Տեղերի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում[2]։ Հիմնադրվել է 13-րդ դարում[2]։ Ընդգրկված է Տեղերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2]։ Գործող եկեղեցի է և ղեկավարվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արագածոտնի թեմի կողմից։

Տեղերի վանք
Տեղերի վանքը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Տեղեր
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրագածոտնի թեմ
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Կազմված էԵկեղեցի Սբ. Աստվածածին, Գավիթ և Պարիսպ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ՃարտարապետՎարդպետ Այղբայրիկ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ13-րդ դար
Հիմնադրված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Tegher Վիքիպահեստում

Անուն խմբագրել

Անվանման վերաբերյալ գիտական մեկնաբանություն չկա, հայտնի է 18-րդ դարում գրառված հրաշապատում-ավանդազրույցն այն մասին, թե իբր Գրիգոր Լուսավորչին երևացել է Աստվածածինը բազում հրեշտակներով և իսկույն չքացել է։ Գյուղի բնակիչներն էլ իբր վկաներ են եղել այդ ժամանակ և մատնացույց են արել ինչ որ տեղ։ Վանքի պատերին պահպանվել են 13-րդ դարի վիմագրեր, որտեղ հիշատակվում է Տեղեր, Տեղերավանք անվանումը։ Ավելի ուշ շրջանում՝ 17-րդ դարից վանքը կոչվել է Լրջակապույտ Ս. Նշան, նաև՝ Դըղր կամ Դղեր։

Ըստ ավանդազրույցների՝ Տեղեր գյուղը հնում հռչակված է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և անվանվել էր Դեղեր։ Վանքի պատերի մոտ մինչ օրս կանգուն է հին դղրատան շինությունը։

Պատմություն խմբագրել

Ի տարբերություն միջնադարյան այլ հայտնի վանքերի, որոնց մասին կան մատենագիտական աղբյուրներ, Տեղերի վանքի մասին տեղեկություններ ենք քաղում միայն վանքի որմերին պահպանված վիմագրերից։ Համաձայն գավթի մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ այն կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը 1232 թվականին։ Ենթադրվում է, որ կառուցման ընթացքում վանքի որմերի մեջ դրվել են ավելի վաղ թվագրվող վիմագիր քարեր։ Խաչիկ վարդապետ Դադյանը հիշատակում է, որ Տեղերի վանքը հիմնադրվել է 1231 թվականին Մամախաթունի կողմից իբրև շիրիմ կամ դամբարան[3]։ Գարեգին Հովսեփյանը վանքի կառուցումը հասցնում է 1213 թվականը, իսկ ճարտարապետ Աղբայրիկ վարդպետը հիշատակում է, որ կառուցումը սկսել է 1232 թվականից։ Ակնհայտ է դառնում, որ տաճարն ու ժամատունը կառուցվել են իրար հետևից։ Վերջին տարիների ուսումնասիրությունների արդյունքում վանքի կառուցումը թվագրվում է 1213 թվականով, որի մասին են վկայում չորս վիմագրերը։ Հիմնական վիմագրերը թվագրվում են 13-րդ դարով, ավելի հազվագյուտ են 15-րդ և հետագա դարերի հիշատակությունները։ 18-րդ դարում վանքը հիշատակվում է Երևանի խանին հարկատու եկեղեցիների շարքում։ 1766 թվականին վանք է այցելում ամենայն հայոց Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, ով տեսնելով վանքի անմխիթար վիճակը փորձում է որոշ բարեկարգումներ կատարել վանքում։ 1830 թվականին վանքը թեև կանգուն էր, սակայն կիսավեր վիճակում էր։ 1911 թվականին տեղերցի Իսրայել Գրիգորյանի նվիրատվության շնորհիվ բարելավվում է վանքի տնտեսական դրությունը։ 1948 թվականի երկրաշարժից հետո շարունակվում էր վանքի քայքայումը։ 1950-1953 թվականներին սկսվում է վանքի վերանորոգման աշխատանքները՝ ճարտարապետ Հ. Հակոբյանի նախագծով։ 1975 թվականից սկսվեց վանքի վերանորգման երկրորդ փուլը՝ ճարտարապետ Ա. Ավետիսյանի նախագծով։ Այսօր վանքը կանգուն է, թեև որոշ հատվածներում խախտվել են ծածկասալերը։ Համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, գավթից, պաշտպանական պարսպից։

Վիմագրեր խմբագրել

Վիմական արձանագրությունների ուսումնասիրումը սկսվել է 1830-ական թվականներից։ 1922 թվականին այստեղ մեծ աշխատանքներ են տարել Ե. Տեր-Մինասյանը և Գարեգին Հովսեփյանը, ովքեր գրի են առել շուրջ 35 վիմագիր։ Ընդհանուր առմամբ վանքի որմերից գրառվել է 57 վիմագիր, որոնցից ամենավաղը 1213 թվականով է թվագրվում, իսկ ամենաուշը՝ 1494 թվականով[4]։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցի խմբագրել

Տեղերի վանքի ճարտարապետությունն առանձնահատուկ է ողջ պատմական Հայաստանի տարածքում պահպանված կենտրոնագմբեթ եկեղեցիների շարքում։ Սուրբ Աստվածածին եկեղեցին ըստ գմբեթի թմբուկի հարավային կողի վրա պահպանված արձանագրության կառուցվել է 1213 թվականին։ Պատկանում է գմբեթավոր սրահատիպ եկեղեցիների տիպին։ Ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք։ Եկեղեցին առանձնանում է ճարտարապետական զուսպ ոճով։ Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից։

Գավիթ խմբագրել

Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (ըստ սյուներից մեկի վրա պահպանված արձանագրության շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել 1232 թվականին)։ Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն։ Սկզբունքային նորություն և բացառիկ երևույթ են գավթի ծածկի վրա հյուսիսարևմտյան և հարավարևմտյան անկյուններում առկա գմբեթավոր մատուռները (մուտքերը բացվում են գավթի ծածկի վրա), որոնք խիստ յուրօրինակ ուրվագիծ են հաղորդում կառույցին։ Երկրորդ հարկի այդ մատուռներն անմիջականորեն առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ և զուգահեռներ ունեն այդ դարաշրջանում զգալի տարածում գտած երկհարկ դամբարան-եկեղեցիների ընդհանուր հորինվածքի հետ։

Պաշտպանական նկատառումներից ելնելով՝ վանքը պարսպապատվել է։ 1468 թ. Սարգիս Բյուրականցու կողմից վերակառուցվել է, XVIII դ. վերջում վերանորոգվել է։

Վանքը մեծապես վնասվել է 1948 թվականի երկրաշարժից։ Նոր վերանորոգումներ են կատարվել 1950-1953 թթ. և 1975-1976 թթ.[5]։

Խաչքարեր խմբագրել

Պատմական խաչքարեր խմբագրել

Եկեղեցու ներսում և վանական համալիրի հարակից տարածքում առկա են խաչքարեր, որոնք թվագրվում են 11-ից 16-րդ դարերով[2]։

Գրականություն խմբագրել

  • Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Ե., 1992։
  • Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963։
  • Պետրոսյանց Տիգրան, Վաչուտյաններ, Ե., 2001:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 մայիսի 2002 թվականի N 628 քաղ. Երևան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին, վավերացված 29 մայիսի 2002 թվականին (էլեկտրոնային տարբերակը)
  3. Սամվել, Կարապետյան (2013, 10, 7). «Տեղերի վանքը». Վարձք.
  4. Սամվել, Կարապետյան (2013, 10, 1-31). «Տեղերի վանքը». Վարձք.
  5. «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Տեղերի վանական համալիր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.