Ալեքսեյ Սմիռնով
Ալեքսեյ Մակարովիչ Սմիռնով (ռուս.՝ Алексей Макарович Смирнов, փետրվարի 28, 1920, Դանիլով, Յարոսլավլի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - մայիսի 7, 1979, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս խորհրդային դերասան։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Կարմիր աստղի շքանշանի և 2-րդ և 3-րդ աստիճանների Փառքի շքանշանների ասպետ։
Ալեքսեյ Սմիռնով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1920 |
Ծննդավայր | Դանիլով, Յարոսլավլի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | մայիսի 7, 1979 (59 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Southern Cemetery |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Խորհրդային Ռուսաստան |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և դերասան |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոն, Petersburg-concert? և Լենֆիլմ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Կենսագրությունը
խմբագրելԱլեքսեյ Սմիռնովը ծնվել է 1920 թվականի փետրվարի 28-ին` Յարոսլավլի նահանգի Դանիլով քաղաքում և 1920-ական թվականների կեսերից նրանց ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ։ Հայրը վաղ է մահացել, իսկ մայրը երկու երեխաներին մեծացրել է միայնակ (Ալեքսեյն ուներ նաև կրտսեր եղբայր)։ Դեռ դպրոցական տարիներից Ալեքսեյ Սմիռնովը խաղում էր թատերական խմբակում։ 1940 թվականին ավարտել է Լենինգրադի երաժշտական կատակերգության թատրոնին կից թատերական ստուդիան և ընդունվել այդ նույն թատրոնում աշխատանքի։ Այնտեղ նա հասցրել է խաղալ միայն «Ռոզ-Մարի» օպերետում` Սև Արծվի դերը[6]։
1940 թվականի հոկտեմբերին զորակոչվել է բանակ։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուն պես` գտնվում էր գործող բանակում։ Մասնակցել է Արևմտյան, Բրյանսկի, 1-ին Ուկրաինական և 2-րդ Բելառուսական ռազմաճակատների մարտերին։ Բազմիցս թափանցել է թշնամու թիկունք։ «Խիզախության համար» մեդալի ընծայագրի մեջ նշված է, որ ավտոմատ կրակահերթով անձամբ ոչնչացրել է երեք հիտլերականի, լինելով հետախուզության մեջ, փոխարինել է շարքից դուրս եկած նռնականետի հրամանատարին, իրականացրել է լարված պայքար, որի շնորհիվ կարողացել է ցիրուցան անել թշնամու հետևակի երկու դասակ։ 1944 թվականին, Օնացկովցի գյուղի մոտակայքում, հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու ընթացքում, Ալեքսեյ Սմիռնովն իր դասակի հետ միասին ոչնչացրել է թշնամու նռնականետային մարտկոցը, գնդացիրը և մինչև 30 զինվոր` արդյունքում ազատագրելով Ստարոկոնստանտինով քաղաքը։ Այդ մարտերում ցուցաբերած խիզախության համար, Ալեքսեյ Սմիռնովը ներկայացվել է 1-ին աստիճանի Հայրենական պատերազմի շքանշանի, սակայն պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Մարտերից մեկի ժամանակ Ալեքսեյ Սմիռնովը հոսպիտալացվել է և բուժումից հետո զորացրվել։
1946 թվականին վերադարձել է թատրոն։ Ապրել է աղքատության մեջ` խնամելով հիվանդ մորը։ Ռազմաճակատում կրտսեր եղբոր զոհվելուց հետո, նրա մոր մոտ զարգացել էր հոգեկան հիվանդություն։ Բազմաթիվ հյուրախաղերի պատճառով չկարողանալով բավարար ուշադրություն դարձնել մոր առողջական խնդիրներին, Ալեքսեյ Սմիռնովը 1952 թվականին ստիպված լքել է թատրոնը` տեղափոխվելով «Լենպետէստրադա»[6]։ Ավելի ուշ, իր բարեհոգի արտաքինը նրան օգնեց առանձնանալ մյուս դերասաններից և ռեժիսորները սկսեցին նրան առաջարկել երկրորդական կատակերգական դերեր։ Հանդիսատեսը միանգամից սիրեց դերասանին, հատկապես նա հաջողություն էր վայելում պատանի հանդիսատեսների շրջանում։
Իր առաջին դերը կինոյում նա խաղացել է 1957 թվականին։ 1958 թվականին, ռեժիսոր Յուրի Օզերովը հրավիրել է նրան նկարահանվելու «Կոչուբեյ» կինոնկարում, որից հետո նրան դերեր առաջարկվեցին նաև այլ ֆիլմերում։ 1961 թվականին Ալեքսեյ Սմիռնովը «Լենֆիլմ» կինոստուդիայի դերասան էր։ Նույն թվականին էկրաններին հայտնվեցին Վլադիմիր Ֆետինի «Շերտավոր ուղերթ» և Ալեքսանդր Ռոուի «Երեկոները Դիկանկայի մոտակա խուտորում» կինոնկարները, որոնցում Ալեքսեյ Սմիռնովի կատարած դերերը` դրական արձագանք գտան հանդիսատեսի կողմից։ Սակայն Ալեքսեյ Սմիռնովին համամիութենական ճանաչում բերեցին Լեոնիդ Գայդայի ֆիլմերը։ «Գործարար մարդիկ» (1962թ.) կինոնկարի «Կարմրամորթների առաջնորդը» նովելում, Ալեքսեյ Սմիռնովը կատարում էր բարեհոգի ավազակ Բիլ Դրիսկոլի դերը, ով որոշել էր գումար վաստակել երեխաներ առևանգելով։
1964 թվականին Ալեքսեյ Սմիռնովը նկարահանվել է Լեոնիդ Բիկովի «Զայչիկ» կինոնկարում, որի արդյունքում Լեոնիդ Բիկովն ու Ալեքսեյ Սմիռնովը դարձան մտերիմ ընկերներ։ Նույն թվականին նա նկարահանվեց նաև Էլեմ Կլիմովի «Բարի գալուստ, կամ Կողմնակի անձանց մուտքը արգելվում է» կինոնկարում։ Ալեքսեյ Սմիռնովի ամենահայտնի դերերից է նաև Լեոնիդ Գայդայի ««Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները» (1965 թ.) կինոնկարում կերտած խուլիգան և անբան Ֆեդյայի կերպարը։ Նա նկարահանվել է նաև Ռոլան Բիկովի «Այբոլիտ-66» (1966 թ.), Անդրեյ Տուտիշկինի «Հարսանիք Մալինովկայում» (1967 թ.), Վիկտոր Սադովսկու «Հարված, կրկին հարված» (1968 թ.), Եվգենի Կարելովի «Յոթ ծերունի և մեկ աղջիկ» (1968 թ.) կինոնկարներում։ Չնայած այդ բոլոր կատակերգական դերերին, Ալեքսեյ Սմիռնովի երազանքն էր` խաղալ դրամատիկ դերեր` թե թատրոնում և թե կինոյում։ 1973 թվականին նկարահանվել է «Մարտի են գնում միայն «ծերունիները»» կինոնկարը, որտեղ Ալեքսեյ Սմիռնովը կատարում էր մեխանիկ Մակարիչի դերը[7]։
Անձնական կյանքը
խմբագրելՌազմաճակատում ստացած ծանր վնասվածքների պատճառով Ալեքսեյ Սմիռնովը կորցրել էր երեխաներ ունենալու կարողությունը[8]։ Վերադառնալով ռազմաճակատից, նա մերժել էր իր ընկերուհուն` հետագա հարաբերությունները շարունակելու համար, որի բուն պատճառը վերջինս իմացել էր տարիներ անց։ Ալեքսեյ Սմիռնովի միակ մտերիմ մարդն աշխարհում, դարձել էր նրա մայրը[9], ում նա աստվածացնում էր[10]։ Չնայած իր հանրաճանաչությանն ու մարտական պարգևներին, նա իր ողջ կյանքն ապրեց մոր հետ` կոմունալ բնակարանում, այդպես էլ չկարողանալով առանձին բնակարան ստանալ։ Նա չէր սիրում հիշել պատերազմի մասին, այդ իսկ պատճառով քչերը գիտեին նրա պարգևների մասին[6]։
Կանանց հետ հարաբերություններում նա որոշակի բարդույթներ ուներ` կապված իր արտաքինի և տղամարդկային արատի հետ։ Որոշ աղբյուրների համաձայն, 1950-ականների սկզբին, հանգելով այն մտքին, որ այլևս չի կարող ամուսնանալ, որոշել էր երեխա որդեգրել։ Նա սիրում էր երեխաներին և մշտապես շրջապատված էր նրանցով, պատրաստում էր փայտյա խաղալիքներ[10], որոնք հաճախ նվիրում էր մանկատան հաշմանդամ երեխաներին։ Սակայն երեխա որդեգրելը նրան այդպես էլ չհաջողվեց[8]։
Կյանքի վերջին տարիներին Ալեքսեյ Սմիռնովի առողջությունը սկսել էր վատանալ, որի պատճառը հիմնականում ռազմաճակատային վնասվածքներն ու ծանրաբեռնված աշխատանքն էր։ Նկարահանումների ժամանակ նա երբեք չէր օգտվում կրկնորդների ծառայություններից և բոլոր հնարքները կատարում էր անձամբ` անտեսելով իր առողջությունը։
Մահը
խմբագրել1979 թվականի ապրիլի 12-ին, երբ Ալեքսեյ Սմիռնովն իմանալով իր ընկերոջ` Լեոնիդ Բիկովի ավտովթարից զոհվելու լուրը, սկսել է հարբեցողությամբ զբաղվել։ Ապրիլի 20-ին նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշել էին սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոզ, արյան շրջանառության խանգարում, հեղուկ` թոքերում և արտահայտված հևոց։ Հիվանդանոցում գտնվելու երկու շաբաթների ընթացքում նրան ոչ ոք չի այցելել, սակայն հիվանդանոցի անձնակազմը ամեն-ինչ անում էր նրա համար։
Մայիսի 7-ին, հիվանդանոցից դուրս գրվելու օրը, Ալեքսեյ Սմիռնովը մահացել է։ Ըստ բուժող բժշկի խոսքերի, նրա համար ճակատագրական էր եղել մեկ շիշ կոնյակը, որը նա բոլորից թաքուն խմել էր հիվանդանոցում[6]։
Ալեքսեյ Սմիռնովը թաղված է Սանկտ Պետերբուրգի Հարավային գերեզմանոցում[11]։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1957 | Բալթիական փառք | Балтийская слава | նավաստի |
1958 | Այսօր արձակում չի լինելու | Сегодня увольнения не будет | Վասիլի Մակարովիչ |
1958 | Կոչուբեյ | Кочубей | բուրժուա |
1960 | Մարդն` ապագայով | Человек с будущим | վարորդ |
1960 | Բռնված վանականը | Пойманный монах | Ժյուրդենի ծառան |
1960 | Ռոմանն ու Ֆրանչեսկան | Роман и Франческа | հեր Ֆրից |
1961 | Գործուղում | Командировка | Պիժանկով |
1961 | Շերտավոր ուղերթ | Полосатый рейс | նավաստի Միտյա Կնիչ |
1961 | Երեկոները Դիկանկայի մոտակա խուտորում | Вечера на хуторе близ Диканьки | ատաման |
1962 | Գործարար մարդիկ | Деловые люди | Բիլ Դրիսկոլ |
1963 | Գեներալն ու մարգարտածաղիկները | Генерал и маргаритки | Վոլֆգանգ Ֆունկ |
1963 | Ճորտ դերասանուհին | Крепостная актриса | երգիչ |
1963 | Երկու կիրակի | Два воскресенья | մայոր Ալեքսեյ Կոշելև |
1963 | Երկուշաբթին ծանր օր է | Понедельник — день тяжёлый | խոհարար Սմետանկին |
1963 | Հեծանիվներ սանձահարողները | Укротители велосипедов | գործարանի տնօրեն |
1964 | Փոթորիկ Ասիայի վրա | Буря над Азией | հացթուխ |
1964 | Զայչիկ | Зайчик | թատրոնի աղմկարար |
1964 | Բարի գալուստ, կամ Կողմնակի անձանց մուտքը արգելվում է | Добро пожаловать, или Посторонним вход воспрещён | պիոներական ճամբարի տնտեսվար |
1964 | Մայրն ու խորթ մայրը | Мать и мачеха | վարիչ |
1965 | «Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները | Операция «Ы» и другие приключения Шурика | անբան Ֆեդյա |
1965 | Լինում է նաև այդպես | Бывает и так | Ապոլոն Չոկաև |
1965 | Քնած առյուծը | Спящий лев | գանձապահ Գրիցենկո |
1966 | Կարմիրը, կապույտը, կանաչը | Красное, синее, зелёное | խաղալիքներ վաճառող |
1966 | Ս. քաղաքում | В городе С. | անանասով պարոնը |
1966 | Երեք հաստլիկները | Три толстяка | ավագ հրուշակագործ |
1966 | Այբոլիտ-66 | Айболит-66 | գիրուկ ավազակ |
1966 | Նրանց միայն դեմքով գիտեին | Их знали только в лицо | Լև Բիչկով |
1966 | Խոջա Նասրեդինի 12 գերեզմանները | 12 могил Ходжи Насреддина | հոգեբուժարանի հաճախորդ |
1967 | Փրկեք խեղդվողին | Спасите утопающего | միլիցիոներ Մարչենկո |
1967 | Հարսանիք Մալինովկայում | Свадьба в Малиновке | ավազակ Սմետանա |
1967 | Յուրաս Բրատչիկի վարքն ու համբարձվելը | Житие и вознесение Юрася Братчика | Լյավոն Կոնավկա |
1967 | Կրակ, ջուր և... պղնձե խողովակներ | Огонь, вода и… медные трубы | գլխավոր հրշեջ |
1968 | Յոթ ծերունի և մեկ աղջիկ | Семь стариков и одна девушка | Մասլեննիկով |
1968 | Հետախույզները | Разведчики | Վասյա Սիգաև |
1968 | Սպիտակ դաշնամուրը | Белый рояль | բեռնակիրների ղեկավարը |
1968 | Ոսկյա ժամացույցը | Золотые часы | Սեմյոն Կուդեյար |
1968 | Հարված, կրկին հարված | Удар! Ещё удар! | տաքսու վարորդ |
1969 | Նորին գերազանցության համհարզը | Адъютант его превосходительства | նիհիլիստ |
1969 | Սպասիր ինձ, Աննա | Жди меня, Анна | սպա |
1970 | Տերը | Хозяин | Վառլամ |
1971 | Ու՞ր եք, ասպետներ | Где вы, рыцари? | ջրվոր |
1971 | Գարնանային հեքիաթ | Весенняя сказка | Բոբիլ Բակուլա |
1971 | Մեծ սաթ | Большой янтарь | մի քանի դերեր |
1971 | Սպիտակ թագուհու քայլը | Ход белой королевы | Տիմոֆեյ Կրիժալով |
1972 | Պոմպեյի վերջին օրերը | Последние дни Помпеи | Երեմեյ Բաբին |
1972 | Ոսկե եղջյուրներ | Золотые рога | Կապիտոնիչ |
1972 | Բոբան և փիղը | Боба и слон | ջրցանի վարորդ |
1973 | Դոնիի և Միքիի նոր արկածները | Новые приключения Дони и Микки | «Լոպուխ» |
1973 | Մարտի են գնում միայն «ծերունիները» | В бой идут одни «старики» | մեխանիկ Մակարիչ |
1973 | Չիպոլինո | Чиполлино | Չիպոլոնե |
1974 | Ավտոմեքենան, ջութակը և Կլյակսա շունը | Автомобиль, скрипка и собака Клякса | մի քանի դերեր |
1975 | Դեպի պայծառ կրակը | На ясный огонь | հյուրանոցի սեփականատեր |
1975 | Ցնցող Բերենդեևը | Потрясающий Берендеев | հնոցապան Արթուր Բրագին |
1975 | Մեներգ փղի համար` նվագախմբով | Соло для слона с оркестром | աճպարար Էդուարդ Սմիռնով |
1976 | Ամենագեղեցիկ ձին | Самый красивый конь | ձիապան Երեմեիչ |
1976 | Մարինկան, Յանկան և թագավորական դղյակի գաղտնիքները | Маринка, Янка и тайны королевского замка | գեներալ |
1977 | Ակամա դիվանագետներ | Дипломаты поневоле | ձկնորս Լուպոլո |
1977 | Այս անհավանական երաժիշտները կամ Շուրիկի նոր երազները | Эти невероятные музыканты, или Новые сновидения Шурика | կամեո |
1978 | Անտառը, ուր դու երբեք չես մտնի | Лес, в который ты никогда не войдешь | - |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.podvignaroda.ru/?#id=32486191&tab=navDetailDocument
- ↑ http://www.podvignaroda.ru/?#id=18380414&tab=navDetailDocument
- ↑ http://www.podvignaroda.ru/?#id=40288593&tab=navDetailDocument
- ↑ http://www.podvignaroda.ru/?#id=42705813&tab=navDetailDocument
- ↑ http://www.podvignaroda.ru/?#id=33743313&tab=navDetailDocument
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Его знали только в лицо. Трагедия комика». Վերցված է 14 марта 2012-ին.
- ↑ Фёдор Раззаков. «Кинопеснь о поющей эскадрилье». Сайт памяти Леонида Быкова. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 8,0 8,1 «Алексей Макарович Смирнов на сайте «Актёры советского и российского кино»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 7 марта 2012-ին.
- ↑ Могилы знаменитостей: А. М. Смирнов на сайте m-necropol.narod.ru
- ↑ 10,0 10,1 «Две славы солдата и актёра». Վերցված է 2012 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Могила Смирнова А. М. (Санкт-Петербург)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Սմիռնով» հոդվածին։ |