Փիփ (նաև Փիբ, Զագլիկ, ադրբ.՝ Zəylik, Զեյլիկ)[1][2][3], հայկական նախկին բնակավայր, ներկայում ադրբեջանաբնակ գյուղ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում[2]։

Գյուղ
Փիփ
ադրբ.՝ Zəylik
Փիփ գյուղի համայնապատկերը 1980-ական թվականներին
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԵնթարկումԱդրբեջան
ՇրջանԴաշկեսանի շրջան
ՀամայնքԴաշկեսանի շրջան
Բնակչություն357 մարդ
Ազգային կազմնախքան բռնագաղթը՝հայեր, բռնազավթումից հետո՝ադրբեջանցիներ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Փիփ (Ադրբեջան)##
Փիփ (Ադրբեջան)

Ունի հնագույն պատմություն, որը սկսվում է առնվազն 8-րդ դարից։ Մինչև 1988-1989 թվականների հայերի բռնագաղթը եղել է տարածաշրջանի ամենահայաշատ գյուղը։ Հարուստ էր տարբեր դարերով թվագրվող պատմամշակութային հուշարձաններով։ Ունի գեղեցիկ բնություն, որը ներկայացված է անտառապատ լեռներով, խորը ձորերով[2]։

Անվանում

խմբագրել

Բնակավայրն ունի մի քանի անուններ։ Մինչև տարածաշրջանի ընդգրկվելը Ադրբեջանական ԽՍՀ կազմում, այն հայտնի էր իր նախնական հայկական անունով՝ Փիփ[1], որի փոխակերպված ձևը՝ Փիբ, երբեմն նույնպես կիրառելի է որոշակի գրական շրջանակների կողմից[2]։ Ժողովրդական ավանդության համաձայն՝ Փիփ անունը ծագում է քրիստոնյա Փեփրոնյա (Փեբրոնյա) կույսի անունից, ով նահատակվել և ամփոփվել է գյուղի համանուն եկեղեցում[2]։ Մինչև ԽՍՀՄ փլուզումն Ադրբեջանական ԽՍՀ-ն բնակավայրը պաշտոնապես անվանել էր Զագլիկ։ Թուրքական անվանումը կապված է գյուղի մոտ գտնվող շիբի հանքի հետ։ Հայերեն «շիբ» բառը թուրքերեն «զագ» է թարգմանվում և թարգմանությունից հետո առաջացել է Զագ-լիկ անվանաձևը[1][2]։ Ադրբեջանի Հանրապետության անկախության հռչակումից հետո այդ երկրի իշխանությունները բնակավայրը վերանվանեցին Զեյլիկ։

Տեղադրություն

խմբագրել

Փիփ գյուղը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի (նախկին Դաստափորի) շրջանի շրջկենտրոն Դաշքեսան քաղաքից (նախկին Քարհատից) 7 կմ հյուսիս-արևմուտք, Շամխոր գետի աջակողմյան և Արթինաջուր գետի ձախակողմյան վտակների միջև ընկած ջրբաժանի մոտ՝ արևմտահայաց կիսով չափ անտառապատ ձորալանջերին։ Ծովի մակերևույթից բարձր է 1360-1620 մ[2]։

Պատմություն

խմբագրել

Գյուղում և մերձակայքում պահպանված հնագիտական ու միջնադարյան հուշարձանները վկայում են տեղում վաղնջական ժամանակներից ի վեր բնակչության առկայությունը։ Հետազոտողները նշել են, որ փիփեցիները բնիկներ էին[4]։ Հայտնի է, որ ներկայիս գյուղը հիմնադրել են Հին Փիփից (այժմ՝ գյուղատեղի) տեղափոխված բնակիչները, որոնք հին գյուղը լքել ու նոր վայր են փոխադրվել կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով[5]։

Հայ-ադրբեջանական հակամարտություն

խմբագրել

1905-1906 թթ. հայ-թաթարական և հայ-թուրքական ընդհարումներ

խմբագրել
 
Վիրաբ Ազարյան

Փիփ գյուղի բնակչությունը զգալի ներդրում են ունեցել տարածաշրջանի հայկական բնակավայրերի և վանքերի պաշտպանության գործում։ Զենք, զինամթերք գնելու համար առանձին ջոկատներ մեկնել են Արևմտյան Հայաստան՝ հաճախակի հանդիպել են թուրքական հրոսակախմբերին և կռվել նրանց հետ։ Այդպիսի մի կռիվ տեղի ունեցել Վարդենիս քաղաքի մոտ, որի ժամանակ կորուստներ են ունեցել նաև հայերը։ Զոհվածների թվում է եղել Մելիք Ազարյանը, իսկ նրա եղբայր Արսեն Ազարյանը ծանր վիրավորվել է։ Հետագայում զոհվածներին հողին են հանձնել մոտակա գյուղում հատուկ այդ նպատակով բլուրի կառուցված եղբայրական գերեզմանատանը[6]։

Հայ-թաթարական ընդհարումների դեպքերից հայտնի է օրինակ 1905 թվականի սեպտեմբերի 6-ի դեպքը։ Այդ օրը թուրքական յոթ հոգանոց ավազակախումբը Աղյուսաշեն (Աղվեսաշեն) կոչվող հին գյուղատեղիի տարածքում թալանի նպատակով հարձակվեցին և իրենց հետ տարան Փիփ գյուղի բնակիչների ընտանի կենդանիների հոտը։ Թուրքերին պատժելու նպատակով հայերը հետապնդեցին և կռվի ընթացքում սպանեցին երկու թուրք ավազակի, մյուս չորսը փախան անտառ, որտեղ շրջափակման մեջ ընկան։ Հայտնի է նաև, որ հետապնդող հայերի թվում կային նաև կանայք։ Նրանք կենդանիների հոտը վերադարձրին գյուղ՝ իրենց հետ վերցնելով նաև սպանված թուրք հարձակվողների յոթ թամբած ձիերը։ Այդ միջադեպին անդրադարձել է ժամանակի հայկական մամուլը[2][7][8][9]։

Հայ-թուրքական բախումներ

խմբագրել

Լինելով տարածաշրջանի հայկական ամենամեծ գյուղերից մեկը՝ բազմաթիվ բնակիչներ որպես ֆիդայիններ ներգրավված են եղել նաև Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած հայ-թուրքական կռիվներին։ Այդպիսի ֆիդայիներից է Վիրաբ Ազարյանը, ով կամավոր կերպով անդամագրվել է Զորավար Անդրանիկի բանակին և մասնակցել կռիվներին՝ հետագայում Անդրանիկի հետ մեկնել Ֆրանսիա[6][10]։

Արցախյան շարժում և հայ ազգաբնակչության բռնագաղթ

խմբագրել

Արցախյան շարժմանն ի պատասխան սկզբնական շրջանում Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ղեկավարությունը կենտրոնական իշխանության թույլտվությամբ սկսեց հակահայ գործողություննրը, որոնք ամենից հաճախ ուղեկցվում էին հայ էթնոսի իսպառ ոչնչացմամբ, այսինքն՝ պետական մակարդակով իրականացվում էր ցեղասպանություն։ Սումգայիթի, Գանձակի և Բաքվի ջարդերին զուգընթաց պետական մակարդակով իրականացվում էր երկրի հայ ազգաբնակչության բռնագաղթ։ Այդ դառնալի ճակատագրից զերծ չմնաց նաև Փիփ գյուղի հայությունը, որը դարեր շարունակ բնակվել է այդտեղ։ Փիփից վերջին հայը հեռացավ 1988 թվականի դեկտեմբերի 8 -ին։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Փիփ գյուղը և շրջակա տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով՝ հնագույն բնակատեղիներ, բերդեր ու ամրոցներ, վանքեր և առանձին եկեղեցիներ, մատուռներ, պատմական գերեզմաններ և դամբարանադաշտեր[2]։

Գյուղում և հարակից տարածքներում գտնվել են հետևյալ կրոնական կառույցները, որոնք մինչև հայ բնակչության բռնագաղթը պահպանված էին՝ Հին Փիփ գյուղատեղիի ավերակները, Չարեք, Գարդման վանքերը, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Փեփրոնյա, Սուրբ Աստվածածին, Սուրբ Հովհաննես եկեղեցիները, Հարանց, Բարսամ Ճգնավոր, Մաղթում զադե մատուռները, Կեռստավանք բերդը, Քարհատի խաչ, Րուսկան նահատակ ուխտատեղիները, բազմաթիվ խաչքարները, աղբյուրներ և այլն[2][4]։

Հին Փիփ գյուղատեղի

խմբագրել

Հին Փիփ գյուղատեղին գտնվում է Փիփ գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Շամխոր գետի աջ ափից 0,8 կմ հեռավորության վրա՝ վերջինիս աջ վտակ Փիփ գետակի աջակողմյան հարավահայաց ձորալանջին, ծովի մակերևույթից 1000-1050 մ բարձրության վրա[2][11]։ Այստեղ են գտնվում մի շարք հայկական պատմամշակութային հուշարձաններ[2][11]։

Սուրբ Ստեփանոս եկեղեցի

խմբագրել

Գյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որի կառուցումն ավարտվել է 1849 թվականին, իսկ փոքրիկ զանգակատունը կառուցվել է ավելի վաղ՝ 1847 թվականին ժողովրդի և տփխեսցի (թիֆլիսեցի) Ստեփան Միրիմյանցի ջանքերով, որի մասին եկեղեցու արևմտյան պատի մեջ տեղադրված մարմարյա քարին կար արձանագրություն[2]։ Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր դահլիճ է՝ կառուցված անտաշ քարով և կրաշաղախով։ Հիմնային հանգույցներն ու գմբեթը կառուցվել են սրբատաշ քարով։ 22 մ երկարությամբ և 12 մ լայնությամբ եկեղեցին ներսից պահվում է վեց հրաշալի կառուցված սյուներով[2][12][13][14]։ Եկեղեցում պահվել է չորս ձեռագիր ավետարան[2][15][16], որոնց գտնվելու վայրը ներկայումս անհայտ է։ Հայտնի է, որ 1862 թվականին եկեղեցին նորոգվել է[17] և գործել մինչև 1928 թվականին ու Խորհրդային Միության իշխանության կողմից անվերադարձ փակվել[2]։ Մուտքի մոտ կար խաչքար, իսկ պատին 1849 թվականով թվագրվող արձանագրություն՝ «ՌՄՂԸ թվին»[2][18]։ Փիփ գյուղի հայությանը բռնագաղթից և Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը անցնելուց հետո եկեղեցին վերածվել է անասնագոմի[2]։

Կեռստավանք բերդ

խմբագրել

Կեռստավանք ամրոցի ավերակները գտնվում են Փիփ գյուղի մոտ՝ Շամքոր գետի աջ կողմում՝ Րուսկան նահատակ ուխտատեղիից փոքր-ինչ ցած՝ արևմտահայաց, թեքադիր լեռնաճյուղի վրա, երկու կողմից շրջապատված է խոր ձորերով առանձնացած տեղանքում[2]։ Դեռևս 19-րդ դարի վերջին պահպանված է եղել շրջապարիսպը, քարաշեն այլ շինություններ, որոնք 1980-ական թվականների դրությամբ գրեթե ավերված էին[2][19]։

Գերեզմանատուն

խմբագրել

Գյուղն ուներ հազարավոր տապանաքարերից բաղկացած հսկայական գերեզմանոց։ 1989 թվականին հայ ազգաբնակչության բռնագաղթից հետո այնտեղ հաստատված ադրբեջանցիներն ամբողջությամբ ոչնչացնում են հայկական գերեզմանոցը։ Այն երբեմն ադրբեջանցի պատանիների կողմից օգտագործվում է որպես լուսանկարվելու վայր[20]։

Բնակչություն

խմբագրել
Փիփ գյուղի բնակչությունը 1804-1917 թվականներին, բոլորը հայեր
Տարի Տուն արական իգական ընդամենը
1804[2][21] 40 100 57 157
1839[2][22] 50 286 259 545
1845[2][23] - 703 598 1301
1847[2][24] - 625 517 1142
1849[2][25] - 539 621 1160
1850[2][26] 126 551 620 1171
1888[27] - 1559 1322 2881
1898[2][28] - 1862 1605 3467
1899[2][29] - 1867 1609 3476
1900[2][30] - 1872 1659 3531
1901[2][31] - 1939 1710 3649
1902[2][32] - 1946 1738 3684
1905[2][33] - 1958 1755 3713
1906[2][34] - 2096 1855 3951
1907[2][35] - - - 3713
1908[2][36] - 2200 1800 4000[Ն 1]
1909[2][37] - 2061 1803 3864
1910[2][38] - 2347 1920 4267
1912[2][39] - 2083 1824 3907
1914[2][40] - - - 5838
1915[2][41] 800 - - -
1917[2][42] 627 - - 5838

Փիփը երկրամասի առավել բազմամարդ գյուղն էր։ Աշխարհագրական դիրքը, կենսական բարենպաստ պայմանները (աղբյուրների, վարելահողերի և անտառների առատություն), ինչպես նաև բնակչությանը զբաղվածություն ապահովող շիբահանքի առկայությունը դարեր շարունակ կարևոր գործոն են եղել տեղում բնակչության ամրապնդման ու զարգացման համար։ Գյուղի բնակչությանը, ընդհանուր առմամբ, բնորոշ են եղել կայունությունը և թվաքանակի անընդմեջ աճը։ Որոշ տարիների նվազման ցուցանիշները կապված էին հատկապես վարակիչ մահաբեր հիվանդությունների ժամանակ առ ժամանակ տարածման հետ։ 1880 թվականի աշնանից մինչև 1881 թվականի գարուն ընկած ժամանակահատվածում անհայտ հիվանդությունից մահացել է 120 մարդ[43]։ Առավել սոսկալի հետևանքներ է ունեցել 1899 թվականի նոյեմբեր - 1900 թվականի ապրիլ ժամանակահատվածում տարածված ծաղիկ հիվանդությունը, որից մահացել է 375 երեխա[44]։ Այսօրինակ աղետներին դիմակայելու համար փիփեցիները 1891 թվականին մտադրվել էին դեղատուն բացել և պահել մեկ բժիշկ։

Ազգատոհմեր

խմբագրել

Փիփ գյուղի հայերի ազգատոհմերն են՝ Ազարյաններ, Մելիքյաններ, Նաղդալյաններ, Ափյաններ (Աֆյաններ), Աղայաններ, Բաղդյաններ, Մանվելյաններ, Շահնազարյաններ,Միրումյաններ, Խոջայաններ, Թավաքալյաններ, Բարսամյաններ (Բըրսամանց), Ալավերդյաններ, Անտոնյաններ, Գյուլումյաններ, Դաշյաններ, Գյորգյաններ (Գեորգյաններ, Գորգյաններ), Ֆարյաններ, Կոստանդյաններ, Նալթակյաններ, Չովիշյաններ, Բալբաբյաններ, Չիլինգարյաններ և այլն։

Տնտեսություն

խմբագրել
 
Փիփ գյուղի մոտ գտնվող շիբի հանքավայրից հանած ալունիտի կտոր

Փիփում զարգացած է եղել հողագործությունը[1], այգեգործությունը, անասնապահությունը, մեղվապահությունը։ Փիփեցիները շահագործում էին գյուղի հարավային կողմի շիբով հարուստ բարձրաբերձ լեռների հանքավայրերը[3][45]։ Հանքանյութի արդյունահանմամբ փիփեցիները զբաղվել են վաղ ժամանակներից։ Ինչպես նշում է Գ. Տկաչևը դեռևս 1850-ական թվականներին շիբի արդյունահանումը տարեկան կազմել է 10 հազ. փութ։ Այդպիսի ընթացքով հանքը շահագործվել է 1805-1864 թվականներին[46]։

Փիփի քահանաները

խմբագրել

Փիփ գյուղում մշտապես գործունեություն են ծավալել 2-3 քահանաներ։

  • Պետրոս Տեր Վարդանյան. 1832 թ.-ին ձեռնադրվել Փիփ գյուղի քահանա[47]։
  • Գալուստ Տեր-Խաչատրյան Շահնազարյանց. 1834 թ.-ից քահանայագործել է գյուղում[48]։
  • 1878 թ.-ին Փիփն ունեցել է 3 քահանա[49]։
  • Հովհաննես Մամիկոնյանց. եղել է Փիփ գյուղի քահանա, վախճանվել է 1892 թ.-ի հոկտեմբերի 21-ին 45 տարեկան հասակում կարճատև հիվանդությունից հետո[50]։
  • Տեր Գալուստ Մամիկոնյան. ձեռնադրվել է և քահանայագործել Փիփում 1823 թ.-ի մարտի 6-ից, եկեղեցու շինարարության ընթացքում ցուցաբերած եռանդուն աշխատանքի համար արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե. Աշտարակեցու պարգևին. «յաղագս ջերմեռանդ աշխատութեան իւրոյ ի վերա շինութեան եկեղեցւոյն Փիբ գեղջ վարձատրեալ է ի 1851 ամի ոսկեզօծ լանջական խաչիւ ի Ներսէս սրբազնագոյն կաթուղիկոսէ Ամենայն Հայոց»։ Դեռևս 1860 թ.-ին քահանայագործում էր[48]։
  • Հովհաննես Ոսկանյան Խոջայանց. 1897 թ.-ին ձեռնադրվել է քահանա և ծառայել առնվազն մինչև 1922 թ.-ը։ 1908 թ.-ին նա քահանայագործում էր Մովսես Մամիկոնյանցի հետ։ Ուներ 2 երեխա՝ Հայկ՝ ծնվ. 1892 թ., Հայկանույշ՝ ծնվ. 1896 թ.։
  • Պավել Գորգյան։ 1930-ական թվականներից ձեռնադրվել է Զագլիկ գյուղի քահանա և ծառայել է մինչև հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումը։

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Փիփ գյուղը 1980-ականներին (տեսահոլովակ) մաս 1 մաս 2

Նշումներ

խմբագրել
  1. Համաձայն «”Кавказский календарь на 1910 г.”, Тифлис, 1909, с. 254» աղբյուրի՝ նույն թվականին գյուղն ուներ 3992 բնակիչ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ճանապարհորդութիին դէպի Ելիսավետպօլի նահանգ» (PDF). Թիֆլիս. Մշակ. 13.09.1883թ. էջ 1. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ» RAA գիտական ուսումնասիրություններ, Գիրք Զ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3, (հայերեն տարբերակ), (English version)։
  3. 3,0 3,1 «Վարձք» հանդես, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, 2021 թվական, N 16, էջ 20, ISSN 1829-2003:
  4. 4,0 4,1 Բարխուտարեանց Մ., Արցախ, Բաքու, 1895 թվական։
  5. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 257։
  6. 6,0 6,1 Сергей Еремянц-Гандзакеци, "Гандзак, 1880-1916", Документальная книга, Авторское издание, Ереван, Издательство "Лусабац", ISBN 978-9939-53-747-4(ռուս.)
  7. «Մշակ», 1883, N 128, էջ 1։
  8. «Արշալույս», 1905, N 9, էջ 1։
  9. Ա-Դօ, «Հայ-թուրքական ընդհարումները Կովկասում», Երևան, 1907 թվական։
  10. Գարդմանի կանչ թերթի 2010 թվականի 3-րդ 4-րդ համարներ։
  11. 11,0 11,1 «Վարձք» հանդես, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, 2022 թվական, N 17, ISSN 1829-2003:
  12. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց.1, գ. 3814, թ. 105:
  13. «Արձագանք», 1886, N 23, էջ 329։
  14. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 265։
  15. «Արձագանք», 1886, N 23, էջ 329-330։
  16. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բաքու, 1895, էջ 296-298։
  17. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց.1, գ. 3836, թ. 40-41։
  18. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բաքու, 1895, էջ 296։
  19. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 304։
  20. Սամվել Կարապետյան «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս», Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2017 թվական, ISBN 978-9939-843-31-5, (հայերեն տարբերակ), (English version)։
  21. “Акты, собранные Кавказскою археологическою коммиссиею”, т. II, Тифлис, 1868, с. 596.(ռուս.)
  22. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 32-33:
  23. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 4-5:
  24. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 97-98:
  25. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 97-98:
  26. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 2596, թ. 111:
  27. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3882, թ. 132:
  28. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3897, թ. 170:
  29. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3903, թ. 128:
  30. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 93-94:
  31. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3906, թ. 98-99:
  32. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 24-25:
  33. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 267-268:
  34. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3915, թ. 24:
  35. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 240, թ. 2:
  36. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 12:
  37. Հայաստանի ազգային արխիվ, Պ56, ց. 18, գ. 764, թ. 118:
  38. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 59-60:
  39. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3919, թ.63-64:
  40. ”Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 124.(ռուս.)
  41. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 1062, թ. 4:
  42. Ավետիսյան Մ. Մ., Տեղեկագիր Լեռնային Ղարաբաղի եւ Զանգեզուրի բնակավայրերի ու բնակչության թվակազմի մասին (1917 թ.), Բանբեր Հայաստանի Արխիվների, 1991, N 3, էջ 166։
  43. «Մեղու Հայաստանի», 1881, N 44, էջ 3։
  44. «Նամակ Գանձակի գավառից» (PDF). Թիֆլիս. Մշակ. 28.04.1990թ. էջ 2. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  45. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 262։
  46. «Մեղու Հայաստանի», 1873, N 29, էջ 3։
  47. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 131-132։
  48. 48,0 48,1 Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 130-131։
  49. «Մեղու Հայաստանի», 1878, N 46, էջ 4։
  50. «Նոր Դար», 1892, N 171, էջ 2։