Ալեքսանդր Բերնարդացի (ռուս.՝ Бернардацци Александр Осипович, ռումիներեն՝ Alexandru Bernardazzi, հուլիսի 2, 1831(1831-07-02), Պյատիգորսկ, Կովկասյան նահանգապետություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 14 (27), 1907, Ֆաստով, Ռուսական կայսրություն), ռուս քանդակագործ, մեծ մասամբ աշխատել է Նովոռոսիայում։ Եղել է Քաղաքացիական ինժեներների միության, Պետերբուրգի ճարտարապետների միության անդամ։ Որդիները` Ալեքսանդր և Եվգենի Բերնարդացիները, ևս եղել են ճարտարապետներ։

Ալեքսանդր Բերնարդացի
Ծնվել էհուլիսի 2, 1831(1831-07-02)
ԾննդավայրՊյատիգորսկ, Կովկասյան նահանգապետություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 14 (27), 1907 (76 տարեկան)
Վախճանի վայրՖաստով, Ռուսական կայսրություն
ԿրթությունQ58494182? (1850)
Ուշագրավ աշխատանքներChișinău City Hall?
 Alexander Bernardazzi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Բերնարդացիին նվիրված հուշատախտակ Քիշնևի քաղաքապետարանում

Ալեքսանդր Բերնարդացին ծնվել է Պյատիգորսկում 1831 թվականին։ Հայրը եղել է ճարտարապետ Իոսիֆ Կառլի Բերնարդացին, ով եղել է Շվեյցարիայից և մասնակցել է Կովկասյան հանքային ջրերի քաղաքների` Պյատիգորսկի և Կիսլովոդսկի շինարարությանը։ Բերնարդացի ընտանիքը եղել է Պամբիոյից (Տիչինո) և հաստատվել է Ռուսաստանի հարավում Ալեքսանդր I-ի օրոք։

1843 թվականին ընդունվել է Պետերբուրգի Շինարարական ուսումնարանի կրտսեր դասարան, որն ավարտել է ճարտարապետի օգնականի որակավորումով։ 1850 թվականից նշանակվել է Բեսարաբիայի շրջանի կրտսեր տեխնիկի պաշտոնում։ Գրեթե 30 տարի եղել է Քիշնևի քաղաքային ճարտարապետը, 1875 թվականից Քիշնևի պատվավոր քաղաքացու կոչում է ստացել[1][2]։

1883 թվականին տեղափոխվել է Օդեսա, սակայն շարունակել է նախագծեր ստեղծել Բեսարաբիայի համար, ավելի ուշ աշխատել է Նովոռոսիյսկի համալսարանում[3]։ Բերնարդացին եղել է կլասիցիզմի, ապա նեոկլասիցիզմի հետևորդներից` միաժամանակ ձգտելով գոթական տարրերով իտալական վերածննդի ոճին։

Ալեքսանդր Բերնարդացին մահացել է գործուղման ժամանակ Կիևի մերձակայքում` Ֆաստովում։ Կտակի համաձայն` թաղվել է Քիշնևում` իր մոր կողքին։

Կառույցներ

խմբագրել
 
Ալ. Բերնարդացիին նվիրված հուշատախտակ Քիշնևի` Կանանց գիմնազիայի կապելլայի պատին

Բեսարաբիա

խմբագրել

Բերնարդացին աշխատել է ի բարօրություն Քիշնևի` զբաղվելով փողոցների գծագրմամբ ու բարեկարգմամբ։ 1850-1860-ական թվականներին նախագծել ու կառուցել է քաղաքային ջրագիծը, մասնակցել է քաղաքային այգու բարեկարգման աշխատանքներին (ներկայումս` Շտեֆան չել Մարե այգի)։ Նա Քիշնևում մոտ 30 շինությունների նախագծերի հեղինակ է։ Դրանցից են.

  • Կոստյուժենի հոգեբուժարանի մասնաշենք
  • Քաղաքային դումայի շենք (1887)
  • Դադիանի կանանց գիմնազիա (1865)
  • Լյութերականների դպրոց (1873)
  • Կանանց գիմնազիայի եկեղեցական կապելլա (1875)
  • Ակումբի շենք (1878)
  • Հրդեհային աշտարակ (1860)
  • Հարավարևմտյան երկաթգծի` ուղևորների համար նախատեսված շինություն
  • Շրջանային դատարանի շենք (1889)
  • Հունական եկեղեցի (1878)
  • Հայկական եկեղեցի (1891)

Բերնարդացին նաև նախագծել է կաթոլիկ կապելլա, Բենդերիի երկաթուղային կայարանը (1878), Դանուբ գետի զինվորական նավահանգիստը, Բենդերիի մոտակայքում Նովոնյամեցկի եկեղեցու շինությունը (1864), կամուրջներ Դնեստրի ու Դանուբի վրա։

Ներկայումս Բերնարդացիի նախագծած շինությունները Քիշնևում գտնվում են պետական պահպանության ներքո, և գրեթե բոլորը վերանորոգվել ու վերականգնվել են։

Ճարտարապետի ծննդյան 150-ամյակի առիթով 1981 թվականին նրա անունով է անվանակոչվել փողոց (նախկինում՝ Կուզնեչնայա)։ Տանը, որտեղ սխալմամբ կարծում էին, որ նա ապրել է 1859-1878 թվականներին (Բուկրեշտ փողոց, 92, ներկայումս Բուլղարիայի դեսպանատուն) և Կանանց գիմնազիայի կապելլայում կան հուշատախտակներ նրա պատվին։

 
Լևիտի տունը Օդեսայում

Բերնարդացին բազմաթիվ վարչական շենքեր է նախագծել Օդեսայի համար[4]։

1879 թվականին Բերնարդացին դարձել է Օդեսայի քաղաքային ճարտարապետը, նրան հանձնարարվում է տարբեր տեսակի վարչական շենքեր կառուցել։ Իրականացնելով այլ ճարտարապետների նախագծերը` Բերնարդացին կառուցում է երկաթգծի Օդեսա Գլավնայա կայարանը (1879-1883, ճարտարապետ Վ. Շրյոտերի նախագիծ, ավերվել է 1944 թվականին նացիստների կողմից), Հաշմանդամների տունը (ներկայումս` ոստիկանական բաժանմունք, Մեչնիկովի փողոց, 53), Ռուսական տեխնիկական միության` Օդեսայի բաժանմունքի շենքը (Կնյաժեսկայա փողոց, 1)։ Բերնարդացին նաև մասնավոր գործունեություն է ծավալել և 1890-ական թվականներից նախագծել մի շարք տներ։

Միևնույն ժամանակ Ալեքսանդր Բերնարդացին միայնակ ու համահեղինակությամբ նախագծել ու կառուցել է հասարակական շինություններ` բժշկական ինստիտուտի կլինիկա, հիվանդանոց (Լեոնտովիչի փողոց, 9), բողոքական եկեղեցի (Պաստերի փողոց, 62), «Կրասնայա» հյուրանոցը, Առևտրական նոր բիրժայի շենքը (1894-1899), որն իրականացրել է քանդակագործներ Մոլինարիի, Մենցիոնեի և Բորիս Էդուարդսի, նկարիչներ Կասիոլիի և Կարազինի հետ։

Ի պատիվ ճարտարապետ Ալեքսանդր Բերնարդացիի ճարտարապետական հիսունամյա գործունեության` 1900 թվականին բիրժայի մուտքի մոտ տեղադրվել է քանդակագործ Բ. Էդուարդսի` Բերնարդացիի բրոնզե կիսանդրին։

Եվպատորիա

խմբագրել

Բերնարդացին նախագծել է Եվպատորիայի Սուրբ Նիկոլաևսկի եկեղեցին։

Աշխատություններ

խմբագրել
  • Ապագայի ժողովրդական թանգարան // Зодчий. — 1900. — № 8.
  • Ռուս ճարտարապետների համագումարներում տեսական դատողություններ (1902, 1904)
  • Օդեսայի բիրժայի կառուցման համար նախատեսված բետոնե կոնստրուկցիաների պատրաստում // Зодчий. — 1900. — № 8. — С. 102—105.

Գրականություն

խմբագրել
  • Гольдзамт Э. А. Уильямс Моррис и социальные истоки современной архитектуры. — М.: Стройиздат, 1971.
  • Мигулина Т. Каменный след Александра Бернардацци // Экономическое обозрение. —Кишинёв, 3 августа 2001. — № 27 (427). Архивировано из первоисточника 27 Սեպտեմբերի 2007.
  • Пилявский В.А. Здания, сооружения, памятники Одессы и их зодчие. — 2-е изд. — Одесса: Optimum, 2010. — 276 с. — ISBN 978-966-344-377-5
  • Бубис И. М. Зодчие Бернардацци. — Кишинёв: Штиинца, 1997. — 110 с.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Kononova, G. (1984). Odessa: A Guide. Moscow: Raduga Publishers. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին. p. 105-106
  2. Herlihy, Patricia (1987, 1991). Odessa: A History, 1794–1914. Cambridge, MA: Harvard University Press. 0-916458-15-6, hardcover; 0-916458-43-1;p. 268, 269.
  3. Brumfield, William Craft, ed. (2001). Commerce in Russian urban culture : 1861-1914. Washington, DC: Woodrow Wilson Center Press [u.a.] էջ 190. ISBN 0801867509.
  4. Alexander Bernardazzi Արխիվացված 2021-12-05 Wayback Machine, "People of Odessa: Architects of Odessa" in Encyclopedia of Odessa
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բերնարդացի» հոդվածին։