Ֆրանչեսկո I Մեդիչի, (իտալ.՝ Francesco I de Medici, մարտի 25, 1541, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - հոկտեմբերի 17, 1587(1587-10-17), Պոջո ա Կայանո, Տոսկանայի Մեծ դքսություն), 1574 թվականից Տոսկանայի Մեծ դուքս։

Ֆրանչեսկո I Մեդիչի
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1541
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Մահացել էհոկտեմբերի 17, 1587(1587-10-17) (46 տարեկան)
Մահվան վայրՊոջո ա Կայանո, Տոսկանայի Մեծ դքսություն
ԳերեզմանՄեդիչիների ժամատուն
Քաղաքացիություն Տոսկանայի Մեծ դքսություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունմիապետ և քաղաքական գործիչ
ԱմուսինՅոհանա Ավստրիացի[1] և Բիանկա Կապելո[1]
Ծնողներհայր՝ Կոզիմո I[1], մայր՝ Էլեոնորա Տոլեդացի[1]
Զբաղեցրած պաշտոններգահի խնամակալ
ԵրեխաներԷլեոնոր դե Մեդիչի, Anna de' Medici?, Մարիա Մեդիչի[1], Philip de' Medici? և Անտոնիո Մեդիչի
 Francesco I de' Medici, Grand Duke of Tuscany Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ֆլորենցիայում, Տոսկանայի Մեծ դուքս Կոզիմո I-ի և նրա կնոջ՝ Էլեոնորա Տոլեդացու ավագ որդին է։ 1564 թվականին հայրը հրաժարվեց իշխանությունից և Ֆրանչեսկոյին ռեգենտ նշանակեց։

1565 թվականի դեկտեմբերի 18-ին Ֆրանչեսկոն ամուսնացավ կայսեր Ֆերդինանդ I-ի դուստր Յոհանա Ավստրիացու հետ։ Նրանց ամուսնությունը անհաջող ստացվեց։ Ֆրանչեսկոն անտեսում էր հիվանդոտ և մելամաղձոտ Յոհանային, որին չէին հավանում նաև իր հպատակները՝ ավստրիական ծագման պատճառով։ 12 տարվա ամուսնության ընթացքում Յոհանան ծնեց 8 երեխա և մահացավ՝ 31 տարեկան հասակում։

Կնոջ մահվանից երեք ամիս անց՝ 1578 թվականի հունիսի 5-ին, Ֆրանչեսկոն գաղտնի ամուսնացավ իր վաղեմի սիրուհի Բիանկա Կապելոյի հետ։ Հոկտեմբերի 12-ին հրապարակավ տեղի ունեցավ նրանց հանդիսավոր ամուսնական արարողությունը։ Նրանք երեխաներ չունեին, բայց Ֆրանչեսկոն օրինականացրեց Բիանկայի դստերը՝ առաջին ամուսնությունից և որդուն՝ Անտոնիոյին, որին բաստարդ Ճանաչեց և ընտանիք ընդունեց որպես Անտոնիո դե Մեդիչի(1576-1621)։ Հպատակները Բիանկային նույնպես չէին սիրում և «Կախարդ» մականունն էին տվել։ հնչում էին նաև մեղադրանքներ, որ հենց այդ զույգն է սպանել Յոհանա Ավստրիացուն։

Հոր նման, Ֆրանչեսկոն նույնպես բռնակալ էր. բայց մինչ Կոզիմոն առերևույթ պահպանում էր Ֆլորենցիայի անկախությանը, Ֆրանչեսկոն աներոջ այնուհետև նաև աներորդու՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսրերի կամակատարն էր։ Նա բարձրացրեց հարկերը, որոնց մի մասը հոսում էր դեպի Հաբսբուրգները։ Այս ամենը բերեցին ժողովրդի կողմից նրա հանրաճանաչության անկմանը։

1587 թվականին նա մասնակցեց Ռեչ Պոսպոլիտայի թագավորական ընտրություններին, բայց հաղթել չկարողացավ[2]։

Ֆրանչեսկոն և Բիանկան մահացել են նույն օրը՝ 1587 թվականի հոկտեմբերի 17-ին Պաջո-ա-Կայանոյի ամառանոցում, Ֆրանչեսկոյի եղբոր և ժառանգորդ՝ Ֆերդինանդոյի հետ հանդիպման ժամանակ։ Ժամանակորդները խոսում էին թունավորման մասին, չնայած բժիշկները ախտորոշեցին մալարիա։ Ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկուսն էլ թունավորվել են մկնդեղով[3][4]։ Ֆրանչեսկոյի դին հանգչում է Սան Լորենցոյի բազիլիկայում գտնվող ընտանեկան դամբարանում, Բիանկայի թաղման վայրն անհայտ է։ Նրանց փորոտիքը, որոնք հեռացվել էին զմռսման ժամանակ, թաղվել են առանձին-առանձին՝ Բոնիստալոյի եկեղեցում, որը գտնվում էր ոչ հեռու ամառանոցից` որտեղ մահը վրա էր հասել։

Տոսկանայի դքսի գահը ժառանգել է Ֆրանչեսկոյի եղբայրը` Ֆերդինանդո I-ը, ով Ֆրանչեսկոյի թունավորման առաջին կասկածյալներից մեկն էր։

Գիտական հետաքրքրություններ խմբագրել

Ֆրանչեսկոն, ինչպես և բոլոր Մեդիչիները, հովանավորեց արվեստը՝ ստեղծեց դելա Կրուսկայի ակադեմիան` իտալերենը մաքուր պահելու և քերականություն ստեղծելու նպատակով, և հիմնեց Մեդիչի թատրոնը։ Բայց նա հատկապես հետաքրքրված էր բնական գիտություններով, որոնց հանդեպ բուռն կիրք էր տածում։ Նա զբաղվում էր քիմիայով և ալքիմիայով։ Պալացո Վեկիոյում նա հատուկ սենյակ էր հատկացրել դրանցով զբաղվելու համար և այնտեղ շատ ժամեր էր անցկացնում։ Դա անհատական լաբորատորիա էր և միևնույն ժամանակ թանգարան, որտեղ հավաքվում էին տարբեր հետաքրքրություն ներկայացնող նյութեր և հանքային նմուշներ։ Մեծ դուքսի հետաքրքրությունը քիմիայի հանդեպ հանգեցրեց ճենապակու և կերամիկայի արտադրությանը (Մեդիչիների ճենապակու արտադրությունը ծաղկում ապրեց միայն նրա մահից հետո)։

Բացի այդ, հանրահայտ Ուֆիցիի պատկերասրահի ստեղծումը կապված է Ֆրանչեսկոյի անվան հետ։ Շենքերը կառուցվել են նրա հոր օրոք, որպես վարչական կառույցներ, իսկ Ֆրանչեսկոն 1575 թվականին վարչական հաստատությունները հեռացրեց այնտեղից և Ուֆիցի տեղափոխեց պալատներում և առանձնատներում ցրված ընտանեկան հավաքածուից ամենաթանկ առարկաները։

Երեխաներ խմբագրել

 
Մանուկ Ֆրանչեսկոյի դիմանկարը, Անյոլո Բրոնձինո, Ուֆիցիի պատկերասրահ

Առաջին ամուսնությունից ծնված երեխաներ.

  1. Էլեոնորա (1566−1611), Վինչենցո I Գոնզագայի կինը, ապագա կայսրուհի Էլեոնորա Գոնզագայի մայրը,
  2. Ռոմոլա (1568),
  3. Աննա (1569−1584),
  4. Իզաբելա (1571−1572),
  5. Լուկրեցիա (1572−1574),
  6. Մարիա (1575−1642), ֆրանսիայի թագուհի, Ֆրանսիայի թագավոր Հենրի IV-ի կինը,
  7. Ֆիլիպո (1577−1582),
  8. չկնքված երեխա (1578).

Ֆրանչեսկոյի և Յոհանայի միակ տղան՝ Ֆիլիպոն մահացել է հինգ տարեկան հասակում։ Աղջիկները նույնպես աչքի չեն ընկել իրենց առողջությամբ՝ նրանցից շատերը մահացել են մանուկ հասակում։

Երկրորդ ամուսնությունից օրինականացրել է Անտոնիոին՝ իր որդուն ծնված Բիանկայից։ Կա նաև վարկած, որ Անտոնիոն Ֆրանչեսկոյի երեխան չի։

Արվեստում խմբագրել

Շատ ստեղծագործություններ, որտեղ հանդես է գալիս Ֆրանչեսկոյի կերպարը, կապված են նրա և Բիանկա Կապելոյի հարաբերությունների հետ։

Պարգևներ խմբագրել

  • Սուրբ Ստեփանոսի շքանշան,
  • Ոսկե գեղմի շքանշան։

Նախնիներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Kindred Britain
  2. Przemysław Piotr Szpaczyński, Mocarstwowe dążenia Zygmunta III w latach 1587—1618, Kraków 2013, s. 53.
  3. «Итальянские учёные спустя 420 лет раскрыли одно из самых загадочных убийств из рода Медичи»։ Արխիվացված է օրիգինալից 2007-01-01-ին։ Վերցված է 2008-04-10 
  4. «The mysterious death of Francesco I de' Medici and Bianca Cappello: an arsenic murder?». British Medical Journal. 333 (23-30 June 2006)