Ֆեմինիստական գրականություն

Ֆեմինիստական գրականություն, գեղարվեստական արձակ, իրապատում, դրամա կամ պոեզիա, որը ծառայում է կանանց հավասար քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և հասարակական իրավունքների սահմանման, հաստատման և պաշտպանության ֆեմինիստական նպատակներին։ Այն հիմնականում մատնանշում է կանանց և տղամարդկանց մասնավորապես հասարակական դիրքի, արտոնությունների և ուժի հետ կապված անհավասար իրավունքները և ընդհանուր առմամբ ի ցույց է դնում այդ ամենի բացասական հետևանքները կանանց, տղամարդկանց, ընտանիքների, համայնքների և հասարակությունների համար։

Օկտավիա Բատլեր, ֆեմինիստական գիտաֆանտաստիկայի մրցանակակիր հեղինակ

Պատմություն

խմբագրել

15-րդ դարում Քրիստին դը Պիզանը գրել է «Տիկնանց քաղաքի գիրքը», որը պայքարում է նախապաշարմունքների դեմ և կարևորում է կանանց դերը հասարակության մեջ։ Գիրքը հետևում է 14-րդ դարում Ջովաննի Բոկաչչոյի կողմից գրված «Նշանավոր կանանց մասին» գրքի մոդելին։

Ֆեմինիստական շարժումը սկիզբ դրեց ֆեմինիստական գեղարվեստական և իրապատում գրականությանը, ֆեմինիստական պոեզիային, որոնք նոր հետաքրքրություն առաջացրին կանանց ստեղծագործությունների նկատմամբ։ Շարժումը նաև խթանեց կանանց պատմական և ակադեմիական ներդրումների ընդհանուր վերագնահատումը՝ ի պատասխան այն համոզմունքի, որ կանանց կյանքն ու ներդրումները մեծ դեր չեն խաղացել գիտական ոլորտում[1]։ Նաև սերտ կապ է եղել ֆեմինիստական գրականության և ակտիվիզմի միջև, քանի որ ֆեմինիստական ստեղծագործությունները արտահայտել են ֆեմինիզմի հիմնական մտահոգությունները կամ գաղափարները որոշակի դարաշրջանում։

Վաղ ֆեմինիստական գրական աշխատանքների մեծ մասը ուղղված է եղել կանանց կողմից գրված տեքստերի վերագտնմանը և վերականգնմանը։ Արևմտյան ֆեմինիստական գրական հետազոտություններից Դեյլ Սփենդերի «Վեպի մայրը» (1986) և Ջեյն Սփենսերի «Կին վիպասանի վերելքը» (1986) բեկումնային էին իրենց այն պնդմամբ, որ կանայք միշտ գրել են։

Գիտնական հանրության հետաքրքրության այս աճին համապատասխան՝ տարբեր մամուլներ սկսեցին մոռացության մատնված տեքստերի վերահրատարակման գործը։ «Վիրագո Փրեսս»-ը 1975 թվականին սկսեց հրատարակել 19-րդ և 20-րդ դարի սկզբի վեպերի իր մեծ ցուցակը և դարձավ վերականգնման նախագծին միացած առաջին կոմերցիոն լրագրություններից մեկը։ 1980-ականներին «Պանդորա Փրեսս»-ը, որը պատասխանատու էր Սպենդերի ուսումնասիրության հրատարակման համար, թողարկեց 18-րդ դարի կանանց կողմից գրված վեպերի նմանատիպ շարք[2]։ Վերջերս էլ «Բրոդվյու Փրեսս»-ը շարունակում է թողարկել 18-րդ և 19-րդ դարերի մինչ օրս չտպագրված վեպեր, իսկ Կենտուկիի համալսարանն ունի կանանց վաղ շրջանի գրված վեպերի մի շարք վերահրատարակումներ։

Գրական որոշ ստեղծագործություններ դարձել են առանցքային նշանակության ֆեմինիստական գործեր։ Մարի Վոլսթոնքրաֆթի «Կանանց իրավունքների պաշտպանություն»-ը (1792) ֆեմինիստական փիլիսոփայության առաջին աշխատություններից է։ Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակ»-ը (1929) նշանավորվել է տղամարդկանց կողմից ղեկավարվող գրական ասպարեզում կին գրողների զբաղեցրած ֆիզիկական և խորհրդանշական տեղի խնդրի բարձրաձայնմամբ։ Ժերմեն Գրիրի «Կին ներքինին» (1970) կասկածի տակ է դնում այն հարցը, թե կինը պարտավոր է տնային տնտեսուհու լինել։

Կանանց գրչության նկատմամբ տարածված հետաքրքրությունը կապված է գրական կանոնի ընդհանուր վերագնահատման և ընդլայնման հետ։ Հետգաղութային գրական ստեղծագործությունները, գեյ և լեսբի հեղինակների, տարբեր ռասայական պատկանելության, բանվոր դասակարգի անհատների և պատմականորեն մարգինալացված այլ խմբերի ստեղծագործությունները հանգեցրել են «գրականություն» հասկացության զգալի ընդլայնմանը։ Ժանրերը, ինչպիսիք են մանկական գրքերը, ամսագրերը, նամակները, ճանապարհորդական գրքերը և այլն, որոնք նախկինում «գրական» չէին համարվում, այժմ ուսումնասիրվում են գիտնականների կողմից[1][3][4]։ Ժանրերի և ենթաժանրերի մեծ մասը ենթարկվել է նմանատիպ վերլուծության, գրականության ուսումնասիրություններ սկսել են կատարվել այնպիսի նոր իրողությունների մասին, ինչպիսիք են «կանացի գոթական»[5] կամ «կանանց գիտաֆանտաստիկան»։

Ըստ Էլիս Ռեյ Հելֆորդի՝ «Գիտաֆանտաստիկան և երևակայությունը ֆեմինիստական մտքի շարժիչ ուժն են, մասնավորապես հանդես գալով որպես կամուրջներ՝ տեսության և պրակտիկայի միջև»[6]։ Ֆեմինիստական գիտաֆանտաստիկան երբեմն դասավանդվում է համալսարանական մակարդակում՝ ուսումնասիրելու սոցիալական կառուցվածքների դերը սեռի մասին պատկերացումներ ձևավորելու գործում[7]։ Նշանավոր ստեղծագործություններից են Ուրսուլա Լե Գուինի «Խավարի ձախ ձեռքը»(1969), Ջոաննա Ռասի «Կին տղամարդը» (1970), Օկտավիա Բատլերի «Հարազատները» (1979) և Մարգարեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը»(1985)։

Ֆեմինիստական իրապատում գրականությունը կարևոր դեր է խաղացել կանանց ապրած փորձառությունների վերաբերյալ մտահոգություններն արտահայտելու հարցում։ Օրինակ՝ Մայա Էնջելոուի «Ես գիտեմ, թե ինչու է երգում վանդակի թռչունը» ստեղծագործությունը չափազանց ազդեցիկ էր, քանի որ այն ներկայացնում էր ԱՄՆ-ում մեծացած սևամորթ կանանց ռասիզմի ու սեքսիզմի ենթակվելը[8]։

Բացի այդ, շատ ֆեմինիստական շարժումներ պոեզիան համարել են ֆեմինիստական գաղափարները հանրությանը հասցնելու միջոց՝ շնորհիվ բանաստեղծությունների ժողովածուների և հանրային ընթերցումների[9]։

Ֆեմինիստական մանկական գրականություն

խմբագրել

Ֆեմինիստական մանկական գրականությունը ֆեմինիստական հայացքների հիման վրա մանուկների ստեղծած գրականությունն է։ Մանկական գրականությունը և կանանց գրականությունը ունեն շատ ընդհանրություններ։ Երկուսին էլ հաճախ թույլ են համարում և մնացած ստեղծագործություններից ցածր դասում։ Այս կերպ մանկական գրականության մեջ պարբերաբար հանդիպում են ֆեմինիստական գաղափարներ։ Ուստի մանկական գրականության ֆեմինիստական քննադատությունը սպասելի է, քանի որ այն ֆեմինիստական գրականության տեսակ է[10]։ Ֆեմինիստական մանկական գրականությունը կարևոր դեր է խաղացել ֆեմինիստական շարժման համար, հատկապես վերջին կես դարում։ Իր «Ֆեմինիզմը բոլորի համար է. կրակոտ քաղաքականություն» գրքում բել հուքսը նշում է իր համոզմունքը, որ բոլոր տեսակի լրատվամիջոցները, ներառյալ թերթերը և մանկական գրքերը, պետք է խթանեն ֆեմինիստական իդեալները։ Նա ասում է. «Մանկական գրականությունը քննադատական գիտակցության համար ֆեմինիստական կրթության կարևորագույն միջոցներից մեկն է հենց այն պատճառով, որ համոզմունքներն ու ինքնությունները դեռ ձևավորվում են»[11]։

Ֆեմինիստական գիտաֆանտաստիկա

խմբագրել

Ֆեմինիստական գիտաֆանտաստիկ ժանրը գիտաֆանտաստիկայի ենթաժանր է (անգլ.՝ SF), որը կենտրոնացած է ֆեմինիստական թեմաներ ներառող տեսությունների վրա, որոնք մեծ մասամբ ընդգրկում են գենդերային անհավասարության, սեքսուալության, ռասայի, տնտեսագիտության և վերարտադրության մասին թեմաները։ Ֆեմինիստական գիտաֆանտաստիկան քաղաքական է տիրապետող մշակույթը քննադատելու իր հակվածության պատճառով։ Ֆեմինիստական ֆանտաստիկայի ամենանշանավոր աշխատություններից մի քանիսը ներկայացրել են այս թեմաները՝ օգտագործելով ուտոպիաներ՝ ուսումնասիրելու հասարակությունը, որտեղ գենդերային տարբերություններ կամ գենդերային ուժերի անհավասարակշռություն գոյություն չունեն, կամ դիստոպիաներ՝ ուսումնասիրելու աշխարհներ, որտեղ գենդերային անհավասարությունները սրվում են՝ այդպիսով հաստատելով ֆեմինիստական աշխատանքի անհրաժեշտությունը[12]։

  Գիտաֆանտաստիկան և երևակայությունը ֆեմինիստական մտքի շարժիչ ուժն են և կապող օղակ են հանդիսանում տեսության ու պրակտիկայի միջև։ Ոչ մի այլ ժանր այդքան ակտիվորեն չի ներկայացնում ֆեմինիզմի հիմնական նպատակները, ինչպես օրինակ՝ սեքսիզմից զերծ աշխարհներ, աշխարհներ, որտեղ կանանց ներդրումները (գիտության մեջ) ճանաչվում և գնահատվում են, աշխարհներ, որոնք ուսումնասիրում են կանանց ցանկությունների և սեքսուալության բազմազանությունը, և աշխարհներ, որոնք դուրս են սեռային սահմաններից։
- Էլիս Ռեյ Հելֆորդ
 

Ֆեմինիստական հանրահայտ գրականություն

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Blain, Virginia; Clements, Patricia; Grundy, Isobel (1990). The feminist companion to literature in English: women writers from the Middle Ages to the present. New Haven: Yale University Press. էջեր vii–x. ISBN 978-0-300-04854-4.
  2. Gilbert, Sandra M. (1986 թ․ մայիսի 4). «Paperbacks: From Our Mothers' Libraries: women who created the novel». The New York Times.
  3. Buck, Claire, ed. (1992). The Bloomsbury Guide to Women's Literature. Prentice Hall. էջ vix.
  4. Salzman, Paul (2000). «Introduction». Early Modern Women's Writing. Oxford UP. էջեր ix–x.
  5. Term coined by Ellen Moers in Literary Women: The Great Writers (New York: Doubleday, 1976). See also Juliann E. Fleenor, ed., The Female Gothic (Montreal: Eden Press, 1983) and Gary Kelly, ed., Varieties of Female Gothic 6 Vols. (London: Pickering & Chatto, 2002).
  6. Helford, Elyce Rae (2005). «Feminist Science Fiction». In Westfahl, Gary (ed.). The Greenwood Encyclopedia of Science Fiction and Fantasy. Greenwood Press. էջեր 289–291. ISBN 978-0-300-04854-4.
  7. Lips, Hilary M. (1990). «Using Science Fiction to Teach the Psychology of Sex and Gender». Teaching of Psychology. 17 (3): 197–98. doi:10.1207/s15328023top1703_17. S2CID 145519594.
  8. Shah, Mahvish (2018). «I Know Why The Caged Bird Sings: Angelou's Quest to Truth and Power». Feminism in India.
  9. Poetry Foundation. «A Change of World». Poetry Foundation.
  10. Nodelman, Perry (1988). «Children's Literature as Women's Writing». Children's Literature Association Quarterly. 13 (1): 31–34. doi:10.1353/chq.0.0264.
  11. Hooks, Bell (2000). Feminism Is for Everybody: Passionate Politics. New York: South End.
  12. Helford, Elyce Rae (2005), «Feminism», in Westfahl, Gary (ed.), The Greenwood Encyclopedia of Science Fiction and Fantasy: themes, works and wonders, Westport, Connecticut: Greenwood Press, էջեր 289–291, ISBN 9780313329531. Preview.