Լոուրենս Քոլբերգի բարոյական զարգացման տեսություն

Լոուրենս Քոլբերգի բարոյական զարգացման տեսություն (նաև բարոյական զարգացման մակարդակներ), շվեյցարացի հոգեբան Ժան Պիաժեի կողմից մշակված հոգեբանական տեսության ադապտացիան։ Քոլբերգն այս տեսության շուրջ սկսել է աշխատել 1958 թվականին՝ Չիկագոյի համալսարանի հոգեբանության ասպիրանտուրայում ուսումնառության տարիներին[1], և զարգացրել այն իր ողջ կյանքի ընթացքում։

Ըստ բարոյական զարգացման տեսության՝ բարոյական վարքագծի հիմքը կազմող բարոյական դատողություններում առանձնացնում են զարգացման նույնականացման վեց փուլ, որոնցից յուրաքանչյուրում բարոյական երկընտրանքների պատասխանները նախորդից առավել ադվեկատ են[2]։ Քոլբերգը բարոյական զարգացման տեսությունը կառուցել է Պիաժեի կողմից ուսումնասիրված տարիքային սահմաններից հեռու[3]։ Պիաժեն ևս համարում էր, որ տրամաբանությունն ու բարոյականությունը զարգանում են կառուցողական փուլերի հիման վրա[2]։ Զարգացնելով Պիաժեի աշխատանքները՝ Քոլբերգը սահմանել է, որ բարոյական զարգացման գործընթացում գլխավոր դեր է խաղում արդարություն հասկացությունը, և որ այս զարգացումը տեղի է ունենում մարդու ողջ կյանքի ընթացքում[4]։ Այս հասկացության օգտագործումը երկխոսություն է առաջացրել նման հետազոտությունների փիլիսոփայական հետևանքների մասին[5][6]։

Բարոյական զարգացման վեց փուլերը բաժանվում են երեք մակարդակի՝ մինչպայմանական, պայմանական և հետպայմանական։

Տեսության հիմնական սկզբունքներ խմբագրել

Լոուրենս Քոլբերգի բարոյական զարգացման մոդելի հիմքում ընկած են հետևյալ պնդումները[7][8]

  1. Տարբեր հասարակությունների և մշակույթների ներկայացուցիչները չեն տարբերվում հիմնական արժեքների ընդունման մակարդակով։ Քոլբերգն առանձնացրել է 11 այդպիսի արժեք։ Դրանց թվում են օրենքներն ու նորմերը, խիղճը, զգացմունքներն արտահայտելու ունակությունը, հեղինակությունը, քաղաքացիական իրավունքները, պայմանագիրը, փոխանակման մեջ վստահությունը և արդարությունը, պատժի արդարությունը, կյանքը, սեփականության իրավունքը, ճշմարտությունը, սերը և սեռական հարաբերությունները։ Այսպիսով, բարոյական զարգացման փուլը սահմանվում է ոչ թե բնույթով, այլ այդ արժեքների նկատմամբ վերաբերմունքի ոճով։
  2. Մոդելի կենտրոնական հասկացությունը «արդարություն» հասկացությունն է։ Արդարության սկզբունքները հիմք են հանդիսանում այն բարոյական հակամարտությունների լուծման համար, որոնք առաջանում են մասնակիցների շահերի բախման արդյունքում։ Արդարության էությունը իրավունքների և պարտականությունների բաշխումն է, որը կարգավորվում է հավասարության և փոխադարձության հասկացություններով։
  3. Բարոյական հասունության չափանիշներով՝ բարոյական զարգացման բարձրագույն մակարդակի ձեռբերումը համընդհանուր բարոյական սկզբունքերի ընդունումը և անհատի կողմից նոր բարոյական արժեքների, սեփական բարոյական հայեցակարգի ստեղծումն է։
  4. Արդեն ձևավորված բարոյական «գործողությունների» համակարգն ունի հակադարձության և հավասարակշռվածության այն նույն հատկությունները, որոնք բնորոշ են տրամաբանական-մաթեմատիկական և ֆիզիկական դատողություններին (կամ գործողություններին)։ Բարոյական «գործողությունների» հակադարձումը մարդու մոտ ձևավորվում է բարոյական համակարտության մնացած մասնակիցների տեսակետների վրա կանգ առնելու ունակության զարգացման արդյունքում։
  5. Անձի հիմնական բարոյական նորմերն ու սկզբունքները չեն համարվում «արտաքին» նորմերից ավտոմատ կերպով յուրացված և չեն առաջանում պարգևատրման կամ պատժման փորձի հետևանքով, այլ ի հայտ են գալիս սոցիալական փոխազդեցությունների արդյունքում։
  6. Քանի որ բոլոր մշակույթները սոցիալական փոխազդեցության ընդհանուր հիմքեր ունեն, բոլոր հասարակություններում բարոյական զարգացման գործընթացը ենթարկվում է ընդհանուր օրինաչափություններին[9]։

Բարոյական հարցազրույցի մեթոդիկա խմբագրել

Իր վարկածները ստուգելու նպատակով Քոլբերգը 1958 թվականին ատենախոսության մեջ ստեղծել է բարոյական հարցազրույցի մեթոդիկան[4]։ 45 րոպեի ընթացքում մագնիսական ժապավենի օգնությամբ ձայնագրվել է կիսակառուցվածքային հարցազրույց, որտեղ հարցազրուցավարը, օգտագործելով բարոյական երկընտրանքներ, փորձել է պարզել հարցվողի բարոյական զարգացման մակարդակը։ Յուրաքանչյուր երկընտրանք ձևակերպվել է պատմության ձևով, որը ներկայացնում էր այնպիսի իրավիճակ, որտեղ հերոսը կանգնած է բարոյական երկընտրանքի առջև։ Հարցվողին տրվել են մի շարք բաց հարցեր, օրինակ՝ ինչպես ըստ իրեն պետք է վարվի հերոսը, նաև խնդրել են հիմնավորել հերոսի ճիշտ ու սխալ գործողությունները։ Մի քանի բարոյական երկընտրանքների ներկայացումից հետո կազմվել է հարցվողի բարոյական զարգացվածության մակարդակի ընդհանուր գնահատականը[4][10]։ Իր հետազոտության բնօրինակում Քոլբերգն օգտագործել է «Հայնցի երկընտրանքը»[5]։

Ստորև ներկայցաված են այն երկընտրանքները, որոնք օգտագործվել են Քոլբերգի բարոյական հարցազրույցի մեթոդիկայում[7][11]։

Հայնցի երկընտրանք խմբագրել

Երկընտրանք 1-ին՝ Եվրոպայում կինը մահանում էր քաղցկեղի հատուկ տեսակից։ Կար միայն մեկ դեղամիջոց, որը, ըստ բժիշկների, կարող էր փրկել նրան։ Դա ռադիումի տեսակ էր, որը վերջերս էր բացահայտվել քաղաքի դեղագործների կողմից։ Դեղերի պատրաստումը թանկ արժեր։ Բայց դեղագործը 10 անգամ ավելի գին էր սահմանել։ Նա 400 դոլար էր վճարել ռադիումի համար, իսկ դրա մի փոքր չափաբաժնի համար 4000 դոլար գին էր սահմանել։ Հիվանդ կնոջ ամուսինը՝ Հայնցը, դիմել էր իր բոլոր ծանոթներին պարտքով գումար վերցնելու խնդրանքով և օգտագործել բոլոր օրինական միջոցները, բայց կարողացել էր հավաքել միայն 2000 դոլար։ Նա դեղագործին պատմել է, որ կինը մահանում է և խնդրել է դեղամիջոցը վաճառել ավելի էժան գնով կամ գումարը ստանալ ավելի ուշ։ Դեղագործը, սակայն, ասել է. «Ոչ, ես բացահայտել եմ դեղը և պատրաստվում եմ գումար վաստակել դրա հաշվին՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները»։ Եվ Հայնցը որոշել է ներխուժել դեղատուն և գողանալ դեղը։

Հարցեր Հայնցի երկընտրանքի վերաբերյալ․

  1. Արդյոք Հայնցը պետք է գողանա դեղը։ Ինչո՞ւ այո, ինչո՞ւ ոչ։
  2. Նրա համար լա՞վ, թե՞ վատ է դեղը գողանալը։
  3. Ինչո՞ւ է դա ճիշտ կամ սխալ։
  4. Արդյոք Հայնցը պարտականություն կամ պարտավորություն ունի գողանալու դեղամիջոցը։ Ինչո՞ւ այո, ինչո՞ւ ոչ։
  5. Եթե Հայնցը չսիրեր իր կնոջը, նա պե՞տք է գողանար դեղամիջոցը։ Ինչո՞ւ այո, ինչո՞ւ ոչ։
  6. Ենթադրենք, որ մահանում է ոչ թե նրա կինը, այլ օտար մարդ։ Հայնցը պե՞տք է ուրիշի համար դեղամիջոց գողանա։ Ինչո՞ւ այո, ինչո՞ւ ոչ։
  7. Ենթադրենք, որ դա ընտանի կենդանի է, որին նա սիրում է։ Հայնցը պե՞տք է գողանա, որպեսզի փրկի իր սիրած կենդանուն։ Ինչո՞ւ այո, ինչո՞ւ ոչ։
  8. Արդյոք մարդկանց կյանքը փրկելու համար կարևոր է անել ամեն ինչ։ Ինչո՞ւ այո, ինչո՞ւ ոչ։
  9. Գողանալը հակաօրինական է։ Արդյոք դա վատ է բարոյական առումով։ Ինչո՞ւ այո, ինչո՞ւ ոչ։
  10. Ընդհանրապես, մարդիկ պե՞տք է անեն ամեն ինչ, որպեսզի հնազանդվեն օրենքին։ Ինչո՞ւ այո, ինչո՞ւ ոչ։
  11. Խորհելով կրկին երկընտրանքի մասին՝ ո՞րն է ամենապատասխանատու արարքը, որը պետք է անի Հայնցը այս իրավիճակում։ Ինչո՞ւ։

Երկընտրանք 2-րդ՝ Հայնցը մտել է դեղատուն։ Նա գողացել է դեղը և տվել իր կնոջը։ Հաջորդ օրը թերթերում հաղորդագրություն է հայտնվել կողոպուտի մասին։ Ոստիկանության սպա Բրաունը, որը ճանաչում էր Հայնցին, կարդում է հաղորդագրությունը։ Նա հիշում է, որ տեսել է Հայնցին դեղատնից փախչելիս և հասկանում է, որ դեղատունը հենց Հայնցն է կողոպտել։ Ոստիկանը վարանում է իր իմացածը մյուսներին հայտնելու հարցում։

Երկընտարնք 3-րդ՝ Ջոն 14-ամյա տղա է, որը շատ է ցանկանում ճամբար գնալ։ Հայրը խոստացել է, որ նա կարող է գնալ, եթե ինքնուրույն վաստակի դրա համար անհրաժեշտ գումարը։ Ջոն ջանասիրաբար աշխատել և կուտակել է ճամբար մեկնելու համար անհրաժեշտ 40 դոլարը և դեռ մի փոքր էլ ավելին։ Բայց հենց մեկնելուց առաջ հայրը փոխել է իր որոշումը, նրա որոշ ընկերներ որոշել են գնալ ձկնորսության, իսկ հայրը գումար չունի։ Նա Ջոյին ասում է, որ իրեն տա հավաքած գումարը։ Ջոն չի ցանկանում հրաժարվել ճամբար գնալու մտքից և պատրաստվում է մերժել հորը։

Երկընտրանք 4-րդ՝ Մի կին քաղցկեղի շատ ծանր տեսակ ունի, որի դեմ դեղամիջոց չկա։ Բժիշկ Ջեֆերսոնը գիտի, որ նրան մնացել ապրելու ընդամենը 6 ամիս։ Կինը սարսափելի ցավեր է ունենում, բայց նա այնքան թույլ է, որ մորֆիի բավարար չափաբաժինը նրան թույլ կտա ավելի շուտ մահանալ։ Նա նույնիսկ զառանցել է, բայց հանգիստ ժամանակներում նա խնդրել է բժշկին իրեն մահանալու համար մորֆիի բավարար չափաբաժին տալ։ Չնայած բժիշկ Ջեֆերսոնը գիտի, որ սպանությունը ողորմությունից հակաօրինական է, բայց մտածում է կատարել կնոջ խնդրանքը։

Երկընտրանք 5-րդ՝ Բժիշկ Ջեֆերսոնը գթասրտությունից դրդված՝ սպանություն էր գործում։ Այդ ժամանակ մոտակայքով անցնում էր բժիշկ Ռոջերսը։ Նա գիտեր իրավիճակի մասին և փորձում է կանգնեցրել Ջեֆերսոնին, բայց դեղամիջոցը արդեն տրվել էր։ Բժիշկ Ռոջերսը տատանվում է՝ տեղեկացնել բժիշկ Ջեֆերսոնի արարքի վերաբերյալ, թե ոչ։

Երկընտրանք 6-րդ՝ Ջուդին 12-ամյա աղջիկ է։ Մայրը նրան խոստացել էր, որ թույլ կտա գնալ իրենց քաղաքում կայանալիք ռոք համերգին, եթե գումար խնայի տոմսի համար։ Նա խնայել էր 15 դոլար տոմսի համար և ևս 5 դոլար։ Բայց մայրը փոխում է որոշումը և ասում Ջուդիին, որ այդ գումարը պետք է ծախսի դպրոցական նոր հագուստ գնելու համար։ Ջուդին հիասթափված է և որոշում է ցանկացած գնով գնալ համերգին։ Նա տոմս է գնել, իսկ մորը ասել, թե վաստակել է ընդամենը 5 դոլար։ Չորեքշաբթի օրը նա գնում է համերգի և ասում մորը, որ օրն անցկացրել է ընկերոջ հետ։ Մեկ շաբաթ անց Ջուդին պատմում է ավագ քրոջը՝ Լուիզային, որ գնացել է համերգին և ստել մորը։ Լուիզան մտածում էր՝ պատմել մայրիկին Ջուդիի արարքի մասին, թե ոչ։

Երկընտրանք 7-րդ՝ Կորեայում նավաստիների անձնակազմը նահանջել է թշնամու՝ իրենց գերազանցող ուժերի հետ հանդիպման ժամանակ։ Անձնակազմը հատել է գետի վրա գտնվող կամուրջը, բայց թշնամին հիմնականում դեռ գտնվում էր մյուս կողմում։ Եթե ինչ-որ մեկը գնա կամուրջ և պայթեցնի այն, ապա թիմի մնացած անդամները, ժամանակային առավելություն ունենալով, հավանաբար, կարող են փախչել։ Սակայն այն մարդը, որը պետք է մնա հետևում, որպեսզի պայթեցնի կամուրջը, չի կարողանա ողջ մնալ։ Կապիտանն այն մարդն է, որն ամենից լավ գիտի, թե ինչպես իրականացնել նահանջը։ Նա դիմում է կամավորներին, սակայն այդպիսիք չկան։ Եթե նա անձամբ գնա, հավանաբար մարդիկ չեն կարողանա ապահով վերադառնալ, քանի որ նա միակն է, որ գիտի՝ ինչպես նահանջել։

Երկընտրանք 8-րդ՝ Եվրոպայի երկրներից մեկում Վալժան անունով մի աղքատ մարդ, ինչպես նաև նրա քույրն ու եղբայրը, չեն կարողանում աշխատանք գտնել։ Չունենալով գումար՝ նա գողանում է հաց և անհրաժեշտ դեղորայք։ Նրան ձերբակալում են և դատապարտում 6 տարվա ազատազրկման։ Երկու տարի անց նա փախչում է և նոր անունով ապրում մեկ այլ քաղաքում։ Նա գումար է հավաքում և աստիճանաբար կառուցում մեծ գործարան, իր աշխատողներին վճարում բարձր աշխատավարձ և եկամտի մեծ մասը նվիրաբերում հիվանադանոցներին՝ այն մարդկանց, որոնք չէին կարողանում ստանալ բժշկական որակյալ ծառայություններ։ 20 տարի անց մի նավաստի հասկանում է, որ գործարանի սեփականատեր Վալժանն այն նույն տաժանակրորդն է, որին փնտրում է ոստիկանությունը։

Երկընտրանք 9-րդ՝ երկու երիտասարդ եղբայրներ հայտնվել են ծանր իրավիճակում։ Նրանք գաղտնի լքում են քաղաքը և գումարի կարիք ունեն։ Ավագ եղբայրը՝ Կառլը, ներխուժում է խանութ և գողանում հազար դոլար։ Կրտսեր եղբայրը՝ Բոբը, գնում է պաշտոնաթող եղած ծեր մարդու մոտ․ հայտնի էր, որ նա օգնում է մարդկանց։ Նա տեղեկացնում է այդ մարդուն, որ ինքը հիվանդ է, և վիրահատության համար իրեն հազար դոլար է անհրաժեշտ։ Բոբն այդ մարդուց գումար է խնդրում և խոստանում, որ կվերադարձնի, երբ ապաքինվի։ Իրականում Բոբը հիվանդ չէր և չէր պատրաստվում վերադարձնել գումարը։ Թեպետ ծերունին չէր ճանաչում Բոբին, սակայն տվեց անհրաժեշտ գումարը։ Այդպես Բոբը և Կառլը հեռացան քաղաքից՝ հազարական դոլարով։

Բարոյականության զարգացման փուլեր խմբագրել

Քոլբերգի վեց փուլերը կարելի է խմբավորել երեք մակարդակում՝ յուրաքանչյուրը՝ երկու աստիճանով։ Դրանք են՝ մինչպայմանական, պայմանական և հետպայմանական[10][12][13]։

Քոլբերգն առանձնացրել է բարոյական զարգացման 6 փուլ, որոնք բացահայտվում են Պիաժեի ճանաչողական փուլերին նման խիստ հաջորդականությամբ[14][15]։ Մի բարոյական փուլից մյուսին անցնելը ճանաչողական հմտությունների զարգացման արդյունք է և Էմպաթիաի ունակություն։ Քոլբերգը իր փուլերը չի կապում որոշակի տարիքային փուլերի հետ։ Մինչ մարդկանց մեծ մասն իր բարոյական զարգացման ընթացքում հասնում է գոնե երրորդ փուլին, մյուսները մնում են բարոյապես ոչ հասուն իրենց ողջ կյանքի ընթացքում։ Փուլերը հնարավոր չէ բաց թողնել, բոլորն անխուսափելիորեն տանում են դեպի նորը՝ ավելի համակարգային և տարբերակված, քան նրա նախորդներն էին՝ միաժամանակ միավորվելով նրանց[14][15]։

Մակարդակ 1. Մինչպայմանական
1. Կողմնորոշում դեպի պատիժն ու հնազանդությունը (ինչպե՞ս կարող եմ խուսափել պատժից)
2. Միամիտ հեդոնիստական կողմնորոշում (ինչ օգուտ ունեմ սրանից)
Մակարդակ 2. Պայմանական
3. Ուղղորդվածություն դեպի անմիջական միջավայրին/փոքր խմբին համապատասխանությունը (սոցիալական նորմեր, «լավ երեխայի» մոդել)
4. Կենտրոնացում սոցիալական արդարության և հաստատված կանոնների պահպանման վրա (բարոյականությունը համապատասխանում է կանոններին և օրենքներին)
Մակարդակ 3. Հետպայմանական
5. Օգտակարությունը և բարոյականության գաղափարը ՝ որպես հասարակական դաշնագրի արդյունք (սոցիալական պայմանագիր)
6. Համընդհանուր էթիկական սկզբունքներ (սեփական բարոյական սկզբունքները և խիղճը որպես կարգավորող)

Յուրաքանչյուր փուլում ձեռք բերած փորձը պահպանվում է հետագա փուլերում, սակայն կարող է դիտարկվել որպես պարզեցված՝ մանրամասների նկատմամբ անբավարար ուշադրության պարագայում։

Մինչպայմանական մակարդակ խմբագրել

Բարոյական բանականության մինչպայմանական մակարդակը հատկապես տարածված է երեխաների մոտ, չնայած մեծահասակները ևս կարող են ցուցադրել դատողության նման մակարդակ։ Անհատն այս մակարդակում դատում է գործողության բարոյականության մասին դրա անմիջական հետևանքներով։ Մինչպայմանական մակարդակը բաղկացած է բարոյական զարգացման առաջին և երկրորդ փուլերից և բացառապես կապված է անհատի եսակենտրոն դիրքորոշման հետ։ Այս մակարդակում գտնվող երեխան դեռ չի յուրացրել և չի ներքնայնացրել համընդհանուր նորմերն առ այն, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ․ փոխարենը նա կենտրոնանում է գործողությունների արդյունքում առաջացող հավանական արտաքին հետևանքների վրա[10][12][13]։

Այս մակարդակում երեխան արդեն արձագանքում է մշակութային կանոններին և «լավի» ու «վատի», «արդարի» ու «անարդարի» սահմաններին, բայց հասկանում է այդ սահմանները գործողությունների ֆիզիկական կամ զգայական հետևանքների իմաստով (պատիժ, պարգևատրում, առավելությունների փոխանակում) կամ այն անձանց ֆիզիկական իշխանության իմաստով, որոնք կարևորություն են տալիս այդ կանոններին ու սահմաններին (ծնողներ, ուսուցիչներ և այլն)։ Երեխայի պահվածքը հիմնված է բացառապես շահի սկզբունքի վրա և գնահատվում է հետագա հետևանքների տեսանկյունից։

Աստիճան 1։ Երեխան ձգտում է հնազանդ լինել, քանի որ ենթադրում է, որ միայն այդպես է հնարավոր պատժից խուսափել։ Նրա համար արարքի ոչ մի բարոյական կողմ դեռևս գոյություն չունի։ «Ամաչել», «տգեղ» բառերը նրա համար հասկանալի չեն, երեխան արձագանքում է «չի կարելի», «ցավոտ է» արտահայտություններին և պատժի հեռանկարին։ Օրինակ՝ գործողությունը ընկալվում է որպես բարոյապես սխալ, երբ խախտում անողը պատժվում է։ «Վերջին անգամ, երբ ես դա արեցի, ինձ ապտակեցին, ուստի ես այլևս չեմ անի դա»։ Որքան ավելի խիստ է պատիժը արարքի համար, այնքան ավելի շատ է այն ընկալվում որպես «վատ»[16]։ Սա կարող է հանգեցնել այն եզրակացությանը, որ նույնիսկ անմեղ զոհերն են մեղավոր իրենց տառապանքների համեմատ։ Սա «եսակենտրոն» դիրքորոշում է, երբ չկա այն գիտակցումը, որ այլ մարդկանց տեսակետները կարող են տարբերվել անհատի տեսակետից[17]։

Աստիճան 2։ Երեխայի գործողությունները կենտրոնացած են պարգևատրումներ ստանալու վրա։ Նա ճիշտ է վարվում հանուն շահույթ ստանալու։ Կախված իրավիճակից՝ երեխան կիրառում է վարքի տարբեր ռազմավարություններ՝ ընտրելով նրանք, որոնք հաջող է համարում։ Օրինակ՝ նա կարող է ոչ միայն խլել իր նախընտրած իրը, այլև փոխանակել։ Գործողության բարոյական կողմը առաջվա նման դեռևս գոյություն չունի։ Դատողության երկրորդ փուլը ցույց է տալիս սահմանափակ հետաքրքրություն այլ մարդկանց կարիքների նկատմամբ, բայց մինչև այն պահը, երբ դրանք հատվում են անհատի սեփական շահերի հետ։ Արդյունքում, ուրիշների նկատմամբ հոգալը հիմնված է ոչ թէ հավատարմության կամ փոխադարձ հարգանքի, այլ ավելի շուտ «Քորիր իմ մեջքը, միայն այդ դեպքում ես էլ քո մեջքը կքորեմ» սկզբունքի վրա[2]։ Այս փուլը շատ տարբեր է սոցիալական պայմանագրից (փուլ 5), քանի որ այս փուլում բոլոր գործողություններն ուղղված են անձի սեփական կարիքների կամ շահերի սպասարկմանը։

Պայմանական մակարդակ խմբագրել

Բարոյական դատողությունների պայմանական մակարդակը բնորոշ է դեռահասներին և մեծերին։ Անհատն այս մակարդակում դատում է գործողությունների բարոյականության մասին՝ դրանք համեմատելով հասարակական կարծիքի և ակնկալիքների հետ։ Պայմանական մակարդակը բաղկացած է բարոյական զարգացման երրորդ և չորրորդ փուլերից։ Ավանդական բարոյականությունը բնութագրվում է հասարակական կոնվենցիաների ընդունմամբ առ այն, թե ինչն է սխալ, և ինչը՝ ճիշտ։ Այս մակարդակում անհատը ենթարկվում է կանոններին և հասարակության նորմերին, նույնիսկ եթե դրանք խախտելու դեպքում հետևանքներ նախատեսված չեն։ Կանոններին և համաձայնություններին հետևելը փոքր-ինչ խիստ է, նրանց համապատասխանությունը կամ արդարությունը հազվադեպ են կասկածի տակ դրվում[10][12][13]։

Այս մակարդակում ինքնանպատակ է դառնում սեփական ընտանիքի, խմբի կամ ազգի սպասումների իրականացումը՝ առանց դիտարկելու դրանց անմիջական կամ տեսանելի հետևանքները։ Այդ դիրքորոշումը պայմանավորված է ոչ միայն կոնֆորմիզմով, անձնական սպասելիքների և հասարակական կարգին հարմարմամբ, այլև օրինապահությամբ, ակտիվ աջակցությամբ և կարգուկանոնի արդարացմամբ և այդ կարգուկանոնի կրողը համարվող անհատի կամ խմբի հետ նույնականացմամբ։ Տեղի է ունենում հասարակության մեջ ընդունելի վարքագծի կանոնների գիտակցում և դրանում առկա արժեքների ընդունում։ Հասարակական ընդունումը դառնում է անձնական հետքրքրություններից կարևոր։

Աստիճան 3։ Երեխան ի վիճակի է գնահատել իր պահվածքը տվյալ միջավայրում ընդունված բարոյական սկզբունքների տեսանկյունից։ Նա հասկանում է, թե ինչ ամոթը, և ցանկանում է նշանակալի մեծահասակների աչքում լինել «լավ երեխա»[2]։ Այնուամենայնիվ, նման փոխըմբռնումը մշտական չէ և երբեմն հաջողությամբ մոռացվում է։ Անհատները ընկալունակ են այլ անձանց կողմից ընդունվելու և չընդունվելու նկատմամբ, քանի որ վերջինս հասարակության մեջ ընդունված տեսակետների արտացոլումն է։ Երրորդ փուլում երեխան կարող է դատել գործողությունների բարոյականությունը՝ գնահատելով դրա հետևանքները մարդկային հարաբերությունների տեսանկյունից, որոնք այժմ սկսում են ներառել այնպիսի երևույթներ, ինչպիսիք են հարգանքը, երախտագիտությունը և «ոսկե կանոնին» հետևելը։ «Ես ուզում եմ, որ մյուսները լավը մտածեն իմ մասին, ուզում եմ նրանց դուր գալ։ Հավանաբար իմ լավ պահվածքը կստիպի մարդկանց սիրել ինձ»։

Աստիճան 4։ Երեխան գիտակցում է հասարակության մեջ ընդունված օրենքների առկայությունը և հասկանում, թե ինչին են դրանք ծառայում։ Բացի այդ, նա օրենքների պահպանումը տեսնում է որպես իր իրավունքներին տեր կանգնելու հնարավորություն, եթե կա դրա անհրաժեշտությունը։ Օրինակ՝ ասել ուսուցչին, որ նա չի կարող այդպես վարվել։ Վարքագիծը խստորեն վերահսկվում է։ Եթե որևէ մեկը խախտում է օրենքը, մյուսները ևս կկարողանան նույնն անել, ուստի գոյություն ունեն պատրականությունները և օրենքներին ու կանոններին հետևելու պարտավորությունը։ Ինչ-որ մեկի կողմից օրենքը խախտելը բարոյապես սխալ է. մեղքը, այդպիսով, շոշափելի գործոն է այս փուլում, քանի որ տարանջատում է բարի գործերը վատ գործերից։ Հասարակության առավել ակտիվ անդամները մնում են այս փուլում, որտեղ բարոյականությունը դեռ մեծ մասամբ թելադրված է արտաքին ուժի կողմից[2]։

Հետպայմանական մակարդակ խմբագրել

Հետպայմանական մակարդակում, որը հայտնի է նաև որպես ինքնավար բարոյական սկզբունքների մակարդակ, զարգանում է այն գիտակցությունը, որ անհատները հասարակությունից առանձնացված օբյեկտներ են, և որ անհատի սեփական տեսակետը կարող է գերակայություն ունենալ ընդհանուր հասարակության տեսակետի վրա. այսինքն՝ մարդիկ կարող են չհնազանդվել իրենց սկզբունքներին չհամապատասխանող կանոններին։ Մարդիկ այս մակարդակում ապրում են՝ առաջնորդվելով սեփական բարոյական սկզբունքներով, որոնք սովորաբար ներառում են մարդու այնպիսի հիմնական իրավունքներ, ինչպիսիք են կյանքի, ազատության և արդարության իրավունքը։ Նրանք օրենքները դիտարկում են որպես օգտակար, բայց ճկուն մեխանիզմներ, որոնք իդեալականորեն կարող են պահպանել ընդհանուր սոցիալական կարգը և պաշտպանել մարդու իրավունքները։ Կանոններն ու օրենքները բացարձակ թելադրանք չեն, որոնց պետք է հետևել առանց կասկածի։ Մարդիկ ձևավորում են բարոյականության իրենց չափանիշները։ Դրանցով նրանք գնահատում են կատարված իրադարձությունները և գործում են՝ ելնելով իրենց բարոյական գաղափարներից։ Շնորհիվ այն բանի, որ հետպայմանական մակարդակում գտնվող անձինք բարձրացնում են իրենց բարոյական գնահատականը սոցիալական կոնվենցիաների նկատմամբ, նրանց վարքագիծը, հատկապես վեցերորդ փուլում, կարող է նման լինել կոնվենցիոն մակարդակում գտնվող անձանց վարքագծին։

Որոշ տեսաբաններ ենթադրում են, որ շատ մարդիկ երբեք չեն կարող հասնել այդ աստիճանի վերացական բարոյական դատողության[10][12][13]։

Աստիճան 5։ Աշխարհը դիտվում է որպես զանազան կարծիքներ, իրավունքներ և արժեքներ պարունակող։ Այս կարծիքները, իրավունքներն ու արժեքները պետք է հարգվեն որպես յուրահատուկ յուրաքանչյուր անհատի կամ համայնքի համար։ Օրենքները դիտվում են որպես սոցիալական պայմանագրեր, ոչ թե կոշտ ցուցումներ։ Նրանք, ովքեր չեն նպաստում ընդհանուր բարեկեցությանը, անհրաժեշտության դեպքում պետք է փոխվեն հանուն «մեծամասնություն կազմող մարդկանց լավագույն շահի»[13]։ Ժողովորդավարական կառավարությունը, իբրև թե, հիմնված է դատողության հինգերորդ փուլի վրա։

Աստիճան 6։ Բարոյականությունը հիմնված է վերացական դատողության վրա և օգտագործում է համընդհանուր էթիկական սկզբունքներ։ Օրենքները գործում են միայն այնքանով, որքանով դրանք հիմնված են արդարության վրա։ Ավելին, արդարադատության հանդեպ ստանձնած պարտավորությունն իր հետ պարտադրում է չհնազանդվել անարդար օրենքներին։ Իրավական իրավունքների կարիք չկա, քանի որ սոցիալական պայմանագիրը էական չէ դեոնտիկական բարոյական գործողությունների համար։ Գործողություններն այս պարագայում միջոց չեն, այլ ինքնանպատակ. մարդիկ ինչ-որ բան անում են, քանի որ դա ճիշտ է, և ոչ այն պատճառով, որ դա օգնում է նրանց խուսափել պատժից։ Չնայած Քոլբերգը պնդում էր, որ փուլերը վեցն են, բայց դժվարանում էր նույնականացնել այն մարդկանց, որոնք անընդհատ գործում են այս մակարդակում[15]։

Հետագա փուլեր խմբագրել

Հետագա ուսումնասիրություններում Քոլբերգը պարզեց, որ որոշ անհատներ բարոյական հետընթաց են ապրել։ Այս խնդիրը կարող էր լուծվել բարոյական հետընթացի գոյությունը ճանաչելով կամ տեսության հետագա ընդլայնման միջոցով։ Քոլբերգը ընտրեց երկրորդ տարբերակը՝ թույլ տալով այն ենթափուլերի գոյությունը, որոնցում ձեռք բերված փուլերը դեռ լիովին ինտեգրված չէին անհատականության մեջ[13]։ Մասնավորապես, Քոլբերգը հայտնաբերեց 4½ կամ 4+ փուլերը, այսինքն՝ չորրորդ փուլից հինգերորդ փուլի անցումը՝ որը ներառում է երկուսի բնութագրերը[13]։ Այս փուլում անհատը հիասթափված է օրենքի և կարգի բացատրման կամայական բնույթից. պատասխանատվությունը փոխվում է հասարակության կողմից տրվող հարցից դեպի հասարակության ընկալումը որպես պատասխանատու։ Այս փուլը հաճախ սխալմամբ ընկալվում է որպես երկրորդ փուլի բարոյական հարաբերականություն, քանի որ անհատը իր շահերին հակասող հասարակության շահերը դիտարկում է որպես հարաբերական և բարոյապես սխալ[13]։ Քոլբերգը նշում է, որ դա հաճախ է հանդիպում քոլեջ ընդունվող ուսանողների շրջանում[13][15]։

Քոլբերգն առաջարկել է յոթերորդ փուլի` տրանսցենդենտալ բարոյականության առկայությունը, որը կապում է կրոնը բարոյական դատողության հետ[18]։ Նույնիսկ վեցերորդ փուլում[15] էմպիրիկ տվյալների ստացման դժվարությունները Քոլբերգին ստիպեցին շեշտել յոթերորդ փուլի սպեկուլյատիվ, տեսական բնույթը[5]։

Փուլերի տարիքային ծագումը պայմանական է և կարող է տարբեր լինել` կախված ինտելեկտուալ զարգացվածության մակարդակից։ Մարդկանց մեծ մասը, ըստ Քոլբերգի, կանգ է առնում բարոյական կատարելագործման չորրորդ փուլում։ Քոլբերգի բարոյական զարգացման տեսությունը հաստատվեց ոչ միայն նրա փորձնական հետազոտություններով, այլև նրա հետևորդների աշխատանքով։ Եվ չնայած այն հանգամանքին, որ այն ունի բազմաթիվ թերություններ, այս տեսությունը նշանակալի ներդրում է ունեցել անձի զարգացման հոգեբանության մեջ։

Գործնական կիրառություն խմբագրել

Քոլբերգի աշխատանքը բարոյական զարգացման տեսության ուղղությամբ օգտագործվել է այս ոլորտում աշխատող այլ հետազոտողների կողմից։ Մեկ օրինակ է Defining Issues Test-ը (DIT), որը ստեղծվել է 1979 թվականին Ջեյմս Ռեսթի[19] կողմից՝ որպես գրավոր այլընտրանք Քոլբերգի կողմից ստեղծված բարոյական հարցազրույցին[20]։ Թեստում կատարելագործված են Լայկերտի քանակական սանդղակի օգտագործման հավաստիության չափանիշները՝ Հայնցի երկընտրանքների նման բարոյական երկընտրանքների գնահատման համար[21]։ Բացի այդ, լայն օգտագործում է ստացել Քոլբերգի տեսության մի մասը՝ որպես հետպայմանական մտածողության գաղափար»[22][23]։ 1999 թվականին DIT-ը կատարելագործվել է մինչև DIT-2-ը[20]։ Թեստը շարունակում է օգտագործվել բազմաթիվ ոլորտներում, որտեղ բարոյական թեստավորում է պահանջվում[24], օրինակ ՝ աստվածաբանության, քաղաքականության և բժշկության մեջ[25][26][27]։

Defining Issues Test (DIT) մեթոդիկայի վավերականությունը հաստատվում է նրանով, որ[9]

  • այն թույլ է տալիս արձանագրել տարբեր տարիք և կրթական մակարդակ ունեցող մարդկանց բարոյական զարգացման տարբերությունները,
  • բացահայտում է բարոյական զարգացման լոնգիտյուդային հետազոտություններում արված փոփոխությունները,
  • դրա արդյունքները փոխկապակցված են նմանատիպ այլ մեթոդների արդյունքների հետ,
  • այն թույլ է տալիս բացահայտել բարոյական դատողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին մասնակցության ընթացքում կատարված փոփոխությունները,
  • դրա արդյունքները կապված են մարդու նախասոցիալական վարքի, նրա մասնագիտական որոշումների, քաղաքական տեսակետների հետ,
  • հարցվողների կրկնակի թեստավորումը համեմատաբար կարճ ժամանակահատվածում նույն արդյունքներն է տալիս, ինչ առաջինը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Crain, William C. (1985). Theories of Development (2Rev ed.). Prentice-Hall. ISBN 0-13-913617-7.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kohlberg, Lawrence (1973). «The Claim to Moral Adequacy of a Highest Stage of Moral Judgment». Journal of Philosophy (The Journal of Philosophy, Vol. 70, No. 18) 70 (18): 630—646. doi:10.2307/2025030. JSTOR 2025030.
  3. Piaget, Jean (1932). The Moral Judgment of the Child. London: Kegan Paul, Trench, Trubner and Co. ISBN 0-02-925240-7
  4. 4,0 4,1 4,2 Kohlberg, Lawrence (1958). «The Development of Modes of Thinking and Choices in Years 10 to 16». Ph. D. Dissertation, University of Chicago
  5. 5,0 5,1 5,2 Kohlberg, Lawrence (1981). Essays on Moral Development, Vol. I: The Philosophy of Moral Development. San Francisco, CA: Harper & Row. ISBN 0-06-064760-4.
  6. Kohlberg, Lawrence; Charles Levine; Alexandra Hewer (1983). Moral stages : a current formulation and a response to critics. Basel, NY: Karger. ISBN 3-8055-3716-6.
  7. 7,0 7,1 Анцыферова Л. И. Связь морального сознания с нравственным поведением человека (по материалам исследований Лоуренса Колберга и его школы) // Психологический журнал. 1999. Т. 20. No3. С.5-17.
  8. Николаева О. П. Правовая и моральная зрелость личности // Субъект и социальная компетентность личности. — М., 1995. С. 109—137.
  9. 9,0 9,1 Психологические основы юриспруденции: учебное пособие / О. А. Гулевич — М.: НОУ ВПО Московский психолого-социальный институт, 2009. — 512 с.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Colby, Anne; Kohlberg, L. (1987). The Measurement of Moral Judgment Vol. 2: Standard Issue Scoring Manual. Cambridge University Press. ISBN 0-521-24447-1.
  11. Методика оценки уровня развития морального сознания (Дилеммы Л.Колберга) / Диагностика эмоционально-нравственного развития. Ред. и сост. И. Б. Дерманова. — СПб., 2002. С.103-112.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Kohlberg, Lawrence (1971). From Is to Ought: How to Commit the Naturalistic Fallacy and Get Away with It in the Study of Moral Development. New York: Academic Press.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 Kohlberg, Lawrence; T. Lickona, ed. (1976). «Moral stages and moralization: The cognitive-developmental approach». Moral Development and Behavior: Theory, Research and Social Issues. Holt, NY: Rinehart and Winston
  14. 14,0 14,1 Walker, Lawrence, J. (February 1989). «A longitudinal study of moral reasoning». Child Development (Child Development, Vol. 60, No. 1) 60 (1): 157—166. doi:10.2307/1131081. JSTOR 1131081. PMID 2702866.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Anne Colby; Gibbs, J. Lieberman, M., and Kohlberg, L. (1983). A Longitudinal Study of Moral Judgment: A Monograph for the Society of Research in Child Development. Chicago, IL: The University of Chicago Press. ISBN 99932-7-870-X.
  16. Shaffer, David R. (2004). Social and Personality Development (5th ed.). Wadsworth Publishing. ISBN 0-534-60700-4.
  17. Kohlberg, Lawrence (Oct 1974). «Education, Moral Development and Faith». Journal of Moral Education 4 (1): 5-16. doi:10.1080/0305724740040102
  18. Power, Clark; Lawrence Kohlberg, ed. (1981). «Moral Development, Religious Thinking, and the Question of a Seventh Stage». Essays on Moral Development Vol. I: Philosophy of Moral Development. San Francisco, CA: Harper & Row. ISBN 0-06-064760-4.
  19. Rest, James (1979). Development in Judging Moral Issues. University of Minnesota Press. ISBN 0-8166-0891-1.
  20. 20,0 20,1 Rest, James; Narvaez, D., Bebeau, M. and Thoma, S. (1999). «DIT-2: Devising and testing a new instrument of moral judgment». Journal of Educational Psychology 91 (4): 644—659. doi:10.1037/0022-0663.91.4.644.
  21. «Center for the Study of Ethical Development» (Website). DIT --Sample Dilemma: Heinz and the Drug. Retrieved 2006-12-05.
  22. Rest, James; Narvaez, D., Bebeau, M. and Thoma, S. (1999). «A Neo-Kohlbergian Approach: The DIT and Schema Theory». Educational Psychology Review 11 (4): 291—324. doi:10.1023/A:1022053215271.
  23. Rest, James; Narvaez, D., Bebeau, M. and Thoma, S. (1999). Postconventional Moral Thinking: A Neo-Kohlbergian Approach. Mahwah, NJ: Lawrence Erlbaum Associates. ISBN 0-8058-3285-8.
  24. Rest, James; Barnett, R., Bebeau, M., Deemer, D., Getz, I., Moon, Y., Spickelmeier, J. Thoma, S. and Volker, J (1986). Moral development: Advances in research and theory. Praeger Publishers. ISBN 0-275-92254-5.
  25. Bunch, Wilton H. (2005). «Changing moral judgement in divinity students». Journal of Moral Education 34 (3): 363—370. doi:10.1080/03057240500211543.
  26. Muhlberger, P. (2000). «Moral reasoning effects on political participation». Political Psychology 21 (4): 667—695. doi:10.1111/0162-895X.00212.
  27. Hedl, John J.; Glazer, H. and Chan, F. (2005). «Improving the Moral Reasoning of Allied Health Students». Journal of Allied Health 34 (2): 121—122. PMID 16032920.