Անժելա Վոդե (սլովեներեն արտասանությունը` [Aŋˈɡeːla ʋɔˈdeː], հունվարի 5, 1892(1892-01-05), Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա[1] - մայիսի 5, 1985(1985-05-05), Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սլովենացի մանկավարժ, ֆեմինիստ հեղինակ և իրավապաշտպան։ Եղել է Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության անդամ, 1939 թվականին հեռացվել է կուսակցությունից՝ Հիտլեր-Ստալինյան դաշնագրի դեմ քննադատության համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա միացել է սլովենիացիների Ազատագրական ճակատին, բայց 1942 թվականին վտարվել է Սլովենիայի Կոմունիստական կուսակցության հետ տարաձայնություններ ունենալու պատճառով։ 1944 թվականին նա աքսորվել է նացիստական համակենտրոնացման ճամբար։ Պատերազմից հետո ձերբակալվել է Հարավսլավիայի կոմունիստական իշխանությունների կողմից, դատվել Նագոդեի դատավարությունում և մի քանի տարի բանտարկվել։ Բանտից ազատվելուց հետո նա իր ամբողջ կյանքում դուրս է մնացել հասարակական կյանքից։ 1990-ական թվականներին նա դարձել է Սլովենիայում դիկտատորական բռնաճնշումների արդյունքում զոհ դարձածների գլխավոր խորհրդանիշներից մեկը[2][3]։

Անգելա Վոդե
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1892(1892-01-05)
ԾննդավայրԼյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա[1]
Մահացել էմայիսի 5, 1985(1985-05-05) (93 տարեկան)
Մահվան վայրԼյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ԳերեզմանԺալե գերեզմանոց
Քաղաքացիություն ՀՍՖՀ,  Հարավսլավիայի Թագավորություն,  Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և  Ցիսլեյտանիա
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունիրավապաշտպան, defectologist, special education teacher, հրապարակախոս և ուսուցչուհի
 Angela Vode Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Անժելա Վոդեն ծնվել է Լյուբլյանայում, Ավստրո-Հունգարական կայսրությունում։ 1912 թվականին Լյուբլյանայի մանկավարժական քոլեջն ավարտելուց հետո նա աշխատել է որպես ուսուցիչ մի քանի դպրոցներում[4]։

1921 թվականին նա մասնագիտացել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ուսուցման մեջ։ Հաջորդ 25 տարիներին նա աշխատել է որպես ուսուցիչ-դեֆեկտոլոգ[4]։ Վոդեն հրատարակել է մի շարք հոդվածներ հաշմանդամ երեխաների կրթության վերաբերյալ, իսկ 1936 թվականին նա հրատարակել է այդ թեմայով գիրք՝ «Մասնավոր դպրոցների կարևորությունը և դրանց զարգացումը Հարավսլավիայում» (Pomen pomožnega šolstva in njegov razvoj v Jugoslaviji)[5]:

Վոդեն Սլովենիայում կանանց իրավունքների առաջին ակտիվիստներից էր և իրավապաշտպան խմբերի առաջին կազմակերպիչներից մեկը։ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին նա ընտրվել է Հարավսլավիայի կանանց իրավունքների հասարակական շարժման նախագահ և Սլովենիայի կին ուսուցիչների ընկերության նախագահ[4]։ Նա հրապարակել է բազմաթիվ հոդվածներ սոցիալական անարդարության և կանանց իրավունքների վերաբերյալ։ Վոդեի ամենանշանակալի գրքերից են` «Կինը ժամանակակից աշխարհում» («Žena v sedanjem svetu», 1934 թվական), «Կինն ու ֆաշիզմը» (Žena i fašizam, 1935 թվական, գրված է սերբախորվաթերենով)։ Նրա ամենակարևոր տեսական աշխատանքը «Գենդերն ու ճակատագիրն» էր (Spol in usoda), որը հրատարակվել է 1938 թվականին[5]։

Ակտիվ լինելով կանանց վերաբերյալ մի շարք կազմակերպություններում՝ Վոդեն եղել է «Կանանց և աղջիկների միության» (սլովեներեն՝ «Zveza delavskih žena in deklet») նախագահը և անդամակցել Բալկանյան տարածաշրջանային ասոցիացիային, որը կոչվում էր «Կանանց փոքր անտանտ» (LEW): 1927-1937 թվականներին նա եղել է «Սլովենիայում կանանց շարժման» նախագահ (սլովեներեն` «Ženski pokret»), որի շնորհիվ նա պաշտոն է ստացել գործադիր իշխանությունում։ 1929-1934 թվականներին, Ալեքսանդր թագավորի օրոք, ասոցիացիաներ ստեղծելը հաճախ արգելվում էր, և դրա պատճառով անդամները դրանք հիմնում էին այլ անուններով։ Միջպատերազմյան շրջանում Վոդեն համագործակցել է մեծ թվով կազմակերպությունների հետ, ինչպես նաև մասնակցել է մի քանի համաժողովների, օրինակ` 1927 թվականնի Պրահայի «LEW» համաժողովը, «Կանանց ընտրական իրավունքի միջազգային դաշինքի» Բեռլինի համաժողովը 1929 թվականին և «Կանանց միջազգային խորհրդի» համաժողովը 1936 թվականին։

1922 թվականին նա անդամագրվել է Հարավսլավիայի անօրինական կոմունիստական կուսակցությանը[4]։ Վոդեն այս որոշումը համարեց կարևոր քայլ իդեալիզմում, որի առաջնային նպատակն է անշահախնդիր պայքար մղել անարդարության դեմ և աջակցել թույլերին։ Նա կոմունիզմը տեսնում էր որպես սոցիալական և քաղաքական ազատագրման իդեալ[5], որով կարելի էր հասնել նաև սլովենացիների լիակատար հավասարությանը Հարավսլավիայում և Սլովենիայի ինքնավարությանը ապակենտրոնացված դաշնությունում։

Բացի սլովեներենից, Անժելա Վոդեն տիրապետում էր նաև գերմաներենին, անգլերենին, ֆրանսերենին և սերբախորվաթերենին, ինչ-որ չափով խոսում էր նաև իտալերեն և ռուսերեն[6]։

Կոմունիստական կուսակցության հետ հակամարտություն և Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

1939 թվականին Վոդեն սուր քննադատության է ենթարկեց Խորհրդա-գերմանական պայմանագիրը, ինչը հանգեցրեց այն բանին, որ վտարվեց կոմունիստական կուսակցությունից[5]։

1941 թվականի ապրիլին Հարավսլավական օպերացիայից հետո Վոդեն կոչ արեց միասնական հակաֆաշիստական ճակատ ստեղծել՝ քննադատելով սլովենացի կոմունիստներին, ովքեր կողմ էին և սատարում էին Ստալինի և Հիտլերի համագործակցությանը։ Չնայած Կոմունիստական կուսակցության հետ ունեցած հակամարտությանը, 1941 թվականի հունիսին Խորհրդային Միության վրա նացիստական գերմանացիների հարձակումից հետո Վոդեն միացավ կոմունիստների գլխավորած սլովենիացիների Ազատագրական ճակատին, երբ Հարավսլավիայի կոմունիստները որոշեցին զինված պայքար սկսել Հարավսլավական օպերացիայի դեմ։ Վոդեն դարձավ սլովենիացիների ազատագրական ճակատի Գերագույն պլենումի անդամներից մեկը[4]՝ որպես սլովենացի կանանց շարժումների ներկայացուցիչ։ 1941 թվականի վերջին նա միացել է «Stara Pravda» խմբին («Հին արդարություն»), որը ղեկավարում էր ձախաթևյան ակտիվիստ Օրթոմիր Նագոդեն։ 1942 թվականին Նագոդեի խումբը վտարվեց Ազատագրական ճակատից՝ սլովենական կոմունիստների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով[5]։

Դիմադրական շարժման ընդհատակ անցնելուց հետո Վոդեն շարունակեց բարեգործությամբ զբաղվել։ Չնայած կյանքը դժվար էր Լյուբլյանա նահանգում, քանի որ գրավվել էր Իտալիայի կողմից, Սլովենիայում ապրող գերմանացիների կողմից գրավված հատվածում ամեն ինչ էլ ավելի վատ էր։ Լյուբլյանա նահանգում շատ սլովենացի փախստականներ կային, որոնք փախել էին գերմանացիների գրաված տարածքներից՝ նացիստական Գերմանիայի դաժան հակասլովենական քաղաքականությունից խուսափելու համար։ Վոդեն օգնություն տրամադրեց այս փախստականներին։ 1942 թվականին իտալական օկուպացիոն ուժերը Լյուբլյանա նահանգում գտնվող պատանդներին սկսեցին մահապատժի ենթարկել։ Վոդեն խնդրագիր է գրել Բենիտո Մուսոլինիին և կազմակերպել է ստորագրահավաք՝ փորձելով փրկել պատանդների կյանքը։ Սլովենական կոմունիստական կազմակերպությունը խանգարեց նրան ստորագրահավաք կատարելու մտահղացումն իրագործել և ոչնչացրեց միջնորդագիրը[5]։ Սրա պատճառն ակնհայտ էր` Կոմունիստական կազմակերպությանը թույլ տալ պահպանել իր դիրքը որպես Սլովենիայի օկուպացիոն ուժերի դեմ պայքարող միակ կենսունակ ուժ՝ պատերազմից հետո կոմունիստների իշխանությանը օրինականորեն տիրելու համար։ 1943 թվականի գարնանը Վոդեն ձերբակալվեց իտալական ֆաշիստական իշխանությունների կողմից և մի քանի շաբաթ անցկացրեց բանտում։ 1944 թվականի հունվարին գերմանացիները նրան ձերբակալեցին և ուղարկեցին Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար։ Մի քանի ամիս անց` 1944 թվականի աշնան վերջին, նա վերադարձավ տուն` ուժասպառ, բայց կենդանի։

Հետապնդումներ կոմունիզմի ժամանակ խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա շարունակել է աշխատել որպես ուսուցիչ։ 1947 թվականին նա ձերբակալվել է Կոմունիստական Հարավսլավիայի գաղտնի ոստիկանության կողմից, բանտարկվել և խոշտանգվել երկու ամիս։ 1947 թվականի աշնանը նա դատվել է Նագոդե դատավարության ժամանակ։ Վերջինս ցուցադրական դատավարություն էր ընդդեմ մի շարք հայտնի սլովենական արևմտամետ քաղաքական գործիչների և ակտիվիստների։ Նրանք բոլորը մեղադրվում էին բանվոր դասակարգին թշնամաբար վերաբերվելու, կապիտալիզմի գործակալներ և արևմտյան լրտեսներ լինելու մեջ։ Բոլոր մեղադրյալները դատապարտվեցին մահվան կամ երկարաժամկետ ազատազրկման և զրկվեցին իրենց բոլոր իրավունքներից[4]։

Վոդեին մեղադրում էին «Սլովենիայի քաղաքական և տնտեսական իրավիճակի վերաբերյալ լրտեսական զեկույց գրելու մեջ։ Այս զեկույցներում նա ծանր զրպարտություններ էր գրում իշխանությունների դեմ պատերազմ հրահրելու համար և մտադիր էր այն ներկայացնել Հարավսլավիայում Ամերիկյան կարմիր խաչի ներկայացուցչին»։ Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, իսկ հետագա հինգ տարիներին չուներ ոչ մի իրավունք։ Վեց տարի անց նա ազատ է արձակվել[4], հավանաբար, Հարավսլավիայի վրա միջազգային կազմակերպությունների ճնշումների պատճառով։

Բանտից ազատվելուց հետո Վոդեն դարձավ «ոչմարդ», այսինքն` ոչնչի իրավունք չունեցող անձ. նա չէր կարող ունենալ անձնագիր, աշխատանք կամ անձնական եկամուտ, բժշկական ապահովագրություն, սոցիալական աջակցություն։ Նրա անունն արգելվում էր հասարակության մեջ կիրառելը։ Ն չէր կարող տպագրել իր հոդվածները, իսկ նրա մտքերը չէին կարող մեջբերվել գրքերում կամ հոդվածներում։ Վոդեն մի քանի տարի հոգ էր տանում քրոջ՝ Իվանկա Շպինդլերի մասին։ Նրան անձնագիր են տվել միայն 1970-ական թվականների կեսերին։ Վոդեի առաջին հանրային ելույթը տեղի է ունեցել մահից անմիջապես առաջ՝ 1980-ական թվականների կեսերին. նա հարցազրույց է տվել այլընտրանքային «Nova revija» ամսագրի համար։

Վոդեն մահացել է Լյուբլյանայում 1985 թվականին։

«Թաքնված հուշեր» խմբագրել

1960-ական թվականների վերջին Վոդեն գաղտնիորեն սկսեց գրել իր ինքնակենսագրությունը։ Նա ձեռագիրն ավարտեց 1971 թվականին և այն վերնագրեց «Skriti spomin» («Թաքնված հուշեր»)։ Ինքնակենսագրությունը, փաստորեն, գաղտնի է մնացել հաջորդ 30 տարիներին[5]։ Նա իր եղբորորդուն՝ Յանեզ Շպինդլերին (ով բնակվում էր արտերկրում) հանձնարարեց հետագայում, երբ կգա ճիշտ ժամանակը, հրատարակել գիրքը։ 1990-ական թվականներին ձեռագիրը տրվեց այն խմբագրած հայտնի հեղինակ, լրագրող և պատմաբան Ալենկա Պուհարին։ Գիրքը լույս է տեսել 2004 թվականին «Nova Revija» հրատարակչության կողմից[7]։

Գիրքը բաժանված է երեք մասի։ Առաջին մասում Վոդեն նկարագրում է պատերազմի ժամանակաշրջանն իր անձնական տեսանկյունից։ Նա պատկերում է իր հակամարտությունները սլովենացի կոմունիստների հետ, ովքեր սլովենացի կանանց օգնելու իր պատերազմական ջանքերը համարում էին համագործակցություն օկուպացիոն ուժերի հետ։ Երկրորդ մասում նա պատկերում է իր ազատազրկումը, հարցաքննությունները և խոշտանգումները, հետոէ իր կյանքը առանց մարդու տարրական իրավունքներ ունենալու. Վոդեն սա համարում է «մեղմացված և նոսրացված կյանք»։ Երրորդ մասում Վոդեն գնահատում է Հարավսլավիայի կոմունիստական համակարգը։ Նա վերլուծում է Սլովենիայի և Հարավսլավիայի կոմունիստական ռեժիմը որպես կիսաբռնատիրական հասարակություն, որտեղ իշխող վերնախավը ժողովրդին կեղծիքով մոլորեցնում է՝ խոստանալով նրանց ավելի լավ ապագա, բայց իրականում բավարարում է միայն սեփական ագահությունը[5]։

2008 թվականին «TV Slovenia»-ն արտադրեց «Անժելա Վոդեի թաքնված հիշողությունը» ֆիլմը՝ նկարահանված Վոդեի ձեռագիր գրությունների երկրորդ մասի հիման վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Vodetova, simbol žrtev vseh totalitarizmov: Res desnica povezuje komunizem in nacizem?».
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Enciklopedija Slovenije, vol. 14, entry Vode, Angela. Mladinska knjiga, Ljubljana 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Angela Vode, Skriti spomin
  6. «Televizija Slovenija».
  7. Angela Vode, povzetek knjige Skriti spomin Արխիվացված Ապրիլ 18, 2009 Wayback Machine

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Սլովեներեն`

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգելա Վոդե» հոդվածին։