Արտազատական համակարգ
Օրգանիզմի կենսագործունեության ընթացքում յուրաքանչյուր բջիջում առաջանում են նյութափոխանակության արգասիքները ( միզանյութ, ֆոսֆորական և ծծմբական թթվի աղեր, ջուր, ածխաթթու գազ և այլն)։
Այդ նյութերի կուտակումն օրգանիզմում կարող է բերել կենսագործունեության զանազան խանգարումների, ընդհուպ մինչև մահվան։ Օրվա ընթացքում առաաջացած 600-700 լիտր ածխաթթու գազը և որոշ քանակությամբ ջուր հեռացվում են թոքերի միջոցով։ Արտազատման գլխավոր օրգանները երիկամներն են, որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը, միզաթթուն, հանքային աղերի և ջրի ավելցուկը։ Դրանով պահպանվում է ջրաաղային փոխանակության կայուն մակարդակը։ Այդ նյութերն աննշան չափով հեռանում են նաև մաշկի միջոցով։ Այսպիսով՝ թոքերը, երիկամները, մաշկը այն օրգաններն են, որոնց միջոցով հեռանում են նյութափոխանակության արգասիքները և պահպանվում օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը։ Հաստ աղին նույնպես ունի արտազատման գործառույթ, սակայն նյութափոխանակության հեղուկ արգասիքները հիմնականում հեռացվում են երիկամների միջոցով։
Օրգաններ և դրանց դերը
խմբագրելԱրտազատական համակարգի օրգաններն են երիկամները և միզուղիները՝ միզածորանները, միզապարկը, միզուկը։ Երիկամները զույգ են՝ տեղակայված են որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակում։ Աջ երիկամը կես ողի չափով ցածր է ձախից։ Երիկամն ունի դրսային՝ կոր և միջային՝ գոգ եզրեր։ Միջային մասում գտնվում է երիկամի դրունքը, որով մտնում են զարկերակը, նյարդերը, դուրս են գալիս միզածորանը, երակը, ավշային անոթները։ Երիկամներն արտաքինից ծածկված են շարակցական հյուսվածքից կազմված պատյանով, որը նրանց պահում է անշարժ վիճակում։ Երիկամները լոբաձև են, նրանց երկարությունը 10-12 սմ է, իսկ լայնությունը՝ 5-6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ։ Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ մեջ։
Հիգիենա
խմբագրելԱրտազատության օրգանների հիգենիան գոռծառույթների համալիր է, որոնց նպատակն է արտազատության օրգանների հիգենայի պահպանումը։ Արտազատության օրգանների հիգենիան սուր (կծու, թթու, աղի) բնույթի սննդանյութերի օգտագործումը բացասաբար է ազդում երիկամների, հատկապես նեֆրոնների կառուցվածքի և գործառույթի վրա։ Սննդային թունավորումները կազմափոխում, քայքայում են երիկամի բջիջները, որի հետևանքով խանգարվում է երկրորդային մեզի առաջացումը, և օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր, ամինաթթուներ, գլյուկոզ և այլ անհրաժեշտ նյութեր։ Վատ մշակված սննդամթերքներում, հատկապես, երբ այն երկար ժամանակ պահվում է տաք պայմաններում, արագորեն բազմանում են մանրէներ և երիկամներում բորբոքային երևույթների պատճառ դառնում։ Բորբոքված տեղամասերում միզուղիների ահարթ մակերփսին առաջանում են միզաքարեր, որոնք խանգարում են միզարձակումը և առաջացնում սուր, նոպայաձև ցավեր։ Երիկամների կառուցվածքի և գործառույթի վրա խիստ վնասակար ազդեցություն կարող են թողել նաև սնդիկը, կապարը, նավթալինը. որոնք մարսված սննդանյութերի հետ աղիներից անցնում են արյան մեջ և խաթարում նրանցում ընթացող գործընթացները[1]։
Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը։
Երիկամների կտրվածքի վրա առանձնացնում է 2 շերտ, որոնցից արտաքինն ավելի մուգ է և կոչվում է կեղևային, իսկ ներքին շերտը բաց գունավորում ունի, ավելի լայն է և կոչվում է միջուկային շերտ։ Միջուկային շերտը կազմված է բրգաձև կազմավորումներից։ Յուրաքանչյուր բուրգի լայն մասը (հիմքը) ուղղված է դեպի կեղևային շերտը, իսկ նեղ մասը (բուրգի գագաթը) ուղղված է դեպի երիկամային կենտրոնում գտնվող ավազանը։ Երիկամի կառուցվածքային և գործառական միավորը նեֆրոնն է։ Յուրաքանչյուր երիկամում կա մինչև մեկ միլիոն նեֆրոն։
Նեֆրոնները կազմված են երիկամի կեղևային շերտում տեղակայված՝ գավաթի տեսք ունեցող պատիճներից և մեզը հավաքող ոլորուն խողովակներից։ Յուրաքանչյուր պատիճի պատը կազմված է էպիթելային հյուսվածքի երկու շերտից, իսկ ներսում գտնվում է մազանոթային կծիկը։ Պատիճի երկշերտ պատից սկսվում է ոլորուն խողովակը, իջնում է միջուկային շերտ, որտեղից կրկին ծնկաձև ոլորվում և բարձրանում է կեղևային շերտ։ Այստեղ այն բացվում է, այսպես կոչված, մեզը հավաքող խողովակի մեջ։ Վերջինս միանալով նման խողովակների հետ, ընդհանուր ծորանով բացվում է բուրգի գագաթային մաս, իսկ այնտեղից՝ երիկամային ավազան։
Երիկամները չափազանց հարուստ են արյունատար անոթներով։ Երիկամային զարկերակը, մտնելով երիկամ, ճյուղավորվում է մանր անոթների, որոնք էլ աստիճանաբար դառնում են փոքր լուսանցքով զարկերակներ։ Յուրաքանչյուր զարկերակ պատիճի խոռոչում առաջացնում է մազանոթային կծիկ։ Մազանոթային կծիկից կրկին առաջանում է զարկերակ, որը դուրս է գալիս պատիճից։ Յուրաքանչյուր զարկերակ պատիճից դուրս գալուց հետո ճյուղավորվում է, առաջացնելով մազանոթներ, որոնք սերտորեն շրջապատվում են ոլորուն խողովակները։ Այդ մազանոթները միանալով վեր են ածվում փոքր լուսանցքով երակների, որոնք ի վերջո բացվում են երիկամային երակի մեջ։ Այսպիսով՝ երիկամներում զարկերակները կրկնակի մազանոթային ցանց են առաջացնում պատիճներում և ոլորուն խողովակների շուրջ։ Մեզի վերջնական ձևավորումը տեղի է ունենում ոլորուն խողովակներում։
Երիկամային մարմնիկները բարդ կենսաբանական ֆիլտրեր են, որոնց ֆիլտրող մակերեսը կազմում է մոտավորապես 5-6 մ2։ Երիկամների միջոցով յուրաքանչյուր րոպեում հոսում է օրգանիզմի ամբողջ արյան 1/5-ը։ Երիկամներն արյուն են ստանում որովայնային աորտայից։
Միզատար ուղիներ
խմբագրելՄիզատար ուղիներն են՝ երիկամային բաժակները և ավազանը, միզածորանը, միզապարկը և միզուկը, որը տղամարդկանց մոտ միաժամանակ կատարում է սերմնահեղուկի օրգանիզմից դուրս բերման ֆունկցիան։
Երիկամային բաժակների և ավազանի, միզածորանի և միզապարկի կառուցվածքը ընդհանուր գծերով համընկնում է։ Սրանցում տարբերում ենք լորձաթաղանթը, որը կազմված է փոփոխական էպիթելից և սեփական թիթեղից, ենթալորձային հիմից, մկանային և արտաքին թաղանթներից։ Երիկամային բաժակների և ավազանի պատում փոփոխական էպիթելի տակ տեղադրված լորձաթաղանթի սեփական թիթեղը աննկատելիորեն անցնում է ենթալորձային հիմի շարակցական հյուսվածքի։ Մկանային թաղանթը կազմված է հարթ մկանային բջիջների 2 բարակ շերտից՝ ներքին՝ երկայնաձիգ, և արտաքին՝ օղաձև։ Սակայն երիկամային բուրգերի պտկիկների շուրջը պահպանվում է հարթ մկանային բջիջների միայն մեկ՝ օղաձև շերտ։ Արտաքին թաղանթը առանց կտրուկ սահմանների անցնում է շարակցական հյուսվածքի, որը շրջապատում է խոշոր երիկամային անոթները։ Միզածորանները լորձաթաղանթի խորը երկայնական ծալքերի առկայության շնորհիվ ձգվելու արտահայտված ունակություն ունեն։ Միզածորանի ստորին հատվածի ենթալորձային հիմում կան մանր ալվեոլախողովակակազմ գեղձեր, որոնք կառուցվածքով նման են շագանակագեղձին։ Միզածորանների մկանային թաղանթը վերին կեսում կազմված է երկու շերտից՝ ներքին՝ երկայնաձիգ, և արտաքին՝ օղաձև։ Միզածորանի ստորին մասում մկանային թաղանթն ունի 3 շերտ՝ ներքին և արտաքին շերտերը երկայնաձիգ ուղղություն ունեն, իսկ միջին շերտը՝ օղաձև։ Միզածորանների մկանային թաղանթում՝ միզապարկի պատով անցնելու տեղում հարթ մկանային բջիջների խրձերն ընթանում են միայն երկայնաձիգ ուղղությամբ։ Կծկվելով՝ սրանք բացում են միզածորանի բացվածքը՝ անկախ միզապարկի հարթ մկանների վիճակից։ Արտաքինից միզածորանները պատված են շարակցահյուսվածքային ադվենտիցիալ թաղանթով։ Միզապարկի լորձաթաղանթը կազմված է փոփոխական էպիթելից և սեփական թիթեղից։ Սրա մանր արյունատար անոթները հատկապես շատ են մոտենում էպիթելին։ Սմքած կամ փոքր–ինչ ձգված միզապարկի լորձաթաղանթն ունի բազմաթիվ ծալքեր։ Դրանք բացակայում են միզապարկի հատակի առաջնային բաժնում, որտեղ բացվում են միզածորանները, և դուրս է գալիս միզուկը։ Միզապարկի պատի այդ հատվածն ունի եռանկայն տեսք, զուրկ է ենթալորձային հիմից, իսկ լորձաթաղանթը սերտաճած է մկանային թաղանթին։ Լորձաթաղանթի սեփական թիթեղը ունի գեղձեր, որոնք նման են միզածորանի ստորին հատվածի գեղձերին։ Միզածորանի մկանային թաղանթը կազմված է երեք ոչ խիստ սահմանազատված շերտերից. ներքին և արտաքին՝ երկայնաձիգ բջիջներով, և միջին՝ օղաձև։ Հարթ մկանային բջիջները նման են ծայրերը հատած իլիկների։ Այս թաղանթի մկանային հյուսվածքը շարակցահյուսվածքային խտրոցներով բաժանվում է խոշոր խրձերի։ Միզապարկի վզիկում օղաձև շերտը գոյացնում է մկանային սֆինկտր։ Միզապարկի վերին, հետին և մասնակիորեն կողմնային մակերեսների արտաքին թաղանթը պատված է որովայնամզի թերթիկով (շճաթաղանթով)։ Մնացած մասերում այն ադվենտիցիալ է։
Միզագոյացում
խմբագրելՄիզագոյացումն իրականանում է երիկամային մարմնիկի պատիճում կծիկի մազանոթների և պատիճի պատերի միջև, որոնք ֆիլտրի դեր են կատարում։ Պատիճի մազանոթներում արյան ճնշումն ավելի բարձր է, քան մարմնի մյուս մազանոթներում, որի պատճառով ֆիլտրման ուժն ավելի մեծ է, և պատիճի խոռոչի մեջ է անցնում արյան պլազման իր բաղադրամասերով, բացի սպիտակուցներից։ Ֆիլտրված հեղուկը կոչվում է առաջնային մեզ։ Օրական առաջանում է 150-170 առաջնային մեզ։ Այն պատիճից անցնում է միզային խողովակի մեջ։ Նրանց բարակ պատերն օժտված են ընտրողական թափանցելիությամբ, որի շնորհիվ առաջանային մեզից ջրի մեծ մասը և օրգանիզմի համար պիտանի նյութերը հետ են ներծծվում արյան մեջ։ Որոշ նյութեր (օրինակ գլյուկոզը) ամբողջությամբ հետ են ներծծվում, որոշները՝ մասնակի, իսկ երրորդները (օրինակ միզանյութը) համարյա հետ չեն ներծծվում։ Մնացած քիչ քանակով ջուրը և օրգանիզմի համար ոչ պիտանի նյութերը միասին կազմում են երկրորդային մեզը, որը հոսում է բրգի խողովակի մեջ և պտկիկների անցքով լցվում բաժակների և ապա՝ երիկամի ավազանի մեջ։ Երիկամային մարմնիկի խողովակի մեջ կարող են արտազատվել նաև օրգանիզմ մտած դեղանյութեր, ներկեր և այլն։ Մեկ օրվա ընթացքում առաջանում է 1,5-2 լ երկրորդային մեզ։
Մեզը թափանցիկ, դեղնավուն հեղուկ է, որի 96 %-ը ջուր է, իսկ 4 %-ը չոր նյութ։ Մեզով հեռանում են ջրի, հանքային աղերի ավելցուկը, միզանյութ, միզաթթու, ֆոսֆատներ և ուրիշ նյութեր։ Երբեմն մեզով կարող են հեռանալ նաև օրգանիզմի համար պիտանի նյութեր (օրինակ գլյուկոզ)։ Ուստի երիկամները մասնակցում են արյան քիմիական կազմի հաստատունության պահպանմանը։
Երիկամային ավազանը խոռոչ է, որից սկիզբ է առնում միզածորանը։ Երիկամներից մեզը երկու միզածորաններով լցվում է միզապարկի մեջ։
Միզապարկը մկանային կառուցվածքով պարկանման օրգան է, տեղավորված է կոնքի խոռոչում։ Ներսից մակերեսը ծածկված է լորձաթաղանթով։ Միզապարկից սկիզբ է առնում միզուկը, որի վրա կան մկանային երկու հաստացումներ՝ սեղմաններ։
Միզագոյացման կարգավորումը
խմբագրելԵրիկամների աշխատանքը կարգավորվում է վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով։ Այդ համակարգի սիմպաթիկ բաժնի ազդեցությամբ ուժեղանում է ջրի հետ ներծծումը, որի հետևանքով մեզը պակասում է։ Դա տեղի է ունենում երբ օրգանիզմում առկա է ջրի պակաս։ Վեգետատիվ նյարդային համակարգի պարասիմպաթիկ բաժինը թողնում է հակառակ ազդեցություն։ Միզագոյացման հումորալ կարգավորումը իրականացնում են մակուղեղը և մակերիկամի կեղևային շերտը։
Միզարձակում
խմբագրելԵրիկամներում միզագոյացումը տեղի է ունենում անընդհատ, իսկ միզարձակումը ընդհատ պրոցես է, կատարվում է պարբերաբար։ Միզապարկի մեջ 200-300 մլ մեզ լցվելու դեպքում ձգվում են նրա մկանային պատերը։ Լորձաթաղանթում տեղավորված ընկալիչների գրգռումից ռեֆլեքսորեն կծկվում են նրա պատերի մկանները և թուլանում սեղմանների մկանները, որը հանգեցնում են միզարձակման։ Միզարձակման ռեֆլեքսային կենտրոնը տեղավորված է ողնուղեղի սրբանային հատվածում, որի գործունեությունը գտնվում է կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն բաժնի՝ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի միզազատման կենտրոնի հսկողության ներքո։ Այդ կենտրոնի գործունեության շնորհիվ մարդն ընդունակ է գիտակցորեն պահել կամ իրականացնել միզարձակումը։ Միզարձակման ողնուղեղային կենտրոնի որոշ ախտահարումների դեպքում միզարձակումը խանգարվում է։
Միզային համակարգի օրգանների հիվանդությունների կանխումը
խմբագրելԵրիկամներն օրգանիզմի կենսական կարևոր օրգաններից են։ Միզագոյացումից բացի մասնակցում են օրգանիզմի ներքին միջավայրի հաստատունության պահպանմանը, սինթեզում են կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք խթանում են արյունաստեղծմանը, բարձրացնում արյան ճնշումը և օրգանիզմի դիմադրողականությունը։ Երիկամների ֆունկցիաների խախտման կամ դադարի դեպքում նյութափոխանակության միջանկյալ և վերջնական արգասիքները կուտակվում են արյան մեջ, թունավորում օրգանիզմը, որը հաճախ հանգեցնում է մահվան։ Երիկամները չափազանց զգայուն են վարակիչ հիվանդությունների հարուցիչների,սնդիկի,կապարի,բենզոլի,կենդանիների թույների նկատմամբ։ Դրանք հեռանում են երիկամներով և թունավորում նրա բջիջներին,խախտում նրանց ֆունկցիան։ Երիկամների ֆունկցիաների խանգարում կարող են առաջացնել նաև չչափավորված և առանց բժշկի նշանակման ընդունած դեղանյութերը։ Հանքային փոխանակության խանգարումներից, դեղանյութերի կուտակումներից երիկամներում և միզային ուղիներում կարող են առաջանալ «քարեր»,որոնք միզագոյացման և միզարձակման խանգարումների պատճառ են դառնում։ Առավել վնասակար ազդեցություն է թողնում ալկոհոլը։ Այն քայքայում է երիկամի էպիթելային բջիջները և հանգեցնում նրա ֆունկցիաների խանգարման։
Երիկամների էպիթելի վրա վնասակար ազդեցություն ունեն նաև կծու կերակուրները, որոնք առաջացնում են երիկամների հիվանդություններ։ Երիկամների և միզային համակարգի մյուս օրգանների հիվանդությունները կանխելու նպատակով անհրաժեշտ է պահպանել ընդհանուր և անձնական հիգիենայի կանոնները։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Կենսաբանություն։Մարդ