Շահան Նաթալի (Հակոբ Տեր-Հակոբյան, կեղծանունը՝ Նեմեսիս, հուլիսի 14, 1884(1884-07-14)[1], Հյուսենիկ, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - ապրիլի 18, 1983(1983-04-18)[2], Ուոթերթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող և փիլիսոփա։

Շահան Նաթալի
արմտ. հայ.՝ Շահան Նաթալի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 14, 1884(1884-07-14)[1]
ԾննդավայրՀյուսենիկ, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էապրիլի 18, 1983(1983-04-18)[2] (98 տարեկան)
Մահվան վայրՈւոթերթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունՊերպերյան վարժարան (1901)[1], Եփրատ քոլեջ և Բոստոնի համալսարան (1912)[1]
Մասնագիտությունգրող և ակտիվիստ
ԱշխատավայրԱզատամարտ, Հայրենիք, ՀԲԸՄ, Շանթ[1] և Փյունիկ[1]
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
ԿուսակցությունՀՅԴ
 Shahan Natalie Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Շահան Նաթալին ծնվել է Խարբերդի վիլայեթի Հյուսեյնիկ գյուղում (Արևմտյան Հայաստանում, այժմ Էլյազըղ քաղաքի մաս է) 1884 թվականին։ Ընտանիքում հինգ երեխաներից միակ որդին է եղել։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում։ 1894-1896 թվականների Համիդյան ջարդերի ժամանակ հայրը, քեռին և մի քանի այլ ազգականներ սպանվում են։ 11-ամյա Հակոբը երեք օր ապաստանում է հարևան հույների մոտ և փրկվում։ Ջարդերից հետո ուրիշ որբերի հետ տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ Ս. Հովհաննես որբանոց։ 1897-1900 թվականներին, Նյու Յորքում բնակվող հարուստ հայ վաճառականի հովանավորությամբ, ուսումը շարունակել է Կ․ Պոլսի Պերպերյան վարժարանում։ Աշակերտել է Ռեթեոս Պերպերյանին, որի որդու պատվին ընդունել է «Շահան» անունը։

1901 թվականին վերադառնում է Խարբերդ, դասավանդում եկեղեցուն կից դպրոցում։ 1904 թվականին ընդունվում է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը։ Նույն տարի մեկնում է ԱՄՆ, որտեղ երեք տարի աշխատում է կոշիկի գործարանում։ 1908 թվականին Սահմանադրության ընդունումից հետո վերստին վերադառնում է հայրենի գյուղ։ Սակայն 1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցած երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածներից հետո տեղափոխվում է ԱՄՆ։ 1909-1912 թվականներին սովորում է Բոստոնի համալսարանում։ Այդ տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ և թատերգություններ, խմբագրել «Շանթ» և «Փյունիկ» գրական հանդեսները, որոշ ժամանակ՝ «Հայրենիք» օրաթերթը։

Շահան Նաթալին Գրիգոր Մերջանովի հետ հանդիսացավ 1915 թվականի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին վերացնելու «Նեմեսիս» գործողության կազմակերպողն ու ոգեշնչողը։ Շահան Նաթալին մտածում էր ահաբեկչական և զինված պայքարի միջոցով ստիպել Թուրքիային ընդունել հայ փախստականների Արևմտյան Հայաստան վերադառնալու իրավունքը։ Դեմ էր նաև այդ ժամանակ ՀՅԴ բյուրոյում գերիշխող տեսակետին, թե պետք է դաշնակցել Թուրքիայի հետ ընդդեմ Խորհրդային Միությանը։ Այդ հարցերում ՀՅԴ ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով 1927 թվականին դուրս եկավ ՀՅԴ բյուրոյից, իսկ 1928-ին՝ կուսակցությունից։

Որոշ ժամանակ ապրել է Եվրոպայում, Փարիզում հիմնել «Արևմտահայ ազատագրական ուխտ» կազմակերպությունը, խմբագրել «Ազատամարտ» անկախ շաբաթաթերթը։ Ապա վերադարձել է Բոստոն, որտեղ ապրել է մինչև մահը։ 1958 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։ 1970-ական թվականներին ողջունել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծումը։

Շահան Նաթալին գրել է մի շարք պատմագիտական երկեր՝ «Թյուրքիզմը Անգորայեն Բաքու և թրքական օրիենտասիոն» (Աթենք, 1928), «Ալեքսանդրապոլի դաշնագրեն 1930-ի կովկասյան ապստամբությունները» (հ. 1-2, 1934-35), «Թուրքերը և մենք» (Աթենք, 1928), «Վերստին հավելված», «Ալեքսանդրապոլի դաշնագրի «ինչպե՞ս»-ն ու «ինչո՞ւ»-ն» (Բոստոն, 1955), «Երեք դաշնագրեր (Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի), բաղդատական զուգակշիռ» (Բեյրութ, 1957) և այլն, որոնցում փորձել է հայ ժողովրդի նորագույն պատմության տվյալների հիման վրա հիմնավորել իր քաղաքական հայացքները, համաձայն որոնց հնարավոր չէ թուրքերի հետ համաձայնության գալ կամ նրանց հետ դաշնակցելով ընդդիմանալ խորհրդային վարչակազմին։

Հիշատակի հավերժացում

խմբագրել

Շահան Նաթալիի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[3]։

Ստեղծագործություններ

խմբագրել
 
Շահան Նաթալիի կիսանդրին Գորիսի պետական համալսարանի բակում
  • «Օրէնքի եւ ընկերութեան զոհերէն» (կարճ պատմվածքներ), Բոստոն, 1909. 63 էջ
  • «Ամպեր» Բոստոն, 1909.
  • «Սէրի եւ ատելութեան երգեր» Բոստոն, 1915. 165 էջ
  • «Քաւութեան երգեր» Բոստոն, Հայրենիք 1915. 31 էջ (չափածո)
  • «Վրէժի աւետարան», Նյու Յորք, 1918. 39 էջ
  • «Ասլան Բէկ» Բոստոն, Հայրենիք 1918 62 էջ (ողբերգություն երեք արարով)
  • «Քեզի» Բոստոն, 1920 116 էջ. Սկսել է գրել 1904 թվականին (չափածո)

Ազգային-քաղաքական գործեր

խմբագրել
  • «Թուրքիզմը Անգորայէն Բագու եւ Թրքական Օրիէնթասիոն» Աթենք Նոր օր, 1928 172 էջ
  • «Թուրքերը եւ Մենք» Աթենք Նոր օր, 1928. 70 էջ։ Երկրորդ հրատարակություն՝ Բոստոն 1931 93 էջ։ Երրորդ հրատարակություն՝ Երևան, 1992, ներբեռնել [1] Արխիվացված 2016-10-29 Wayback Machine
  • «Ալեքսանդրապօլի Դաշնագրէն 1930-ի Կովկասեան Ապստամբութիւնները» 2 հատոր Մարսել, Արաբյան Հրատարակչություն, 1934-1935
  • «Երեւանի Համաձայնագիրը» Բոստոն, 1941. 112 էջ
  • «Գիրք Մատուցման եւ Հատուցման» Բեյրութ Օնիպար Հրատարակչություն, 1949 134 էջ
  1. «Այսպէս Սպաննեցինք »
  2. Յաւելուած, Պատկերազարդումներ
  • «Վերստին Յաւելուած -- Ալեքսանդրապօլի Դաշնագրի «Ինչպէ՞սն ու ինչո՞ւն»» Բոստոն, Պայքար, 1955 144 էջ
  • Natalie, Shahan (2002) [1928]. The Turks and Us (English). Արցախ: Փյունիկ հրատարակչություն.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 145.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահան Նաթալի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 145