Արևիկ Ավդալբեգյան

հայ երաժիշտ, դաշնակահար

Արևիկ Թադևոսի Ավդալբեգյան (դեկտեմբերի 13, 1922(1922-12-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - մայիսի 15, 2020(2020-05-15), Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա), հայ երաժիշտ, դաշնակահար, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1955)։

Արևիկ Ավդալբեգյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 13, 1922(1922-12-13)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Երկիր ԽՍՀՄ և  Իտալիա
Մահացել էմայիսի 15, 2020(2020-05-15) (97 տարեկան)
Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Մասնագիտությունդաշնակահարուհի
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Արևիկ Ավդալբեգյանը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 13-ին, Երևանում։ 1933 թվականին էքստեռն ավարտել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, 1939-1940 թվականներին՝ Ռ․ Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, այնուհետև՝ Երևանի պետական կոնսերվատորիան, ապա ուսումը շարունակել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, ռուսական դաշնամուրային դպրոցի հիմնադիրներ, երաժիշտ և դաշնակահար Կ. Ն. Իգումնովի մոտ։ Վերադառնալով Երևան՝ զբաղվել է կատարողական և մանկավարժական գործունեությամբ, եղել է իր երկրի երաժշտական բնագավառի նշանակալից իրադարձությունների մասնակիցն ու կենտրոնը։ Համերգային շրջագայություններով և մենահամերգներով հանդես է եկել տարբեր երկրներում բազմաթիվ նվագախմբերի և հանրահայտ դիրիժորների հետ, այդ թվում՝ Կոնդրաշին, Գինզբուրգ, Սիմիոնով, Դուրյան, Մալունցյան, Նիյազի և ուրիշներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկու անգամ եղել է ռազմաճակատում, ելույթներ ունեցել ոչ միայն հայկական Թամանյան դիվիզիայի, այլ բազմազգ բանակի մարտիկների համար՝ իր արվեստով ոգեշնչելով նրանց։

1988 թվականից Արևիկ Ավդալբեգյանը բնակվել և ստեղծագործել է Իտալիայում։ Ավդալբեգյանի նշանակալից համերգների թվին է պատկանում Միլանի Վերդիի անվան կոնսերվատորիայի դահլիճում կատարված Բախի երրորդ և չորրորդ կլավեսինի համար գրված կոնցերտները, որը նա իրականացրել է իր երկու դուստրերի՝ Նունե, Տաթևիկ և թոռնիկի՝ Աննա (մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր) Հայրապետյանների հետ։ Ավդալբեգյանի համերգային նվագացանկը ընդգրկում է տարբեր ոճերի և ժամանակների կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Համագործակցություն Նիկողայոս Տիգրանյանի հետ խմբագրել

Մանուկ հասակից, ծանոթանալով Նիկողայոս Տիգրանյանի հետ, դարձել է նրա ստեղծագործությունների մշտական կատարողը։ 1936 թվականին՝ Նիկողայոս Տիգրանյանի 80-ամյա հոբելյանի ժամանակ, որին մասնակցել են Հայկանուշ Դանիելյանը, Շարա Տալյանը, սիմֆոնիկ նվագախումբը՝ Կոնստանտին Սարաջևի ղեկավարությամբ, Նիկողայոս Տիգրանյանի ցանկությամբ Արևիկ Ավդալբեգյանը, լինելով դեռ մանուկ, կատարել է նրա դաշնամուրային ստեղծագործությունները։ Սա դարձել է նրա մկրտությունը իբրև Նիկողայոս Տիգրանյանի ստեղծագործությունների լավագույն կատարող։ Տիգրանյանի ցուցմունքներն ու խորհուրդները շատ մեծ դեր են խաղացել ավելի խորն ու ճշմարտացիորեն կատարելու նրա ստեղծագործությունները։ Տիգրանյանը բացահայտել է այն հազվադեպ երևույթը, երբ կատարողի մեկնաբանումը գերազանցում է հեղինակի մտահղացմանը։ Տիգրանյանի և Ավդալբեգյանի համագործակցությունը նշանավորվել է նրանով, որ հանձինս Արևիկ Ավդալբեգյանի երաժշտարվեստում առկա է Նիկողայոս Տիգրանյանի ստեղծագործությունների լավագույն կատարող՝ դաշնամուրային արվեստի բարձր մակարդակով և արևելյան մեղեդիների հարազատ շնչով ու ներշնչանքով կատարված գործերով[1][2]։

Երկեր խմբագրել

  • Արևիկ Ավդալբեգյան. Հուշագրական նոթեր, հոդվածներ, Ե., 2012:

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։