Կերպարվեստի թանգարան (Լայպցիգ)

գեղարվեստի թանգարան Լայպցիգում

Կերպարվեստի թանգարան (գերմ.՝ Museum der bildenden Künste), քաղաքային գեղարվեստական թանագարան Լայպցիգում։ Թանգարանի նկարչական ու քանադակագործական հավաքածուն Գերմանիայի հնագույն, ամենախոշոր ու արժեքավոր հավաքածուներից է։

Կերպարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա[1]
Ղեկավարության նստավայրԼայպցիգ, Սաքսոնիա, Գերմանիա[2][3][1]
Հիմնադրվել է1848
ՀիմնադիրMaximilian Speck von Sternburg?[4]
ՏնօրենAlfred Weidinger?[5]
Կայքmdbk.de(գերմ.) և mdbk.de/en(անգլ.)

Պատմություն խմբագրել

Թանգարանի հիմնադրում և նրա առաջին շենքը խմբագրել

Թանգարանի պատմությունն սկսվում է Արվեստասերների լայպցիգյան ընկերության հիմնադրումից (1837), որի անդամները` հավաքորդներ ու մեկենասներ, նպատակ էին դրել քաղաքում հիմնադրելու սեփական գեղարվեստական թանգարան։ 1848 թվականի դեկտեմբերի 10-ին, այդ կազմակերպության ջանքերի շնորհիվ, քաղաքային առաջին դպրոցի շենքում, որը կառուցվել էր Մորիցի ամրոցապարսպի հիմքի վրա (գերմ.՝ Moritzbastei), բացվել է Քաղաքային թանգարանը, որում ներկայացվել է ժամանակակից արվեստի մոտ հարյուր գործ։

Հավաքածուն հարստացել է թանգարանին նվիրված ցուցանմուշների հաշվին, մասնավորապես` Մաքսիմիլիան Շպեկ ֆոն Շտերնբուրգի, Ալֆրեդ Տիմեիև Ադոլֆ Հենրիխ Շլետերի նվիրատվություներով։ 1853 թվականին հավաքորդ և առևտրական Ադոլֆ Հենրիխ Շլետերը իր հավաքածուն քաղաքին է նվիրել պայմանով, որ հինգ տարվա ընթացքում Քաղաքային թանգարանի համար շենք կառուցվի։ Թանգարանի նոր շենքը Ավգուստի հրապարակում (գերմ.՝ Augustusplatz), որտեղ ներկայումս գտնվում է «Գևանդհաուզ» համերգասրահը, կառուցվել է իտալական Վերածննդի ոճով ճարտարապետ Լյուդվիգ Լանգեի նախագծով։ Այն բացվել է Շտելերի նախանշած ժամկետից քիչ առաջ` 1858 թվականի դեկտեմբերի 18-ին։ 1880-1886 թվականներին, կապված հավաքածուի անընդհատ աճի հետ, թանգարանի շենքն ընդարձակվել է քաղաքի ճարտարապետ Հուգո Լիհտի նախագծով։

Ինչպես Գերմանիայի թանգարանային մյուս հավաքածուները, նացիոնալ-սոցիալիստները չխնայեցին նաև Լայպցիգի գեղարվեստի ու քանդակագործության քաղաքային հավաքածուն։ 1937 թվականին դեգեներատիվ արվեստի դեմ պայքարի շրջանակներում լայպցիգյան թանգարանից օտարվել է արվեստի 394 ստեղծագործություն, որոնք հիմնականում էքսպրեսիոնիզմի ոճով էին կատարված։ 1943 թվականի դեկտեմբերի 4-ի գիշերը քաղաքի վրա օդային հարձակման արդյունքում ավերվել է թանգարանի շենքը, սակայն հավաքածուի մեծ մասն այդ ընթացքում արդեն պահվել էր թաքստոցում։

Դիմիտրովի թանգարան և ընթացիկ այլ լուծումներ խմբագրել

 
Նախկին կայսերական դատարանի շենքը, որտեղ 1952-1997 թվականներին տեղակայվել է Կերպարվեստի թանգարանը

Աուգուստուսպլացի շենքի ավերումից հետո սկսվում է Քաղաքային թանգարանի 61-ամյա ոդիսականը ժամանակավոր հանգրվաններով, որը սահմանափակվում էր թանգարանի հավաքածուի չափով։ 1948 թվականին թանգարանը հաստատվում է նախկին Կայսերական բանկի շենքում Պետերսշտրասե փողոցում (գերմ.՝ Petersstraße, իսկ 1952 թվականին՝ նախկին Կայսերական դատարանի շենքում, որ հետագայում վերածվել է Դիմիտրովի անվան թանգարանի։

Այն բանից հետո, երբ 1992 թվականի մայիսին որոշում է ընդունվել Դաշնային վարչական դատարանը Լայպցիգ տեղափոխել, 1997 թվականին օգոստոսին թանգարանը դարձյալ ստիպված տեղափոխվում է այլ տեղ` Լայպցիգի Առևտրական պալատ (գերմ.՝ Handelshof):

Նոր շենք խմբագրել

1990-ական թվականի կեսերին քաղաքը որոշում է ընդունում Կերպարվեստի թանգարանի համար նոր շենք կառուցել։ 2004 թվականի դեկտեմբերի 4-ին` Աուգուստուսպլացի շենքի ավերումից ուղիղ 61 տարի անց, թանգարանը բացել է իր դռները Զաքսենպլաց (գերմ.՝ Sachsenplatz) հրապարակում։ Նոր շենքը կառուցվել է խորանարդի տեսքով ճարտարապետներ Կարլ Հուֆնագելի, Պետեր Պյուտցի և Միխայիլ Ռաֆաելինի նախագծով։ Այն արժեցել է 74.5 միլիոն եվո։ Դա 1950 թվականից ի վեր գեղարվեստական առաջին թանգարանն էր, որ կառուցվել է Գերմանիայում։

Կերպարվեստի թանգարանը 2001 թվականին ընդգրկվել է «Կապույտ գրքում», որտեղ ներառվում են դաշնային նոր հողերի` մշակույթի ամենանշանավոր հաստատությունները։

Հավաքածու խմբագրել

Ներկայումս թանգարանի հավաքածուն պարունակում է 3.500 գեղանկարչական, 1.000 քանդակային և 60.000 գրաֆիկական գործեր։ Թանգարանի հավաքածուն ներառում է արվեստի գործեր` ստեղծված ուշ միջնադարից մինչև ժամանակակից արվեստ։ Հավաքածուում ներկայացված են 15-16-րդ դարերի գերմանացի ու հոլանդացի հին վարպետների գործեր, 15-17-րդ դարերի իտալական արվեստը, 17-ևդ դարի հոլանդական արվեստը, 19-րդ դարի ֆրանսիական արվեստը, ինչպես նաև 18-20-րդ դարերի գերմանական արվեստը։

Հավաքածուի զգալի մասը կազմում են գերմանացի ու հոլանդացի հին վարպետների` Ֆրանս Հալսի, Լուկաս Կրանախ Ավագի աշխատանքները, ռոմանտիկներ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի և Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի ներկայացուցիչ Անդրեաս Ախենբախի գործերը։ Քանդակների հավաքածուի կենտրոնում Լյուդվիգ վան Բեթհովենի դիմանկարն է, որի հեղինակը Մաքս Կլինգերն է, ով Լայպցիգի նշանավոր զավակն է։ Կլինգերի և Մաքս Բեքմանի արվեստին թանգարանում հատկացված է առանձին հարկաբաժին։

Ժամանակից արվեստը թանգարանում ներկայացված է լայպցիգյան դպրոցի ներկայացուցիչների` Բերնհարդ Հայզիգի, Վերներ Տյուբկեի և Վոլֆգանգ Մատոյերի և համաշխարհային հռչակ վայելող գերմանացի նկարիչներ Նեո Ռաուխի և Դանիել Ռիխտերի գործերով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Leipziger Volkszeitung Journal, Sonderbeilage zur Eröffnung des neuen Bildermuseums vom 3. Dezember 2004.
  • Bode, Peter M.: Das Haus der tausend Räume, in: Art-Magazin 12/2004, S. 19-31.
  • Museum der Bildenden Künste Leipzig (Hrsg.): Corot bis Monet: Von Barbizon zum Impressionismus, Schenkung Bühler-Brockhaus an das Museum der bildenden Künste Leipzig ISBN 3-00-011003-8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերպարվեստի թանգարան (Լայպցիգ)» հոդվածին։