Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում
Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում, զանգվածային սպանություն, որը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 հասցեում[1][2][3][4]։ Գյումրու բնակիչներ Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամները սպանվել են Գյումրիում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից[5][4]։ Սպանությունների համար Վալերի Պերմյակովը Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից՝ 10 տարվա ազատազրկման և պատիժը կրելու նպատակով տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն[4]։
Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում | |
---|---|
Փոքրիկ Սերյոժայի հիշատակին մոմավառություն Երևանի Ազատության հրապարակում, 20.01.2015 թ. | |
Տեսակ | զանգվածային սպանություն և իրադարձություն |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | Քաղաք Գյումրի, Մյասնիկյան 188 հասցե, Ավետիսյանների բնակարան |
Տեղադրանք | Գյումրի |
Գրոհի նպատակ | պարզված չէ |
Տարեթիվ | հունվարի 12, 2015 |
Գրոհի միջոց | Զանգվածային սպանդ, կրակահերթ |
Զենք | ԱԿ-74 ինքնաձիգ, սվին դանակ |
Զոհվածներ | 7 (6 հոգի տեղում, 1 մահացել է մեկ շաբաթ անց) |
Ահաբեկիչների քանակ | 1 (պաշտոնական) |
Կասկածյալ | Վալերի Պերմյակով |
![]() |
Ավետիսյանների ընտանիքի սպանությունը մեծ վրդովմունք ու հակառուսական տրամադրություններ է ստեղծել Հայաստանում, տեղի են ունեցել քաղաքացիական հուզումներ, ոստիկանական ուժերի հետ բախումներ, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մուտքի մոտ և Գյումրիում գտնվող Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության մոտ։ Քաղաքացիական հուզումներ են տեղի ունեցել նաև Հայաստանի այլ վայրերում[6][7][8]։
Դեպքերի ընթացք Խմբագրել
2015 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 6։20-ին, Ավետիսյանների ընտանիքի տան հարևանությամբ բնակվող բնակիչը պայթյուն կամ կրակոց է լսել, ինչպես նաև երեխայի լաց, մտածել է թե թեթև երկրաշարժ է[9]։ ժամը 10-ի կողմերը, հարևանուհու դուստրը նկատել է, որ Ավետիսյանների տան դուռը բաց է, իսկ պատուհանները՝ ջարդված։ Մտնելով ներս՝ տեսել է, որ ընտանիքի 6 անդամները գնդակահարված են, իսկ վեց ամսական երեխան՝ վիրավորված։ Վերջինին տարել են հիվանդանոց[10][11]։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը[12]։ Հանցագործությունը կատարվել է վաղ առավոտյան, երբ բոլորը անկողնում են եղել։ Շարժառիթները պարզ չեն, տեսանելի վայրում դրված ոսկեղենը մնացել է[13]։ Իրավապահ մարմինները կարճ ժամանակ անց պարզել են ենթադրյալ հանցագործի ինքնությունը, ով հանդիսանում էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը։ Նա, վերցնելով իրեն ամրագրված զենքը՝ ԱԿ-74 ինքնաձիգը[13], փախել է պահակակետից։ Ռուսական կողմի որոնումները արդյունք չեն տվել[14]։ Պերմյակովը հանցանքի վայրում զգեստափոխվել է, հանել զինվորական համազգեստը, հագել քաղաքացիական հագուստ և հեռացել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 21 կրակված պարկուճ, ԱԿ-74 մակնիշի 1 ինքնաձիգ, սվին-դանակ, 1 ամբողջությամբ լիցքավորված՝ շուրջ 30 փամփուշտով փամփշտակալ և մեկ փամփշտակալ, որի մեջ մնացել է միայն 1 փամփուշտ[15]։
Ավելի ուշ քաղաքացիները հայտնել են, որ Պերմյակովին տեսել են Ալեք Մանուկյան կամրջի տակ գտնվող սեփական տներից մեկի տանիքին[16]։
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտնում է, որ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է Վալերի Պերմյակովը։ Ըստ տեղեկությունների՝ նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը[17][18]։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը հունվարի 13-ին հայտնում է, որ Պերմյակովն ընդունել է մեղքը, հայտնել, որ Գյումրիում տեղի ունեցած արարքն ինքն է կատարել։ Տռուզյանը հայտնում է, որ Պերմյակովին հայտնաբերել են ռուս սահմանապահները հայ-թուրքական շփման գիծն անցնելու փորձ կատարելիս, որից հետո տեղափոխվել է ռուսական զորամաս, որտեղ նրան հարցաքննել են Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, ում մասնակցությամբ է տեղի ունեցել Պեմյակովի հարցաքննությունը[19]։
Հունվարի 14-ին Գյումրիում[6][7] և Երևանում[8] տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր, որոնց հիմնական պահանջն է եղել սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին Ռուսաստանին չհանձնելը։
Նույն օրը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարում է, որ մեղադրվողը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանում[20]։
Հասարակական արձագանք Խմբագրել
Հունվարի 15-ին հարյուրավոր ցուցարարներ հավաքվում են Գյումրիում գտնվող Շիրակի մարզի գլխավոր դատախազության շենքի դիմաց և հանդիպում են պահանջում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, որին հաջորդում են բանակցությունները։ Կոստանյանի և ցուցարարների բանակցություններին մասնակցում են նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ՝ Միքայել Աջապահյանը և մարզային դատախազ՝ Րաֆֆի Ասլանյանը (ինչպես նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը)։ Դատախազ Կոստանյանը պարտավորվում է նամակով դիմել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին, որպեսզի հանցագործին հանձնեն հայ իրավապահներին[21]։ Սակայն ցուցարարներին բանակցությունների արդյունքները չեն բավարարում և նրանց մի զգալի մասը շարժվում է դեպի Գյումրիում գտնվող Ռուսաստանի հյուպատոսություն։ Նրանց ճանապարհը փակում են ոստիկանական ստորաբաժանումները, ինչը հանգեցնում է ցուցարարների և իրավապահների միջև զանգվածային բախումների[22][23]։ Հանդարտվելու և ցույցը խաղաղ շարունակելու համար ցուցարարներին խնդրանքով դիմում ու համոզում են պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Զարուհի Փոստանջյանը և Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանը։
Բախումների հետևանքով վիրավորվում են բազմաթիվ ցուցարարներ և ոստիկաններ[24][25][26][27], 2 տասնյակից ավել անձ բերման է ենթարկվում[28]։
Բողոքի զանգվածային միջոցառումներ են տեղի ունենում նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանում[29][30]։ Երեկոյան և գիշերային ժամերին Երևանի Ազատության հրապարակից և հարակից տարածքներից ոստիկանական բաժիններ են բերման ենթարկվում տասնյակ քաղաքացիներ[31]։ Հետագայում բերման ենթարկվածները (այդ թվում՝ Գյումրիում) բաց են թողնվում, նրանց մի մասի նկատմամբ կազմվում են վարչական իրավախախտման մասին արձանագրություններ։
Զոհեր Խմբագրել
Տեղում սպանվել են[32]՝
- Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
- Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
- Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, նրանց դուստրը),
- Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին),
- Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
- Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, նրանց 2 տարեկան թոռնիկը)։
Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց[33], վիրահատվել, սակայն հունվարի 19-ին մահացել հիվանդանոցում (ժամը 17։02-ին երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ)[34][35]։
Հետաքննություն Խմբագրել
Սպանության կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը[36]։
Դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը և այլ պաշտոնատար անձինք։ Դեպքը քննվել է Հայաստանի քննչական վարույթում, քանի որ կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Գյումրի քաղաքում[33]։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի և 235-րդ հոդվածի հատկանիշներով[37]։
Քանի որ հանցագործության մեջ կասկածվել է ռուսական ռազմաբազայի զինծառայող, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը զանգվածային սպանության հետաքննության համար հատուկ հանձնաժողով է ուղարկել Գյումրի։ Հանձնաժողովը ղեկավարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինը[14][38]։ Հունվարի 13-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Գյումրի՝ Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ սպանության հանգամանքները քննելու համար[39]։
Գյումրիում հետաքննությունը իրականացրել են հայ ոստիկանները՝ ռուս զինվորականների հետ համատեղ[40]։
Հունվարի 20-ին Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանի և Ալեքսանդր Բաստրիկինի ստորագրած հուշագրով ստեղծվում է երկու երկրների փոխգործակցությունը համակարգող շտաբ, որի կազմում ընդգրկվում է 10 անձ՝ երկու երկրների քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ[41]։ Ըստ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի՝ հունվարի 21-ին Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար։ Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը[42]։
Կասկածյալ Խմբագրել
Սպանության մեջ մեղադրվել է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը[33]։ Պերմյակովը ծնունդով Ռուսաստանի Դաշնության Չիտայի շրջանից է, որտեղ ավարտել է երեկոյան դպրոց։ Եղել է Չիտայի շրջանի Բալեյ քաղաքի «Փրկություն՝ Հիսուսով քրիստոնեական եկեղեցի» կազմակերպության հովիվ[43][44]։ Նախքան ծառայությունը Պերմյակովը եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում, քանի որ եղբայրը սպանության համար դատապարտված է[13]։ Ռուսաստանում իր ժամկետային զինվորական ծառայության առաջին կես տարիների ընթացքում բանակից փախել է, քանի որ չի ցանկացել ծառայել զինված ուժերում։ Դեկտեմբերի 3-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա։ Պերմյակովի քույրը՝ Եկատերինա Միխայլովան, նշել է, որ իր եղբայրը չէր կարող այդքան մարդ, հատկապես՝ երեխա սպանել։ Նա ասել է, որ իրենք շատ մեծ և ամուր ընտանիք ունեն։ Եկատերինան նշել է, որ նա եղբոր ծառայության և այդ ընտանիքի հետ հնարավոր կապի մասին ոչ մի բանից տեղյակ չէ[45]։
Դատ և դատավճիռ Խմբագրել
2015 թվականի օգոստոսի 12-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում լսվում է Վալերի Պերմյակովի՝ զենքով դասալքության, զինամթերք հափշտակելու և ապօրինի զենք կրելու փաստով հարուցված քրեական գործը։ Դատական նիստերը տեղի են ունենում Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում[46]։ Հրապարակվում են Պերմյակովի նախաքննական ցուցմունքները, ըստ որոնց նա ընդունել է մեղքը։ Հայաստանի Հանրապետության դատարանը Վալերի Պերմյակովին դատապարտում է ցմահ ազատազրկման, իսկ Ռուսաստանի Դաշնության դատարանը՝ 10 տարվա ազատազրկման[47][4]։ Հետագայում նրան տեղափոխել են Ռուսաստանի Դաշնություն պատժի կրման համար։
Պաշտոնական արձագանք Խմբագրել
- Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին՝ կիսելով կորստյան անսահման վիշտն ու ցավը[36]։
- Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցավակցական ուղերձ է հղել, որտեղ ասված է.
Այսօր` հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքը, հիրավի, ցնցեց ամբողջ քաղաքը։ Գյումրեցի մի ողջ ընտանիքի սարսափելի կորուստը մեր ընդհանուր վիշտն է։ Գիտակցելով խորը ցավը և սարսափելի հետևանքները` ցավակցություն եմ հայտնում մահացածների ընտանիքներին ու հարազատներին` մաղթելով ոգու արիություն և համբերություն, իսկ անմեղ փոքրիկին` շուտափույթ ապաքինում։
Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում և կոչ եմ անում զինվել համբերությամբ, քանզի մեղավորները, անշուշտ, ստանալու են արժանի պատիժ[48]։ |
- Հունվարի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին։ Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնել է իր ցավակցությունը և նշել, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Նա ընդգծել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և աջակցություն ցուցաբերում գործի քննությանը[49]։
Вместе с армянским народом потрясены ужасным преступлением против мирной семьи жителей города Гюмри. Приносим наши искренние соболезнования родным и близким погибших. Желаем скорейшего выздоровления тяжелораненому ребенку. Компетентные органы Российской Федерации оказывают властям Армении все необходимое содействие с тем, чтобы виновные в этой трагедии были привлечены к самой суровой ответственности.[50]
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և աջակցություն խոստացել իր հայ պաշտոնակցին հետաքննության և հանցագործության բացահայտման գործում[14]։
Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց կազմակերպվել է մոմավառություն։ Տասնյակ մարդիկ ծաղիկներ են բերել դեսպանատան դիմաց՝ ի հիշատակ Հայաստանում զոհված ընտանիքի[51]։
Հունվարի 19-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մամուլի ասուլիսը ընդհատվել է 102-րդ ռուսական ռազմաբազայի գլխավոր հրամանատարի զանգով, որը հայտնել է, թե գումար են հավաքել և իրենց ֆինանսական աջակցություն են առաջարկում Ավետիսյանների հարազատներին։ Սակայն Ֆելիքս Ցոլակյանը մերժել է առաջարկը՝ նշելով, որ հարմար չի գտնում այս պահին որևէ ֆինանսական աջակցություն ռազմաբազայի կողմից[52]։
ԶԼՄ-ների անդրադարձ Խմբագրել
Չնայած հայկական լրատվամիջոցների կողմից զանգվածային սպանության թեման լայնորեն լուսաբանվելուն՝ Հանրային հեռուստաընկերությունը սկզբնապես խուսափել է անդրադառնալ դեպքի հետաքննությանը և զանգվածային ցույցերին[53]։
Սկզբում լռել են նաև ռուսաստանյան լրատվամիջոցները։ Սպանությանը հաջորդած օրվա ընթացքում ռուսական երեք խոշորագույն հեռուստաալիքները («Ռոսիա 1», «Առաջին ալիք» և «ՆՏՎ») ընդհանրապես չեն հաղորդել կատարվածի մասին։ Երկրորդ օրվա ընթացքում «ՆՏՎ» հեռուստաալիքը հաղորդել է, որ Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռազմաբազայից փախուստի է դիմել զինվոր, ով ավելի ուշ գտնվել է՝ ընդհանրապես չանդրադառնալով կատարված սպանություններին[54]։ Սպանության մասին ևս մեկ օր անց անդրադարձել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը՝ շեշտելով, որ զինվորական ծառայության ընթացքում Պերմյակովն աչքի է ընկել «բարձր առաջադիմությամբ»[54]։
Վեց ամսական Սերյոժայի մահվանից հետո ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը պահանջել է հրապարակայնորեն մահապատժի ենթարկել Պերմյակովին[55]։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Դաժան սպանություն Գյումրիում. Հայկական վարկած
- ↑ Սպանության մասին Առավոտի կայքում
- ↑ Գյումրիում սպանել են ընտանիքի 6 անդամներին
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման» հոդված armenpress.am կայքում, (արխիվացված 21.08.2022թ.):
- ↑ Արմենպրեսի արձագանքը իրադարձությանը:
- ↑ 6,0 6,1 Բողոքի ցույց Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց
- ↑ 7,0 7,1 Հազարավոր քաղաքացիներ Գյումրիում երթով շարժվել են դեպի ռուսական բազա (ֆոտո)
- ↑ 8,0 8,1 «Ամոթ», «պուտինկաներ». բողոքի ցույց նախագահական նստավայրի դիմաց
- ↑ Գյումրիի դաժան սպանությունից
- ↑ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության դեպքից
- ↑ «Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած սպանությունից»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-01-12
- ↑ Լուսանկարներ Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի վայրից
- ↑ 13,0 13,1 13,2 Сослуживцы о подозреваемом в убийстве шести человек в Гюмри.(ռուս.)
- ↑ 14,0 14,1 14,2 На место массового убийства в Армении направлена комиссия российского Минобороны (ռուս.)
- ↑ Փոխոստիկանապետը մանրամասներ է ներկայացրել
- ↑ «Գյումրիի սպանությունների մեջ կասկածվողին տեսել են տներից մեկի տանիքին. տարածքը խուզարկվում է»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-01-12
- ↑ Սպանության մեջ կասկածվող զինծառայողը հայտնաբերվել է. ՇՄ դատախազ
- ↑ «Մանրամասներ ձերբակալությունից. Ռուս զինվորը կտրել է սահմանի փշալարերը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-13-ին։ Վերցված է 2015-01-12
- ↑ Վալերի Պերմյակովն ընդունել է, որ ինքն է կատարել Գյումրիում ընտանիքի վեց անդամների սպանությունը(չաշխատող հղում)
- ↑ Պերմյակովը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանում. Գլխավոր դատախազ
- ↑ «Գևորգ Կոստանյանը կդիմի ՌԴ գլխավոր դատախազին, որպեսզի Գյումրու սպանության գործը հանձնվի ՀՀ իրավապահներին»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2015-01-15
- ↑ «Ցուցարարներ ՌԴ հյուպատոսարանից գնում են Շիրակի դատախազություն (ուղիղ)»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2015-01-15
- ↑ Գյումրեցի ցուցարարների և ոստիկանների միջև բախում է սկսվել. կան վիրավորներ (լրացվող)
- ↑ Գյումրիում վիրավորների թիվը հասավ 14-ի, որից 5-ը՝ ոստիկաններ. կա ծանր վիրավոր
- ↑ Գյումրու բժշկական կենտրոնում մնացին երկու վիրավոր ոստիկան, բերման ենթարկվածներն էլ ազատ արձակվեցին
- ↑ 24 վիրավոր Գյումրիի բախումների արդյունքում. քաղաքի բժշկական կենտրոնի տնօրենը՝ վիրավորների վիճակի մասին (տեսաձայնագրություն)
- ↑ Երեկ Գյումրիում բուժօգնության է ստացել 28 մարդ
- ↑ «Սա՞ էր մեր պահանջը. Շիրակի թեմի առաջնորդը ցուցարարներին ցրվելու կոչ արեց»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2015-01-15
- ↑ Ազատության հրապարակից քաղաքացիների բերման ենթարկեցին (տեսանյութ)
- ↑ Պատիժը Հայաստանում. բողոքի ակցիա նախագահական նստավայրի մոտ (ֆոտո)
- ↑ Գյումրիում երեկ բերման է ենթարկվել 21 անձ
- ↑ «Իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»։ ՀՀ Ոստիկանության կայք
- ↑ 33,0 33,1 33,2 Հայտնի են Գյումրիում կատարված սպանության բոլոր զոհերի անունները
- ↑ Մահացել է 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը:
- ↑ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացավ:
- ↑ 36,0 36,1 Նախագահը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:
- ↑ Սպանություն Գյումրիում. սպանվել է ընտանիքի վեց անդամ:
- ↑ Минобороны РФ расследует трагедию в Армении, где российский военный подозревается в убийстве семьи.(ռուս.)
- ↑ Սեյրան Օհանյանը վաղը կմեկնի Գյումրի:
- ↑ Լարված իրավիճակ Գյումրիում. նոր տեսանյութ Ալեք Մանուկյան փողոցի կամրջի մոտից:
- ↑ Հայկական կողմը Պերմյակովին մեղադրանք առաջադրեց
- ↑ Վալերի Պերմյակովն ընդունել է Հայաստանի Հանրապետության անունից իրեն առաջադրված մեղադրանքը:
- ↑ Վալերի Պերմյակովի հայրը Ավետարանական եկեղեցու հովիվ է:
- ↑ «Փրկություն՝ Հիսուսով քրիստոնեական եկեղեցի» կազմակերպության կայքը Archived 2015-01-16 at the Wayback Machine.(ռուս.)
- ↑ Ինչ է պատմում սպանության մեջ կասկածվողի քույրը եղբոր մասին:
- ↑ «Հրապարակվեցին Պերմյակովի նախաքննական ցուցմունքները»։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-25-ին։ Վերցված է 2020-10-29
- ↑ Պերմյակովը դասալքության և ապօրինի զենք կրելու փաստով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:
- ↑ «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայք»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-14-ին։ Վերցված է 2015-01-12
- ↑ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը սգում է հայ ժողովրդի հետ
- ↑ Комментарий Министерства иностранных дел России в связи с трагедией в Гюмри (ռուս.)
- ↑ Москвичи несут цветы к армянскому посольству Archived 2016-03-05 at the Wayback Machine.(ռուս.)
- ↑ Շիրակի մարզպետը մերժեց ռազմաբազայի հրամանատարի առաջարկած դրամական օգնությունը Ավետիսյանների մերձավորներին
- ↑ Գրիգորյան Արմեն (հունվարի 16, 2015)։ «Ռուս զինվորի կողմից հայ ընտանիքի սպանությունը խստորեն լարում է Երևան-Մոսկվա հարաբերությունները»
- ↑ 54,0 54,1 «Ինչպես ռուսական ալիքները կոծկեցին Գյումրիի սպանդը»։ Media.am։ հունվարի 14, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-13-ին։ Վերցված է հունվարի 16, 2015
- ↑ Վլադիմիր Սոլովյով (հունվարի 19, 2015)։ «VRSoloviev»։ Վերցված է 2015 թ․ հունվարի 19։ «Убийцу надо казнить на площади»
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ակտիվիստները ճեղքել են ոստիկանական շղթան և մոտեցել ռուսական ռազմաբազային (լուսանկարներ և տեսաձայնագրություն)
- Գյումրիում հնչել է միայն մեկ պահանջ՝ սպանության մեջ մեղադրվողին հանձնել հայ իրավապահներին (լուսանկարներ)
- Բախումներ ոստիկանության հատուկ ուժերի և ցուցարարների միջև՝ Գյումրիի ՌԴ հյուպատոսության շրջակայքում (ամբողջական)
- Այլևս չեք կարողանալու դուրս գալ քաղաք, եթե չապտակեն՝ թքելու են ձեր ուղղությամբ. Շիրակի թեմի առաջնորդ
- Գյումրու սպանդը հնարավոր էր կանխել (տեսանյութ)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում կատեգորիայում։ |