովանդակության նմանություն[8][9]։
Քննադատություն
խմբագրելԸստ Ֆելիքս Զալտենի հիշողությունների` Սեցեսսիոնի տանը Բեթհովենյան ցուցադրության բացումից երկու օր առաջ հրավիրվել են լրագրողներ, սեցեսսիոնին մոտ մեկենասներ և արվեստի գնահատողներ ու ընկերներ։ Կլիմտն իր կապույտ խալաթը հագին` առաստաղի տակ, սրահի ձախ հատվածում ավարտում էր ֆրիզի վրա կատարվող աշխատանքը, ուշադրություն չդարձնելով հյուրերի վրա, երբ ներկաներից մեկը բացականչել է. «Զազրելի է», և արագորեն դուրս է վազել սրահից։ Սրահի բոլոր հյուրերը սարսափով ու կատաղությամբ նայում էին փախչող ազնվական, մեկենաս և կոլեկցիոներ կոմս Կարլ Լանկորոնսկու հետևից։ Անգամ Կլիմտն է շեղվել աշխատանքից ու վերևից ներքև բարեհոգաբար նայել փախչող կոմսի հետևից, ինչպես կնայեն չարաճճի երեխային[9]։
«Բեթհովենյան ֆրիզը» հանրությունը բաժանել է երկու հակադիր ճամբարների` միաժամանակ էյֆորիկ հիացմունք և միանշանակ մերժում առաջացնելով։ Երաժշտական քննադատ Ռոբերտ Հիրշֆելդը ֆրիզի մասին գրել է. «Կլիմտն այս անգամ նորից արվեստ է ստեղծել, որը հասանելի է միայն երեքին` մեկ բժշկի ու երկու սանիտարի»։ Հանրությունը Կլիմտին մեղադրել է պոռնոգրաֆիայի, գեղեցկության վերաբերյալ բոլոր պատկերացումների խախտման համար և կոչել է նրան «դուրս գրված հանճար»[5]։
Բերտա Ցուկերկանդլը հիշում է, որ ի տարբերություն Կլինգերի քանդակագործության, «Բեթհովենյան ֆրիզը» մինչև հոգու խորքն ազդել է Սեցեսսիոնի տանը եղած Օգյուստ Ռոդենին։ Ռոդենը բռնել է Կլիմտի ձեռքն ու հիացել. «Դուք այս ինչպիսի նկարիչ եք։ Դուք գիտեք ձեր արհեստը»[9]
Պրովենանս
խմբագրելՑուցադրության համար արված ճարտարապետական բոլոր աշխատանքները ժամանակավոր էին համարվում և պետք է ոչնչացվեին դրա փակումից հետո, հաջորդ ցուցադրությունը նախապատրաստելուն զուգահեռ։ Այնուամենայնիվ, որոշվել է պահպանել «Բեթհովենյան ֆրիզը»` 1903 թվականի նոյեմբերին նախատեսված Կլիմտի ցուցահանդեսի համար։ Ավելի ուշ ֆրիզը ձեռք է բերել կոլեկցիոներ Կարլ Ռեյնինգհաուսի կողմից։ «Բեթհովենյան ֆրիզը» պահվել է պահեստում` յոթ մասի բաժանված։ 1915 թվականին Ռեյնինգհաուսը պատրաստվում էր վաճառել «Բեթհովենյան ֆրիզը» Բելվեդեր պատկերասրահին, սակայն Էգոն Շիլեի միջամտությամբ ֆրիզը հասել է Լեդերերեների ընտանիքին։ 1938 թվականին Լեդերերների հավաքածուն բռնագրավվել է ազգային սոցիալիստների կողմից։ Սերենա Լեդերերը, իսկ նրա մահից հետո նաև դուստրը` Էլիզաբեթ Բահոֆեն ֆոն Էխտը, փորձել են կարգավորել իրավիճակն ու պահպանել հավաքածուն` առաջարկելով կամավոր հանձնել մի քանի խոշոր ցուցանմուշներ, այդ թվում և` «Բեթհովենյան ֆրիզը», սակայն երկուսն էլ մերժում են ստացել։ Հետպատերազմյան շրջանում ֆրիզը մի պահեստից մյուսն է տեղափոխվել, ինչը աղետալի ազդեցություն է ունեցել դրա վիճակի վրա։ «Բեթհովենյան ֆրիզի» պահպանման համար ղեկավարության մոտ միջնորդել է Լեդերերների որդի Էրիխը, կառավարությունից չստանալով համապատասխան արձագանք, նա անգամ փորձել է հրաժարվել Լեդերերների հավաքածուից` ֆրիզն արտասահման ուղարկելու դիմաց, սակայն նորից մերժում է ստացել։ 1961 թվականին ֆրիզն ի վերջո հասել է Բելվեդերի պահոց, 1972 թվականին պետության կողմից գնվել է Էրիխ Լեդերերից։ Վերջինիս վճարվել է 15 միլիոն շիլլինգ և վերականգնվել է 1983-1984 թվականներին։ Սեցեսսիոնի տան հիմնանորոգման ընթացքում 1985 թվականին «Բեթհովենյան ֆրիզի» համար տեղ է նախապատրաստվել, որը կահավորված է եղել թանգարանային կլիմայի վերահսկման համակարգով։ Վերանորոգված ֆրիզն առաջին անգամ հանրությանն է ներկայացվել նույն տարվա մեջ, «Երազանք և իրականություն։ Վիեննան 1870-1930 թվականներին» ցուցահանդեսի ժամանակ։ «Բեթհովենյան ֆրիզի» վերանորոգումն արժեցել է 500 միլիոն շիլլինգ[10]։ Կլինգերի քանդակները, որոնք ի սկզբանե ուղեկցել են ֆրիզը, հայտնվել են Լայպցիգի Կերպարվեստի թնագարանում։
Առաջ բերելով այն փաստը, որ Էրիխ Լեդերերին իր ժամանակին թույլ չեն տվել «Բեթհովենյան ֆրիզը» տանել արտասահման, նրա ժառանգները 2013 թվականին վիճարկել են 1973 թվականին ֆրիզի վաճառքի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը` ասելով, թե այն կայացել է ճնշման տակ։ Ավստրիայի մշակույթի նախարար Յոզեֆ Օստերմայերը հայտարարել է, որ ըստ իրավունքների վերականգման մասին ավստրիական օրենքի համապատասխան որոշումն ընդունվում է` անկախ փորձագիտական հանձնաժողովի խորհուրդը հաշվի առնելով։ Այն եզրակացրել է, որ չնայած Ավստրիական Հանրապետությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրեն անբարեխիղճ է դրսևորել Լեդերերների ընտանիքի հանդեպ, ֆրիզի` արտասահման տեղափոխելու արգելքը չի օգտագործվել որպես վաճառողի վրա ճնշման գործիք, և արգելքի ու վաճառքի մեջ ոչ ժամանակային, ոչ պատճառահետևանքային կապ առկա չէ` արվեստի գործը նախկին սեփականատիրոջ ժառանգներին վերադարձնելու համար[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://digital.belvedere.at/objects/4737/beethovenfries-die-sehnsucht-nach-dem-gluck-nach-richard
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.secession.at/beethovenfries/geschichte_e.html
- ↑ http://www.belvedere.at/en/sammlungen/belvedere/jugendstil-und-wiener-secession/gustav-klimt?mode=gallery&cId=122&aId=1294&hl=Masterpieces%20of%20Gustav%20Klimt
- ↑ 5,0 5,1 Sternthal, 2005, Diesen Kuss der ganzen Welt
- ↑ 6,0 6,1 Թարգմանությունը` Իսրայել Միրիմսկու
- ↑ Horncastle/Weidinger, 2018, Die Beethovenausstellung
- ↑ Horncastle/Weidinger, 2018, Der Künstler als «Prophet»
- ↑ 9,0 9,1 9,2 Bisanz-Prakken, 1977
- ↑ Horncastle/Weidinger, 2018, Klimt-Ausstellungen ohne Klimt
- ↑ artemis-invest.de: «Бетховенский фриз» Густава Климта остаётся в Австрии Արխիվացված 2021-12-01 Wayback Machine(գերմ.)
Գրականութոյւն
խմբագրել- Marian Bisanz-Prakken Gustav Klimt. Der Beethovenfries. Geschichte, Funktion und Bedeutung. — München: Deutscher Taschenbuch Verlag, 1977. — 230 S. — ISBN 3-423-02865-3
- Gottfried Fliedl The Beethoven Frieze // Gustav Klimt. The World in Female Form / English translation: Hugh Beyer. — Köln: Benedikt Taschen Verlag GmbH, 1998. — P. 105—113. — 240 p. — ISBN 3-8228-7213X
- Mona Horncastle, Alfred Weidinger Gustav Klimt. Die Biografie. — 1. Aufl. — Christian Brandstätter Verlag, 2018. — 320 S. — ISBN 9783710602528
- Barbara Sternthal Diesen Kuss der ganzen Welt. — Wien: Styria Verlag, 2005. — 238 S. — ISBN 978-3222131653
Արտաքին հղումներ
խմբագրել- Նկար` թանգարանի ցուցադրությունից
- Ֆրիզի նկարը` ժամանակակից արվեստի ցուցադրության ինտերիերում
- Պ. Կորնև։ Գ. Կլիմտի գեղանկարչության երաժշտությունն ու երաժտշտականությունը։ Վեստնիկ СПбГУКИ № 3 (32), սեպտեմբեր, 2017
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթհովենյան ֆրիզ» հոդվածին։ |