«Տաք երկրներում» (ռուս.՝ «В тёплых краях»), Ռուսաստանի Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության նկարիչ Նիկոլայ Յարոշենկոյի՝ 1890 թվականին Կիսլովոդսկում ստեղծված նկար։ Կտավը գտնվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանի հավաքածուի մշտական ցուցադրության կազմում։ Կտավը թանգարանին է նվիրել նկարչի կինը 1898 թվականին՝ նրա մահից անմիջապես հետո :

Տաք երկրներում
տեսակնկար
նկարիչՆիկոլայ Ալեքսանդրովիչ Յարոշենկո
տարի1890
բարձրություն107
լայնություն81[1]
նյութկտավ, յուղաներկ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
քաղաքՍանկտ Պետերբուրգ
Ծանոթագրություններ
 In warm countries by Yaroshenko Վիքիպահեստում

Նկարում պատկերված է մանկագիր ու հրապարակախոս Աննա Կոնստանտինովա Չերտկովան՝ հրատարակիչ ու հասարակական գործիչ Վլադիմիր Գրիգորևիչ Չերտկովի կինը։ Վերջինս Լև Տոլստոյի մտերիմ ընկերն էր։ Նկարի ստեղծման ընթացքում Յարոշենկոն տառապել է կոկորդի տուբերկուլյոզ կոչվող ծանր հիվանդությամբ: Ավելի ուշ նա, Աննա Չերտկովային ուղղված նամակում, հայտնել է. «Մեկուկես ամիս ես ինձնից ներկայացնում էի գրեթե անշարժ ու ոչ պիտանի մարմին, որը կարողանում էր միայն պառկել կամ նստել բարձերով շրջապատված թիկնաթոռին... ինչպես Դուք այն նկարում, որը ես եմ նկարել»։ Նկարի ստեղծումից մեկ տարի առաջ Աննա Չերտկովան ծանր ցնցում է ապրել. ընդամենը երկու օր տևած հիվանդության հետևանքով վախճանվել էր նրա սիրելի երկամյա դուստրը։ Դրանից հետո երկար տարիներ նրա մոտ նկատվել է կենսունակության անկում և նա սկսել է հաճախակի հիվանդանալ: Պահպանվել են Չերտկով ամուսնական զույգի նկարչին այցելության լուսանկարները, ինչպես նաև՝ նկարի ստեղծման գործընթացին առնչվող Նիկոլայ Յարոշենկոյի, նկարիչ Միխայիլ Վասիլևիչ Նեստերովի և Վլադիմիր Չերտկովի ուրվանկարները:

Ժամանակակիցները միանգամից «ճանաչել և բարձր գնահատանքի են արժանացրել» «Տաք երկրներում» նկարը։ Այն բազմիցս գրավել է Նիկոլայ Յարոշենկոյի ստեղծագործությունների ուսումնասիրողների, մշակութագետների, պատմաբանների և գավառագետների ուշադրությունը ինչպես խորհրդային շրջանում, այնպես էլ հետխորհրդային Ռուսաստանում:

Պատկերը նկարում խմբագրել

Նկարում պատկերված է Կիսլովոդսկում գտնվող նկարչի՝ Սպիտակ վիլլայի ծածկապատշգամբի, տան և այգու մի մասը։ Որպես ֆոն՝ հանդիսանում է Սոսնովկա լեռը[2]։ Հրապարակախոս և գեղարվեստական քննադատ Միխայիլ Պետրովիչ Նևեդոմսկին այսպես է բնութագրել նկարում պատկերված հերոսուհուն. «Կրթված թոքախտավոր աղջիկ, ով իր վերջին գարունը դիմավորում է բարեշնորհ հարավի կանաչների ու ծաղիկների մեջ։ Ամբողջովին փաթաթված՝ նա նստած է Ղրիմում գտնվող վիլլայի ծառուղու թիկնաթոռին»[Прим 1]»[3]: Նկարի մասիր իր՝ մեկ այլ հոդվածում նա նույնիսկ գրել է. «Երիտասարդ թոքախտավոր օրիորդ, որը եկել է իր մահկանացուն կնքելու ծովի մոտ, հարավային արևի ներքո, վարդերի ու սոսիների մեջ»[4]։ Այդ միտքը զարգացրել է արվեստագիտության դոկտոր Ալլա Գրեբովնա Վերեշյագինան։ Նա նկարում տեսել է գունատ, վշտաբեկ և հիվանդ կնոջ, ով «միայնակ թախծում է... հարավային ծաղկուն բնության գեղեցկության մեջ»[5]։ Ն. Ա. Յարոշենկոյի Հուշաթանգարան–դաստակերտի հիմնադիր և առաջին տնօրեն Վլադիմիր Սեկլյուցկին ենթադրել է, որ կինը ընկղմված է հիշողությունների մեջ։ Նա կիսաթիկնել է բարձերին, իսկ շալը նետված է ծնկներին։ Աչքերը մտազբաղ են. նրանք կյանքի նկատմամբ տենչանք են արտահայտում (Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Ռոզենֆելդը դրանց մասին գրել է. «Արտահայտիչ աչքերի երկու սև ածուխներ»[6]), իսկ շուրթերն ասես «ապրել» բառն են արտաբերում։ Արևային, կանաչով ու ծաղիկներով, լեռնային թարմ օդով հագեցած բնանկարը, Սեկլյուցկու կարծիքով, ստեղծում է լավատեսության մթնոլորտ, և կտավի հերոսուհու ապաքինման հույս ներշնչում դիտողին։ Նա ափսոսանք է հայտնել, որ արվեստագետները թերագնահատել են այդ նկարը։ Սեկլյուցկին այնտեղ նշել է ոչ միայն գեղանկարչական արժանիքները, այլ նաև նկարչի անկեղծ ապրումները՝ իր կերպարի ու նրան օգնելու մեծ ցանկության մասին[2]։

Նկարի ստեղծման պատմություն խմբագրել

1880–ական թվականների կեսերին դադարել է Նիկոլայ Յարոշենկոյի պետական ծառայության կարիերային վերելքը։ Երկար տարիներ նա եղել է «ավագ գնդապետ», ընդգրկվել է գվարդիական հետևակային հրետանում, եղել Սանկտ Պետերբուրգի փամփուշտների գործարանի արտադրամասի պետ, այնտեղ կատարել «հատուկ հանձնարարականներ»[7]։ Նա առողջական խնդիրներ է ունեցել (հատկապես 1890 թվականին նրա մոտ կտրուկ սրվել է կոկորդի տուբերկուլյոզը[8][9]), հաճախ վերցրել երկարաժամկետ արձակուրդ (երբեմն՝ առանց խնայելու պետգանձարանից ստացվող աշխատավարձը՝ «սև օրվա համար»)[10][Прим 2]: Նկարիչն ակտիվորեն մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության գործունեությանը, պարբերաբար վերընտրվել նրա Վարչության կազմում, այնտեղ զբաղվել փոքրիկ, առօրյա գործերով (նկարների համար արկղերի նախապատրաստում, դրամարկղի տնօրինում)[12]։ Կերպարվեստի տեսության և պատմության գիտահետազոտական համալսարանի աշխատակցուհին՝ Ֆրիդա Ռոգինսկայան, պնդել է, որ նա «Ընկերության ղեկավարի ողջ ծանրությունն իրապես կրել է իր ուսերին»[13]։ 1880–ական թվականների երկրորդ կեսին Ռուսաստանում կերպարվեստն աստիճանաբար կորցրել է քաղաքացիական պաթոսը և փորձել փոխանցել իրականությունից ստացած հուզական տպավորությունը։ Այն առաջին պլան է մղել մասնագիտական վարպետության և դրա գնահատման առավել խիստ չափանիշները[14]։ Դրա հետ կապված՝ Ընկերությունում ծագել են սուր տարաձայնություններ ավագ և կրտսեր սերունդներ, ինչպես նաև՝ հենց այդ ստեղծագործական շարժման հիմնախնդիրների միջև։ Յարոշենկոն փորձել է պահպանել ոչ միայն Ընկերության միասնականությունը, այլ նաև՝ նրա «կենսունակությունը»[15]։

 
Կիսլովոդսկում գտնվող Յարոշենկոյի Սպիտակ վիլլայի ժամանակակից լուսանկար
 
Սպիտակ վիլլայի պատշգամբից Սոսնովկա լեռան ֆոնի ժամանակակից լուսանկար

Աննա և Վլադիմիր Չերտկովները` Յարոշենկոյի Սպիտակ վիլլայում խմբագրել

Նիկոլայ Յարոշենկոն «Տաք երկրներում» կտավը նկարել է Կիսլովոդսկի Սպիտակ վիլլայում[16][Прим 3]: Նա Կիսլովոդսկում առաջին անգամ եղել է 1875 թվականին[8]։ 1885 թվականին Յարոշենկոյի կինը՝ Մարիա Պավլովնան, այնտեղ ձեռք է բերել ամառանոց[18], բայց նա Սանկտ Պետերբուրգից վերջնականապես այնտեղ է տեղափոխվել միայն 1892 թվականին՝ առողջության կտրուկ վատթարացման պատճառով, պետական ծառայությունից դուրս գալուց հետո[8]։ Կիսլովոդսկում գտնվող տունը, որտեղ ապրել է նկարիչը, իսկ հետո էլ բնակություն հաստատել, կանգնած էր բարձրության վրա. մի կողմից այն դուրս է եկել դեպի Տաճարի հրապարակ, մյուս կողմից սկսվել մրգատու ծառերի այգին։ Հենց ինքը՝ նկարիչն է պատկերել «Պոմպեյի ոճով» ծառուղին, որտեղ սովորաբար նրանց ընտանիքը ճաշել է, թեյ ըմպել, իսկ ամռանն ազատ ժամանակի մեծ մասն անցկացրել այդտեղ։ Այնտեղից բացվել է գեղեցիկ տեսարան դեպի Սոսնովկա լեռը։ Հատկապես այդտեղ է ստեղծվել «Տաք երկրներում» նկարը[19]։ Տանը կազմակերպվել են երկույթներ Յարոշենկո ընտանիքի ծանոթների համար։ Պատշգամբում դերասանուհիները, երգիչներն ու երաժիշտները հյուրերին ցուցադրել են իրենց արվեստը։ Այնտեղ տեղի է ունեցել նկարիչ Միխայիլ Վասիլևիչ Նեստերովի դստեր՝ Օլգայի հարսանիքը։ Տան փոքր սենյակներից մեկը, որտեղ եղել է լայն լուսամուտ, նկարիչը որպես արվեստանոց է հարմարեցրել[20]։

1890 թվականի ամռանը Սպիտակ վիլլայում հյուրընկալվել են հրատարակիչ և ընդդիմադիր հասարակական գործիչ Լև Նիկոլաևիչ Տոլստոյի հետևորդ և ընկեր Վլադիմիր Գրիգորևիչ Չերտկովն ու նրա կինը՝ Աննան[21], ով 1883 թվականին դարձել է Յարոշենկոյի՝ հասարակական լայն հնչեղություն ստացած «Ուսանողուհի» նկարի նախատիպը[22]։ Նկարիչը նրանց ներկայությունն օգտագործել է իր օգտին։ Չերտկովների փոքրիկ տղան՝ Վլադիմիրը (ընտանիքում նրան Դիմա էին անվանում), «Քնած երեխան» նկարի համար բնատիպար է ծառայել (1890 թվական, եղել է Պոլտավայի գեղարվեստի թանգարանում, ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին[23][Прим 4]): Իսկ Աննան բնօրինակ է եղել «Տաք երկրներում» կտավի համար։ Դրանից մեկ տարի առաջ մահացել էր Չերտկովների դուստր Օլգան (1887–1889 թվականի հուլիս 17)[25]։ Լյուսյան (այդպես էին նրան անվանում տանը) «կենսաթրթիռ ու քնքուշ աղջնակ էր», Չերտկովների ողջ ընտանիքի և նրա տանեցիների սիրելին[26]։ Նա մահացել է միայն երկու օր տևած դիզենտերիայից։ Աղջկա մահը ծանր հարված է եղել մոր համար։ Դրանից հետո Աննա Չերտկովան երկար տարիներ կենսունակության անկում է ապրել ու հաճախակի հիվանդացել։ Ընտանիքը տեղափոխվել է հարավ, որպեսզի նա վերականգնի ուժերը[27]։ Նկարիչ Միխայիլ Նեստրովը, ով ևս այդ ժամանակ ապրել է Կիսլովոդսկում, գրել է, որ Յարոշենկոն Չերտկովների բնակության համար տրամադրել է մի ամբողջ կողաշենք, որը նույնիսկ ավելի մեծ է եղել, քան Սպիտակ վիլլան։ Նրա խոսքերով այդ կողաշենքում մի ժամանակ ապրել Էմիլիա Խան Գիրեյը (Միխայիլ Լերմոնտովի իշխանադուստր Մերիի նախատիպը)։ Նեստրովը նշել է, որ Աննա Չերտկովան Յարոշենկոյի բնորդուհին է եղել, բայց նկարը նա անվանել է «Հիվանդ կինը», այլ ոչ թե «Տաք երկրներում»[28][Прим 5]:

Ն. Ա. Յարոշենկոյի Հուշաթանգարան–դաստակերտի հավաքածուում առկա է լուսանկար, որտեղ դրոշմված են 1890 թվականին Սպիտակ վիլլայում ներկա եղած Վլադիմիր և Աննա Չերտկովները[6]։ Այնտեղ պահպանվում են նաև նկարչի ուրվանկարները Աննա Չերտկովայի մասնակցությամբ՝ «Ա. Կ. Չերտկովան պատշգամբում» (թուղթ, իտալական գծագրական մատիտ, 17,5 × 13,3 սմ

Նկարի վրա Աննա Չերտկովայի որդին՝ Վլադիմիրը, ձեռագիր մակագրել է. «Յարոշենկոյի ուրվանկարը մայրիկիս հետ»)[29] և «Ընկերական ծաղրանկար Չերտկով ընտանիքի համար» (թուղթ, ստվարաթուղթ, գծագրական մատիտ, 20 × 23 սմ

[30]):

Չերտկով ընտանիքը՝ Սպիտակ վիլլայում (1890 թվական)

Ժամանակակիցները նկարի մասին խմբագրել

 
Նիկոլայ Յարոշենկո: «Ճամփա դրեց», 1890 թվական

XIX Շրջիկ ցուցահանդեսի կատալոգում նշվել են Նիկոլայ Յարոշենկոյի՝ միանգամից չորս նկարները. «Ն. Ն. Գեի դիմանկարը» (№ 78, կտավ, յուղաներկ, 92,5 × 73,5 սմ , ներկայումս կտավը գտնվում է Ռուսական պետական թանգարանում), «Տաք երկրներում» (ըստ կատալոգի՝ № 79), «Քնած երեխան» (№ 80), «Ճամփա դրեց» (№ 81, կտավ, յուղաներկ, 125 × 150 սմ , Օմսկի Մ. Վրուբելի անվան կերպարվեստի մարզային թանգարանի հավաքածուում)[31]։ Սովորաբար արդի արվեստագիտության մեջ երեք նկար է ասոցացվում այդ ցուցահանդեսի հետ՝ «Ն. Ն. Գեի դիմանկարը», «Տաք երկրներում» և «Ճամփա դրեց»[32]։ Միայն ավագ գիտաշխատող Ն. Ա. Յարոշենկոյի Հուշաթանգարան-դաստակերտի Իրինա Պոլենովան, 2018 թվականին, իր գրքում մատնանշել է «Քնած երեխան» նկարի առնչությունը ցուցահանդեսի հետ[21]։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Տաք երկրներում» նկարում բարձերին հենված, ծածկոցով փաթաթված, կիսլովոդսկյան ամառանոցի պատշգամբի թիկնաթոռին տխուր սպասող հիվանդ կնոջ դիմանկար է՝ ժամանակակից գրախոսներից մեկը կատակել է, թե երկրորդ նկարի հերոսը (նկարում պատկերված է ամայացած կառամատույցում կանգնած միայնակ ծերունի, կայարանի վերածածկի տակից կախված են զույգ թանձր քուլաներ, ճանապարհողները բաժանվում են գնացքների մեկնելուց հետո, բեռնակիրն ավլում է սալաքարերի աղբը, կողքին կանգնած է ամեն ինչի նկատմամբ անտարբեր ոստիկան՝ ձեռքերը մեջքին դրած) դեպի տաք երկրներ ճամփա է դրել հենց այդ ցավահար թոքախտավոր կնոջը, ով նստած է կիսլովոդսկյան պատշգամբի թիկնաթոռին[33]։

Ժամանակակիցները, ովքեր ծանոթ էին Աննա Չերտկովայի հետ, «Ուսանողուհի» նկարում նրան չեն ճանաչել, իսկ «Տաք երկրներում» նկարը համարել են որպես ավանդական, սովորական դիմանկար (չնայած ըստ մշակութաբան և խորհրդային շրջանում լույս տեսած նկարչի կենսագրության հեղինակ Վլադիմիր Իլյիչ Պորուդոմինսկու՝ այնտեղ առկա է առավել բարդ սյուժե)[34]։ Իլյա Ռեպինը Չերտկովային գրել է. «Այստեղ՝ ցուցահանդեսում, ապաքինվող Աննա Չերտկովայի նկարները (Յարոշենկոյի աշխատանքները) ինձ շատ դուր են եկել։ Տպավորիչ ու նրբանկատ կերպով է պատկերված։ Հրաշալի գործ է»[2][34]։ Լև Տոլստոյը, տեսնելով «Տաք երկրներում» կտավը Յարոշենկոյի՝ հետմահու ցուցահանդեսում, այն անվանել է «Գալյան՝ Կիսլովոդսկում» (Չերտկովային հարազատ մարդիկ Գալյա էին անվանում)։ Շրջիկ ցուցահանդեսի այցելուները կարեկցել են գեղեցիկ կնոջը, որին, նրանց կարծիքով, վիճակված է լքելու երկրային աշխարհը։ Պորուդոմինսկին նշել է, որ այդ նկարում տառապանքները, որին, ըստ նրա, «ներքին բովանդակություն», «երկաթ» և «ֆոսֆոր» է պակասում, ոչ թե կարեկցանք է առաջացնում, այլ՝ խղճահարություն։ Նրա խոսքերով, մինչ հեղափոխությունը, հատկապես՝ «Տաք երկրներում» նկարի վերարտադրությունները, տպվել են տեղաբնակների համար նախատեսված ամսագրերում[34]։

Բորիս Ռոզենֆելդն իր գրքում գրել է նկարչի Հուշաթանգարան–դաստակերտի մասին, նաև այն մասին, որ ժամանակակից քննադատները «Տաք երկրներում» նկարը «ընդունել և բարձր են գնահատել», համարել «Կիսլովոդսկում պատկերված լավագույն նկարներից մեկը»[6]։

«Տաք երկրներում» նկարը՝ Ռուսական թանգարանի հավաքածուում խմբագրել

 
Նիկոլայ Յարոշենկոյի ստորագրությունը՝ «Տաք երկրներում» նկարի վրա
 
«Տաք երկրներում» նկարը՝ Ռուսական թանգարանի մշտական ցուցահանդեսում, 2020 թվական

1898 թվականին նկարչի կինը ամուսնու մահից հետո կայսր Ալեքսանդր III-ի անվան Ռուսական նորաստեղծ թանգարանին է հանձնել իր հավաքածուի մեջ եղած ամուսնու աշխատանքներից մի մասը[35]. դրանց շարքում էր և այդ նկարը[1]։ «Տաք երկրներում» նկարը գտնվում է Ռուսական թանգարանի հավաքածուում (ինվ.՝ Ժ-2500[36]), իսկ նրա երկրորդ տարբերակը՝ Եկատերինբուրգի կերպարվեստի թանգարանի հավաքածուում։ Այն թանգարանին է փոխանցել դրամատուրգ և կոլեկցիոներ Վալերի Տենը՝ նրա վերջին մասնավոր սեփականատերը[2]։ «Տաք երկրներում» նկարը գտնվում է Ռուսական թանգարանի մշտական էքսպոզիցիայում։ Նյութը՝ յուղաներկով գեղանկարչություն կտավի վրա։ Նկարի չափսերը՝ 107 (կամ 107, 5[37]) × 81 սմ [1][36]: Նկարի ներքևի աջ անկյունում հեղինակի կողմից ստորագրված ու թվագրված է. «Ն. Յարոշենկո։ 1890 թվական»։ Տարբեր ժամանակներում նկարը ներկայացվել է ցուցահանդեսներին։ Դրանցից են՝ XIX Գեղարվեստական շրջիկ գեղացուցահանդեսը (1891 թվական), երեք նկարիչների՝ Իվան Ենդոգուրովի, Իվան Շիշկինի, Նիկոլայ Յարոշենկոյի խմբային հետմահու ցուցահանդես (1899 թվական) և նույն, 1899 թվականին Յարոշենկոյի ստեղծագործությունների ցուցահանդեսը Մոսկվայում[37]։

«Կիևի նկարների պատկերասրահ» ազգային թանգարանում են գտնվում նկարչի ալբոմը, որը վերաբերում է 80–ական թվականների վերջին և 90–ական թվականների սկզբին (շապիկը՝ 25,5 × 33,7 սմ , 27 թերթ, որոնցից յուրաքանչյուրի չափսերը՝ 24 × 33 սմ , դրանցից 22-ը մատիտով արված նկարներ են, իսկ մնացածը՝ դատարկ)։ Այդ ալբոմի 12 թերթերը զբաղեցնում են «Տաք երկրներում» նկարի Էսքիզները։ Ձախ կողմի վերևում կա «Ն. Յա. Վիրոբ...» մակագրությունը։ Հաջորդ էջում գլխարկով տղամարդու դիմանկարն է։ Այդ էսքիզը ցուցադրվել է 1948 թվականին Կիևում՝ Յարոշենկոյի աշխատանքների ցուցահանդեսում[38]։ Նկարին առնչվող ևս մեկ էսքիզ, որը չի նշվել արվեստագիտության թեկնածու Վլադիմիր Պրիտկովի՝ Յարոշենկոյի ստեղծագործությունների մասին մենագրության մեջ, գտնվում է Լև Տոլստոյի պետական թանգարանում (թուղթ, մատիտ, 33 × 23 սմ , AIG-858 / 21, հավաքածուում այն կրում է «Ա. Կ. Չերտկովայի դիմանկարի ուրվապատկեր» անվանումը։ Էսքիզի վրա մակագրված է. «Նկարի համար որպես բնորդուհի մասնակցել է Վլադիմիր Գրիգորևիիչի կինը՝ Չերտկովա Աննա Կոնստանտինովնան, ծննդյամբ՝ Դիտերիխս», ուրվապատկերը ստորագրված է նկարչի կողմից)։ Նրա նկարի կենտրոնական տեղը զբաղեցնում է ծածկապատշգամբի թիկնաթոռին նստած կինը՝ հենված բարձերին։ Թերթի հակառակ կողմում հենց իր՝ նկարչի դիմանկարն է պրոֆիլից[39]։

Լ. Ն. Տոլստոյի անվան Պետական թանգարանում պահպանվում է նաև Վլադիմիր Չերտկովի մատիտով արված նկարը (1890 թվական, թուղթ, մատիտ, գտնվում է Վլադիմիր Չերտկովի նկարների ալբոմում), որտեղ նա պատկերել է Նիկոլայ Յարոշենկոյին «Տաք երկրներում» նկարի վրա աշխատելիս[40]։ Բանասիրական գիտությունների թեկնածու Նադեժդա Զայցևան իր հոդվածում հիշատակել է այն մասին, որ Չերտկովն այդ ժամանակ ստեղծել է այդ նկարի և իր կնոջ ուրվանկարները[41]։

Նիկոլայ Յարոշենկոն՝ նկարի վրա աշխատելիս

Նկարը՝ խորհրդային և ռուս արվեստագետների ու մշակութաբանների աշխատանքներում խմբագրել

 
«Ուսանողուհի», 1883 թվական,   Կողմ, Կիևի թանգարանի

Նկարը՝ խորհրդային ժամանակաշրջանի ուսումնասիրողների աշխատանքներում խմբագրել

Լև Տոլստոյի վերջին քարտուղար Վալենտին Բուլգակովը (հետագայում՝ հեղինակի շրջապատի և խորհրդային նկարիչների մասին հուշերի հեղինակ), ով լավ ծանոթ էր ինչպես Աննա Չերտկովայի, այնպես էլ Նիկոլայ Յարոշենկոյի հետ, իր հուշերի մասին գրել է միայն Հայրենական մեծ պատերազմից հետո.

Այստեղ Աննա Կոնստանտինովնան ներկայացված է արդեն հասուն տարիքում՝ ամուսնությունից և մեկ ծանր հիվանդությունից հետո. տակավին երիտասարդ, պլեդով և շալով փաթաթված տիկինը պատկերված է ինչ-որ տեղ հարավում (հավանաբար՝ Ղրիմում)՝ վարդերով հյուսապատված բաց պատշգամբի թիկնաթոռին նստած։ Այստեղ գեղեցիկ է շալի տակից հանված և թիկնաթոռի հենակին ձգված ձեռքը։ Աննա Կոնստանտինովնային կարելի է ճանաչել միայն այդ ձեռքից… Բայց և դեմքն էլ է շատ նման… Դեմքի նմանությունը, սակայն, արդեն նկարի ավարտին Աննա Կոնստանտինովնայի և նրա հարազատների խնդրանքով միտումնավոր նվազեցվել է՝ ի նկատի ունենալով այն, որ նկարը պիտի ներկայացվեր պետերբուրգյան մեծ ցուցահանդեսին։

Բուլգակովը նկարն անվանել է «Ապաքինված կինը», և ոչ թե՝ «Տաք երկրներում»։ Նա նշել է, որ Յարոշենկոյին, ըստ երևույթին, հրապուրել է «կանացի համեստ արարածի վսեմաշունչ, նրբագեղ, և՛ ներքին, և՛ արտաքին առաքինության, գրավչության տեսակը», որին, նրա կարծիքով, պատկանել է Չերտկովան[42]։

Գիտությունների թեկնածու Վլադիմիր Պրիտկովը Յարոշենկոյի ստեղծագործությունների մասին մենագրության մեջ գրել է, որ նկարիչը կտավում արտասովոր արհեստավարժություն է դրսևորել։ Կնոջ գլխի վրա գցված շարֆը համապատասխանում է բարձերի գույնին՝ «կիսաստվերում՝ կապտավուն, իսկ դեպի լույսը՝ դեղնավուն», «սև զգեստը համընկնում է վերևում՝ բաց դարչնագույն ազատորեն քսված կապտա-մանուշակագույն ընդհանուր երանգին և լավ ներդաշնակված է մանուշակագույն պլեդի հետ»։ Ըստ Պրիտկովի՝ անթերի կերպով պատկերվել են «գունատ, չափազանց նիհար դեմքը» և «նուրբ, արտահայտիչ… ձեռքերը»։ Մարմարյա բազրիքը և առջևի պլանը պատկերված են հարուստ նրբերանգներով, իսկ բաց երկնքի տակ եղած առարկաները՝ արևի լույսի ներքո։ Ընդհանուր առմամբ, պատկերված ետին պլանը առանձնանում է «նուրբ երանգավորմամբ». ձևավոր ճաղաշարքի հետևում մուգ կանաչ սաղարթներն են՝ «վարդերի հյութալի բծերով»։ Այն ներդաշնակ է կնոջ զգեստի և նրա ոտքերի տակ գտնվող գորգի հետ։ Կնոջ կազմվածքի, ձեռքերի շարժումների, գունատ դեմքի և սև աչքերի հայացքի մեջ զգացվում են կյանքից կառչելու պոռթկում և, միևնույն ժամանակ, դառը գիտակցում, որ «նրա մահից հետո էլ «Անտարբեր բնությունը շողալու է իր հավերժական գեղեցկությամբ»[Прим 6]»[44]:

«Տաք երկրներում» նկարը, Վլադիմիր Պրիտկովի կարծիքով, բացահայտում է կենցաղային ժանրի տարրերը ոչ թե կերպարի գործողությունների, այլ նրա ապրումների միջոցով։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրողների տեսանկյունից, այն բնորոշ է ինչպես 80–ական, այնպես էլ 90–ական թվականների նկարիչների աշխատանքներին։ Պահպանվել է նաև նկարիչների կողմից 80–ական թվականներին գործածված, ետին պլանում տեղաբաշխված միակ կերպարի սկզբունքը։ Ընդ որում, Պրիտկովն ընդգծել է «Ուսանողուհի» նկարի՝ չափազանց լայն հասարակական բովանդակությունը, որը, համեմատած «Տաք երկրներում» նկարի հետ, ստեղծվել է նախորդ տասնամյակում հենց Աննա Չերտկովայի հետ»[45]։ Խորհրդային և ռուս արվեստագետ Տատյանա Գորինան նույնպես գտել է, որ «Տաք երկրներում» նկարում Յարոշենկոն թուլացրել է սոցիալական և բարոյական պրոբլեմատիկան, ինչպես նաև՝ գեղարվեստական ամբողջականությունը։ Նրա կարծիքով՝ այնտեղ գերակշռում է վերացական հումանիզմի բովանդակությունը[46]։

 
«Հատվածական կառուցվածքը» «Ճոճանակի վրա» նկարում

Արվեստագիտության թեկնածու Սոֆյա Գոլդշտեյնը նշել է նկարչի կողմից նկարում գործածված հատվածական կառուցվածքի սկզբունքները, որոնք առանձնահատուկ են Յարոշենկոյի՝ 80–ական թվականների վերջին և 90–ական թվականների սկզբին կենցաղային ժանրի ստեղծագործությունների շարքին. «Ճոճանակի վրա» (1888 թվական, ստվարաթուղթ, յուղաներկ, 58,3 × 40,5 սմ , Ռուսական պետական թանգարան), «Անրջողը» (1892 թվական, գտնվելու վայրն անհայտ է, «Երգչախումբ», 1894 թվական, սկզբում՝ Սանկտ Պետերբուրգում, Տ. Ն. Պավլովայի մասնավոր հավաքածուում, այժմ՝ Ն. Ա. Յարոշենկոյի Հուշաթանգարան–դաստակերտում) և այլն։ Դրանք բոլորը, բացառությամբ՝ «Վագոնում» նկարի (1880-ական թվականների վերջ, կտավ, յուղաներկ, 31 × 34 սմ , Գ. Պ. Բելյակովի մասնավոր հավաքածու, ներքևի աջ մասում՝ «Ն. Յարոշենկո» ստորագրություն[47]), որոնք բնութագրվում են նաև նկարչական լուծման թարմությամբ, նրա կարծիքով, զրկված են «բովանդակությունից», որը հատուկ է նկարչի՝ 1870–1880–ական թվականներին ստեղծված լավագույն նկարներին[48]։

«Տաք երկրներում» նկարի պատառիկ
նկարում՝ Աննա Չերտկովան
Ծաղիկներ՝ Չերտկովայի թիկունքում

Խորհրդային ժամանակաշրջանի արվեստագետ Վլադիմիր Պորուդոմինսկին «Տաք երկրներ» նկարում ընդգծել է անհույս հիվանդ կնոջ վիշտը, ով «առանձնահատուկ սրությամբ է զգում իր տեղը բնության մեջ...»: Կյանքի վերջին տարիներին Յարոշենկոն ևս տառապել է կոկորդային ծանր թոքախտից։ Աննա Չերտկովային ուղղված նամակում նա հայտնել է. «Մեկուկես ամիս ինձնից ներկայացրել եմ գրեթե անշարժ և անպիտան մարմին։ Կարողացել եմ միայն պառկել կամ նստել թիկնաթոռին, բարձերի մեջ... ինչպես Դուք՝ իմ ստեղծած նկարում»[Прим 7]"[50][51][3]: Վլադիմիր Պորուդոմինսկին գրել է, որ նկարի հերոսուհին «գեղեցիկ տիկին է ստացվել՝ նրբին ու կանոնավոր դիմագծերով (որում արտահայվել է նրա կամ նկարչի ոչ այնքան տառապանքը, որքան «հուզիչ» ստացվելու ցանկությունը), նուրբ, գեղեցիկ ձեռքերով, որոնք նա պահում է փոքր––ինչ ցուցադրական։ Բնապատկերը արված է նուրբ երանգներով, նրա գծերն ու ներկերը հանդարտ են, խաղաղված։ Յարոշենկոյի նախընտրած հզոր, ահեղ բնապատկերներն իրենց տեղը զիջել են գեղեցիկ տեսարանին՝ նշանակալից մասը ծառերով և թփերով շրջապատից թաքնված պատշգամբ, պատշգամբի մարմարյա ճաղաշարերի երկարությամբ տեղադրված տակառներ՝ պարտեզի բույսերով։ Հաճելի վարդագույն երանգներն աչք են շոյում»[50][16]։ Գրող և արվեստագետ Լեոնիդ Վոլինսկին նկարն անվանել է «Ծաղկող բնության մեջ մարելու վշտի մասին» կտավ[52]։

Ժամանակակից ռուս ուսումնասիրողները նկարի մասին խմբագրել

Իրինա Պոլենովան անելանելիություն չի նկատել, թեև, նրա կարծիքով, նկարիչը խորհել է կյանքի անցողիկության մասին։ Նա նշել է սպիտակ բարձի ու կնոջ գլխաշորի հակադրությունը նրա՝ սև զգեստի հետ։ Սև գույնը, ըստ Պոլենավայի, «խաղաղ տեսարանում» միայն «սգո նոտա» է հնչեցնում։ Հատկապես բնապատկերին է պատկանում հիմնական հուզական և դատողական դերը։ Ոչ այնքան պայծառ արեգակը լուսավորում է լեռան կանաչ լանջերը, թեթև ստվերն ընկել է ծառերի սաղարթների և ավազապատ արահետի վրա։ Մեղմ գույները համապատասխանում են թարմ օդին։ Պոլենովան շեշտը դրել է այն բանի վրա, որ կտավում պատկերված կնոջ հայացքում «հուսահատություն կամ բողոք» չկա, այլ միայն՝ մտախոհություն և լրջություն։ Կինն իրեն որպես շրջապատող աշխարհի մասնիկ է ընկալում և ընդունում նրա օրենքները։ Նկարչի կողմից պատկերված խաղաղեցնող բնությունը համապատասխանում է նկարի հերոսուհու տրամադրությանը։ Պոլենավան նշել է, որ հասարակական բովանդակության բացակայության պատճառով նկարը չի կարելի քննադատել, քանզի նկարիչը ուղղակի նման խնդիրներ չի դրել։ Նա պնդել է, որ նկարիչը փորձել է ներկայացնել բնության ըմբռնումը՝ որպես վեհացնող և մարդկային գոյությանը իմաստ տվող սկիզբ։ Պոլենովան նշել է կտավի դրամատիզմը և հերոսուհու ապրումների նկատմամբ ուշադրությունը[53]։

Պատմաբան Գրիգորի Վոլֆը նշել է տխրության և գեղեցկության զուգակցումը նկարում, ընդգծել հերոսուհու նրբին դիմագծերն ու բարակ, նրբագեղ ձեռքերը։ Ըստ նրա՝ նկարը փոխանցում է «մարդու տխուր տրամադրությունը, որն առանձնակի սրությամբ զգում է իր գոյության անցողիկությունը»[16]։ Արվեստագիտության թեկնածու Ելենա Պետինովան կտավն անվանել է «փոքրիկ ժանրային նկար՝ պատկերված խիստ կենցաղային սյուժեով»։ Նա այնտեղ նշել է նկարչի վաղ շրջանի ստեղծագործություններին ոչ հատուկ ջերմություն և անկեղծություն[54]։

Ծանոթագրություններ խմբագրել

Մեկնաբանություններ
  1. Միխայիլ Նևեդոմսկու թույլ տված սխալը. Կիսլովոդսկը չի գտնվում Ղրիմում։
  2. Նկարչի կինը «Ն. Ա. Յարոշենկոյի կենսագրության մասին» նյութերում փաստել է, որ վարիչը նկարչին առաջարկել է հիվանդության պատճառով պաշտոնաթողության արձակուրդի խնդրագիր ներկայացնել՝ դրանով իսկ ապահովելով լիարժեք կենսաթոշակը։ Սակայն Յարոշենկոն մերժել է այդ առաջարկությունը՝ հայտարարելով, որ հեռանում է գեղանկարչությամբ ազատորեն զբաղվելու ցանկության պատճառով[11]։
  3. Ներկայումս այստեղ տեղակայված է Ն. Ա. Յարոշենկոյի Հուշաթանգարան–դաստակերտը[17]։
  4. Ն. Վ. Զայցևան նկարի մասին որոշ մանրամասնություններ պատմել է իր հոդվածում։ Նա պնդել է, որ նկարը կրել է «Մանկասայլակում քնած երեխան» անվանումը և պահպանվել է մատիտով պատկերված նախապատրաստական նկարը, որի վրա անհայտ անձի կողմից մատիտով ավելացվել է «Չի հիշում» գրությունը։ Ձեռագրերի համեմատության հիման վրա՝ Զայցևան եկել է այն եզրահանգման, որ մակագրությունը պատկանում է Ե. Ֆ. Շերշենյովային (օրիորդական ազգանունը՝ Ստրախովա), ով դեռ փոքր հասակում մուտք է գործել Չերտկովների ընտանիք։ Սակայն ումի՞ց է նա հարցուփորձ արել այդ ուրվանկարի մասին, և դրա մասին ո՞ւմ հուշերում է տեղեկություն եղել, Զայցևան այդպես էլ չի կարողացել պարզել[24]։
  5. Բորիս Ռոզեֆելդը Սպիտակ վիլլայի մասին գրքում նույնպես գրել է, որ նկարն սկզբում ունեցել է «Հիվանդ կինը» անվանումը և միայն հետագայում ճանաչում է ձեռք բերել «Տաք երկրներում» անվամբ[6]։
  6. Վլադիմիր Պրիտկովը օգտագործել է Ալեքսանդր Պուշկինի «Աղմկալից փողոցում…» բանաստեղծության քաղվածքը՝ գրված բանաստեղծի կողմից 1829 թվականին[43].
  7. Նկարչի կողմից նամակը գրվել է 1894 թվականին Կիսլովոդսկում՝ «Տաք երկրներում» նկարի ստեղծումից չորս տարի անց»[49]։
Աղբյուրներ
  1. 1,0 1,1 1,2 Каталог, 1980, էջ 364
  2. 2,0 2,1 2,2 2,3 Секлюцкий, 1963, էջ 53
  3. 3,0 3,1 Неведомский, 1917, էջ 439
  4. Неведомский, 2018, էջ 202
  5. Верещагина, 1967, էջ 48
  6. 6,0 6,1 6,2 6,3 Розенфельд, 2014, էջ 228
  7. Послужной список, 2018, էջ 61
  8. 8,0 8,1 8,2 Секлюцкий, 1963, էջ 52
  9. Поленова, 2018, էջ 38, 286
  10. Послужной список, 2018, էջ 62
  11. Ярошенко, 2018, էջ 67
  12. Поленова, 2018, էջ 38, 285
  13. Рогинская, 1993, էջ 18
  14. Поленова, 2018, էջ 25—26, 38
  15. Поленова, 2018, էջ 38
  16. 16,0 16,1 16,2 Вольф, 2008, էջ 39
  17. Розенфельд, 2014, էջ 1—365
  18. Поленова, 2018, էջ 285
  19. Секлюцкий, 1963, էջ 52—53
  20. Секлюцкий, 1963, էջ 53—54
  21. 21,0 21,1 Поленова, 2018, էջ 286
  22. Прытков, 1960, էջ 96
  23. Из писем, 2018, էջ 134
  24. Зайцева, 2000, էջ 363
  25. Волкова, 1986, էջ 372, 336
  26. Муратов, 1934, էջ 183
  27. Муратов, 1934, էջ 184
  28. Нестеров, 1959, էջ 73—74
  29. Розенфельд, 2014, էջ 230
  30. Розенфельд, 2014, էջ 233
  31. Товарищество передвижных художественных выставок, 1987, էջ 392
  32. Порудоминский, 1979, էջ 118, 141—142
  33. Порудоминский, 1979, էջ 141—142
  34. 34,0 34,1 34,2 Порудоминский, 1979, էջ 144
  35. Поленова, 1983, էջ 201
  36. 36,0 36,1 «Ярошенко Н. А. 1846, Полтава — 1898, Кисловодск. В тёплых краях». Виртуальный Русский музей (новый сайт). Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  37. 37,0 37,1 Прытков, 1960, էջ 237
  38. Прытков, 1960, էջ 301
  39. «Ярошенко Николай Александрович. Набросок портрета А.К. Чертковой. Номер в Госкаталоге — 18732986». Государственный каталог музейного фонда Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  40. Зайцева, 2000, էջ 362, 365
  41. Зайцева, 2000, էջ 362
  42. Булгаков, 2012, էջ 335
  43. Пушкин А. С. Брожу ли я вдоль улиц шумных // Собрание сочинений в 10 томах. — М: ГИХЛ, 1959. — Т. 2. Стихотворения 1823—1836. — С. 264—265. — 799 с.
  44. Прытков, 1960, էջ 173
  45. Прытков, 1960, էջ 174
  46. Горина, 1981, էջ 30
  47. Прытков, 1960, էջ 236
  48. Гольдштейн, 1965, էջ 360
  49. Из писем, 2018, էջ 133—134
  50. 50,0 50,1 Порудоминский, 1979, էջ 143—144
  51. Из писем, 2018, էջ 133
  52. Волынский, 1982, էջ 107
  53. Поленова, 2018, էջ 27—28
  54. Петинова, 2008, էջ 736

Գրականություն խմբագրել

Աղբյուրներ
  • Нестеров М. Н. А. Ярошенко // Давние дни. Встречи и воспоминания. — М: Искусство, 1959. — С. 53—80. — 399 с. — 15 000 экз.
  • Товарищество передвижных художественных выставок. Письма, документы. 1869—1899 / В. В. Андреева, М. В. Астафьева, С. Н. Гольдштейн, Н. Л. Приймак. — М.: Искусство, 1987. — 668 с.
  • Ярошенко М. П. К биографии Н. А. Ярошенко // Николай Александрович Ярошенко. Письма. Документы. Современники о художнике. — М: БуксМАрт, 2018. — С. 64—69. — 296 с.
  • Ярошенко Н. А. Послужной список Н. А. Ярошенко // Николай Александрович Ярошенко. Письма. Документы. Современники о художнике. — М: БуксМАрт, 2018. — С. 60—63. — 296 с.
  • Ярошенко Н. А. Из писем // Николай Александрович Ярошенко. Письма. Документы. Современники о художнике. — М: БуксМАрт, 2018. — С. 70—156. — 296 с.
Գիտական և գիտահանրամատչելի գրականություն
  • Булгаков В. Ф. Телятинки и Ясная Поляна после смерти Л. Н. Толстого // Как прожита жизнь: Воспоминания последнего секретаря Л. Н. Толстого. — М: Кучково Поле, 2012. — 864 с. — (Tolstoy Series (Том 10)).
  • Верещагина А. Г. Николай Александрович Ярошенко. — Л: Художник РСФСР, 1967. — 54 с. — (Народная библиотечка по искусству). — 20 000 экз.
  • Верещагина А. Г. О Н. А. Ярошенко // Наследие Н.А. Ярошенко в движении эпох [Текст]: Материалы международной науч.-практич. конференции, посвящ. 45-летию основания Мемориального музея-усадьбы художника Н. А. Ярошенко и 100-летию со дня рождения В. В. Секлюцкого — основателя и первого директора (6—8 июля 2007 г., Кисловодск) / Ред. кол. Б. Р. Гочияев, Н. С. Бескровная, Т. Т. Бурлакова. — Кисловодск: Издательство КГТИ, 2008. — С. 72—76. — 199 с. — (Народная библиотечка по искусству).
  • Волкова Т. Н. [Составитель] Л. Н. Толстой и его близкие. — М: Современник, 1986. — 373 с. — 50 000 экз.
  • Волынский Л. Н. Лицо времени: Книга о русских художниках. 4-е изд.. — М: Детская литература, 1982. — 238 с. — 50 000 экз.
  • Вольф Г. В. {{{заглавие}}}. — М: Белый город, 2008. — 48 с. — (Мастера живописи). — 3 000 экз.
  • Воронихина Л. Н., Михайлова Т. М. Н. А. Ярошенко. Курсистка // Русская живопись XIX века: книга для чтения с комментарием. — М: Русский язык, 1990. — Т. 1. — С. 179—182. — 319 с.
  • Гольдштейн С. Н. Развитие бытового жанра в 1870—1880-е годы. // История русского искусства. — М: Наука, 1965. — Т. XI. Книга I. Русское искусство II половины XIX века. — С. 300—362. — 588 с. — 12 400 экз.
  • Горина Т. Н. Русское искусство // История искусства народов СССР в 9 томах. — М: Изобразительное искусство, 1981. — Т. 6. Искусство II половины XIX — начала XX века. — С. 17—191. — 455 с. — 15 000 экз.
  • Государственный Русский музей. XVIII — начало XX века. Каталог. — Л: Аврора, 1980. — 444 с.
  • Зайцева Н. В. Образы В. Г. и А. К. Чертковых в творчестве М. В. Нестерова // Яснополянский сборник. — М: Издательский дом «Ясная Поляна», 2000. — С. 159—169. — 1 000 экз.
  • Киевский Государственный музей русского искусства. Путеводитель. Составитель Пелькина Л.. — Киев: Мистецтво, 1955. — 152 с.
  • Курсистка // Ярошенко. — Киев: ДеАгостини, 2007. — Т. 150. — С. 10—11. — 100 с. — (Художественная галерея). — 100 000 экз.
  • Муратов М. В. Л. Н. Толстой и В. Г. Чертков по их дневникам и переписке. — М: Полиграфкнига, 1934. — 502 с. — 5 300 экз.
  • {{{վերնագիր}}}.
  • Неведомский М. П. Художник-интеллигент // Николай Александрович Ярошенко. Письма. Документы. Современники о художнике. — М: БуксМАрт, 2018. — С. 200—204. — 296 с.
  • Петинова Е. Ф. Ярошенко Николай Александрович // Русские живописцы XVIII—XIX века. Биографический словарь. Составитель Петинова Е. Ф.. — СПб: Азбука-Классика, 2008. — С. 735—738. — 767 с. — 10 000 экз.
  • Поленова И. В. Классический передвижник. Летопись жизни и творчества // Николай Александрович Ярошенко. Письма. Документы. Современники о художнике. — М: БуксМАрт, 2018. — С. 10—57, 284—286. — 296 с.
  • Поленова И. В. Ярошенко в Петербурге. — Л: Лениздат, 1983. — 221 с. — (Выдающиеся деятели науки и культуры в Петербурге — Петрограде — Ленинграде). — 50 000 экз.
  • Порудоминский В. И. В те годы дальние // Ярошенко. — М: Искусство, 1979. — С. 54—103. — 199 с. — (Жизнь в искусстве). — 50 000 экз.
  • Прытков В. А. Творчество Ярошенко 90-х годов // Николай Александрович Ярошенко. — М: Искусство, 1960. — С. 169—175. — 54 илл., 320 с. — (Живопись. Скульптура. Графика). — 2 500 экз.
  • Рогинская Ф. С. Передвижники. — Саратов: СП «Эллис Лак», 1993. — 183 с. — 30 000 экз.
  • Розенфельд Б. М. XIX. У истоков большой дружбы // Белая вилла: Мемориальный музей-усадьба Н.А. Ярошенко в Кисловодске. — Пятигорск: Снег, 2014. — С. 224—233. — 365 с. — 1 000 экз.
  • Секлюцкий В. В. К заветной цели / Ярошенко в Кисловодске // Николай Александрович Ярошенко. — Ставрополь: Ставропольское книжное издательство, 1963. — С. 9—41, 52—56. — 29 илл., 120 с. — 25 000 экз.