Հոսպիտալ
Զինվորական հոսպիտալ (որոշ երկրներում՝ նաև քաղաքացիական) հիվանդանոց։ Հայաստանում և Արցախում նախատեսված է զինծառայողների ստացիոնար բուժման համար։
Հոսպիտալների տեսակները
խմբագրելԳոյություն ունեն մշտական և ժամանակավոր (կազմակերպվում են պատերազմական պայմաններում) հոսպիտալներներ։ Պատերազմի ժամանակ գործող բանակում ստեղծվում են ռազմադաշտային շարժական (վիրաբուժական, թերապևտիկ, թեթև վիրավորների, վարակիչ հիվանդությունների և այլն) և տարհանման հոսպիտալներ։ Ռազմարտային շարժական հոսպիտալն ունի ավտոտրանսպորտ և դաշտային սարքավորումներ, վրաններ, բժշկական գույքի լրակազմ։ Այն հետևում է զորքին, իրագործում բուժօգնությունը դաշտային պայմաններում։
Առաջին հոսպիտալների ստեղծումը
խմբագրելԱրցախում առաջին հոսպիտալները ստեղծվել են 1990 թվականի սկզբին, Ստեփանակերտում՝ մարզգործկոմի և ախտորոշման կենտրոնի նկուղային հարկերում։ Ռազմաճակատի առաջին գծում գործել են նաև ռազմադաշտային շարժական հոսպիտալներ։ ՊԲ-ի կազմավորումից և ռազմաբժշկական ծառայության հիմնադրումից հետո ստեղծվել են կենտրոնական (Ստեփանակերտ), կայազորային (Մարտունի և այլն) հոսպիտալներ, որտեղ աշխատանքի ճիշտ կազմակերպումը, համալիր բուժումը, զուգակցված ներհոսպիտալային տեսակավորման հետ, նպաստել են բուժական բաժիններում վիրավորների միատեսակ կազմի տեղաբաշխմանը, ապահովել մասնագիտական բուժման որակի բարձոսցում։ Հոսպիտալում վիրավորների համալիր բուժման գործընթացում առաջատար դեր ունեն վիրաբուժական, վնասվածքաբանական բաժինները։ Հայաստանի և Արցախի հոսպիտալներում կիրառվում են վիրավորների բուժման ռազմադաշտային վիրաբուժության դասական մեթոդները՝ զուգակցված ժամանակակից բժշկության նվաճումների հետ, մասնավորապես՝ վերքերի առաջնային (վաղ և ուշ) մշակում, բարդությունների (կոտրվածք, բացվածք, օտար մարմինների հեռացում, անդամահատություն) դեմ պայքար, վերքերի արագ լավացմանն ու օրգանների ֆունկցիաների վերականգնմանը նպաստող գործողություններ։
Ղարաբաղյան պատերազմի ընթացքում և զինադադարից հետո հոսպիտալներում ստեղծված բուժական համակարգը դիմակայել է պատերազմի և առօրյա փորձություններին, նվազեցրել ծանր վիրավոր զինվորականների հաշմանդամությունը և ավելացրել ԶՈՒ-ի շարքեր վերադարձողների թիվը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 549)։ |