Մեր ժամանակի հերոսը
Մեր ժամանակի հերոսը (ռուս.՝ Герой нашего времени), ռուս գրող Միխայիլ Լերմոնտովի վեպը։ Գրվել է 1838-1840 թվականներին։ Առաջին անգամ հրատարակվել է Սանկտ Պետերբուրգում 1840 թվականին երկու գրքով՝ 1000 տպաքանակով[1]։ Այս վեպը «ավելորդ մարդու» մասին պատմող վեպերից մեկն է։ Այն առավել նշանավոր է դառնում իր հերոսի՝ Պեչորինի և Կովկասի գեղեցիկ նկարագրության շնորհիվ։
Մեր ժամանակի հերոսը ռուս.՝ Герой нашего времени | |
---|---|
Հեղինակ | Միխայիլ Լերմոնտով |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հոգեբանական ստեղծագործություն |
Կազմված է | Իշխանուհի Մերի, Q94577844?, Q94577847?, A Fair Smuggler? և Fatalist? |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Կերպար(ներ) | Գրիգորի Ալեքսանդրովիչ Պեչորին, Իշխանադուստր Մերի, Մաքսիմ Մաքսիմիչ և Q105195044? |
Ստեղծման տարեթիվ | 1838 |
Նկարագրում է | Պյատիգորսկ և Կիսլովոդսկ |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հրատարակման տարեթիվ | 1840 |
Թվային տարբերակ | gradaran.mskh.am կայքում |
Վիքիքաղվածք | Մեր ժամանակի հերոսը |
A Hero of Our Time Վիքիպահեստում |
Վեպի կառուցվածքը
խմբագրելՎեպը կազմված է հինգ կարճ պատմություններից, որոնք դասավորված են ոչ ժամանակագրական կարգով։ Երկրորդ հրատարակության ժամանակ ավելացվել է նաև հեղինակային նախաբան։ Նախ Պեչորինը երևում է Մաքսիմ Մաքսիմիչի աչքերով, հետո արդեն նրան տեսնում ենք ներսից՝ իր օրագրային գրառումների շնորհիվ։
- Նախաբան
- Առաջին մաս
- I. Բելլա
- II. Մաքսիմ Մաքսիմիչ
- Պեչորինի օրագիրը
- Առաջաբան
- I. Թաման
- Երկրորդ մաս (Պեչորինի օրագրի վերջը)
- II. Իշխանադուստր Մերի
- III. Ֆատալիստը
Վեպի մասերի դասավորությունն ըստ ժամանակագրության՝
- Թաման
- Իշխանադուստր Մերի
- Բելլա
- Ֆատալիստը
- Մաքսիմ Մաքսիմիչ
- Օրագրի առաջաբանը
Վեպում կան երեք գլխավոր պատմողներ։ Առաջինը ռուսական բանակի սպա է, ում անունը չի նշվում։ Նա ճանապարհորդում է Կովկասյան լեռնաշղթայով։ Հենց պատմվածքի սկզբում նա հանդիպում է կապիտան Մաքսիմ Մաքսիմիչին, ով բավականին մեծ էր և երկար ժամանակ ծառայել էր Կովկասում։ Նա քաջատեղյակ էր այդ տարածաշրջանում ռուս զինվորի ապրելակերպին։ Մաքսիմ Մաքսիմիչը երկրորդ պատմողն է։
Սյուժե
խմբագրել«Մեր ժամանակի հերոսը ճիշտ որ պատկեր է, բայց ո՛չ մի մարդու, այդ մի պատկեր է, որ կազմված է մեր ամբողջ սերնդի արատներից` իրենց լրիվ զարգացմամբ առած.... Բավական է և այն, որ հիվանդությունը մատնանշված է, իսկ թե ինչպես պետք է ապաքինել, այդ արդեն Աստված գիտե»։
Բելլա
խմբագրելՊատմվածքը ներկայացվում է Մաքսիմ Մաքսիմիչի անունից, ով իր պատմությունն է պատմում մի սպայի, որին հանդիպել է Կովկասում։
Մաքսիմ Մաքսիմիչը որպես բերդապահ ծառայելիս ծանոթացել է Գրիգորի Ալեքսանդրովիչ Պեչորինի հետ, որ 25 տարեկան էր այն ժամանակ։ Պեչորինը տարօրինակ մարդ էր. վախենում էր անգամ պատուհանի փեղկի չխկոցից, բայց կարող էր միայնակ դուրս գալ վարազի դեմ։ Նրանք գնում են բերդից ոչ հեռու ապրող իշխանի դստեր հարսանիքին, որտեղ Պեչորինը ծանոթանում է իշխանի կրտսեր աղջկա՝ չերքեզուհի Բելլայի հետ։ Պեչորինը փախցնում է Կազբիչի (հայտնի ավազակ, մեղադրվում էր բազմաթիվ չարագործություններում, բայց ոչ մեկում չէր բռնվել) ձին, որի փոխարեն Ազամաթը (Բելլայի եղբայրը) քրոջը տանում է Պեչորինի մոտ ու ընդմիշտ հեռանում տանից։ Պեչորինը շուտով ձանձրանում է ու սկսում է ավելի հաճախ բացակայել տնից ու որոշում է թողնել Բելլային ու հեռանալ։ Կազբիչը, փորձելով փախցնել Բելլային, վիրավորում է աղջկան, որը շուտով մահանում է։ Պեչորինը մեկնում է Վրաստան։
Մաքսիմ Մաքսիմիչ
խմբագրելՄաքսիմ Մաքսիմիչը 5 տարի անց հանդիպում է Պեչորինին. հանդիպումը, սակայն, թռուցիկ էր. Պեչորինը կարծես շտապում էր հեռանալ։ Մաքսիմ Մաքսիմիչի հարցին, թե ինչ էր անում այդքան ժամանակ, Պեչորինը պատասխանեց, թե ձանձրանում էր։ Մաքսիմ Մաքսիմիչը հարցրեց Բելլայի մասին, Պեչորինը ասաց. «Այո՛, հիշում եմ»։ Պեչորինը չվերցրեց Մաքսիմ Մաքսիմիչի մոտ մնացած թղթերը, որ նա բերել էր հետը։ Վերջինս այնքան էր բարկացել Պեչորինի անտարբերության պատճառով, որ երբ սպան խնդրեց իրեն հանձնել այդ թղթերը, Մաքսիմ Մաքսիմիչը բոլոր թղթերը տվեց նրան։
Իմանալով Պեչորինի մահվան մասին՝ սպան տպագրում է նրա օրագիրը։
Թաման
խմբագրելԹաման քաղաքում Պեչորինին հետաքրքրեց, թե ուր են գաղտնի գնում մարդիկ Պեչորինը հետևեց մի աղջկա, որը նկատեց Պեչորինին ու փորձեց խեղդել, որ նա չմատնի իրենց։ Պեչորինին թվացել էր, թե նրանք հանուն ինչ որ բարձր արժեքների են վտանգում իրենց կյանքը, այնինչ նրանք մաքսանենգներ են։ Պեչորինը հեռացավ քաղաքից, որտեղ ապրող մասնանենգների կյանքն ալեկոծել էր իր հայտնվելով։
Իշխանադուստր Մերի
խմբագրելՊեչորինը գնում է Պյատիգորսկ` առողջարան։ Այստեղ նա ծանոթանում է իշխանուհի Լիգովսկայայի ու վերջինիս դստեր` Մերիի հետ։ Այստեղ նա հանդիպում է նաև իր հին սիրուն՝ Վերային, ինչպես նաև իր վաղեմի ընկերոջը՝ Գրուշնիցկուն։ Պեչորինն ամեն ինչ անում է, որ Մերին սիրահարվի իրեն, չնայած գիտի, որ աղջկան սիրահարված է Գրուշնիցկին։ Մենամարտի ժամանակ Պեչորինը սպանում է Գրուշնիցկուն և մերժում Մերիի սերը։ Պեչորինին կասկածելով մենամարտին մասնակցելու մեջ՝ նրան նորից աքսորում են, այս անգամ՝ ամրոց, որտեղ էլ Պեչորինը ծանոթանում է Մաքսիմ Մաքսիմիչի հետ։
Ֆատալիստը
խմբագրելՊեչորինը ներկա է լինում մի զրույցի, որ վերաբերում էր կանխատեսումներին ու ֆատալիզմին։ Ոմանք հավատում են, ոմանք՝ ոչ։ Պեչորինն ու Վուլիչը վիճում են. Պեչորինը պնդում է, որ Վուլիչի դեմքին ինքն ակնհայտ մահ է տեսնում։ Վուլիչը վերցնում է ատրճանակն ու կրակում իր գլխին, սակայն ատրճանակի անսարքության պատճառով այն չի կրակում։ Բոլորը ցրվում են։ Շուտով Պեչորինն իմանում է, որ գիշերը Վուլիչին սպանել է մի հարբած կազակ։ Այդ ժամանակ Պեչորինը ցանկանում է փորձել իր բախտն ու բռնել կազակին։ Նա մտնում է կազակի տուն, վերջինս կրակում է, բայց վրիպում է։ Պեչորինը բռնում է կազակին, գնում Մաքսիմ Մաքսիմիչի մոտ ու ամեն ինչ պատմում նրան։
Գրիգորի Ալեքսանդրովիչ Պեչորին
խմբագրելՊեչորինը բայրոնյան հերոսի մարմնացումն է։ Բայրոնի ստեղծագործությունները աշխարհահռչակ փառք ունեն, և Լերմոնտովը վեպում մի քանի անգամ հիշատակում է նրա անունը։ Պեչորինը հակասական կերպար է։ Նա միևնույն ժամանակ և՛ զգայուն է, և՛ ցինիկ։ Ծայրահեղ ամբարտավանությունը տիրել է նրան, սակայն ինքն էլ շատ լավ գիտի իր իսկ էությունը։ Նա մարմնավորում է այն մելանխոլիկ և ռոմանտիկ հերոսին, ով անդադար մտածում է կյանքի դատարկության և մահվան անխուսափելիության մասին։ Կյանքի նկատմամբ Պեչորինի ողջ փիլիսոփայությունը ժխտողական է։ Նա ինքն իր մեջ ստեղծում է մեկուսացած, օտարացած անհատ։ Լերմոնտովը Պեչորին անունը վերցրել է Պեչորա գետի անունից՝ ի պատիվ Ալեքսանդր Պուշկինի Եվգենի Օնեգինի, ում անունը համապատասխանում է Օնեգա գետի անվանը[2]։ Պեչորինի կարծիքով կանանց միշտ կարելի է նվաճել, և նրանք ընդհանրապես արժանի չեն հարգված լինելու։ Նա կանանց հետ վարվում է խաղալիքի պես։ Իշխանադուստր Մերիի մասին նա մտածում է. «Հաճախ զարմանում եմ, թե ինչու եմ այդքան ջանում գրավել սերը մի աղջկա, ում տիրանալու կամ ում հետ ամուսնանալու որևէ ցանկություն չունեմ»։
Հրատարակում
խմբագրելՎեպը տպագրվել է մաս-մաս 1838 թվականից։ Առաջին ամբողջական հրատարակությունը լույս է տեսել 1840 թվականին։
- «Բելան» գրվել է 1838 թվականին, առաջին անգամ հրատարակվել է «Отечественные записки» ամսագրում 1839 թվականի մարտին, հ. 2, № 3,
- «Ֆատալիստն» առաջին անգամ հրատարակվել է «Отечественные записки» ամսագրում 1839 թվականին, հ. 6, № 11,
- «Թամանն» առաջին անգամ տպագրվել է «Отечественные записки» ամսագրում 1840 թվականին, հ. 8, № 2,
- «Մաքսիմ Մաքսիմիչը» առաջին անգամ տպագրվել է վեպի առաջին առանձին հրատարակությունում 1840 թվականին,
- «Իշխանուհի Մերին» առաջին անգամ տպագրվել է վեպի առաջին առանձին հրատարակությունում,
- «Նախաբանը» գրվել է Սանկտ Պետերբուրգում 1841 թվականի գարնանը և առաջին անգամ տպագրվել վեպի երկրորդ հրատարակությունում։
Նկարազարդումներ
խմբագրելԳիրքը բազմիցս նկարազարդել են հայտնի նկարիչներ, որոնց թվում են Միխայիլ Վրուբելը (1890-1891)[3], Իլյա Ռեպինը, Եվգենի Լանսերեն, Վալենտին Սերովը (1891), Լեոնիդ Ֆեյնբերգը, Միխայիլ Զիչին (1881)[4], Պյոտր Բոկլևսկին, Դեմենտի Շմարինովը (1941), Նիկոլայ Դուբովսկին (1890) և Վլադիմիր Բեխտեևը (1939)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Бумаги о сочинениях покойного поручика М. Ю. Лермонтова», которые хранятся в ИРЛИ (ф. 524, оп. 1, № 52)
- ↑ Murray, Christopher (2004). Encyclopedia of the Romantic Era, 1760–1850. New York: Taylor & Francis. էջ 498. ISBN 1-57958-423-3.
- ↑ «Иллюстрации к роману Михаила Лермонтова «Герой нашего времени»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Иллюстрации Михаила Зичи к роману Михаила Лермонтова «Герой нашего времени»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մեր ժամանակի հերոսը Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեր ժամանակի հերոսը» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեր ժամանակի հերոսը» հոդվածին։ |