Deep Purple (Դիփ Փարփլ), բրիտանական ռոք-խումբ։ Ստեղծվել է 1968 թ., Roundabout անվանմամբ։ Նույն տարվա ապրիլին վերանվանվել է Deep Purple (մուգ մանուշակագույն)։ Մեծ ճանաչում ձեռք բերեց 1970 թ.՝ "In Rock" ալբոմի թողարկումից հետո։ Գոյություն ունի մինչ օրս, խմբի կազմում է նշանավոր երգիչ Յան Գիլլանը։

Դիփ Փարփլ
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀերտֆորդշիր, Անգլիա
ԺանրերՀարդ ռոք, Հևի մետալ[1][2][3], Blues-rock
Գործունեություն1968 – 1976
1984 – ներկա
ԼեյբլEdel, EMI, BMG, Polydor, Warner Bros., Tetragrammaton
ԿապվածRainbow, Whitesnake, Gillan, Black Sabbath, Blackmore's Night, Tommy Bolin, Episode Six, Screaming Lord Sutch, Dixie Dregs
Պարգևներ
Կայքdeeppurple.com
Անդամներ
Յան Գիլլան
Սթիվ Մորս
Ռոջեր Գլովեր,
Դոն Էյրի
Յան Փեյս
Նախկին անդամներ
Ռիչի Բլեքմոր
Ջոն Լորդ
Ռոդ Էվանս
Նիք Սիմփեր
Դեյվիդ Քավերդեյլ
Գլեն Հյուզ
Ջո Լին Թյորներ
Ջո Սատրիանի
 Deep Purple Վիքիպահեստում

Խումբը համարվում է 1970-ականների ամենահայտնի և ազդեցիկ խմբերից մեկը, որը մեծ ազդեցություն է թողել հետագա ռոքի հատկապես ծանր ուղղությունների վրա և դարձել հևի մետալ ոճի հիմնադիրներից մեկը։

Պատմություն

խմբագրել

1967 թ. երաժիշտ Քրիս Քերթիսը՝ որոշ հաջողությունների հասնելով, մտադրվեց նոր խումբ ստեղծել։ Նա ծանոթացավ Ջոն Լորդի հետ, որը ոչ շատ հայտնի մի խմբում ստեղնային գործիքների վրա էր նվագում։ Նա Լորդին առաջարկում է միանալ իր խմբին։ Կիթառահար Ռիչի Բլեքմորը, որ աշխատում էր Գերմանիայի Համբուրգ քաղաքում, ևս ընդունում է Քերթիսի առաջարկը և վերադառնում Լոնդոն։

Քերթիսը, Լորդը, և Բլեքմորը հանդիպում են, մի քանի երգ պատրաստում, և հրավիրում են ապագա մենեջերներին՝ Թոնի Էդվարդսին և Ջոն Քոլլեթին՝ իրենց ունկնդրելու։ Մենեջերները գոհ են մնում և սկսվում են նախապատրաստական աշխատանքները։ Բայց շուտով Լորդն իր նախկին խմբի հետ մեկնում է շրջագայությունների, և երբ վերադառնում է՝ պարզվում է, որ Քերթիսը անհետացել է։ Բլեքմորը նորից վերադառնում է Համբուրգ։ Որոշ ժամանակ անց Էդվարդսն ու Քոլլեթը զանգահարում են Լորդին և Բլեքմորին և կրկին առաջարկում հավաքել խումբ։ Լորդն ու Բլեքմորը համաձայնվում են։

Մի քանի տասնյակ թեկնածուների լսելուց հետո ընտրությունը կատարվում է հօգուտ Յան Փեյսի՝ հարվածային գործիքներ, Նիկ Սիմպերի՝ բաս կիթառ և Ռոդ Էվանսի՝ վոկալ։ Տղաները, Լոնդոնից 40 կմ հեռավորության վրա՝ գյուղում, վարձել էին մի տնակ իր մերձակա ամբարով, որպեսզի փորձեր անցկացնեին։ Խումբը դեռ վերջնական անուն չէր ընտրել։ Ռիչի Բլեքմորի առաջարկով հայտնվեց Deep Purple (մուգ կարմիր, բոսորոգույն) անունը՝ դա նրա տատիկի սիրած երգի անունն էր։ Այդ անունը խմբի բոլոր անդամներին դուր եկավ և որոշվեց խումբն անվանել Deep Purple։

Առաջին “Shades of Deep Purple” և երկրորդ “Book of Taliesyn” ձայնասկավառակները չափավոր հաջողություն ունեցան, թերևս միայն “Hush” ստեղծագործությունը “Shades of Deep Purple”-ից որոշ հաջողություն ունեցավ։ Երրորդ ձայնասկավառակը “Deep Purple” 1969-ին, նույն ընդունելությանն արժանացավ։ Թողարկումից հետո խումբը մեկնեց ԱՄՆ՝ համերգների։

Ռիչի Բլեքմորը, որը խմբի չհայտարարված առաջնորդն էր, դժգոհ էր այն երաժշտական ոճից, որը ընտրել էր խումբը։ Ռիչին ավելի ծանր ռոքի կողմնակից էր։ Երգիչ Ռոդ Էվանսը և բաս կիթառահար Նիկ Սիմպերը չէին համապատասխանում այդ ոճին և Բլեքմորը համաձայնության գալով Լորդի և Փեյսի հետ՝ որոշում է փոխարինել Էվանսին և Սիմպերին։

Խմբի նոր անդամներ են դառնում Յան Գիլանը՝ վոկալ և Ռոջեր Գլովերը՝ բաս կիթառ։ Նոր կազմով, խումբը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կազմակերպում է համերգ. ամբողջ սյուիտը գրված էր Ջոն Լորդի կողմից։ 1969-ին Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Ալբերտ-հոլլում տեղի է ունենում համերգ և թողարկվում է “Concert for Group and Orchestr” ձայնասկավառակը, որը դրական գնահատականի է արժանանում քննադատների կողմից։

Դիփ Փարփլի վերելքը սկսվում է 1970 թ.՝ “In Rock” ձայնասկավառակով։ Այս ձայնասկավառակը դարձավ հարդ ռոքի հենասյուներից մեկը։ Ձայնասկավառակը, որը մի քանի շաբաթվա ընթացքում սպառվում է 1.000.000 թվաքանակով, խմբին դասում է մեծագույների շարքին։ “Speed King”, “Into the Fire”, “Black Night”, “Child In Time” կոմպոզիցաները, խմբի ծանր ռոք ոճի ու կատարողական բարձր տեխնիկայի ապացույցներն էին՝ չափազանց հուժկու ռիթմը, Ռիչի Բլեքմորի կիթառային սոլո պարտիաները, ժամանակ առ ժամանակ առաջին պլան մղվող Ջոն Լորդի ստեղնային գործիքը և Յան Գիլանի բարձր ու ճկուն ձայնի մեծ դիապազոնը, որի սահմանները հասնում են մինչև երկրորդ օկտավայի “սի” հնչյունը։

Դիփ Փարփլը այն քիչ խմբերից էր, որ լուրջ ուշադրություն էր դարձնում երգի բառերին։ Վիետնամում շարունակվում էր պատերազմը, բազմաթիվ մեծ ու փոքր այլ պրոբլեմներ էին ծառացած երիտասարդության առջև։ Այս ամենը առաջացնում է բողոքի հուժկու ալիք, որին միանում է նաև Դիփ Փարփլը։ Նրանց նշանավոր և լավագույն երգերից մեկը՝ “Child in Time” (Ժամանակի զավակը), վառ արտահայտված հակապատերազմական բնույթ ունի։

Սիրելի զավակ ժամանակի,

Կտեսնես սահմանագիծը, լավն ու վատը բաժանող,

Կտեսնես կույր մարդուն, աշխարհի վրա կրակող,

Սուրում են գնդակները, հունձ հավաքելով։

Եթե դու վատը լինեիր, մահը քեզ չէր հասնի,

Բայց դու փակիր աչքերդ, խոնարհիր գլուխդ և սպասիր

Երբ գնդակը քեզ կհանդիպի։

Երգը շարունակվում է, և բառերին փոխարինում է Գիլանի լացակումած ճիչը, հետո ստեղնային գործիքների և կիթառի ծանր “թանձրացող” ակկորդները։ Ձայնասկավառակի թողարկումից հետո խումբը կրկին մեկնում է ԱՄՆ՝ համերգային շրջագայության։

Դիփ Փարփլը համերգներ է տալիս Քալիֆորնիայում, Արիզոնայում և Թեքսասում։ Շրջագայության վերջին ելույթը Ջազի ազգային փառատոնում պետք է կայանար։ Համերգների ժամանակ վերջին ելույթը սովորաբար պատվավոր է համարվում, և այս անգամ այդ պատվին արժանացել էր Դիփ Փարփլը։ Բայց Դիփ Փարփլի ելույթից առաջ, մենեջեր Տոնի Էդվարդսը իմանում է, որ այդ իրավունքը տվել են Yes խմբին։ Խմբի անդամներին դա շատ զայրացնում է։ Ռիչի Բլեքմորը որոշում է, ինչ էլ որ լինի՝ չթողնել այդ։ Նա բեմի աշխատակիցներին խնդրում է բեմի վրա բենզին լցնել, և երբ ինքը նշան տա, վառեն։ Դիփ Փարփլը արդեն ավարտում էր իր ելույթը և Yes խմբի անդամները մոտեցել էին բեմին։ Այդ միջոցին Բլեքմորի նշանով բեմը կրակի են տալիս։ Անսպասելի կրակի ալիքը Yes խմբի անդամներին հետ է շպրտում, իսկ Դիփ Փարփլը շարունակում է ելույթը։ Մի պահ Ռիչին ինքն է բռնկվում կրակով, բայց կարողանում է հանգցնել։ Կիթառը ծխում էր, և Ռիչին ծնկի է իջնում և շարունակում նվագելը, ատամների արանքից մռթմռթալով. - “Մենք վերջինը պետք է ելույթ ունենաինք և այդպես էլ կլինի”։

Բլեքմորի սարքած շոուն տպավորիչ էր, բայց անարդյունավետ։ Yes-ը այնուամենայնիվ, որոշ դադարից հետո ելույթ ունեցավ և եզրափակեց համերգը, իսկ Դիփ Փարփլը ստիպված եղավ մի կլորիկ գումար վճարել բեմը և երաժշտական սարքավորումները վնասելու համար։

1971 թ. թողարկվեց “Fireball” ձայնասկավառակը։ Ճիշտ է “Fireball”-ը քիչ ավելի թույլ ստացվեց, քան “In Rock”-ը, բայց այստեղ էլ տեղ էին գտել հրաշալի կոմպոզիցիաներ՝ “The Mule”, “Fools”, “No, No, No”։ “Deep Purple in Rock”-ով խումբը հասավ փառքի գագաթին, “Fireball”-ով ամրապնդվեց։

Հաջորդ ձայնասկավառակը “Machine Head”-ն էր։ 1972 թ. խմբի անդամները հավաքվում են Շվեյցարիայի Մոնթերե քաղաքում, որպեսզի ավարտին հասցնեն ձայնագրությունները։ Որոշված էր, որ ձայնագրությունը պետք է կատարվի քաղաքի կազինոներից մեկի դահլիճում։ Ձայնագրությունից մեկ օր առաջ այդ դահլիճում ելույթ էր ունենալու Ֆրենկ Զապպան և իր խումբը։ Դիփ Փարփլի անդամները չէին կարող բաց թողնել այդ հրաշալի երաժշտի ելույթը, և ամբողջ կազմով ներկա էին։ Համերգի կեսին հրդեհ է բռնկվում։ Բարեբախտաբար զոհեր չեն լինում՝ բոլորը հասցնում են դուրս գալ դահլիճից, բայց դահլիճը ամբողջովին վառվում է։

Այդ դեպքից հետո, ծնվում է Դիփ Փարփլի ամենանշանավոր “Smoke on the Wather” երգը։ Շուտով ձայնագրություններն ավարտվեցին, և “Machine Head”-ը պատրաստ էր։ Այն շատ հաջող ստացվեց։ Ձայնասկավառակի բոլոր երգերն էլ հրաշալի էին ստացվել և այն իր հզորությամբ կարող էր մրցել “In Rock”-ի հետ։ Ձայնասկավառակի թողարկումից հետո խումբը մեկնում է ԱՄՆ՝ մեծ համերգային շրջագայության։

Շրջագայությունից անմիջապես հետո խումբը պատրաստվում է ձայնագրել հաջորդ՝ “Who Do We Think We Are?” ձայնասկավառակը, բայց սկսվում են տարաձայնություններ խմբի անդամների միջև և որոշվում է ընդհատել ձայնագրությունները և մեկնել նոր համերգային շրջագայությունների։ Առաջինը Ճապոնիան էր։ Այստեղ Դիփ Փարփլին ընդունեցին մեծ խանդավառությամբ՝ ծաղիկներով, նվերներով և խմբի պաստառներով։ Դիփ Փարփլը իրեն արդարացրեց՝ տալով մի քանի մեծ համերգներ, որի արդյունքում ծնվեց “Made in Japan” համերգային ձայնասկավառակը։ Ճապոնիայից հետո խումբը նորից ուղևորվում է ԱՄն։ Հյուրախաղերի ժամանակ էլ Յան Գիլանը որոշում է կայացնում կիսատ մնացած “Who Do We Think We Are?” ավարտին հասցնելուց հետո, հեռանալ խմբից։

Խումբը վերջացնում է հյուրախաղերը, մեկնում Գերմանիա և ավարտին հասցնում կիսատ մնացած “Who Do We Think We Are?”։ Ձայնասկավառակը վատը չէր, բայց “In Rock”-ից և “Machine Head”-ից հետո Դիփ Փարփլից ավելին էին սպասում։

Թողարկումից հետո Յան Գիլանը և Ռոջեր Գլովերը հեռանում են խմբից։

Խմբի նոր անդամներն են դառնում Գլեն Հյուզը՝ բաս կիթառ ու վոկալ և Դեյվիդ Քովերդեյլը՝ հիմնական վոկալ։ Նոր անդամներով Դիփ Փարփլը 1974 թ. ձայնագրում է “Burn” ձայնասկավառակը։ “Burn”-ը նոր հաջողություն չբերեց, բայց և չհիասթափեցրեց ունկնդիրներին։ Դեյվիդ Քովերդեյլի ձայնը իր հզորությամբ չէր կարող մրցել Յան Գիլանի ձայնի հետ, բայց նրա ներկայությունը նոր շունչ տվեց խմբին, նա ընդունվեց Դիփ Փարփլի սիրահարների կողմից։ Ձայնասկավառակը բարձր տեղեր գրավեց “հիթ շքերթներում”։ Թողարկումից հետո խմբին հրավիրում են հերթական հյուրախաղերի՝ ԱՄն։ Դիփ Փարփլը որոշում է այս անգամ շրջագայությունները սկսել Եվրոպայից։ Մի քանի համերգ տալուց հետո, խումբը մեկնում է ԱՄն։ ԱՄՆ-ի շրջագայությունը սկսվեց Դեթրոյեթից և ավարտվեց Քալիֆորնիայի ռոք փառատոնով՝ որտեղ 250.000 հանդիսատեսների առաջ ելույթ ունեցան Emerson, Lake and Palmer-ը, Eagles-ը, Yes-ը և համերգը եզրափակեց Դիփ Փարփլը, Բլեքմորի սարքած հերթական շոուով, որի ժամանակ Ռիչին կիթառով ջարդուփշուր արեց ժամանակ առ ժամանակ իրեն մոտեցող տեսախցիկը և վերջում էլ բեմը կրակի տվեց։ Այս համերգը ամբողջությամբ տեսագրվեց ABC հեռուստաընկերության կողմից, և հետագայում թողարկվեց տեսաերիզը։

1974 թ. վերջում թողարկվում է հերթական “Stormbringer” ձայնասկավառակը։ Ձայնասկավառակում զգացվում էր ոճի փոփոխում դեպի ֆանք և բլյուզ, որը չէր գոհացնում Ռիչի Բլեքմորին, և նա որոշում է հեռանալ խմբից։

1975 թ. Ռիչի Բլեքմորը հայտարարում է խմբից հեռանալու մասին։ Լորդն ու Փեյսը և մենեջերներ՝ Էդվարդսն ու Քոլլեթը որոշում են դադարեցնել խմբի գործունեությունը։ Դիփ Փարփլը հասել էր այն ամենին, ինչին կարող էր։ Այդ մտքի հետ համաձայն չէին Քովերդեյլն ու Հյուզը։ Մի անգամ, ուշ երեկոյան, Քովերդեյլը զանգահարում է Լորդին և առաջարկում լսել մի կիթառահարի ձայնասկավառակ, որը ըստ նրա, կարող է Բլեքմորին փոխարինել։ Այդ կիթառահարը Թոմի Բոլինն էր։ Բայց առաջանում են խնդիրներ։ Առաջինը, որ Բոլինը ջազ-ռոք ոճի կիթառահար էր, երկրորդը, նա ամերիկացի էր և ոչինչ չգիտեր Դիփ Փարփլի մասին։ Այնուամենայնիվ Լորդը համաձայնվում է, Թոմին էլ ընդունում է Դիփ Փարփլի առաջարկը։

1975 թ. ամռանը Դիփ Փարփլը, Թոմի Բոլինի հետ թողարկում է “Come Taste the Band” (Փորձիր ճաշակել խումբը) ձայնասկավառակը։ Բոլինը լավ էր նվագում, բայց չկար Դիփ Փարփլի ոճը, դրան նպաստում էին նաև Հյուզն ու Քովերդեյլը։ Նաև պարզվում է, որ Թոմի Բոլինը թմրամոլ է։ Նա պարբերաբար հերոյին էր օգտագործում, մի անգամ էլ ելույթից առաջ, հերոյինի հերթական չափաբաժինը ընդունելուց հետո, ի վիճակի չի լինում նվագելու։ Այս և այլ մեծ ու փոքր խնդիրները լցրեցին համբերության բաժակը և 1976 թ մարտի 16-ին Լիվերպուլ քաղաքում տեղի ունեցավ Դիփ Փարփլի վերջին համերգը։ Մի քանի ամիս անց՝ հուլիսի 6-ին, խումբը հայտարարեց կազմալուծվելու մասին որոշումը։

8 տարի անց՝ 1984 թ. Յան Գիլլանի նախաձեռնությամբ, Դիփ Փարփլը հավաքվեց իր դասական դարձած կազմով՝ Ջոն Լորդ, Ռիչի Բլեքմոր, Յան Փեյս, Ռոջեր Գլովեր, Յան Գիլլան[4]։ Խումբը թողարկեց “Perfect Strangers” ձայնասկավառակը, որը դարձավ “պլատինե”։ Դրանից հետո Դիփ Փարփլը մեկնում է հյուրախաղերի։ Հաջորդ ձայնասկավառակը՝ “The House of Blue Light” թողարկվեց 1987-ին։ Նույն կազմով խումբը վերաձայնագրում է “Smoke on the Wather” երգը՝ հօգուտ Սպիտակի երկրաշարժից տուժածների։ Այս ընթացքում նորից սկսվեցին անհամաձայնությունները խմբի ներսում։ Բլեքմորը դժգոհ էր Գիլլանից։ Այս մթնոլորտը գնալով սրվում էր և հերթական համերգային՝ “Nobady’s Perfect” ձայնասկավառակից հետո Գիլլանը կրկին հեռանում է խմբից։ Նրա փոխարեն, Բլեքմորի պահանջով հրավիրվում է Ջո Լին Թերները, որը Բլեքմորի հետ աշխատել էր Rainbow խմբում։

Այս կազմով 1990 թ. խումբը ձայնագրում է “Slaves & Masters” ձայնասկավառակը։ Ձայնասկավառակը ավելի շատ հիշեցնում էր Ռեյնբոու խումբը, անգամ կատակում էին, որ Դիփ Փարփլը դարձել է Ռեյնբոյի մասնաճյուղը։ Թողարկումից հետո, խմբի մյուս անդամների ճնշմամբ, Թերները թողնում է խումբը և նորից վերադառնում է Գիլլանը։ 1993 թ. թողարկվում է “The Battle Rages on…” ձայնասկավառակը և խումբը մեկնում է հերթական շրջագայությունների։ Մի քանի համերգ տալուց հետո, Ճապոնիայում կայանալիք համերգից առաջ, Բլեքմորը հեռանում է խմբից, անելանելի վիճակում դնելով խմբին։ Սակայն նրան շուտափույթ փոխարինող են գտնում ի դեմս մեկ այլ տաղանդավոր կիթառահարի՝ Ջո Սաթրիանիի։ Դիփ Փարփլը, Սաթրիանիի հետ ավարտին է հասցնում նախատեսված շրջագայությունները։

Շրջագայություններից հետո խումբը նոր կիթառահար է փնտրում։ Այդ կիթառահարը դառնում է Սթիվ Մորսը[5]։ Խմբի ներսում մթնոլորտը խաղաղվում է և 1996 թ. Դիփ Փարփլը թողարկում է իր հաջորդ “Purpendicular” ձայնասկավառակը։

Խումբը պարբերաբար համերգային շրջագայություններ անցկացնելով 1998 ձայնագրում է ևս մեկ՝ “Abandon” ձայնասկավառակը։ 1999 թ. կայացավ համերգ սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Այն նվիրված էր “Concert for Group and Orchestre” նախագծի 30 ամյակին։ Համերգին մասնակցում են ճանաչված շատ երաժիշտներ։ Տարվա վերջին թողարկվեց այդ՝ “Live at the Royal Albert Hall” համերգային սկավառակը։ 2001 թ. Ջոն Լորդը ծնկի վիրահատություն տանելուց հետո, թողնում է խումբը։ Նրան փոխարինում է Դոն Էյրին։ Այս կազմով 2003 թ. խումբը ձայնագրում է “Bananas” ձայնասկավառակը։ Թողարկումից հետո Դիփ Փարփլը մեկնում է նոր համերգային շրջագայությունների։

2005 թ. թողարկվեց ևս մի ձայնասկավառակ՝ “Rapture of the Deep” և նորից նոր շրջագայություններ՝ ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Չինաստան։ 2010 մայիսի 25-ին Երևանի մարզահամերգային համալիրում ում կայացավ Deep Purple-ի համերգը։ Համերգը հիրավի կարելի էր անվանել պատմական, և ոչ միայն Հայաստանի համար։ Դահլիճում ներկա էին բազմաթիվ երկրպագուներ Վրաստանից և Իրանից։

2013 թ. ապրիլին խումբը թողարկեց Now What ? ալբոմը, ինչին հաջորդեց համաշխարհային շրջագայությունը։

2020 թ․ խմբի քսանմեկերորդ ալբոմը՝ Whoosh!, գլխավորեց մի շարք երկրների հիթ-շքերթները։

Համառոտ սկավառակագրություն

խմբագրել

Mark 1

Mark 2

Mark 3

Mark 4

Mark 5 (2.2)

Mark 6 (5)

Mark 7 (2.3)

Mark 9 (7)

Mark 10 (8)

Mark 11 (9)

  • 2024 — =1

Հղումներ աղբյուրներին

խմբագրել
  1. Weinstein, Deena. Heavy Metal: The Music and its Culture. DaCapo, 2000. ISBN 0-306-80970-2, pg. 2.
  2. Christe, Ian. Sound of the Beast. Allison & Busby. էջեր pg. 2. ISBN 0-7490-8351-4. {{cite book}}: |pages= has extra text (օգնություն)
  3. Walser, Robert. Running with The Devil. Wesleyan University Press. էջեր pgs. 2. ISBN 0-8195-6260-2. {{cite book}}: |pages= has extra text (օգնություն)
  4. Billboard (18 May 1985). Deep Purple: 'Surprise Of The Year' Billboard. p.41. Retrieved 2 March 2012
  5. Daniel Bukszpan, Ronnie James Dio (2003).The Encyclopedia of Heavy Metal p.56. Barnes & Noble Publishing. Retrieved 1 March 2012
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիփ Փարփլ» հոդվածին։