Տաղաչափություն (տեսություն)
Տաղաչափություն, բանաստեղծության ձևական կառուցվածքի բաղադրամասերի ամբողջություն, որով ստեղծվում է ներդաշնակության օրենքներով համադրված լեզվի մի առանձնահատուկ տեսակ՝ չափածո գեղարվեստական խոսքը։
Տաղաչափական տարրեր
խմբագրելՏաղաչափական տարրերն են՝ չափը, հանգը, բանաստեղծական հնչյունաբանությունը, տունը, ոտքը, անդամը, տողը, կիսատողը, դադարը, հատածը, տողանցումը, որոնք ամբողջության մեջ ստեղծում են խոսքի կշռույթը (ռիթմ)։
Տաղաչափական համակարգեր
խմբագրելԸստ տողերի արտասանական ժամանակի տևողության և լեզվի շեշտադրության բնույթի՝ առանձնանում են տաղաչափական տարբեր համակարգեր՝ չափական, վանկային, վանկաշեշտային, շեշտային։
Չափական համակարգ
խմբագրելՉափական համակարգը, որը բնորոշ է եղել անտիկ շրջանի հունահռոմեական, ինչպես նաև միջնադարյան լատինական պոեզիային, ձևավորվում է երկար և կարճ ոտքերի տարբեր միացություններով․ նպատակը արտասանական հավասար տևողություն ունեցող տողաչափերի ստեղծումն է։ Տարբեր տողաչափեր ունեն իրենց չափական կառուցվածքին համապատասխան անուն, ինչպես՝ վեցաչափ (հեկզամետր), հնգաչափ (պենտամետր)։
Վանկաշեշտային և շեշտային տաղաչափական համակարգեր
խմբագրելՎանկաշեշտային և շեշտային տաղաչափական համակարգերի ձևավորման հիմքը բանաստեղծական ոտքն է, որը կազմվում է մեկ շեշտված և մեկ կամ մի քանի անշեշտ վանկերից, օրինակ, մեծավերջը (յամբ), մեծասարը (քորեյ), վերջատանջը (անապեստ), քողաղոտը (ամֆիբրաքոս), ստեղնը (դաքտիլ) և այլն։ Հայերենի տաղաչափությունը պատկանում է վանկային համակարգին, հանդիպում են նաև վանկաշեշտային ոտանավորի օրինակներ։ Բացի նշված տաղաչափական համակարգերից, կան նաև համաշեշտ և ազատ ոտանավորի տեսակներ։
Համաշեշտ և ազատ ոտանավորի տեսակներ
խմբագրելՀամաշեշտ ոտանավորը կառուցվում է տողի մեջ շեշտի հավասարության միջոցով, ազատ ոտանավորն ունի իր կշռույթի առանձնահատուկ օրենքները, այստեղ կարևոր դեր ունեն տողի հնչերանգային, իմաստային, շարահյուսական ավարտվածությունը, խոսքի արտասանական շեշտը, արտահայտությունների, բառակապակցությունների, ոճական ձևերի նմանությունը և այլն։
Տաղաչափագիտություն
խմբագրելՏաղաչափության ըմբռնումը տարածվում է նաև գրականագիտության այն բնագավառի վրա, որն ուսումնասիրում է չափածո խոսքի՝ որպես լեզվի առանձնահատուկ համակարգի, ձևական կառուցվածքի տարրերը։ Այս դեպքում ճիշտ կլինի օգտագործել տաղաչափագիտություն տերմինը։
Տաղաչափագիտության բաժիններ
խմբագրելՏաղաչափությունն (տաղաչափագիտություն) ունի չորս հիմնական բաժին՝ չափագիտություն, հանգիտություն, բանաստեղծական տների կառուցման տեսություն և տեսություն բանաստեղծական կայուն ձևերի (հայրեն, սոնետ, տրիոլետ, ռոնդո, գազել և այլն) մասին։
Տաղաչափությունը հայ բանասիրության մեջ
խմբագրելՏաղաչափությունը (տաղաչափագիտություն) հայ բանասիրության մեջ նախկինում եղել է լեզվաբանության մի առանձին բնագավառ և ուսուցանվել է միջնադարյան դպրոցներում ու համալսարաններում, ապա աստիճանաբար անցել է գրականագիտությանը՝ միաժամանակ պահպանելով իր սահմանային դերը բանարվեստի ու լեզվի օրինաչափությունների ուսումնասիրման բնագավառների միջև։ Հայ բանասիրության մեջ տաղաչափագիտության հարցերով լրջորեն զբաղվել են Մխիթարյան միաբանության անդամները (Արսեն Բագրատունի, Հովնանյան, Այտընյան, Հյուրմյուզյան, Սուքրյան և ուրիշներ)։ Այն մի նոր աստիճանի են բարձրացրել Բահաթրյանը և Մանուկ Աբեղյանը։ Տաղաչափության հարցերին անդրադարձել են նաև բանաստեղծները (Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Մագիստրոս, Հովհաննես Հովհաննիսյան, Դանիել Վարուժան, Եղիշե Չարենց, Պարույր Սևակ և ուրիշներ)։ Տաղաչափությունը կարևոր տեղ ունի նաև բանարվեստի ուսումնասիրության ժամանակակից մեթոդներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 552)։ |