Նախաիսլամական Արաբիա, Արաբական թերակղզին մինչև մեր թվարկության 7-րդ դարը, երբ արաբական ցեղերը ընդունեցին իսլամ և միավորվեցին նրա կանաչ դրոշի ներքո։ Մինչ այդ արաբները և Արաբական թերակղզում ապրող սեմալեզու մյուս ժողովուրդները կերտել էին շուրջ քաղաքակրթություններ, որոնցից ամենահինը ուներ 3000-ամյա պատմություն։

գրիֆֆոնի քանդակ (Հադրամաութ)

Առաջին գրավոր հուշարձանը, որից սկսվում է գրական արաբերենի պատմությունը՝ Ղուրանն է, բայց այդ հուշարձանի, ինչպես նաև ավելի ուշ գրառված նախաիսլամական գրականության լեզվի ուսումնասիրությունը, վկայում է, որ լեզվի այդ գրավոր ձևը իրենից ներկայացնում է զարգացման և մշակման երկարատև ժամանակաշրջանի արդյունք, որի արմատները ձգվում են դեպի նախաիսլամական շրջանի խորքերը։

արաբ կանայք

VI-VII դարերի լեզուն արտացոլող առաջին գրավոր հուշարձանները պատկերացում են տալիս կայացած հնչույթաբանական համակարգին, կանոնավորված ձևաբանական համակարգին, կայուն շարահյուսական կազմ և հարուստ բառապաշար ունեցող մի լեզվի մասին։ Այդ լեզուն կազմավորվել էր Կենտրոնական Արաբիայի (Նեջդի բեդվիական ցեղերի և Հիջազի նստակյաց ցեղերի) ցեղային բարբառների հիման վրա։ VII դարի սկզբում այս տարածքում ձևավորվել էր վերբարբառային կարգավիճակ և գործառույթներ ունեցող լեզվի մի ձև, ընդհանուր հնչյունաբանական և լեզվաբանական համակարգ, որը բացառում էր ձևավորված նորմայից բարբառային շեզումները, միևնույն ժամանակ բարբառների տարբերակումը, միջնադարյան բանասերների տվյալների համաձայն, շարունակում էր պահպանվել ընդհանրական համաարաբական ձևերի հետ զուգահեռ, դրա համար էլ արաբերեն լեզվի պատմությունը պարունակում է երկու ասպեկտ՝ միասնական ձևի՝ գրական լեզվի, և մատչելի բարբառային նյութերի ուսումնասիրություն։

Իսլամական ժամանակաշրջանի պարբերականացումը ընդգրկում է երեք հիմնական փուլ՝ վաղ դասական (VII-X դդ.), դասական (X- XVIII դդ.) և ժամանակակից (XIX դ.-ից մինչև ասյօր)։ Այս դասակարգումը հենվում է հիմնականում արաբ հասարակության պատմության, այսինքն՝ արտալեզվական գործոնների վրա, մշակութային վերելքի կամ անկման, միավորման կամ պառակտման և մշակութատնտեսական շփումների աշխուժացման կամ թուլացման ժամանակահատվածները հաշվի առնելով։ Գրական արաբերենի ներքին պատմության այդ գործոններն ունեն սահմանափակ և աննշան ազդեցություն։ XX դարի համար միայն հատկանշական է դառնում բառապաշարային միջոցների նշանակալի զարգացումը, որն ադյուհանդերձ չի անդրադառնում հիմնական արմատական բառաֆոնդի վրա, ինչպես նաև շարահյուսական կառույցների բարդեցումը՝ գրական ժանրերի առաջացման հետևանքով։ Բարբառաձևերի թափանցումը գեղարվեստական գրականություն, գրական լեզվի ու տեղի բարբառի միջև տարբերությունները մեղմացնող միջին մի լեզու ստեղծելու փորձերը։

Արաբերենի նախաիսլամական շրջանի պարբերականացումը հիմնվում է սահմանափակ էպիգրաֆիկ նյութի և հին հեղինակների ու աղբյուրների որոշ ցուցումների վրա, որոնք վկայում են ոչ այդքան հին կամ նախաարաբական լեզվի գոյության մասին, որքան իրենց բնորոշ հատկանիշներն ունեցող հին արաբական բարբառների խմբի առկայության մասին։

արաբ տղամարդիկ

Նախաիսլամական շրջանում Արաբական թերակղզու տարածքում և հարակից շրջաններում ձևավորվում է ոչ միայն արաբերեն բանավոր վերբարբառային ձևը ներկայացնող բանաստեղծական կոյնեն, այլև յուրահատուկ գրավոր էպիգրաֆիկ մի ձև, որը կրում է «էպիգրաֆիկ արաբերեն» պայմանական անվանումը։ Եթե բանաստեղծական լեզվի ձևավորումն ու կազմավորումը վերաբերում է մ.թ. VI-VII դարերին, ապա էպիգրաֆիկ արաբերենին գործառությունը հայտնի է մ.թ.ա. I դարից և շարունակվում մինչև մ.թ. IV-V դարերը, իսկ որոշ տվյալներով՝ ընդհուպ մինչև VII դարի սկիզբ՝ անմիջականորեն նախորդելով իսլամական շրջանին և համապատասխանաբար գործառության մեջ լինելով բանաստեղծական կոյնեի ձևավորման առաջին շրջանի հետ։

Պատմական տեսակետից էպիգրաֆիկ արաբերենը սովորաբար բնորոշվում է որպես վաղնջական կամ նախադասական արաբերեն։ Արաբական բանասիրական ավանդույթը, որը բավական մանրամասնորեն անդրադառնում է Արաբական թերակղզու ցեղերի և որոշ հարևան հարավ-սեմական լեզուների բարբառների առանձնահատկությունների նկարագրությունը գրեթե չի նշում այն առանձնահատկությունները, որոնք բնութագրում են էպիգրաֆիկ արաբերեը։ Այն ցեղերը, որոնք կարող էին հանդիսանալ այդ լեզվի կրողը արաբական պատմական ավանդույթում հիշատակվում են al-εarab al-baεīda ՙհեռացված արաբներ՚ անունով։

Հնչյունային առանձնահատկությունների առումով էպիգրաֆիկ արաբերենն բնութագրվում է պայթականների, կոկորդայինների, միջնատամնայինների, էմֆատիկ (đād, şād), շրթնային հնչույթների առկայությամբ, ինչը հատկանշական է, ինչպես հարավ-արաբական լեզունների, այնպես էլ արաբերենի համար։ Միևնույն ժամանակ էպիգրաֆիկ արաբերենին հատուկ է ha-ha՝, sin-s՝ad հստակ բացակայությունը, որը բնորոշ չէ ոչ հարավ-արաբական լեզուներին, ոչ էլ դասական հյուսիս-արաբերենի համար։

Ձայնավորների երկարացումը և երկբարբառների գործառությունը միջին արմատական դիրքում թեպետ հետևողական է, բայց իրականանում է։ Ինչ վերաբերում է ձևաբանական առանձնահատկություններին, ապա առկա նյութը թույլ է տալիս արձանագրել երկակի թվի առկայությունը և երկու կարգի հոգնակիների՝ արտաքին և բեկյալ, առկայությունը, վերջինս առավելապես ներկայացված է afεal ձևով։ Էպիգրաֆիկ արաբերենի ամենաբնորոշ հատկանիշը ha որոշիչ հոդն է։

Բառապաշարային առանձնահատկությունները առաջին հերթին դրսևորվում են ազգակցական տերմինների՝ սեմական լեզուներին հատուկ երկու շարքերի հակադրության մեջ՝ ընդհանուր արաբական և հին եբրայական, bin ձևը հակադրվում է bir-ին, որը հատկանշական է հարավ-արաբերենին և արամեերենին։ Bir ձևը հատկանշական է հարավային Արաբիայի որոշ արաբական բարբառների համար և դրանցում օգտագործվում է մինչև այժմ։

Բառապաշարային առանձնահատկությունների առումով պետք է նշել, որ էպիգրաֆիկ արաբերենին հատուկ են բառապաշարային այնպիսի շերտեր, որոնք կրում են ընդհանուր սեմական բնույթ՝ որոշ դեպքերում հակադրվելով դասականարաբերենի համապատասխան արմատներին, մյուս կողմից՝ մի շերտ, որը հատուկ է Արաբիայի գրեթե բոլոր բարբառներին ու լեզուներին. դա հիմնականում քոչվոր-անասնապահական շերտն է (կենդանիների անվանումների, օր.` abl-ուղտ արմատը, marj-արոտավայր, thara-ցուլ, faras-ձի)։ Այդ առումով կարելի է խոսել, որ էպիգրաֆիկ արաբերենի բառապաշարային համակարգը իրենից ներկայացնում է երեք շերտեր` հյուսիս-արաբական, արամեական և հարավ-արաբական տարրերի, առավել հին շերտը հարավ-արաբականն է, որը համալրվում է հյուսիս-արաբական և արամեական բառապաշարով։ Իր գործառության վերջին շրջանում մ.թ. IV-VI դդ. էպիգրաֆիկ արաբերենն գոյակցում է բուն արաբերենի հետ, որի հիմնական հատկանիշն է al հոդը։

Ենթադրվում է, որ էպիգրաֆիկ արաբերենն իրենից ներկայացնում էր գրավոր լեզվի միասնական գործառական ձև, որը կազմավորվել է մ.թ.ա. առաջին դարում ՙha բարբառների՚ հարավային խմբի հիմքի վրա։ Լեզվի այդ ձևը սահմանափակված էր հասարակական-տնտեսական նեղ ոլորտով և քիչ թվով կրողների առկայությամբ, որոնք դուրս մղվեցին մ.թ.I դարում ՙal՚ բարբառների կրողների կողմից։ Ամեն դեպքում էպիգրաֆիկ արաբերենը չի հանդիսանում դասական արաբերենի անմիջական նախորդը, այլ ավելի շուտ հանդիսանում է արաբական բարբառների խմբին մոտ զուգահեռ մի ճյուղ, որն իր շարունակությունն իսլամական շրջանում չստացավ ոչ գրավոր, ոչ բանավոր տեսքով։ Al-բարբառների խումբը ներակայացված է տեքստերի խիստ սահմանափակ քանակությամբ, որոնցից մի խումբը Կենտրոնական Արաբիայում Կարյաթ ալ-Ֆաուա վայրում գտնված արձանագրություններն են, մյուսը՝ նաբաթական գրով կատարված արձանագրություններն են, որոնց վերլուծությունը վկայում է այն մասին, որ հիմնական հատկանիշներով հոդ, հոդի առնմանում, կայացած հնչույթային համակարգ, բառափոխական վերջավորությունների առկայություն afa՝l ձևով կազմված բայաձևեր, համզայի առկայությունը։

Այդ տեքստերը վերաբերում են մ.թ. III դդ։ Դրանց առկայությունը ենթադրում է որոշակի ավանդույթների առկայություն, որը կազմավորված է եղել ավելի վաղ շրջանում, հետևապես արաբերենի երևան գալը պատմական ասպարեզ կարելի է վերագրել մ.թ. առաջին դարերին։

Տես նաև

խմբագրել