Լոուրենս Քոլբերգ (անգլ.՝ Lawrence Kohlberg, հոկտեմբերի 25, 1927(1927-10-25)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 19, 1987(1987-01-19)[1] կամ հունվարի 17, 1987(1987-01-17)[3], Ուինթրոփ, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան, առավել հայտնի է իր՝ բարոյական զարգացման փուլերի տեսությամբ։ Դասախոսել է Չիկագոյի համալսարանի Հոգեբանության ամբիոնում, ինչպես նաև Հարվարդի համալսարանին կից բարձրագույն դպրոցում։ Չնայած նրա ապրած ժամանակաշրջանում անսովոր էր, բայց նա որոշել էր ուսումնասիրել բարոյական դատողության թեման՝ ընդլայնելով Ժան Պիաժեի՝ քսանհինգ տարի առաջ գրված տեսությունը երեխաների բարոյական զարգացման մասին[5]։ Հինգ տարի անց Քոլբերգը տպագրել է իր հայացքներն արտացոլող հոդված[5]։ Քոլբերգի աշխատանքը բացի Պիաժեի տեսություններից արտացոլել է նաև փիլիսոփաներ Ջորջ Միդի և Ջեյմս Բոլդուինի գաղափարները[6]։ Միևնույն ժամանակ նա նոր ճյուղ էր ստեղծում հոգեբանության մեջ՝ «բարոյական զարգացում»։

Լոուրենս Քոլբերգ
Ծնվել էհոկտեմբերի 25, 1927(1927-10-25)[1][2]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 19, 1987(1987-01-19)[1] (59 տարեկան) կամ հունվարի 17, 1987(1987-01-17)[3] (59 տարեկան)
Ուինթրոփ, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ինքնասպանություն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան, ակադեմիկոս, ոչ գեղարվեստական գրող, փիլիսոփա և դաստիարակ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան և Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբանություն
Ալմա մատերՉիկագոյի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիա
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][4]

Էմպիրիկ տեսությունն ունի 6 չափանիշ, որոնցից են մեջբերումը և ճանաչումը։ Քոլբերգը ճանաչվել է 20-րդ դարի ամենանշանավոր հոգեբաններից մեկը[7]։

Վաղ տարիներ խմբագրել

Լոուրենս Քոլբերգը ծնվել է Բրոնքսվիլում (Նյու Յորք)[8]։ Նա հրեական ծագմամբ գերմանացի գործարար Ալֆրեդ Քոլբերգի և գերմանուհի քիմիկոս Քրիսիտիան Գերմանի 4 երեխաներից ավագն էր։ Ծնողներն առանձնացան, երբ նա չորս տարեկան էր, և վերջնականապես բաժանվեցին, երբ բոլորել էր Քոլբերգի 14 տարին։

1933-1938 թվականներին Լոուրենսը և նրա երեք եղբայրներն ու քույրերը ծնողների մոտ միմյանց փոխարինում էին վեց ամիս շարունակ։ 1938 թվականին Քոլբերգի երեխաների խնամակալության այդ ռոտացիան դադարեցվեց, ինչը թույլ տվեց երեխաներին ընտրել այն ծնողին, որի հետ նրանք կցանկանային ապրել։

Քոլբերգը սովորել է Մասաչուսեթսի Անդովերի ավագ դպրոցում, որը էլիտար նախապատրաստական դպրոց էր։ Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ծառայել է Միացյալ Նահանգների առևտրային նավատորմում[9]։ Որոշ ժամանակ աշխատել է Հագանայի կազմում՝ նավի վրա, որը Ռումինիայից հրեա փախստականներին տեղափոխում էր Բրիտանիայի կողմից շրջափակված Պաղեստին[10][11]։ Անգլիացիների կողմից բանտարկվելով և Կիպրոսի բանտարկյալների ճամբարում պահվելուց հետո՝ Քոլբերգը փախավ անձնակազմի մյուս անդամների հետ։ Քոլբերգը Պաղեստինում էր գտնվում Իսրայելի ստեղծման՝ 1948 թվականի մարտական գործողությունների ժամանակ, սակայն հրաժարվում էր մասնակցությունից՝ կենտրոնանալով ակտիվության ոչ բռնի ձևերի վրա։ Նա նաև ապրել է իսրայելական կիբուցում, մինչև որ 1948 թվականին կարողացել է վերադառնալ Ամերիկա։ Նույն թվականին ընդունվել է Չիկագոյի համալսարան։ 1948 թվականին Քոլբերգը ստացել է բակալավրի աստիճան։ Այնուհետև սովորել է հոգեբանության դոկտորական աստիճան ստանալու համար, որն ստացել է 1958 թվականին Չիկագոյում։ Այդ տարիներին նա կարդում էր Պիաժեի աշխատանքները[12]։

Քոլբերգը ստեղծել է գիտական մոտեցում, որը կենտրոնական տեղ է հատկացնում անհատի դատողությունների բարոյական որոշումների կայացմանը։ Դա հակասում էր ժամանակակից հոգեբանական մոտեցումներին՝ բիհեյվիորիզմին և հոգեվերլուծությանը, որոնք բարոյականությունը բացատրում էին որպես արտաքին մշակութային կամ ծնողական կանոնների պարզ ինտերնալիզացիա՝ ուսուցման միջոցով, օգտագործելով ամրապնդում և պատիժ կամ նույնացում ծնողական հեղինակության հետ[12]։

Գործունեություն խմբագրել

1958-1961 թվականներին Քոլբերգը Եյլի համալսարանում աշխատել է որպես հոգեբանության պրոֆեսոր։ 1955 թվականին՝ իր ատենախոսությունը սկսելու ժամանակ, նա ամուսնացել է Լյուսիլի Ստիգբերգի հետ։ Ունեցել են 2 տղա՝ Դեյվիդը և Սթիվենը։

1961-1962 թվականներին Քոլբերգը աշխատել է Կալիֆորնիայի Պալո Ալտոյի վարքագծային գիտությունների հեռանկարային հետազոտությունների կենտրոնում, այնուհետև անդամակցել է Չիկագոյի համալսարանի հոգեբանության ամբիոնին՝ որպես ասիստենտ, իսկ 1962-1967 թվականներին՝ որպես հոգեբանության և մարդկային զարգացման պրոֆեսոր։

1967-1968 թվականներին նա Հարվարդի բարձրագույն դպրոցում ազատ ունկնդիր էր, 1968 թվականից՝ կրթության և հասարակական հոգեբանության պրոֆեսոր, որտեղ նա աշխատել է մինչև մահը։

Բարոյական զարգացման մակարդակներ խմբագրել

1958 թվականի իր չհրապարակված ատենախոսության մեջ Քոլբերգը գրել է այն, ինչն այժմ հայնտի է Քոլբերգի բարոյական զարգացման մակարդակները անվամբ[13]։ Այս փուլերը բարոյական բավարարության պլաններ են՝ նախատեսված բարոյական պատճառաբանության զարգացումը բացատրելու համար։ Թեորեմը գրվել է Չիկագոյում ուսանելու տարիներին և կրել է Պիաժեի ազդեցությունը։ Այն գրելիս Քոլբերգը ոգեշնչվել է բարոյական երկընտրանքների նկատմամբ երեխաների ցուցաբերած հետաքրքրությամբ[14]։ Քոլբերգն առաջարկել է սոկրատեսյան բարոյական դաստիարակության նոր մոդել և հաստատել Ջոն Դյուիի միտքը, ըստ որի՝ կրթության նպատակը պետք է լինի զարգացումը[15]։ Նա նաև նկարագրել է, թե ինչպես կարող են ուսուցիչները առանց թելադրանքի ազդել բարոյական զարգացման վրա, և ինչպես կարող է պետական դպրոցը զբաղվել բարոյական դաստիարակությամբ՝ Միացյալ Նահանգների սահմանադրությանը համապատասխան[5]։

Քոլբերգի մոտեցումը սկսվում է այն ենթադրությամբ, որ մարդիկ ներքուստ մոտիվացված են ուսումնասիրել և դառնալ կոմպետենտ շրջակա միջավայրում։ Սոցիալական զարգացման մեջ այն մեզ տանում է կոմպետենտ համարվող դերային մոդելների նմանակման[16]։ Այսպիսով, մեր վաղ մանկության ճիշտ և սխալ վարվելու մասին պատկերացումները մենք կազմում ենք այն մեծահասակների դերային մոդելներին հետևելով, որոնց հետ մշտական շփման մեջ ենք։ Քոլբերգը նաև նշել է, որ կան սոցիալական կյանքի ընդունված կաղապարներ, որոնք նկատվում են այնիպիսի սոցիալական ինստիտուտներում, ինչպիսիք են ընտանիքները, հասակակիցները, համատեղ գոյության և պաշտպանության, խմբային աշխատանքի, որոշումների կայացման համար համախմբված կառույցները։ Ձգտելով դառնալ նման ինստիտուտների կոմպետենտ անդամներ՝ բոլոր մշակույթների մարդիկ դրսևորում են մտածողության և վարքագծի միանման մոդելներ, որոնք վերաբերում են միմյանց, այլոց և սոցիալական աշխարհի հետ հարաբերվելուն։ Ավելին՝ որքան մարդը լավ է պատկերացնում, թե ինչպես են ուրիշներն ընկալում իրերը, այնքան ճիշտ է կողմնորոշվում կոոպերատիվ մարդկային շփումներում։

Այսպիսով, բարոյական զարգացման մակարդակների հաջորդականությունը համապատասխանում է ավելի ինքլյուզիվ սոցիալական խմբերի (ընտանիք, հասակակիցներ, հասարակություն և այլն), որոնց շրջանակներում մարդիկ ձգտում են կոմպետենտ գործել։ Երբ այդ խմբերը լավ են գործում՝ կենտրոնանալով փոխադարձության, փոխադարձ հարգանքի և հոգատարության վրա, աճող մարդիկ ընտելանում են արդարության, հարգանքի և հոգատարության ավելի լայն շրջանակների։ Բարոյական զարգացման յուրաքանչյուր մակարդակ արդարության, հարգանքի և հոգատարության գիտակցական մտածողության գիտակցումն է, որն ի հայտ է գալիս հասարակական հարաբերությունների ավելի լայն շրջանակներում՝ իր մեջ ընդգրկելով փոքրերը։ Ըստ Քոլբերգի տեսության՝ բարոյական պատճառականությունը էթիկայի հիմքն է և ունի 6 բնորոշ զարգացող կառուցվածքային մակարդակ, որոնցից յուրաքանչյուրն ավելի ադեկվատ է բարոյական երկընտրանքների նկատմամբ, քան նախորդը[17]։ Քոլբերգը կարծում էր, որ բարոյական զարգացման բարձրագույն մակարդակները մարդուն տալիս են որոշում կայացնելու ավելի մեծ ունակություններ, ինչը հնարավոր է դարձնում ավելի դժվար բարոյական երկընտրանքների հաղթահարումը[5]։ Դրանք ուսումնասիրելիս Քոլբերգը հետևել է դարերի ընթացքում բարոյական դատողության զարգացմանը, որը նրանից առաջ ուսումնասիրել էր Պիաժեն[18]։ Պիաժեն նույնպես փաստել էր, որ տրամաբանությունն ու բարոյականությունը զարգանում են կառուցողական մակարդակներով[17]։ Այս տեսությունը զարգացնելով՝ Քոլբերգը եկել է այն եզրահանգման, որ բարոյական զարգացման գործընթացը հիմնականում կապված է արդարության հետ, և դրա զարգացումը շարունակվում է ողջ կյանքի ընթացքում, նույնիսկ նման հետազոտությունների փիլիսոփայական հետևանքների երկխոսություն առաջացնելով[13][19][20]։ Նրա մոդելը խարսխված է արդարության և ազնվության հիման վրա կոոպերատիվ սոցիալական կազմակերպություն կառուցելու թեորեմի վրա[21]։

Քոլբերգն ուսումնասիրել է բարոյական պատճառականությունը՝ այն ներկայացնելով բարոյական երկընտրանքներով։ Նա այնուհետև արձագանքելու ժամանակ օգտագործվող պատճառականությունը դասակարգել է վեց մակարդակի, որոնք միավորված էին երեք խմբում՝ մինչպայմանական, պայմանական և հետպայմանական[22][23][24]։ Յուրաքանչյուր մակարդակ ունի երկու փուլ։ Այդ փուլերը մեծ ազդեցություն են ունեցել հետագա ուսումնասիրությունների վրա։ Դրանք օգտագործել է Ջեյմս Ռեսթը իր «Խնդիրների սահմանման թեստում» (1979)[25]։

Բարոյական դաստիարակություն խմբագրել

Քոլբերգը հայտնի էր իր ժամանակի հոգեբանների շրջանում բարոյական հոգեբանության ասպարեզում կատարած հետազոտության համար, իսկ դասավանդողների շրջանում նա հայտնի էր դպրոցներում բարոյական դաստիարակության ներդրման փորձերի համար։ Քոլբերգը բարոյական դաստիարակության երեք կարևորագույն բաղադրիչներ էր համարում բարոյական օրինակների, երկընտրանքների քննարկման և համայնքային դպրոցների օգտագործումը[26]։

Բարոյական դաստիարակության՝ Քոլբերգի առաջին մեթոդը բարոյական օրինակ հանդիսացող մարդկանց կյանքն ուսումնասիրելն էր, ինչպիսիք էին Մարտին Լյութեր Քինգը, Սոկրատեսը և Աբրահամ Լինքոլնը։ Նա կարծում էր, որ բարոյական օրինակ հանդիսացող անհատների խոսքերն ու գործերը կբարձրացնեն նրանց լսող կամ հետևող մարդկանց բարոյական պատճառականությունը։ Քոլբերգը երբեք չէր ուսումնասիրել, թե բարոյական օրինակների կյանքի հետազոտությունը որքանով էր ազդում մարդկանց բարոյական պատառականության զարգացման վրա, սակայն բարոյական հոգեբանության վերջին հետազոտությունները վերահաստատել են բարոյական օրինակների գործերի և պատմությունների վկայակոչման կարևորությունը[27]։ Բարոյական օրինակ հանդիսացող անհատների առաքինի արարքները կարող են չբարձրացնել բարոյական պատճառականությունը, բայց փորձը ցույց է տվել, որ այն կարող է առաջ բերել մի էմոցիա՝ հայտնի բարոյական բարձրացում անվամբ, որը մեծացնում է անհատի ցանկությունը ավելի լավ մարդ լինելու և նույնիսկ ունակ է մեծացնել նախահասարակական և բարոյական պահվածքը[27][28][29][30]։

Չնայած Քոլբերգի թեորեմը, որ բարոյական օրինակները կարող են մեծացնել բարոյական պատճառականությունը, դեռ ապացուցված չէ, բայց գիտակցումը, որ բարոյական օրինակները կարևոր տեղ ունեն բարոյական դաստիարակության մեջ, անհերքելի է։ Քոլբերգի առաջարկած՝ բարոյական պատճառականությունը մեծացնելու մյուս մեթոդը դպրոցներում բարոյական երկընտրանքների քննարկումն էր։ Ի տարբերություն բարոյական օրինակների՝ Քոլբերգը ստուգել է այս մեթոդը՝ ներառելով բարոյական երկընտրանքների քննարկումը հումանիտար և սոցիալական գիտությունների դպրոցական ուսումնական ծրագրերում։ Այս և այլ հետազոտությունների արդյունքները, որոնք օգտագործել են նմանատիպ մեթոդներ, ցույց են տվել, որ բարոյական քննարկումը իսկապես մեծացնում է բարոյական պատճառականությունը և ամենից լավ գործում է, երբ անհատն այն քննարկում է իրենից միայն մեկ աստիճանով բարձր բարոյական պատճառականություն ունեցող մարդու հետ։

Քոլբերգի օգտագործած վերջին մեթոդը հայտնի է «արդար համայնքներ» անվամբ։ 1974 թվականին Քոլբերգն աշխատել է մի շարք դպրոցների հետ՝ ժողովրդավարական հիմքով ծրագրեր հիմնելու համար, որտեղ աշակերտներին և ուսուցիչներին տրվում էր մեկական ձայն՝ դպրոցի քաղաքականությունը որոշելու համար։ Այդ ծրագրերի նպատակը դպրոցներում համայնքի գիտակցություն ստեղծելն էր՝ ժողովրդավարական արժեքները և բարոյական պատճառականությունը զարգացնելու համար։ Քոլբերգի գաղափարն ու «արդար համայնքների» զարգացումը մեծապես պայմանավորված էին նրա՝ Իսրայելի կիբուցներից մեկում գտնվելու հանգամանքով (1948), երբ նա իրականացնում էր բարոյական զարգացման երկարատև միջմշակութային հետազոտություն այլ կիբուցում[31]։

Գրվածքներ խմբագրել

Քոլբերգի ամենակարևոր հրատարակությունների մեծ մասը ժողովված է իր «Essays on Moral Development, Vols. I and II», «The Philosophy of Moral Development» (1981) և«The Psychology of Moral Development» (1984) ժողովածուների մեջ՝ հրատարակված «Harper & Row» հրատարակչության կողմից։ Քոլբերգի մյուս տեսությունների և հետազոտությունների մասին գրքերից հայտնի են «Kohlgainz» հրատարակչության հրատարակած «Consensus and Controversy», «The Meaning and Measurement of Moral Development», «Lawrence Kohlberg's Approach to Moral Education» և «Child Psychology and Childhood Education: A Cognitive Developmental View» գրքերը[32]։

Քննադատություն խմբագրել

Քոլբերգի գործընկեր Կարոլ Գիլիգանը կարծում էր, որ կոնկրետ մարդկային հարաբերությունների օպտիմազացման վրա հիմնված բարոյական դատողությունների կայացումը միանշանակ չպետք է համարվի բարոյական դատողության ավելի ցածր մակարդակ, քան օբյեկտիվ սկզբունքների դիտարկումը։ Կանխադրելով, որ կանայք կարող են զարգացնել էմպատիայի վրա հիմնված էթիկան Քոլբերգի նկարագրածից այլ, բայց ոչ պակաս կառուցվածքով՝ Գիլիգանը գրել է «Այլ ձայնով» գիրքը, որը հիմք է դարձել խնամքի էթիկայի նոր շարժման համար։ Այն սկզբում մեծ ցնցում է առաջացրել ֆեմինիստների շրջանում, այնուհետև արժանացել է ավելի լայն ճանաչման։ Քոլբերգը արձագանքել է Կարոլ Գիլիգանի քննադատությանը՝ համաձայնելով, որ խնամքի բարոյական կողմնորոշումը տարբեր է արդարության բարոյական կողմնորոշումից, բայց չի համաձայնել այն մտքին, որ կանայք տղամարդկանցից բարոյական զարգացման ավելի ցածր մակարդակ ունեն, քանի որ նրանք առավել հակված են ոչ թե արդարության, այլ խնամքի կողմնորոշման։ Քոլբերգը չէր համաձայնում Գիլիգանի հետ երկու հիմքով։ Առաջին, բարոյական զարգացումը չափող մի շարք փորձեր արձանագրել են, որ չկա մակարդակների տարբերություն տղամարդկանց և կանանց միջև, և տարբերությունները ի հայտ են գալիս միայն կրթության, աշխատանքի, սոցիալական դերեր ստանձնելու հնարավորությունների հարցում։ Երկրորդ, կանանց երկարատև հետազոտությունը արձանագրել է բարոյական զարգացման նույն անփոփոխ հաջորդականությունը, որը եղել էր տղամարդկանց ուսումնասիրելու ժամանակ։ Այլ կերպ ասած՝ Գիլիգանի քննադատությունը, որը հիմնված էր կանանց և տղամարդկանց միջև առկա տարբերությունների վրա, հերքվել է, քանզի տարբերություն գոյություն չունի։

Քոլբերգի բազմաթիվ քննադատներին ուղղված մանրակրկիտ պատասխանները զետեղված են E«ssays on Moral Development: Vol.II. The Psychology of Moral Development: The Nature and Validity of Moral Stages» գրքում։ Քոլբերգի տեսության մյուս քննադատությունն այն էր, որ նա չափից շատ ուշադրություն էր դարձնում պատճառականությանը՝ ի վնաս այլ գործոնների։ Քոլբերգի կենտրոնացման հետ կապված խնդիրներից մեկն այն էր, որ քիչ էմպիրիկ տվյալներ կային բարոյական պատճառականության և բարոյական վարքագծի միջև կապի վերաբերյալ։ Քոլբերգը ընդունել է իր բարոյական մակարդակների և բարոյական վարքագծի միջև կապի բացակայության փաստը։ Փորձելով հասկանալ այն՝ յուրաքանչյուր մակարդակ բաժանել է երկու ենթամակարդակի՝ դրանց միջև անհատական տարբերությունը բացատրելու համար[33]։ Այնուհետև առաջարկել է բարոյական պատճառականության և բարոյական վարքագծի միջև կապի մի մոդել։ Ըստ Քոլբերգի՝ անհատը սկզբում մեկնաբանում է իրավիճակը՝ օգտագործելով իր բարոյական պատճառականությունը, որը կրում է իր բարոյական մակարդակի և ենթամակարդակի ազդեցությունը։ Մեկնաբանելուց հետո՝ անհատը դեոնտիկ որոշում է կայացնում և դատողություն է անում պատասխանատվության մասին, որոնք երկուսն էլ կախված են անհատի բարոյական մակարդակից և ենթամակարդակից։ Եթե անհատը որոշում է բարոյական արարք կատարել, միևնույն է նա պետք է տիրապետի ոչ բարոյական հմտությունների՝ բարոյական վարքագիծ դրսևորելու համար։ Եթե այս մոդելը ճիշտ է, այն ամբողջությամբ բացատրում է բարոյական պատճառականության և բարոյական վարքագծի միջև կապ գտնելու ժամանակ ծագած դժվարությունը։

Քոլբերգը բարոյական պատճառականության մեջ նկատել է նաև մի խնդիր. անհատները բարոյական որոշում կայացնելիս ավելի հակված են ինտուիտիվ «հեղեղային ռեակցիայի», քան պատճառաբանված մտածողության[34]։ Ինտուիցիայի լայնատարած օգտագործումը բարոյական փորձում պատճառականության դերը դնում է հարցականի տակ։ Այս ընդլայնումը բարոյական պատճառականության բնագավառում հարց է առաջացնում, որ հնարավոր է՝ բարոյականության հետազոտությունները ներառում են այնպիսի ոլորտներ, որոնք իրական բարոյականություն չեն համարվում։ Հենց այս հարցն էր հուզում Քոլբերգին իր հետազոտությունները սկսելիս։ Այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են էլիոտ Թյուրիելն ու Ջեյմս Ռեսթը, արձագանքել են Քոլբերգի աշխատանքին՝ սեփական նշանակալից ներդրումներով։

Մահ խմբագրել

1971 թվականին Բելիզում միջմշակութային հետազոտություն կատարելիս Քոլբերգը մակաբուծային վարակ էր ստացել։ Այդ պատճառով նա տառապում էր ուժեղ որովայնային ցավով։ Բացի վարակի և դեղերի երկարաժամկետ ազդեցությունից, Քոլբերգի առողջությունը վատթարանում էր նաև շատ ջանք պահանջող աշխատանքի պատճառով՝ «Արդար համայնք» բարոյական դաստիարակության ծրագրերը դպրոցում և բանտում ներդնելը ներառյալ[35]։ Քոլբերգը երբեմն նաև դեպրեսիա էր ունենում։

1987 թվականի հունվարի 19-ին Քոլբերգը կայանել էր իր ավտոմեքենան Վիթրոփի (Մասաչուսեթս) փակուղիներից մեկում՝ Բոստոնի Լոգան օդանավակայանի դիմաց։ Նա իր դրամապանակն ու անձը հաստատող փաստաթուղթը թողել էր չկողպված ավտոմեքենայում և հավանաբար գնացել Բոստոնի նավահանգիստ։ Մի քանի շաբաթ անց նրա ավտոմեքենան և դրամապանակը գտնվեցին, որոշ ժամանակ անց էլ՝ ձնհալին, գտել են նրա դին Լոգան օդանավակայանի թռիչքուղու վերջում գտնվող նավահանգստի մոտակա ճահճում[36]։ Քոլբերգի դին գտնելուց և նրա մահը ճանաչելուց հետո նրա աշակերտներն ու գործընկերները հրատարակել են գիտական ամսագրերի հատուկ հոդվածներ՝ զարգացման հոգեբանության մեջ Քոլբերգի ներդրումն ընդգծելու համար[37]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. CONOR.Sl
  5. 5,0 5,1 5,2 5,3 Rest, James; Clark Power; Mary Brabeck (1988 թ․ մայիս). «Lawrence Kohlberg (1927–1987)». American Psychologist. 5. 43: 399–400. doi:10.1037/h0091958.
  6. See Kohlberg, L. (1982), "Moral development," in J.M. Broughton & D.J. Freeman-Moir (Eds.), The Cognitive Developmental Psychology of James Mark Baldwin: Current Theory and Research in Genetic Epistemology, Norwood, NJ: Ablex Publishing Corp.
  7. Haggbloom, S.J. et al. (2002). The 100 Most Eminent Psychologists of the 20th Century. Review of General Psychology. Vol. 6, No. 2, 139–15. Haggbloom et al. combined three quantitative variables: citations in professional journals, citations in textbooks, and nominations in a survey given to members of the Association for Psychological Science, with three qualitative variables (converted to quantitative scores): National Academy of Science (NAS) membership, American Psychological Association (APA) President and/or recipient of the APA Distinguished Scientific Contributions Award, and surname used as an eponym. Then the list was rank ordered.
  8. See Fowler, J.W., Snarey, J., and DeNicola, K. (1988), Remembrances of Lawrence Kohlberg: A compilation of the presentations given at the Service of Remembrance for Lawrence Kohlberg, at Memorial Church, Harvard University, on May 20, 1987, Atlanta, GA: Center for Research in Faith and Moral Development.
  9. See Kohlberg, L. (1991), "My Personal Search for Universal Morality," in L. Kuhmerker (Ed.), The Kohlberg Legacy for the Helping Professions, Birmingham, AL: R.E.P. Books.
  10. Kohlberg, Laurence, "Beds for Bananas," The Menorah Journal, Autumn 1948, pp. 385–399.
  11. Rudolph W. Patzert, Running the Palestine Blockade, Airlife Publishing: Shrewsbury, England, 1994.
  12. 12,0 12,1 Kohlberg, L. (1963). The development of children's orientations toward a moral order: I. Sequence in the development of moral thought. Vita Humana, 6(1–2), 11–33.
  13. 13,0 13,1 Kohlberg, Lawrence (1958). «The Development of Modes of Thinking and Choices in Years 10 to 16». Ph. D. Dissertation, University of Chicago.
  14. Crain, William C. (1985). Theories of Development (2Rev ed.). Prentice-Hall. ISBN 0-13-913617-7.{{cite book}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. Kohlberg, Lawrence; Mayer, Rochelle (Winter 1972). «Development as the aim of education» (PDF). Harvard Educational Review. 42 (4): 449–496.
  16. "Kohlberg, L. (1969), "Stage and sequence," Handbook of Socialization Theory and Research, McGraw Hill: New York.
  17. 17,0 17,1 Kohlberg, Lawrence (1973). «The Claim to Moral Adequacy of a Highest Stage of Moral Judgment». Journal of Philosophy. The Journal of Philosophy, Vol. 70, No. 18. 70 (18): 630–646. doi:10.2307/2025030. JSTOR 2025030.
  18. Piaget, Jean (1932). The Moral Judgment of the Child. London: Kegan Paul, Trench, Trubner and Co. ISBN 0-02-925240-7.
  19. Kohlberg, Lawrence (1981). Essays on Moral Development, Vol. I: The Philosophy of Moral Development. San Francisco, CA: Harper & Row. ISBN 0-06-064760-4.
  20. Kohlberg, Lawrence; Charles Levine; Alexandra Hewer (1983). Moral stages : a current formulation and a response to critics. Basel, NY: Karger. ISBN 3-8055-3716-6.
  21. Tsui, Judy; Carolyn Windsor (2001 թ․ մայիս). «Some Cross-Cultural Evidence on Ethical Reasoning». Journal of Business Ethics. 31 (2): 143–150.
  22. Kohlberg, Lawrence (1971). From Is to Ought: How to Commit the Naturalistic Fallacy and Get Away with It in the Study of Moral Development. New York: Academic Press.
  23. Kohlberg, Lawrence (1976). «Moral stages and moralization: The cognitive-developmental approach». In T. Lickona (ed.). Moral Development and Behavior: Theory, Research and Social Issues. Holt, NY: Rinehart and Winston.
  24. Colby, Anne; Kohlberg, L. (1987). The Measurement of Moral Judgment Vol. 2: Standard Issue Scoring Manual. Cambridge University Press. ISBN 0-521-24447-1.
  25. Rest, James (1979). Development in Judging Moral Issues. University of Minnesota Press. ISBN 0-8166-0891-1.
  26. Snarey, J. R. (2012). Lawrence Kohlberg: Moral biography, moral psychology, and moral pedagogy. In W.E. Pickren, D. A. Dewsbury, M. Wertheimer, W. E. Pickren, D. A. Dewsbury, M. Wertheimer (Eds.), Portraits of pioneers in developmental psychology (pp. 277–296). New York, NY, US: Psychology Press.
  27. 27,0 27,1 Algoe, S. B., & Haidt, J. (2009). Witnessing excellence in action: The 'other-praising' emotions of elevation, gratitude, and admiration. The Journal of Positive Psychology, 4(2),105–127. doi:10.1080/17439760802650519
  28. Aquino, K., McFerran, B., & Laven, M. (2011). Moral identity and the experience of moral elevation in response to acts of uncommon goodness. Journal of Personality and Social Psychology, 100(4), 703–718. doi:10.1037/a0022540
  29. Schnall, S., Roper, J., & Fessler, D. M. (2010). Elevation leads to altruistic behavior. Psychological Science, 21(3), 315–320. doi:10.1177/0956797609359882
  30. Silvers, J. A., & Haidt, J. (2008). Moral elevation can induce nursing. Emotion, 8(2), 291–295. doi:10.1037/1528-3542.8.2.291
  31. Snarey, J. R., Reimer, J., & Kohlberg, L. (1985). Development of social-moral reasoning among Kibbutz adolescents: A longitudinal cross-cultural study. Developmental Psychology, 21(1), 3–17. doi:10.1037/0012-1649.21.1.3
  32. «Lawrence Kohlberg: books by Lawrence Kohlberg @». Bookfinder.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  33. Kohlberg, L. (1984). Essays on Moral Development: Vol .II. The Psychology of Moral Development: The Nature and Validity of Moral Stages. San Francisco, Harper & Row
  34. Arnold, M. L. (2000). Stage, Sequence, and Sequels: Changing Conceptions of Morality, Post-Kohlberg. Educational Psychology Review, 12(4), 365–383.
  35. Power, F.C., Higgins, A., and Kohlberg, L, Lawrence Kohlberg's Approach to Moral Education, New York, NY: Columbia University Press.
  36. Walsh, Catherine (2000). "The Life and Legacy of Lawrence Kohlberg", Society 37(2): 38–41. doi:10.1007/BF02686189
  37. See, for instance, Boyd, D. (Ed.) (October, 1988), "Special Issue in Honour of Lawrence Kohlberg," Journal of Moral Education Vol. 17, #3; Rest, J. (Ed.) (April, 1988), "Special Issue, The Legacy of Lawrence Kohlberg," Counseling and Values Vol. 32, #3; Schrader, D. (Ed.) (Spring, 1990), "The Legacy of Lawrence Kohlberg, New Directions for Child Development, #47.