Արտաշես Հովհաննեսի Քարամյան (մարտի 2, 1908(1908-03-02)[1], Կապան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 20, 1989(1989-11-20)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիոլոգ։ ԽՍՀՄ (1970) և ՀԽՍՀ (1963) ԳԱ թղթակից անդամ։ Լևոն Օրբելու աշակերտը։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Արտաշես Քարամյան
Ծնվել էմարտի 2, 1908(1908-03-02)[1]
Կապան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 20, 1989(1989-11-20)[1] (81 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
Գործունեության ոլորտնյարդաֆիզիոլոգիա
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարԼևոն Օրբելի
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

1935 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Հայրենական պատերազմի տարիներին (1941-1945) Քարամյանը գործող բանակի հոսպիտալներում աշխատել է որպես նյարդավիրաբույժ։ 1946-1950 թվականներին Լևոն Օրբելու ղեկավարությամբ աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Ի․ Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1950-1958 թվականներին՝ ԽՍՀՄ ԲԳԱ փորձառական բժշկագիտության ինստիտուտում։ 1959 թվականից Քարամյանը ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Ի․ Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտի կենտրոնական նյարդային համակարգի համեմատական ֆիզիոլոգիայի լաբորատորիան[2], 1975 թվականից՝ նաև էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի բաժինը։ 1960-1977 թվականներին եղել է նույն ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալը։ Եղել է ՀԽՍՀ ԳԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական խորհրդատուն։

Գիտական գործունեություն խմբագրել

Քարամյանի գիտական հետազոտությունները վերաբերում են ողնաշարավորների ֆիլոգենետիկ շարքում ուղեղիկի և գլխուղեղի մեծ կիսագնդերի և ենթակեղևային գոյացությունների էվոլյուցիայի հարցերին։ Քարամյանը ձևակերպել է ինչպես ամբողջությամբ վերցրած ուղեղի զարգացման հիմնական օրինաչափությունները, այնպես էլ նրա առանձին ինտեգրատիվ համակարգերի զարգացման փուլերը սփռուն ձևերից մինչև կառուցվածքային և ֆունկցիոնալ տեսակետից մասնագիտացված ձևերը։ Քարամյանն առաջադրել է զգայական համակարգերի էվոլյուցիայում երկակի նյարդավորման սկզբունքը, մշակել կենտրոնական նյարդային համակարգի կրիտիկական փուլերի զարգացման սկզբունքը ողնաշարավորների ֆիլոգենեզում։ Եղել է ուղեղի միջազգային կազմակերպության անդամ։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Արժանացել է ԽՍՀՄ ԳԱ Ի․ Պավլովի անվան (1957) և Լ․ Օրբելու անվան (1974) մրցանակների։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Ժողովուրդների բարեկամության և «Պատվո նշան» շքանշաններով ու մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=15199
  2. А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 25. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 422