Փոլ Ռոբերտ Իգնեյշըս (անգլ.՝ Paul Robert Ignatius, նոյեմբերի 11, 1920(1920-11-11), Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի ամերիկացի պաշտոնյա, ով 1967-1969 թվականներին եղել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարը, ԱՄՆ-ի 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնի կառավարման տարիներին (1963-1969) ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական և ամերիկյան հզորագույն զանգվածային լրատվամիջոցներից մեկի՝ Վաշինգտոն Փոստ օրաթերթի նախագահը[1]։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ[2]։

Փոլ Իգնեշիուս
Paul Robert Ignatius
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1920(1920-11-11) (100 տարեկան)
ԾննդավայրԳլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և գործարար
Զբաղեցրած պաշտոններՌազմածովային ուժերի նախարար
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ԱնդամությունPhi Beta Kappa
Paul R. Ignatius Վիքիպահեստում

Որպես ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախկին նախարար, ապա՝ ԱՄՆ-ի Պաշտպանության փոխնախարար, Իգնեյշըս-Իգնատոսյանը առայժմ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաբարձր ռազմական պաշտոնները զբաղեցրած հայորդին է[3]։

ԿենսագրությունԽմբագրել

Փոլ Ռոբերտ Իգնեյշըսը ծնվել է 1920 թվականին Գլենդելում (Կալիֆոռնիա), Ամերիկա ներգաղթած հայերի՝ Էլիզա (օրիորդական ազգանուն՝ Ժամկոչյան) և Հովսեփ "Ժոզեֆ" Բ․ Իգնեյշըսների (իսկական ազգանունը Իգնատոսյան կամ Իգնացյան[1]) ընտանիքում[4][5]։ Փոլ Ռոբերտ Իգնեյշըսը Ջորջ Մարշալի հիմնադրամի հոգաբարձու է, Դաշնային քաղաքների խորհրդի և Արտաքին հարաբերությունների Վաշինգտոնյան ինստիտուտի խորհրդի անդամ։

Փոլ Ռոբերտ Իգնեյշըսը սովորել է Հարվարդի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում (University of Southern California, USC): Նա հիմնադրել է «Հարբրիջ հաուզ ինքորփորեյշընը» (Harbridge House, Inc.), որը Բոստոն քաղաքում տեղակայված կառավարման խորհրդատվա-հետազոտական մի ընկերություն էր։ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան (Ֆի Բետտա Կապպա՝ Phi Beta Kappa և Ֆի Կապպա Տաու՝ Phi Kappa Tau) և Վարչական գործարարության մագիստրոսի աստիճան (անգլ.՝ MBA) Հարվարդի Բիզնեսի դպրոցում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լեյտենանտի կոչումով ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում[6]։

Նախկինում եղել է Նյութատեխնիկական ապահովման կառավարման ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահը, Ամերիկյան օդային փոխադրումների ընկերության (անգլ.՝ Air Transport Association of America ) քարտուղարը, նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը, «Վաշինգտոն Փոստ» թերթի նախագահը և «Վաշինգտոն Փոստ» ընկերության (անգլ.՝ The Washington Post Company) գործադիր փոխնախագահը։

Ռազմական կարիերանԽմբագրել

Մասնակցություն Բ ԱշխարհամարտինԽմբագրել

Իգնեյշըս-Իգնատոսյանը տասնյակ հազարավոր ամերիկահայերի պես մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին՝ ԱՄՆ-ի զինված ուժերի շարքերում։ Մասնավորապես, հայտնի է, որ Երկրորդ համաշխարհայինի տարիներին լեյտենանտի կոչումով ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում։

Իգնատիոսյանը ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի «Մանիլա բեյ» ավիակրի վրա (USS Manila Bay) և իր ծառայության ընթացքում աշխատել է այդ ավիակրին ուղեկցող մարտական նավախմբի ականակիրների հետ[7]։

Պատերազմի ժամանակ Իգնատոսյանը Ֆիլիպիններում մասնակցել է Լեյտե ծովածոցի ճակատամարտին (Battle of Leyte Gulf), որը համարվում է Բ աշխարհամարտի խոշորագույն ծովամարտը[7]։

Իգնատոսյանը վերապրել է պատերազմի սարսափները, մասնավորապես երբ ճապոնական ռազմանավատորմը գրոհել է ամերիկյան ավիակիրների մի խմբի վրա, որոնց մեջ էր նաև իր հարազատ «Մանիլա բեյ» ավիակիրը (USS Manila Bay)[7]։

«Այդ ժամանակ ճապոնական ռազմանավերից երկուսը աշխարհի ամենամեծ ռազմանավերն էին», - 2013 թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի նորությունների էլեկտրոնային լրատվամիջոցի թղթակցին պատմել է ամերիկահայ ռազմածովային սպա Իգնատոսյան-Իգեյշըսը[7]։ «Ամերիկյան ռազմանավերից մի քանիսը ջրասույզ եղան, այդ թվում՝ երեք ականակիրներ։ Երկար և դաժան կոտորած էր»[7]։

Հետագայում, Լինգայեն ծովածոցում (Lingayen Gulf), Իգնատոսյանի նավը հարձակման ենթարկվեց երկու ճապոնական օդանավերի կողմից, որոնց օդաչուները կամիկաձեներ էին՝ ինքնասպաններ։ Ճապոնական օդանավերից մեկը վայր ընկավ ամերիկյան ավիակրի թռիչքային տախտակամածին և պայթեց[7]։

«Մենք հիանալի նավապետ ունեինք և կարողացանք հանգցնել հրդեհը, քանի դեռ այն չէր հասել ավիավառելիքին և զինամթերքին», - ասել է Իգնատոսյան-Իգեյշըսը[7]։

Չնայած ավերածություններին, ավիակրի անձնակազմը կարողացել է փրկել ավիակիրը, որը ևս մի քանի շաբաթ մարտական գործողություններին մասնակցեց, մինչև որ վերադարձավ ԱՄՆ ափերը՝ վերանորոգման համար[7]։

Ծառայություն ՊենտագոնումԽմբագրել

Պատերազմի ավարտից հետո Իգնեյշըս-Իգնատոսյանը վերադարձավ իր ուսմանը, որպեսզի ավարտի իր ուսումնառությունը նշանավոր Հարվարդի համալսարանում։ Ապա նա սկսեց իր կարիերան ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում (en:United States Department of Defense):

Տարիներ շարունակ ծառայելով Պենտագոնում (en:Pentagon), նա հասավ Բանակի փոխնախարարի պաշտոնին, որը ԱՄՆ պաշտպանության նախարարից հետո երրորդ պաշտոնատար անձն էր այդ նախարարությունում։ Ապա նշանակվել է ավելի բարձր պաշտոնի՝ Պաշտպանության նախարարի տեղակալ (Deputy Secretary of Defense), և, այնուհետև՝ Ռազմածովային նավատորմի նախարար (Secretary of the Navy):

Իգնեյշըս-Իգնատոսյանը պաշտպանության նախարարի օգնականի, իսկ ապա՝ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոններն է զբաղեցրել ամերիկյան պատմության խիստ հակասական և ճգնաժամային մի ժամանակահատվածում։ Հայտնի է, որ այդ ժամանակ ընթանում էր Վիետնամի պատերազմը (Vietnam War):

Ջոն Քեննեդու օրոքԽմբագրել

1961 թ. հունվարի 20-ին ԱՄՆ-ի 35-րդ նախագահ դարձավ Ջոն Ֆիցջերալդ Քեննեդին, որը այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև մինչև 1963 թ. նոյեմբերի 22-ը՝ իր եղերական սպանությունը։ Հենց այդ ժամանակաշրջանում, մասնավորապես 1961 թվականին Իգնեյշըս-Իգնատոսյանը եղել է ԱՄՆ Պաշտպանության նախարարի օգնականը նյութատեխնիկական ապահովման գծով։

Լինդըն Ջոնսընի օրոքԽմբագրել

Քեննեդու սպանությունից հետո Իգնեյշըս-Իգնատոսյանը շարունակեց իր կարիերան, որպես բարձրակարգ մասնագետ և զինված ուժերի կառավարման փորձառու ու հաջողակ պաշտոնյա։ Մասնավորապես, 1964 թվականի փետրվարին Իգնեյշըսը ԱՄՆ-ի Բանակի փոխնախարարի (Under Secretary of the Army) պաշտոնում փոխարինել է Սթիվըն Այլեսին (Stephen Ailes) և զբաղեցրել այդ պաշտոնը գրեթե տասը ամիս՝ մինչև որ 1964 թվականի դեկտեմբերին իրեն փոխարինեց Սթենլի Ռոջըրս Ռեսորը (Stanley Rogers Resor):

Դրանից հետո Իգնեյշըսը դարձյալ զբաղեցրել է ԱՄՆ Պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման գծով օգնականի պաշտոնը։

1967 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ԱՄՆ 36-րդ նախագահի՝ Լինդըն Բ. Ջոնսընի հրամանով Իգնեյշըս-Իգնատոսյանը նշանակվում է ԱՄՆ-ի ՌԾՈՒ նախարարի պաշտոնին՝ հաջորդելով Չարլզ Ֆ. Բեյրդին (Charles F. Baird), որը ԱՄՆ ՌԾՈՒ նախարարի պաշտոնակատարն էր։ Այդ պաշտոնը Իգնեյշըսը վարել է մինչև նախագահ Լինդոն Ջոնսընի պաշտոնավարության ավարտը՝ 1969 թվականի հունվարի 24-ը։ Իգնեյշըսին ԱՄՆ ՌԾՈՒ նախարարի պաշտոնում 1969 թվականին հաջորդել է Ջոն Չաֆին (John Chafee):

Ռազմաքաղաքական վաստակըԽմբագրել

2013 թվականի մայիսի 3-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարեցին, թե, ի պատիվ Փոլ Ռոբերտ Իգնեյշըսի՝ «Արլի Բըրք» դասի (Arleigh Burke-class) ականակիրներից մեկն այսուհետև կրելու է նրա անունը[8][9]։

ՊարգևներԽմբագրել

Արժանացել է մի շարք բարձր պարգևների[10]։

  • ԱՄՆ բանակի «Քաղաքացիական ակնառու ծառայությունների» մեդալ,
  • ԱՄՆ ռազմածովային ուժերի «Հասարակական ակնառու ծառայությունների» մեդալ,
  • ԱՄՆ պաշտպանության նախարարության «Հասարակական ակնառու ծառայությունների» մեդալ։

Քաղաքացիական կարիերանԽմբագրել

Պետական ռազմական ծառայությունից հետո Իգնատոսյանը դարձավ ԱՄՆ-ի ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկի՝ «Վաշինգտոն փոստի» (The Washington Post) նախագահը և այդ պաշտոնը զբաղեցրեց երկու տարի շարունակ։

Ապա նա զբաղեցրեց ամերիկյան «Օդային փոխադրական ընկերակցության» (Air Transport Association) նախագահի պաշտոնը, որը վարեց 15 տարի շարունակ։

Հեղինակած գրքերԽմբագրել

Իգնատոսյանը հեղինակել է երկու գիրք.

  • On Board: My Life in the Navy, Government, and Business (Naval Institute Press, 2006): «Դիրքերում։ Կյանքս ռազմածովային նավատորմում, կառավարությունում և բիզնեսում»[11][12]։
  • Now I Know in Part: Stories of My Growing Up (American Literary Press, 2000): «Այժմ ես մասամբ գիտեմ։ Մեծանալ-հասունանալու պատմվածքներ»[7]։

Առաջին գրքում Իգնատոսյանը ներկայացնում է իր ծառայությունն ու աշխատանքը զինված ուժերում, կառավարությունում և բիզնեսում։ Երկրորդ գրքում նա իր հիշողություններն է պատմում իր ընտանիքի անցյալի, Գլենդեյլում իր մանկության, պատանեկության տարիների և ապա ռազմածովային ուժերում իր ծառայությունների մասին։

ԸնտանիքԽմբագրել

Փոլ Ռոբերթ Իգնեյշըս-Իգնատոսյանի մայրական կողմը ԱՄՆ էր ներգաղթել Անգլիայից։ Մասնավորապես, իր մայրական պապը՝ Ավետիս Ժամկոչյանը՝ Էլզա Ժամկոչյանի հայրը նախ 1893 թվականին Արևմտյան Հայաստանից գաղթել է Անգլիա, բերելով իր հետ ընտանիքը, այդ թվում՝ իր դուստր Էլզային՝ Փոլ Ռոբերթ Իգնատոսյանի մորը։ Անգլիայում նրանք բարօրության են հասել, սակայն ստիպված են եղել լքել այդ երկիրը առողջական պատճառներով և մեկնել ԱՄՆ։ 1911 թվականին Ժամկոչյանները ժամանել են Կալիֆորնիա։ Ավետիս Ժամկոչյանը մեծ տուն է կառուցել Կալիֆոռնիայի Տրոպիկո քաղաքում, ապա մեծ ներդրումներ է կատարել օճառի գործարանում, դրա հետ միասին կատարելով նաև այլ գործարար ձեռնարկումներ։

Փոլ Ռոբերթ Իգնեյշըս-Իգնատոսյանի հայրը՝ Հովսեփ Իգնատոսյանը Հայաստանից էր։ Նա 19 տարեկան է եղել, երբ 1904 թվականին իր հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից ժամանել է ԱՄՆ՝ իր երեք եղբայրների հետ միասին։ Նրանք բնակություն են հաստատել ԱՄՆ-ի արևելյան ափին՝ Փիթսբուրգ (Pittsburgh) քաղաքում։ Այստեղ էլ նրանք իրենց ազգանունից հանում են հայկական «յան» վերջավորությունը[13]։

Երբ Հովսեփ Իգնատոսյան - H.B. Ignatius-ը, ինչպես այնուհետև հայտնի էր նա, 1912 թվականին Լոս Անջելեսում մասնակցում էր կրոնական մի միջոցառման՝ Shriners’ Convention, նրան հանդիպեց և անմիջապես դուր եկավ Էլզա Ժամկոչյանը, որը հայտնի էր ԱՄՆ-ի հայկական թերթերում իր լույս ընծայած նամակներով և բանաստեղծություններով։ Հովսեփ Իգնեյշըսին ծանոթացրեցին Էլզային, ապա Հովսեփը որոշեց տեղափոխվել Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաք, այնուհետև՝ մի քանի տարի անց նրանք ամուսնացան[13]։

Հովսեփ Իգնատոսյանի և Էլզա Ժամկոչյանի որդին՝ Փոլ Ռոբերթ Իգնեյշըս-Իգնատոսյանը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 11-ին Հարավային Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաքում, որը ներկայումս հայաշատ քաղաք է, Կալիֆորնիայի նահանգի Լոս Անջելեսի կոմսության (County, մարզ) 88 քաղաքներից 3-րդն իր բնակչության թվով (տարբեր տվյալներով՝ 250-ից մինչև 300 հազար) և աշխարհում երկրորդ հայաշատ քաղաքը՝ ՀՀ մայրաքաղաք Երևանից հետո։

Ներկայումս Փոլ Ռոբերթ Իգնեյշըս-Իգնատոսյանը բնակվում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում (Washington, D.C.), իր տիկնոջ՝ Նենսիի (Nancy Ignatius) հետ։

ԶավակներԽմբագրել

Փոլ Ռոբերթ Իգնեյշըս-Իգնատոսյանն ունի երկու որդի և երկու դուստր[2]։

Որդիներից առաջինը՝ Դեյվիդ Իգնեյշըսը (David Ignatius) սյունակագիր է Վաշինգտոն Փոստում, նաև արձակագիր վիպասան է[2]։ Դեյվիդ Իգնեյշըսը ծնվել է 1950 թվականի մայիսի 26-ին։

Փոլ Ռոբերթ Իգնեյշըս-Իգնատոսյանի կրտսեր որդին՝ Էդին «Հարվարդ բիզնես ռիվյուի» (անգլ.՝ Harvard Business Review) գլխավոր խմբագիրն է[2]։

Դուստրերից Սարան՝ Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների «NAASR» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրենն է, իսկ Էյմին՝ Նյու Հեմպշիր նահանգում Քերոլ Քաունթիի, այսինքն Քերոլ կոմսության Գերագույն դատարանի դատավոր[2]։

Թոռներ և ծոռներԽմբագրել

Փոլ Ռոբերթ Իգնեյշըս-Իգնատոսյանն ունի 9 թոռ և 2 ծոռ[2]։

ՊատկերասրահԽմբագրել

Այցեր Արևմտյան և Արևելյան ՀայաստանԽմբագրել

Փոլ Ռոբերտ Իգնեյշըսը, իր հուշերի հատորը գրելուց բացի, իր իսկ բնորոշմամբ՝ իր կյանքի կարևորագույն ուղևորությունն է կատարել 2006-ին՝ իր երկու զավակների հետ այցելելով պատմական Հայաստան՝ Արևմտյան Հայաստան և ներկայիս Հայաստանի Հանրապետություն։ Նրանք եղել են ընտանիքի պապենական տանը` Մեծ Հայքի Ծոփք նահանգի Խարբերդ քաղաքում՝ Արևմտյան Հայաստանում։ Դա նրանց գնահատմամբ՝ հրաշալի փորձառություն էր՝ խառը զգացմունքներով հագեցած, որոնց մեջ անշուշտ նաև տխուրը, տեսնելով թե ինչպես են հայոց եկեղեցիները, դպրոցներն ու մյուս շինությունները ավերակ դարձել։ Իգնեյշըս-Իգնատոսյանները կարող էին պատկերացնել, թե ինչ գեղեցիկ վայր էր եղել այնտեղ՝ Խարբերդում մինչև Մեծ Եղեռնը՝ վեհապանծ լեռներով և կանաչապատ հովիտներով։ Հմմտ՝ «Ազգ» շաբաթաթերթ, 2017-12-15[10]։

Կարիերայի ժամանակացույցԽմբագրել

Նախորդող
Ստեֆան Այլես
ԱՄՆ բանակի քարտուղարի տեղակալ
փետրվար 1964 - դեկտեմբեր1964
Հաջորդող
Սթենլի Ռոջերս Ռիզոր
Նախորդող
Չարլզ Ֆ․ Բայրդ (պաշտոնակատար)
ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար
սեպտեմբերի 1, 1967 - հունվարի 241969
Հաջորդող
Ջոն Չաֆի

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «ԱՄՆ պատմության ամենաբարձր պաշտոն զբաղեցրած հայը»։ newmag.am։ Վերցված է 6 Սեպտեմբեր 2016 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ։ Հարցազրույց Մ. Նահանգների ռազմածովային ուժերի նախկին նախարար, ծովակալ Պոլ Իգնեյշսի հետ։ Պոլ Իգնեյշսի հետ հարցազրույց է վարել AGBU հանդեսի աշխատակից Դենիել Հալտոնը:։ Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ։ «Ազգ» շաբաթաթերթ, 2017-12-15։ [1]
  3. PAUL ROBERT IGNATIUS, US SECRETARY OF NAVY
  4. «Businesslife.com - America: The Land of Opportunity»։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-14-ին։ Վերցված է 2016-09-06 
  5. Yamada Katherine (հունվարի 29, 2014)։ «Verdugo Views: Distinguished alum has Armenian heritage»։ Glendale News-Press։ Վերցված է փետրվարի 21, 2014 
  6. «Paul Robert Ignatius, US Secretary of Navy»։ auroraprize.com։ Վերցված է 6 Սեպտեմբեր 2016 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 A name with firepower. BY Michelle Boston. Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի նորություններ։ Հուլիսի 18, 2013։ [2]
  8. Navy Names Next Two Destroyers
  9. Paul Ignatius. Armeniapedia. A Wiki Encyclopedia. [3]
  10. 10,0 10,1 ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ։ Հարցազրույց Մ. Նահանգների ռազմածովային ուժերի նախկին նախարար, ծովակալ Պոլ Իգնեյշսի հետ։ Պոլ Իգնեյշսի հետ հարցազրույց է վարել AGBU հանդեսի աշխատակից Դենիել Հալտոնը:։ Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ։ [4]
  11. Paul R. Ignatius: On Board. My Life in the Navy, Government, Business. Naval Institute Press, Annapolis MD 2006, ISBN 1-591-14381-0.
  12. A name with firepower. BY Michelle Boston. Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի նորություններ։ Հուլիսի 18, 2013։ [5]
  13. 13,0 13,1 Verdugo Views: Distinguished alum has Armenian heritage. January 29, 2014|By Katherine Yamada. Glendale News Press. [6]

ԱղբյուրներԽմբագրել

  • Paul R. Ignatius: On Board. My Life in the Navy, Government, Business. Naval Institute Press, Annapolis MD 2006, ISBN 1-591-14381-0.
  • Paul R. Ignatius: Now I Know in Part: Stories of My Growing Up. (American Literary Press, 2000):

Արտաքին հղումներԽմբագրել