Տաջիկական գրականություն

Տաջիկական գրականություն (տաջ.՝ Адабиёти тоҷик), տաջիկերեն լեզվով գրականություն։ Տաջիկական գրականության ակունքը ժողովրդական բանահյուսությունն է, որն իր արտացոլումն է գտել ժամանակակից Իրանի, Աֆղանստանի և Միջին Ասիայի տարածքում արևմտյան և արևելյան իրանական ժողովուրդների ստեղծած գրավոր հուշարձաններում։

Տաջիկ հայտնի գրողների քանդակները Դուշանբեի գրողների միության շենքի պատին

Տաջիկական հին գրականությունը սնվել է հին իրանական հուշարձանների, հատկապես «Ավեստա»-ի ավանդույթներով, առասպելական ու հերոսավիպերգական պոեզիայով, հնդկական գրականությունից և իսլամական զրույցներից ու ավանդույթներից կատարված թարգմանությունների միջոցով փոխառված սյուժեներով և կերպարներով։ Ընդգրկում է նախաիսլամական և արաբական արշավանքների դարաշրջանը։ Արաբական նվաճումների հետևանքով իրանական ժողովուրդների մշակութային շատ արժեքներ ոչնչացել են։

Տաջիկական դասական գրականության շրջաններ խմբագրել

Տաջիկական դասական գրականությունն ունի երեք շրջան։

  • Առաջինը 9-15-րդ դդ. ֆարսի լեզվով դասական գրականությունն է, որը տաջիկ և պարսիկ ժողովուրդների պատմական զարգացման ընդհանրության պատճառով եղել է միասնական (ժամանակակից ուսումնասիրությունների մեջ այդ գրականությունը կոչվում է պարսկա-տաջիկական կամ պարսկալեզու գրականություն)։ 16-րդ դարում պետական և կրոնական սահմանազատման հետևանքով առանձնացել են նաև տաջիկական, պարսկական, աֆղանական և այլ գրականություններ։
  • Երկրորդն ընդգրկում է 11-19-րդ դդ. կեսերի տաջիկական գրականությունը, որն ստեղծվել է հիմնականում Միջին Ասիայի տարածքում։
  • Երրորդը՝ 19-րդ դարի երկրորդ կեսի լուսավորական գրականությունն է և 20-րդ դարի սկզբի գրականությունը։

Պատմություն խմբագրել

Տաջիկական գրականության սկզբնավորումը եղել է Ռուդաքին. նրա գործի առավել հայտնի շարունակողներն են (Սասանյանների կառավարման շրջանում) Ֆիրդուսին և Աբու Ալի իբն Սինան։ Նրանց ստեղծագործությունը համակված է հումանիզմով։ Քնարական և էպիկական հերոսներին բնորոշ են կենսուրախությունն ու հայրենասիրությունը, կրոնական նախապաշարմունքների դեմ պայքարի ու բողոքի պաթոսը։ Ֆիրդուսու «Շահնամե»-ում և Գուրգանիի (11-րդ դ.) «Վիս ու Ռամին» պոեմում, Նասիր Խոսրովի (1004- մոտ 1072) բանաստեղծություններում և Օմար Խայամի քառյակներում արտահայտված են հայրենասիրական գաղափարներ, բանականության վեհությունը, գյուղացիության սոցիալական ուտոպիան և այլն։

Մոնղոլական լծի և Թեմուրյանների կառավարման շրջանի պոեզիայի ականավոր ներկայացուցիչներից են Ջալալեդդին Ռումին (1207-1273 թթ.), Սաադին, Հաֆեզը, Քեմալ Խուջանդին (ծն. թ. անհայտ - 1391-1400 թթ.-ի միջև), նրանց ստեղծագործության առանցքը չարի դեմ բողոքն է, հասարակության արատների քննադատությունը, պետական կարգի խարազանումը, մարդու փառաբանումը։

15-րդ դարում գրականությունը զարգացել է Սամարղանդում, Բուխարայում, Հերաթում։ Գրականության լավագույն ավանդույթների արտահայտիչն ու նրա նոր բարձրակետը դարձավ այդ շրջանում բանաստեղծ ու մտածող Աբդուռահման Ջամին (1414-1492)։ Նա և Ալիշեր Նավոին իրենց ստեղծագործության մեջ ոչ միայն արտահայտել են ժամանակի առաջավոր գաղափարները, այլև նպաստել են տաջիկական և ուզբեկական գրականությունների փոխադարձ կապին ու հարստացմանը։

Ժողովրդի երազանքներն ու ակնկալությունները, ճշմարտության համար պայքարը իրենց արտահայտությունը գտան ուշ միջնադարյան տաջիկական գրականության ներկայացուցիչներ Մուշֆիքիի (1525-1588 թթ.), Ֆիտրատ Զարդուզի (1657-18-րդ դ. սկիզբ), Միրզա Բեդիլի (1644-1721 թթ.) և ուրիշների ստեղծագործությունների մեջ։

19-րդ դարի երկրորդ կեսին, երբ Միջին Ասիան միացավ Ռուսաստանին, գրականություն եկավ Ահմադ Դոնիշը (1826-1897 թթ.), որը տաջիկական գրականության մեջ հայտնի է որպես լուսավորական հոսանքի հիմնադիր։ Նա գլխավորեց առաջադիմական գրողների մի ամբողջ համաստեղություն։

Տաջիկական խորհրդային գրականություն խմբագրել

Տաջիկական խորհրդային գրականությունը, որի պատմությունը սկսվել է այդ գրականության հիմնադիր Սադրիդդին Այնիի (1878-1954 թթ.) «Ազատության քայլերգ» բանաստեղծությամբ, ընթացել է հեղափոխական նորի և սոցիալիստական իրականության պատկերումով։ Ստեղծագործական փորձի փոխանակության և, առաջին հերթին, ռուս ռեալիստական գրականության ավանդույթների յուրացման ընթացքում Ս. Այնիի վեպերի ու վիպակների, Ա. Լահութիի (1887-1957 թթ.) էպիկական պոեմների ու գազելների հերոսներով գրականություն մտան սոցիալիստական հասարակության կառուցողներ, նոր կենցաղի իրական պատկերներ։ Տաջիկական ԽՍՀ-ի ստեղծումից (1929) հետո սկսված եռուն կյանքը, խորհրդային կարգերի հաստատման ու ամրապնդման, բասմաչության ու անգրագիտության վերացման, կանանց ազատագրման, ազատ և իրավահավասար աշխատանքի համար մղված պայքարի ժամանակներն արտացոլվեցին Պ. Սուլայմոնիի (1899-1933 թթ.), Մ. Ռահիմի (1901-1968 թթ.), Մ. Ամին-զադեի (1904-1962 թթ.), Ջ. Իքրամիի (ծն. 1909 թ.) և Ռ. Ջալիլի (ծն. 1909 թ.) բանաստեղծություններում ու պոեմներում, հրապարակախոսության և պատմվածքների մեջ։

Տաջիկական գրականությունը 1930-ական թթ. դարձել է բազմաժանր և բազմազգ խորհրդային գրականության մասը։ 1932 թվականի ապրիլի 23-ին «Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» ՀամԿ(բ)Կ ԿԿ որոշումը, խորհրդային գրողների համամիութենական առաջին համագումարը (1934) և «Բարոյի ադաբիյոտի սոցիալիստի» (Սոցիալիստական գրականության համար «Սադոի Շարկ») ամսագիրը նպաստեցին սոցիալիստական ռեալիզմի ուղիով տաջիկական խորհրդային գրականության զարգացմանը, պատմվածքի, ակնարկի, վիպակի, վեպի, վեպ-էպոպեայի, դրամայի, կատակերգության ժանրերի, մանկական գրականության գրականագիտության և գրաքննադատության առաջացամանն ու ամրապնդմանը։ Գրական պրոցեսում զգալի դեր կատարեց ռուս և համաշխարհային դասականների թարգմանությունը։ Արևելքում անկախության համար պայքարը, սոցիալիստական հասարակության մեջ նոր ծիլերը, մարդկանց հերոսական աշխատանքը, ժողովուրդների ինտերնացիոնալ միասնությունը, սոցիալիզմի նվաճումների ամրապնդման համար պայքարը դարձան տարբեր սերունդների գրողների հիմնական թեման։ Պայրավի «Արյունոտ գահ» (1931) և «Մահվան մինարեթ» (1932) պոեմները հնչեցին որպես ժողովրդի ատելություն հին աշխարհի նկատմամբ։ Այնիի «Օդինա» (1924), «Դոխունդա» (1930), «Ստրուկներ» (1934), «Վաշվառուի մահը» (1937, հայերեն հրատարակչություն՝ 1968), «Հիշողություններ» (հ. 1-4, 1949-1954, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950, հայերեն հրատարակչություն՝ 1957) վեպերը, Լահութիի «Կրեմլ» (1923, հայերեն հրատարակչություն՝ 1931), «Երջանկության երկիրը» (1935), «Թագ և դրոշ» (1935), Մ. Թուրսունզադեի «Աշուն և գարուն» (1935), Դեհոթիի «Երեք տեսակ» (1935) պոեմները, Ս. Ուլուգզադեի պիեսները և շատ ուրիշների ստեղծագործություններ մտել են բազմազգ խորհրդային գրականության գանձարան։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բոկի Ռահիմզադեի (1910-1980 թթ.), Ֆ. Նիյազիի (1914 թ.), Ա. Նազարովի (1913-1969 թթ.), Զ. Ջավհարիի (1872-1944 թթ.) ստեղծագործությունները ժողովրդին ոգեշնչել են ճշմարտացի պայքարի։ Հրապարակախոսական հոդվածներում, ակնարկներում, պոեզիայում, դրամաներում և պատմվածքներում տաջիկ գրողները փառաբանել են խորհրդային ռազմիկների ու պարտիզանների սխրանքները, թիկունքի մարդկանց աշխատանքը, գրել ժողովրդի հերոսական անցյալի, ինտերնացիոնալիզմի և ժողովուրդների բարեկամության մասին (Այնիի հոդվածներն ու ակնարկները, Լահութիի «Տանյայի հաղթանակը», 1942, Միրզո Թուրսունզադեի «Հայրենիքի որդին», 1942)։

Ետպատերազմյան տարիներին պոեզիան պահպանել է իր առաջատար դերը գրականության մեջ։ 1940-ական թթ. վերջին գրականության բոլոր ժանրերի հիմնական թեման եղել է ժամանակակից մարդը։ Ետպատերազմյան առաջին տասնամյակում մի շարք ստեղծագործություններ ստացել են համամիութենական ճանաչում (Թուրսունզադե, «Հնդկական բալլադ» բանաստեղծությունների շարքը, 1947-1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, Այնի «Հիշողություններ», Մ. Միրշաքար, «Ոսկե ղշլար», 1942, «Անհնազանդ Փյանջ», 1949, պոեմներ)։ 50-60-ական թթ. գրականության եկավ գրողների մի նոր սերունդ՝ Պ. Տոլիս (1929-1961 թթ.), Ֆ. Մուհամադին (1928 թ.), Մումին Կանոատ (1932 թ.), Գ. Միրզո (1930 թ.), Ֆ. Անսորի (1931 թ.), Ա. Կախորի (1924 թ.), Մ. Ֆահրադ (1924 թ.), Ռ. Հաջիզադե (1928 թ.), Կ. Կիրոմ (1932 թ.):

1960-ական թթ. բանաստեղծներ և արձակագիրներ Լ. Շերալին, Սորբոնը, Ու. Կուխզոդը, Սատոր Թուրսունը, Գուլնազարը, Գուլրուխսորը գրականությունը հարստացրել են նոր ստեղծագործություններով։ 1950-ական թթ. առավել հայտնի են Տոլսի «Ամառ», Ս. Ուլուգ-գադեի «Մեր կյանքի առավոտը» (1954) վիպակները, Գ. Միրզոյի «Ասրոր» (1955), Ֆ. Անսորի «Արևը ճանապարհին» (1957), Թուրսոն-զադեի «Հասան-արբաքեշը» (1954), Միրշաքարի «Լենինը Պամիրում» (1955) պոեմները։ 1960-ական թթ. ստեղծվեցին Ջ. Իքրամիի «Բուխարայի տասներկու դարպասները» եռերգությունը, Ս. Ուլուգզադեի «Վոսե» (1967) վեպը, Թուրսունզադեի «Գանգեսից՝ Կրեմլ», Մումին Կանոատի «Դնեպրի ալիքները», «Ստալինգրադի ձայները» (1970) պոեմները, Ֆ. Մուհամադիևի «Ծայրամասի տունը» (1963), «Այն աշխարհում» (1965) վիպակները և շատ այլ գործեր։

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Perry, J. R. (1996) "Tajik literature: Seventy years is longer than the millennium" in World Literature Today, Vol. 70 Issue 3, p. 571
  • Library of Congress - Country Studies - Tajikistan
  • Տաջիկական գրականության անթոլոգիա, 2009, 978-9939-58-036-4
  • Գ. Լահուտի, Տաջիկական գրականություն, 1934, Մ 4573
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 585-586