Ցոլակ Համբարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ցոլակ Բեգոյի Համբարյան (1911, Մեղրաշեն, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Ցոլակ Համբարյան | |
---|---|
Ծնվել է | 1911 |
Ծննդավայր | Մեղրաշեն, Հայաստան |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1941) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՑոլակ Համբարյանը ծնվել է 1911 թվականին, Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղում։ 1933 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը և անցել աշխատանքի Կիրովականի շրջանի Սարահարթ գյուղի յոթնամյա դպրոցում, որպես տնօրեն։ Դասավանդել է հայոց լեզու և պատմություն։ Այնուհետև եղել է Սպիտակի շրջժողկրթբաժնի դպրոցական տեսուչ։ 1941 թվականին ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը և օգոստոսին զորակոչվել կարմիր բանակ[1]։
Համբարյանը եղել է 408-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի 68-րդ առանձին սակրավորային գումարտակում վաշտի քաղղեկի տեղակալ, այնուհետև՝ գումարտակի կուսկազմակերպիչ։ 1942 թվականի սեպտեմբերին 408-րդ դիվիզիայի կազմում տեղափոխվել է Գելենջիկ և մասնակցել Նովոռոսիյսկի ուղղությամբ մղված մարտերին։ 1943 թվականին կրտսեր լեյտենանտների դասընթացներն ավարտելուց հետո ուղարկվել է 156-րդ հրաձգային դիվիզիայի 562-րդ գունդը՝ որպես գնդացրային դասակի հրամանատար։ Լեհաստանի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար Համբարյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով[1]։
Մարտերից մեկում Ցոլակը ծանր վիրավորվել է և տեղափոխվել դաշտային հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո, 1945 թվականին զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի։ Եղել է Մարտունու շրջանային ժողկրթբաժնի վարիչ։ Այնուհետև գործուղվել է Ղուկասյանի շրջան, նշանակվել Ղազանչի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1977 թվականին Համբարյանն անցել է կենսաթոշակի։ Համբարյանը լավագույն աշխատանքի համար պարգևատրվել է «Աշխատանքային գերազանցության համար», «Աշխատանքային արիության համար», «Աշխատանքի վետերան» մեդալներով ու մի շարք պատվոգրերով[1]։
Պարգևներ
խմբագրել- Կարմիր աստղի շքանշան
- «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
- «Աշխատանքային արիության համար» մեդալ
- «Աշխատանքի վետերան» մեդալ