Տրամասություն (անգլ.՝ discourse, ֆր.՝ discours, բացի տրամասություն տերմինից հայերենում օգտագործվում են նաև քննախոսություն կամ խոսույթ բառեզրերը) ընդհանուր իմաստով նշանակում է հաղորդակցության գործընթաց կամ խոսքային գործողություն։

Տերմինը տարածում գտել է ֆրանսերեն discours բառից, որն իր հերթին ծագել է լատիներենում այս ու այն կողմ վազվզել, մանյովր (ռազմ.) անիմաստ վազք, իրարանցում, դեսուդեն ընկնել, անընդհատ թարթում, զրույց, խոսք նշանակող discursus բայից[1]։ Ժամանակակից գիտական լեզվում և մասնավորապես հասարակագիտության մեջ տրամասություն եզրը պահպանել է իր նախնական իմաստներից միայն խոսքը և զրույցը ու հիմնականում կիրառվում է որպես լեզվաբանական կատեգորիա։ Այն լայն տարածում ունի շատ հումանիտար և հասարակական գիտություններում՝ սոցիոլոգիա, փիլիսոփայություն, ազգագրություն (մարդաբանություն), հոգեբանություն, իրավագիտություն, հաղորդակցագիտություն, մշակութաբանություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, գրականագիտություն և այլն։

Տրամասության ընկալման դիապազոն խմբագրել

Ընդհանուր առմամբ տրամասությունը ընկալվում է որպես «հաղորդակցության թեմատիկ միասնություն», «խոսք կամ տեքստ» և «հայեցակարգերի մանիպուլիացիայի միջոց», որոնք պայմանավորված են սոցիալական կյանքի արժեքներով և նորմերով։ Տրամասությունը հաղորդակցման կարևոր և անբաժան ագենտ է, որը հանդես է գալիս որպես իմաստների, արժեքների, գաղափարների, մեկնաբանությունների և այլ մենթալ կառուցվածքների կրող և տարածող։ Սակայն տրամասություն տերմինը ունի բազմաթիվ նշանակություններ, ինչը երբեմն խառնաշփոթություն է ստեղծում հասկացության ընկալման և դրա սահմանների որոշման մեջ։ Այսպես՝ Նորման Ֆերկլոն տրամասություն է համարում այն լեզուն, որն օգտագործվում է սոցիալական պրակտիկայի ներկայացման ժամանակ, Տորֆինգը տրամասությունը ներկայացնում է որպես հոգեմոնիկ արտիկուլյացիաների արդյունք, որոնց նպատակն է հասարակության մեջ հաստատել քաղաքական, բարոյական, ինտելեկտուալ առաջնություն, Պեշյոյի կարծիքով տրամասությունն այն կետն է, որտեղ հանդիպում են լեզուն և գաղափարախոսությունը, ըստ նրա՝ բառերի իմաստների փոփոխումը կապված է քաղաքական պայքարում դասակարգային դիրքերի հետ։ Պետք է ասել, որ քաղաքական դաշտում տրամասությունը ունի իր ուրույն ընկալումը, այն հանդիսանում է իշխանական ռեսուրս, որի միջոցով սոցիալական ինստիտուտները իրականացնում են իրենց ինքնաներկայացումը, լեգիտիմացիան, իրականության օրինակների կառուցումն ու տարածումը, ինչպես նաև դիրքավորումը սոցիալ-մշակութային և քաղաքական դաշտում։ Տրամասության իշխանական ուժը կայանում է նրա ընձեռած հնարավորության մեջ ստեղծելու սոցիալական, մշակութային, քաղաքական և այլ տիպի ինքնություններ։ Այլ կերպ ասած՝ այն դիտարկվում է որպես ինքնությունների գաղտնաբառ՝ «դուք այնպիսին եք, ինչպիսին ձեր տրամասությունն է»։

Տրամասության սահմանման հիմնական մոտեցումներ խմբագրել

  • «Առաջին մոտեցումը» կարելի է անվանել զուտ լեզվաբանական։ Այստեղ տրամասություն հասկացությունը դիտարկվում է որպես «խոսք», որպես հաղորդակցային իրավիճակների շրջանակներում տեղեկատվության «շարժման» տեսանկյունից դիտվող մի դինամիկ երևույթ։ Ֆրանսիացի լեզվաբան Է. Բենվենիստը XX դարի 70-ականներին առաջին անգամ սկսեց դիտարկել տրամասությունը որպես «հաղորդակցության մեջ լեզվի գործառնություն»։ Նա ընդլայնեց ֆրանսիական լեզվաբանական ավանդույթում տրամասության ընկալումն ընդհուպ մինչև լեզվի, գաղափարախոսության և մարդու միջև հարաբերությունների ամբողջության։
  • «Երկրորդ մոտեցումն» առաջարկվել է Յուրգեն Հաբերմասի կողմից։ Կարելի է ասել, որ սա ինչ-որ իմաստով հանդիսանում է նախորդի մի մասը։ Այս ընկալման մեջ տրամասությունը դիտարկվում է որպես հաղորդակցման իդեալական ձև, որն իրականցվում է մասնակիցների հայացքների քննարկման և հիմնավորման համար, և ինչ-որ չափով նման է գիտական ռացիոնալության շրջանակներում իրականցվող հաղորդակցությանը։ Ըստ Հաբերմասի՝ տրամասությունը երկխոսություն է, որտեղ մենք փորձում ենք հասնել համաձայնության, ինչն էլ հանդիսանում է հաղորդակցային գործողության հիմքը։ Տրամասությունը պահանջում է, որ մասնակիցների գործողությունների բոլոր մոտիվները բացի համատեղ փոխըմբռնման հասնելու մոտիվից չեզոքացվեն։ Սա ունի որոշակի նմանություն «գաղափարների գեներացիայի գործընթացի» հետ, որը հանդես է գալիս իբրև իրականության ճանաչողության գործիք։
  • Ն. Արությունովան առաջարկում է տրամասության հետևյալ սահմանումը՝ «Տրամասությունը կապակցված տեքստ է, որը համալրված է արտալեզվական` պրագմատիկ, սոցիալմշակութային, հոգեբանական և այլ գործոնների ամբողջությամբ։ Տրամասությունը «կյանքի մեջ ընկղմված» խոսք է։ Այդ իսկ պատճառով ի տարբերություն «տեքստ» հասկացության «տրամասություն» հասկացությունը չի կիրառվում հին, և այն տեքստերի նկատմամբ, որոնց կապը կյանքի հետ անմիջականորեն չի վերականգնվում»[2]։ Ընդհանրապես գիտության մեջ կա միտում տրամասություն հասկացությունը նույնականացնել խոսքին և հակադրել տեքստին, սակայն դրա հետ մեկտեղ կա նաև մոտեցում, որը գերադասնում է տրամասությունը սահմանել, որպես տեքստի և խոսքի գումարում[3]։
  • Երբեմն հետազոտողները տրամասական տեսությունների հիմնադիր են համարում ֆրանսիացի փիլիսոփա, պատմաբան և մշակութաբան Միշել Ֆուկոյին, ով տալիս է տրամասություն երևույթի բավականին վերացական հայեցակարգ, որը կապվում է ոչ, թե քերականական կանոնների, տրամաբանության, սուբյեկտի (խոսողի), համատեքստի հետ այլ իրենից ներկայացնում է պատմական կանոնների մի անանուն ամբողջություն, որը որոշակի դարաշրջանում սոցիալական, տնտեսական, աշխարհագրական կամ լեզվաբանական տարածության մեջ ստեղծել է արտահայտվելու յուրատեսակ մոտեցումներ[4]։ Ֆուկոն ձգտում էր այդ մոտեցումների վերլուծության շնորհիվ ցույց տալ, թե ինչպես են տարբեր ժամանակաշրջաններում և մշակույթներում տեղի ունենում որոշակի տրամասությունների իշխումը և գերակայումը, թե ինչպես են դրանք ստեղծում բացառման համակարգեր և թե ինչպես են այդ տրամասությունները ենթարկվում մեկը մյուսին[5]։ Տրամասությունները այստեղ վերացական կատեգորիաներ են, որոնք պայմանավորում են մեր գիտելիքը և մեր վերաբերմունքը մեզ շրջապատող աշխարհի նկատմամբ, հենց տրամասությունների շնորհիվ ենք մենք գնահատում և փոխառնչվում իրականության հետ։ Ֆուկոն այս մոտեցմամբ ձգտում էր հետազոտել մարդկային պատմությունը, սակայն ի տարբերություն ավանդական պատմագրության, որը ցանկանում է «զարգացումներ» գտնել երևույթների միջև և ցույց տալ դրանց պատճառահետևանքային կապը, Ֆուկոն տրամասությունների վերլուծության շնորհիվ փորձում է նախևառաջ ազատվել «անընդհատության» բոլոր հետքերից։ Նա տրամասությունը ներկայացնում է որպես մի տարածություն, որը կազմվում է այնտեղ գտնվող անհատների այլ ոչ թե պատմական օրինաչափությունների կողմից[6]։
  • Հոլանդացի հայտնի լեզվաբան Թեուն վան Դեյկն առանձնացնում է տրամսություն բառեզրի մի քանի իմաստներ։ Ըստ նրա ամենապարզ և տրամասական վերլուծության մեջ ամենատարածված իմաստով տրամասությունները իրենցից ներկայացնում են որոշակի միջավայրում (ժամանակ, վայր, պայմաններ) տեղի ունեցող ոչ բարդ հաղորդակցային իրադարձություն, որն ունի այդ հաղորդակցային գործողության մեջ ներգրավված մասնակիցներ (խոսողներ, գրողներ կամ լսողներ)։ Այս հաղորդակցային գործողությունը համալրվում է ոչ վերբալ տարրերով (ժեստեր, միմիկա և այլն)։ Այսպիսի տրամասությունների տիպիկ օրինակներ են առօրյա խոսակցույթունները ընկերների և ծանոթենրի հետ, երկխոսությունը բժշկի և հիվանդի միջև կամ թերթում հոդված գրելը (կարդալը)։ Ավելի լայն իմաստով տրամասությունը հաճախ նույնանում է խոսակցության/տեքստի կամ բարդ հաղորդակցային իրադարձության հետ. այս իմաստով տրամասությունը մարդկանց ներգրավում է յուրահատուկ իրավիճակի և համատեքստի մեջ, որտեղ նրանք կիրառում են բառերի որոշակի հաջորդականություն, ինտոնացիա, ժեստեր, իմաստներ կամ գործողություններ։ Այստեղ տրամասությունները իրենցից ներկայացնում են որոշակի վարքագծի, բառապաշարի, հաղորդակցության կանոնների մի խմբավորում։ Օրինակ՝ այս ընկալմամբ քաղաքական տրամասությունը ոչ թե զրույցն է քաղաքականության մասին, այլ քաղաքական շրջանակներում ընդունված լեզվի, բառապաշարի, հատուկ արտահայտությունների, ժեստերի և վարքագծի դրսևորումն է։ Ըստ վան Դեյկի կան ամենաքիչը տրամասության ևս երկու ավելի վերացական հայեցակարգեր։ Առաջինը կարելի է բնորոշել որպես յուրատեսակ ժանր, որը ավելի շատ առնչվում է սոցիալական ոլորտի հետ, օրինակ՝ քաղաքական տրամասություն, բժշկական տրամասություն կամ ակադեմիական տրամասություն։ Այս դեպքում տրամասությունները իրենիցից ներկայացնում են բավականին վերացական երևույթներ, օրինակ՝ քաղաքական տրամասությունը քաղաքականության մեջ կամ քաղաքական գործիչների շրջանում կիրառվող տրամասության ժանրերի ամենաընդգրկուն սահմանումն է։ Այսինքն այն ոչ թե պարզ ժանր է (տվյալ դեպքում՝ պառլամենտական դեբատ կամ քարոզչական բուկլետ) այլ սոցիալապես հիմնադրված այդպիսի ժանրերի ամբողջություն։ Եվ վերջապես տրամասության ամենավերացական ընկալումը, որը առնչվում է ոչ այնքան տեքստերի կամ խոսակցությունների հետ, որքան որևէ ժամանակային շրջանի, համայնքի կամ մշակույթի բոլոր հնարավոր տրամասությունների ժանրերին և հաղորդակցության բոլոր ոլորտներին։ Այս մակարդակում մենք օգտագործում են տրամասությունների կազմ կամ տրամասույթունների կարգ հասկացությունները, որոնք ձևավորում են հասարակական կազմ կամ հասարակական կարգ երևույթները։ Օրինակ՝ քաղաքական տրամասության կարգը այն բոլոր տրամասություններն են, որոնք տեսականորեն կարող են դառնալ քաղաքական տրամասություն։ Չնայած իր վերացական մակարդակին, այսպիսի տրամասությունները նույնպես կարող են ունենալ նեղ (բոլոր տեքստերը և խոսակցույթունները) կամ լայն (բոլոր հաղորդակցային իրադարձություններ, ներառյալ լեզուն կիրառողներ, համատեքստ և այլն) կիրառություն[7]։

Այսպիսով ընդհանրացնելով վերոհիշյալը՝ տրամասական վերլուծության մեջ պետք է առանձնացնել հետևյալ նախապայմանները.

  • Իրականության մասին գիտելիքներն ու պատկերացումներն արտաքին իրականության ուղղակի արտացոլումը չեն, դրանք կատեգորիաների միջոցով իրականության դասակարգման արդյունք են, այսինքն՝ մեր գիտելիքները տրամասության արդյունք են։
  • Այդ գիտելիքները ձևավորվում են որոշակի պատմամշակութային, սոցիալական համատեքստում, դրանք մարդկանց միջև պատմականորեն ձևավորված փոխհարաբերությունների արդյունք են։
  • Աշխարհընկալման միջոցները ստեղծված են և պահպանվում են սոցիալական լեզվի և տեքստերի շնորհիվ փոխազդեցությունների գործընթացով, որտեղ կառուցվում են հայտնի ճշմարտություններն ու գիտելիքները։
  • Տարբեր աշխարհընկալումները տանում են տարբեր սոցիալական վարքերի, այդ իսկ պարճառով էլ գիտելիքների և ճշմարտությունների կառուցվածքն ունի սոցիալական հետևանքներ։
  • Տրամասության վերլուծության խնդիրն է ցույց տալ, թե ինչպես է մեզ հայտնի «օբյեկտիվ» իրականությունը կառուցվում և թե ինչպիսի սոցիալ-մշակութային, տնտեսական կամ քաղաքական համատեքստ ունի այդ կառուցումը։

Քաղաքական խոսույթ խմբագրել

Արդի հասարակությունը զարգանում է արագ տեմպերով, ինչը պայմանավորված է տեղեկատվական հոսքերի մեծ ծավալներով, այսինքն` 21-րդ դարի հասարակությունն անցում է կատարում արդյունաբերական հասարակությունից ցանցային, հետարդյունաբերական կամ տեղեկատվական հասարակության (Ֆ. Ուեբսթեր, Մ. Կաստելս, Դ. Բել

 

Սակայն այս երևույթը Հայաստանում դեռևս նոր է, հետևապես՝ տեղեկատվական հասարակության և տեղեկատվական ժողովրդավարության ձևավորման պայմաններում հնարավոր կլինի ավելի արդյունավետ և հիմնարար կերպով զբաղվել քաղաքական խոսույթի, քաղաքական հաղորդակցության և քաղաքական լեզվի ուսումնասիրությամբ։ Քաղաքական խոսույթի տեսությունն առաջացել է Արևմուտքում 20-րդ դարի 70-ական թթ. որպես` լեզվի, մշակույթի և հասարակության ուսումնասիրության ստրուկտուրալիստական հայեցակարգերի քննադատական վերլուծություն, որպես` հետազոտության` ճգնաժամ ապրող մարքսիստական հարացույցներին փոխարինող որոշ տարբերակներ ներկայացնելու փորձ։ Քաղաքական խոսույթի տեսության ձևավորման գործում մեծ ներդրում են ունեցել հաղորդակցականության, հերմենևտիկայի, լեզվի սոցիոլոգիայի և սեմիոտիկայի (նշանագիտության) ոլորտների մի շարք գիտնականներ (Մ. Ֆուկո, Յու. Հաբերմաս, Ֆ, Ուեբսթեր, Տ.Վ. Դեյկ, Դ. Հովարդ, Դ. Կին, Հ. Լասուել, Ն. Լուման, Պ. Բուրդյե, Ու. Լիպման, Ջ. Ցալլեր, Մ. Մակլուհեն և այլք), ովքեր պայմանավորում են հասարակական-քաղաքական հարաբերությունները քաղաքական երկխոսության տեսանկյունից։ Քաղաքական լեզվի ուսումնասիրությունը սկիզբ է առել հատկապես քաղաքական խոսույթի և մտածելակերպի հետազոտության քաղաքագիտական հիմնախնդիրներից ելնելով, ինչպիսիք են՝ քաղաքական վարքագիծը, քաղաքական գիտակցությունը և դրանց ուսումնասիրության և վերլուծության մեթոդների և մոդելների մշակման անհրաժեշտությունը։ Քաղաքագիտության տեսանկյունից քաղաքական խոսույթը հնարավորություն է ընձեռում նորովի դիտարկել քաղաքական ինստիտուտների (օրինակ՝ իշխանություն և ընդդիմություն) միջև հարաբերությունները նախ և առաջ՝ որպես քաղաքական խոսույթի սուբյեկտների հարաբերություններ, որոնք հրապարակային են, բազմակողմ և երկխոսության տեսանկյունից կոնֆլիկտային, որի դեպքում հակադրվում են դիրքորոշումները։ Իսկ այս ամենի նպատակը տեղի ունեցող իրադարձությունների էությունը պարզելն է, ժամանակի մարտահրավերներին համապատասխան արձագանքելը, քաղաքականության մեջ կեղծիքը, հորինվածը և սուտը բացահայտելը, ինչպես նաև նոր գաղափարներ որոնելը ավելի արդյունավետ քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով[8]։

Խոսույթի հասկացությունը ծագել է նախադասությունից դուրս գալու լեզվաբանական հետաքրքրությամբ, ելք դեպի վերֆրազային շարահյուսություն, քանի որ խոսույթի տեսությունն օգնում է նոր լույսի ներքո տեսնելու շարահյուսական մի շարք իրողություններ[9]։

Խոսույթը բաղկացած է նախադասություններից կամ նրանց հատվածներից, իսկ խոսույթի բովանդակությունը հաճախ կենտրոնանում է ինչ-ինչ հենակետային կոնցեպտի շուրջ, որ կոչվում է խոսույթի հիմնական թեմա կամ խոսութայիեթեմսւ։ Առանձին արտահայտությունների տրամաբանական բովանդակությունը սւնվա'տւմ են առաջադրություն (նախադրանք), այդ առաջադրությունները միմյանց կապված են տրամաբանական հարաբերություններով։ Սակայն խոսույթի կաոուցվածքում գլխավորը այն մտքերն են, որոնք արտահայտությունների ձևով ընդարձակվում են հաղորդակցության ընթացքում[9]։

Խոսույթը սահմանվում է որպես տվյալ տեքստի բաղկացուցիչ համարվող լեզվական միավորների բովանդակային ամբողջություն։ Խոսույթը ձգտում է իր բովանդակության մեջ արտացոլել հաղորդակցության պահին մարդուն շրջապատող իրավիճակը, և, ամենակարևորը` ապահովել այդ իրավիճակի դինամիկ ամբողջականությունը։ Խոսույթը բաղկացած է ամբողջական նախադասություններից և նախադասության մասերից, իսկ նրա բովանդակությունը ոչ միշտ, սակայն հաճախ կենտրոնանում է որոշակի «հենակետային» ընդհանուր հասկացության վրա, որը անվանվում է «խոսույթի ուսումնասիրության նյութ»։ Առանձին նախադասությունները իրենց միասնական տրամաբանական բովանդակությամբ անվանվում են «պրոպոզիցիաներ», որոնք կապակցված են տրամաբանական հանգույցներով (կապեր, շաղկապներ) և այլն։ Այսպիսով, խոսույթի ուսումնասիրության ժամանակ մեկնաբանողը ձեռնամուխ է լինում ներտեքստային տարբեր հանգույցների կապակցմանը` կրկնաբանական, իմաստաբանական (հոմանիշների և հականիշների) կապերին, սահմանում է արտաբերման թեման և այն, ինչն արծարծվում է տվյալ թեմայում։ Տեքստի նման մեկնաբանության ժամանակ մեկնաբանողը «վերականգնում է» տվյալ խոսույթում հեղինակի կողմից «կառուցված» գաղափարային աշխարհը, այսինքն` այն բովանդակությունը` միտքը, որը պարփակված է տվյալ համատեքստում։ Այդ գաղափարային աշխարհն իր մեջ ներառում է նաև մեկնաբանողի կողմից համատեքստի ուսումնասիրության արդյունքում բացահայտելի մանրամասները և նրա կողմից հետագայում տրվելիք գնահատականները[8]։

Այս հանգամանքից է, որ օգտվում է խոսույթի հեղինակը` կարողանալով հասանելի դարձնել իր կարծիքը հասցեատիրոջը։ Ցանկանալով ընկալել խոսույթը` մեկնաբանողը մի պահ, ինքնաբերաբար, ներթափանցում է այլ գաղափարային աշխարհ։ Փորձառու հեղինակը` հատկապես քաղաքական գործիչը, միշտ փորձում է այնպես ձևակերպել իր խոսքը, որ այն հետագայում մեկնաբանվելիս հնարավորինս համահունչ լինի իր իսկ կողմից նախանշված և տրամաբանական առումով ստույգ սահմանված համապատասխան ըմբռնմանը, քանզի լեզվի բազմիմաստությունը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ համատեքստի մեկնաբանության ժամանակ, այսինքն` տվյալ պարագայում մեկնաբանողը կարող է գիտակցաբար կամ անգիտակցաբար ցուցաբերել սուբյեկտիվ մոտեցում։ Խոսույթի մասին խոսելիս անհրաժեշտ է անդրադառնալ նաև քաղաքական խոսույթի (political discourse) հասկացությանը[8]։

Քաղաքական խոսույթը հիմնված է մարդկանց և նրանց տարբեր խմբերի հավաքական և անհատական պահանջների իրացման վրա։ Քաղաքական խոսույթի նպատակը երկխոսությունը չէ։ Այս եզրն առաջին անգամ գործածվել է ֆրանսերենում 1789 թվականից ի վեր` հետագայում փոխառվելով և յուրացվելով եվրոպական լեզվաընտանիքի այլ լեզուների կողմից։ Քաղաքական խոսույթի համապատասխան օրինակներ կարող են համարվել քաղաքական գործիչների ելույթները (բանավոր և գրավոր), ԶԼՄների կողմից լուսաբանվող քաղաքական նորությունները և այլն, որոնք օժտված են հանրային ազդեցության մեծ ուժով։ Բազմաթիվ տեսաբանների կարծիքով (Լիպման Ու. Շեյգալ Ե. Բուշև Ա. և այլք) անհրաժեշտ է քաղաքական խոսքը տարբերել սովորական առտնին խոսքից, քանի որ այն օժտված է խոսույթի առանձնահատուկ կառուցվածքով, որը խոսքային խիստ յուրօրինակ հնարքների արդյունք է։ Ըստ Դեմյանկովի` քաղաքական խոսույթը կարելի է դիտարկել երեք տեսանկյուններից` ա) զուտ բանասիրական, ինչպես մյուս տեքստերը, բ) սոցիո-հոգե-լեզվաբանական` խոսողի` լատենտային կամ ակնհայտ քաղաքական նպատակներին հասնելու արդյունավետությունը որոշելիս, գ) անհատական-հերմենևտիկական` խոսույթի հեղինակի կամ մեկնաբանողի որոշակի հանգամանքներում արտահայտած անձնական գաղափարները[8]։

Քաղաքագիտության տեսանկյունից խոսույթի գործնական դրսևորումները սահմանվում են տվյալ քաղաքական սուբյեկտին բնորոշ լեզվական միջոցների ընտրությամբ։ Այս տեսանկյունից կարելի է խոսել քաղաքագիտության շրջանակներում ուսումնասիրվող քաղաքական խոսույթի այն ձևերի մասին, ինչպիսիք են՝ «քաղաքական առաջնորդի խոսույթը», «ամբողջատիրության խոսույթը», «անվտանգության խոսույթը», «ավտորիտար խոսույթը», «ժողովրդավարության խոսույթը», «խորհրդարանական խոսույթը» և այլն։ Այլ կերպ ասած՝ քաղաքական առաջնորդի խոսույթը դրա գործնական դրսևորումների՝ քաղաքական ելույթների, հարցազրույցների, հրապարակումների համախումբն է։ Ամբողջատիրության խոսույթը ամբողջատիրական հասարակությանը բնորոշ քաղաքական լեզվի գործնական դրսևորումների համախումբն է։ Իսկ անվտանգության խոսույթը պետության անվտանգության վերաբերյալ քննարկումների համախումբն է[8]։

Քաղաքական հաղորդակցության մեջ քաղաքական խոսույթը կարելի է դիտարկել լայն և նեղ իմաստներով։ Լայն իմաստով խոսույթ (խոսութային) վերլուծության համատեքստը ներառում է գործող անձանց, օբյեկտները, հանգամանքները, ժամանակահատվածը, գործողությունները և այլն։ Այս դեպքում քաղաքական խոսույթի տարրեր են համարվում տեղի ունեցող իրադարձությունները, դրանց մասնակիցները և սոցիալական համատեքստը։ Իսկ նեղ իմաստով քաղաքական խոսույթը մասնագիտացված տեքստ է, որն ունի իրեն հատուկ լեզու։ Իմի բերելով այս երկու մոտեցումները՝ կարելի է նշել, որ քաղաքական խոսույթը բանավոր և գրավոր տեքստերի փոխանակումն է որոշակի պատմական, սոցիալական և քաղաքական ժամանակում[8]։

Քաղաքական խոսույթի տեսության իմաստավորման գործում մեծ ներդրում ունի քաղաքական խոսույթի վերլուծության մեթոդաբանության հիմնադիրներից ֆրանսիացի լեզվափիլիսոփա Միշել Պեշյոն, ով 1969 թվականին լույս ընծայեց «Խոսույթի ինքնավերլուծություն» աշխատությունը, որտեղ հարց էր բարձրացված խոսութային ձևավորումների մասին։ Այդ աշխատությունում խոսույթի ձևավորումը Պեշյոն դիտարկում է որպես հաղորդակցության մասնակիցների արժեքային կողմնորոշումների, որոշակի գաղափարախոսական դիրքորոշումների արտաբերում, արտահայտում և ներկայացում։ Պեշյոն խոսույթների փոխկապակցվածությունը պայմանավորում է հաղորդակցվողների մտածելակերպի առանձնահատկություններով։ Ըստ Ուեբսթերի՝ խոսույթն ունի երկու հիմնական նշանակություն՝ ա) բառերի միջոցով մտքերի փոխանակում, բ) ռացիոնալ քննարկում կամ համոզում։ Քաղաքական խոսույթը հիմնավորված դիրքորոշումների, կարծիքների փոխանակումն է, որի արդյունքում միջոցներ են ձեռնարկվում հասարակական-քաղաքական խնդիրների լուծման համար։ Այս դեպքում բոլոր քաղաքացիները ևս պետք է ընդգրկվեն որոշումների կայացման գործընթացում, որպեսզի համատեղ որոշեն, թե որ ուղին է ավելի նպատակահարմար հասարակական-քաղաքական խնդիրների լուծման համար[8]։

Քաղաքական խոսույթի դրսևորման ձևերը խմբագրել

Քաղաքական խոսույթի մասին խոսելիս անհրաժեշտ է նշել նաև խոսույթի տիպաբանության մասին։ Ըստ դրսևորման ձևի՝ խոսույթը լինում է գրավոր և բանավոր։ Քաղաքական խոսույթի բանավոր և գրավոր ձևակերպումները յուրահատուկ են, քանի որ կարող են ներառել բազմաթիվ ճարտասանական հարցեր, ենթահարցեր, որոնք իրենցից ներկայացնում են նաև պատասխաններ (կարծիքներ)[8]։

 

Բանավոր քաղաքական խոսքի ժամանակ նշանակալի է խոսքի հնչերանգի, նրա միջոցով արտաբերվող հեգնանքի, գովերգման, ծաղրի, մտահոգության, սարսափի, տագնապի, կոչի և այլ գործոնների դերը, որը կարող է նվազել և, երբեմն, նույնիսկ կորչել միևնույն խոսքի գրավոր արտահայտման դեպքում[8]։

Բանավոր խոսույթի մանիպուլյատիվ ազդեցությունը հասարակական գիտակցության վրա ավելի մեծ է, քան գրավոր խոսույթի ազդեցությունը։ Բանավոր խոսույթի ժամանակ հեղինակը, որը տիրապետում է ճարտասանական արվեստի հմտություններին, շատ ավելի արդյունավետ կերպով կարող է իր ասելիքը հասցնել լսարանին և, երբեմն, նույնիսկ կարող է հրահրել զանգվածների մոտ որոշակի վարքագծային դրսևորումներ։ Այս մեխանիզմը շատ հաճախ կիրառվում է հանրահավաքների ժամանակ, երբ զանգվածներին ենթագիտակցաբար կարող են պարտադրվել վարքագծի որոշակի մոդելներ[8]։

Բանավոր խոսույթն իր արդյունավետության համար պարտական է հնչերանգին, քանի որ ցանկացած տեքստ ոչ միայն բովանդակում է որոշակի տեղեկույթ, այլև ունի հուզական կողմ, որը մեծապես կարող է ազդել հասարակական գիտակցության վրա։ Նույնիսկ խոսույթի վերլուծության տեսանկյունից բանավոր խոսքը շատ ավելի ընդհանուր և ամբողջական պատկերացում կարող է ընձեռել հետազոտողին, քան գրավոր խոսույթը, որը սահմանափակ է, նվազ գրավիչ և հետևապես՝ նվազ արդյունավետ։ Գործնական փաստերի վերլուծությունը հիմնավորում է բանավոր խոսույթի արդյունավետությունը ազդեցության և ճիշտ նպատակակետին հասնելու առումով[8]։

Գրավոր խոսույթը ի տարբերություն բանավորի, կարող է լինել ավելի համակարգված, բովանդակային և հստակ։ Այսպիսի խոսույթը ենթարկվում է գրավոր խոսքի շարադրման քերականական կանոններին, ուստի հաճախ կարող է սահմանափակվել լեզվական օրենքներով։ Սակայն այն, չնայած իր համակարգվածությանը, կարող է չունենալ միևնույն ազդեցությունը, ինչ բանավոր խոսույթը։ Համակարգվածությունը և հուզական կողմի դրսևորման բացակայությունը գրավոր խոսքը կարող են դարձնել պակաս ազդեցիկ, հետևապես՝ պակաս արդյունավետ քաղաքական ասպարեզում[8]։

Խոսույթի գրավոր և բանավոր ձևերի դասակարգման գործում հարկ է առանձնացնել նաև ընթերցվող և չընթերցվող քաղաքական խոսույթները։ Այս դասակարգման անհրաժեշտությունը կրկին պայմանավորված է քաղաքական խոսույթի՝ լսարանի վրա ունեցած ազդեցությամբ։ Հարկ է նշել, որ բանավոր, սակայն ընթերցվող խոսույթի ազդեցությունը լսարանի վրա շատ ավելի թույլ կարող է լինեն, քան բանավոր չընթերցվող խոսույթի ազդեցությունը։ Սա պայմանավորված է այն բանով, որ բանավոր ընթերցվող խոսույթի ժամանակ հեղինակը կարող է աննկատ կերպով կորցնել լսարանի հետ ինտերակցիան, ինչը նրա, թեկուզև, համակարգված և բովանդակալից խոսույթը կդարձնի պակաս գրավիչ, երբեմն նույնիսկ անհետաքրքիր։ Մինչդեռ բանավոր և չընթերցվող խոսույթը, ինչպես արդեն հասկանալի է, կլինի ավելի ազդեցիկ, գրավիչ, հետևապես՝ նաև արդյունավետ լսարանի հետ ինտերակցիայի շնորհիվ։ Քաղաքական գործիչները քաղաքականության մեջ հաջողություններ ունենալու և հասարակական հարգանք վայելելու համար անպայմանորեն պետք է հաշվի առնեն քաղաքական խոսույթի վերը նշված ձևերի առանձնահատկությունները[8]։

Քաղաքական ինստիտուտների միջև հարաբերությունների տեսանկյունից մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են խոսույթի հետևյալ ձևերը՝ կոնֆլիկտային խոսույթ (բանավեճեր, երկկողմ քննադատություններ) և համաձայնության խոսույթ (բանակցություններ, կլոր սեղաններ, դաշինքներ)։ Կոնֆլիկտային խոսույթը նեղացնում է վիճող կողմերի գիտակցությունը և ուղղված է նրանց դիրքորոշումների միջև տարբերությունների վերհանմանը, ինչը թույլ է տալիս գտնել շահերի անհամաձայնության առարկան։ Կոնֆլիկտային խոսույթի երկարաձգումը հանգեցնում է կործանարար հետևանքների։ Մինչդեռ համաձայնության խոսույթն ընդլայնում է կողմերի գիտակցությունը և ուղղված է ընդհանուր շահերի որոնմանն ու դիրքորոշումների մերձեցմանը։ Այն կարող է ձևավորվել նաև կոնֆլիկտային խոսույթի արդյունքում։ Քաղաքական խոսույթի լիարժեքությունը որոշվում է խոսույթի այս երկու ձևերի առկայությամբ[8]։

Քաղաքական ակտորները հաճախ կարող են ներգրավվել երկուստեք կոնֆլիկտային հարաբերություններում և, այդ իսկ պատճառով, ստիպված են բանավեճերի, փոխադարձ քննադատության (կոնֆլիկտային խոսույթ), այնուհետև՝ բանակցությունների, «կլոր սեղանների» և համաձայնեցնող բնույթ ունեցող (համաձայնության խոսույթ) այլ միջոցների օգնությամբ այդ իրավիճակներից ելքի ուղիներ փնտրել, որոնք թույլ կտան կառուցողական լուծումներ գտնել առկա խնդիրների համար իրենց ինքնուրույնության և հասարակական ամբողջականության պահպանման նպատակով[8]։

Ըստ քաղաքական վարչակարգի ձևի՝ տարբերում են ամբողջատիրական, ավտորիտար և ժողովրդավարական խոսույթներ։ Այս դասակարգման հիմքը պայմանավորված է քաղաքական վարչակարգերի առանձնահատկություններով։ Ամբողջատիրությունը ենթադրում է մենախոսական և միակողմ խոսույթ, որը բացառապես իշխանության խոսույթն է և կրում է հարկադրական բնույթ։ Ավտորիտարիզմը ենթադրում է կեղծ բազմակողմ խոսույթ կամ դրա նմանակում, երբ իշխանությունը ձևացնում է հասարակության և ընդդիմության հետ կոնսենսուսի գնալու պատրաստակամությունը։ Ժողովրդավարությունը ենթադրում է իրական բազմակողմ խոսույթ, երբ բոլորի տեսակետները լսելի և քննարկելի են[8]։

Քաղաքական խոսույթի դրսևորման ձևերի մասին խոսելիս հարկ է ընդգծել հեղինակի կողմից հաճախակի կիրառվող քաղաքական խոսույթի հնարքների օգտագործման փաստը, ինչը, ինքնին, որոշակի երանգ է հաղորդում տվյալ խոսույթին՝ այն դարձնելով ավելի գրավիչ։ Նման հնարքների օգտագործման շնորհիվ խոսույթի հեղինակը հնարավորություն է ստանում իր խոսքը դարձնել ավելի ազդեցիկ, ընկալելի և նաև փորձում է արծարծել այն հարցերը, որոնք ցանկանում է լսել զանգվածը։ Օրինակ՝ իրենց քաղաքական խոսույթում շատ հաճախ հեղինակները կիրառում են հետևյալ հնարքները՝ ճարտասանություն, չափազանցված աբստրակցիա (վերացական հասկացություններ), քննադատություն, «Ես»- ի գերագնահատում, բացարձակ ճշմարտության առարկում և այլն[8]։

Ահա այս հատկանիշներն են, որ ցուցաբերում են քաղաքական խոսույթին ներհատուկ բանավիճայնություն և նրան առանձնացնում են խոսքի այլ ձևերից։ Այս բանավիճայնությունն արտահայտվում է բառերի ընտրության ժամանակ, որի շնորհիվ «մարտական գործողությունները» ռազմի դաշտից տեղափոխվում են քաղաքական հարթակ։

Քաղաքական խոսքի բանավիճայնությունը յուրատեսակ թատերականացված ագրեսիայի դրսևորում է, որի միջոցով խոսույթի հեղինակը կարող է բացասական վերաբերմունք ներշնչել իր քաղաքական հակառակորդների նկատմամբ` տալով նրանց բացասական գնահատականներ[8]։

Այսպիսով, նպատակահարմար չէ քաղաքական խոսույթը դիտարկել միայն լեզվական տեսանկյունից, քանի որ այդ դեպքում այն կարող է կորցնել իր նշանակությունը և նպատակը, այսինքն` քաղաքական խոսույթի միակողմանի դիտարկման պարագայում, ուղղակիորեն, քիչ հավանական են դառնում քաղաքական խոսույթի հեղինակի կողմից իր լսարանին հասցեագրված գաղափարների, նրանցում թաքնված իմաստների, տրամաբանական անցումների վերհանումն ու մեկնաբանումը։ Մինչդեռ քաղաքական խոսույթը և նրա դրսևորման ձևերը հանրության քաղաքական կյանքում մեծ կարևորություն ունեն, ինչը ենթադրում է քաղաքագիտության մեջ քաղաքական խոսույթի ուսումնասիրության և վերլուծության անհրաժեշտություն։ Քաղաքական խոսույթի ուսումնասիրությունը ոչ միայն լեզվաբանության, այլև քաղաքագիտության արդի խնդիրներից մեկն է, քանի որ մեր օրերում խիստ անհրաժեշտ է դարձել քաղաքական գործիչների խոսքի ուսումնասիրության և վերլուծության հիման վրա վերջիններիս քաղաքական գործողությունների մասին դատողություններ անելը։ Այս պարագայում հարկ է նշել, որ այդ դատողությունները, մասնավորապես` նախընտրական քարոզարշավների ժամանակ թեկնածուների հասարակական-քաղաքական ելույթների ուսումնասիրության և վերլուծության արդյունքում կատարված եզրակացությունները, հետագայում, միանշանակորեն, կարող են քաղաքագիտական կանխատեսումների հիմք հանդիսանալ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дворецкий И. Х. 1976. Латинско-Русский словарь. Москва: Издательство «Русский язык». Էջ 335
  2. Языкознание - Большой Энциклопедический Словарь. Москва: Большая Российская энциклопедия. 1998. Էջ 136-137։
  3. Макаров М. Л. 2003. Основы теории дискурса. Москва: Гнозис. Էջ 87-90։
  4. Фуко М. 1996. Археология знания Киев: Ника-центр. Էջ 118
  5. Горелов Василий. Анализ дискурса в социальной теории: Мишель Фуко и Тьюен А. ван Дейк https://ecsocman.hse.ru/data/746/693/1219/glava_6.pdf‎(չաշխատող հղում)
  6. Зотов А. Ф. 2005. Современная западная философия. Москва: Высшая школа. Էջ 627-628.
  7. van Dijk Teun. 1998. Ideology. A Multidisciplinary Approach. London, Thousand Oaks, New Delhi: SAGE Publications. Էջ 193-196։
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆ, ԷՄԻԼ (2016). ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՍՈՒՅԹ. ուսումնամեթոդական ձեռնարկ. ԵՐԵՎԱՆ: Լիմուշ հրատ. ISBN 978-9939-64-235-2.
  9. 9,0 9,1 Քաղաքական խոսույթը և նրա լեզվական միջոցները, Լալիկ Խաչատրյան