Վրոցլավի համալսարան
Վրոցլավի համալսարան (լեհ.՝ Uniwersytet Wrocławski), հանրային համալսարան Լեհաստանի Վրոցլավ քաղաքում: Ստորին Սիլեզիայի վոևոդության խոշորագույն համալսարանն է, որ 1945 թվականից ի վեր ունեցել է շուրջ 100.000 շրջանավարտ[3]:
Վրոցլավի համալսարան լեհ.՝ Uniwersytet Wrocławski | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1702 |
Հիմնադրիր | Լեոպոլդ I |
Անվանված է | Բոլեսլավ Բերուտ, Ֆրիդրիխ Ուիլիամ III Պռուսացի և Լեոպոլդ I |
Ռեկտոր | Przemysław Wiszewski? |
Ընդհանուր անձնակազմ | 3480 մարդ |
Անդամակցություն | Socrates-Erasmus? և Եվրոպայի համալսարանների միություն[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վրոցլավ |
Կայք | uni.wroc.pl |
Wrocław University Վիքիպահեստում |
Ընդհանուր տեղեկություններԽմբագրել
Վրոցլավի համալսարանը Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից է: 2008 թվականի նոյեմբերի տվյալներով նրա 12 ֆակուլտետներում սովորում էր մոտ 37.280 ուսանող: Դասախոսների ու գիտաշխատողների թիվը 3.390 է: Համալսարանում դասավանդումն իրականացվում է հետևյալ ֆակուլտետներում.
- Բանասիրություն
- Պատմություն և մանկավարժություն
- Իրավունք, կառավարում ու տնտեսագիտություն
- Ֆիզիկա և աստղագիտություն
- Բիոտեխնոլոգիա
- Կենսաբանություն
- Աշխարհագրություն, երկրաբանություն և շրջակա միջավայր
- Սոցիալական գիտություններ
- Քիմիա
- Մաթեմատիկա և ինֆորմատիկա
ՊատմությունԽմբագրել
Վրոցլավում համալսարան հիմնադրելու առաջին փորձը վերաբերում է 1505 թվականին, երբ հուլիսին Լեհ-լիտվական, ինչպես նաև Չեխական և Հունգարական թագավորության արքա Վլադիսլավ II-ը` Յագելլոների դինաստիայից, հրաման ստորագրեց համալսարան բացելու մասին: Սակայն այդ տարածքներում մշտական պատերազմների, ինչպես նաև միջոցների բացակայության ու Կրակովի համալսարանի հետ մրցակցել չկարողանալու պատճառով այն այդպես էլ չի ստեղծվել: 1702 թվականին, 1638 թվականին բացված դպրոցի հիմքի վրա, Ճիզվիտների օրդենը Սիլեզիայի բարձրագույն խորհրդի համագործակցությամբ և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Լեոպոլդ I-ի հրամանով համալսարան է հիմնում Բրեսլաուում, որի միակ ֆակուլտետը փիլիսոփայության ու կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետն էր: Համալսարանը ստանում է Լեոպոլդինա անվանումը: Այն պաշտոնապես բացվում է 1702 թվականի նոյեմբերի 15-ին:
Յոթնամյա պատերազմից հետո, երբ Սիլեզիան Ավստրիայից անցնում է Պրուսիայի տիրապետության տակ, համալսարանը կորցնում է իր հակառեֆորմացիոն բնույթը` շարունակելով, սակայն, մնալ կաթոլիկ հոգևորականության բարձրագույն դպրոց Գերմանիայում: 1811 թվականի օգոստոսի 3-ին Պրուսիայում կրթական բարեփոխում անցկացնելու և Բրեսլաուի ու Օդերի Ֆրանկֆուրտի համալսարանների միավորման արդյունքում համալսարանը ստանում է նոր անուն` «Ֆրիդրիխ-Վիլհելմի սիլեզյան համալսարան»[4]: Այդ ժամանակ արդեն ուսանողները սովորում էին հինգ ֆակուլտետներում` կաթոլիկ աստվածաբանություն, բողոքական աստվածաբանություն, իրավունք, փիլիսոփայություն և բժշկություն: Այդպիսով, Բրեսլաուի համալսարանը գերմանական առաջին համալսարաններից էր, որն ուներ միաժամանակ և՛ կաթոլիկ, և՛ բողոքական ֆակուլտետներ: Համալսարանում կազմակերպվում են աստվածաբանական երեք դասընթացներ, գերմաներենի, անգլերենի, ռոմանական բանասիրության, պատմության, մաթեմատիկա-ֆիզիկական, իրավաբանության և պետական քաղաքականության սեմինարներ: 1842 թվականին դրանց ավելանում է սլավոնագիտության ամբիոնը: Համալսարանի ղեկավարությամբ գործում են բնագիտության 12 ինստիտուտներ, կլինիկական 6 կայաններ և թանգարանային 3 հավաքածուներ: 1881 թվականից համալսարանը ենթարկվում է Պրուսիայի գյուղատնտեսական ինստիտուտին: 1884 թվականին ուսանողների թիվն ինստիտուտում կազմում է 1.481, իսկ դասախոսներինը` 131:
Համալսարանական գրադարանը 1885 թվականին ուներ շուրջ 400.000 հատոր, որից 2.400-ը ինկունաբուլաներ` մինչև 1500 թվականի տպագրության, և 2.840 ձեռագրեր: Այստեղ եղել է նաև աստղադիտարան, բուսաբանական այգի` 5 հա տարածքով և բուսաբանական թանգարանով, իսկ 1862 թվականից նաև կենդանաբանական այգի` մարդաբանական ու կենդանաբանական թանգարանով: Համալսարանին կից գործել են քիմիական լաբորատորիա, մարդաբանության, բուսաբանության ու հանքաբանության ինստիտուտներ, պատկերասրահ, Սիլեզիայի պետական արխիվը և Սիլեզյան հնությունների թանգարանը:
Երկրորդ աշխարհամարտի ավարտից և Բրեսլաուի` Լեհաստանին անցնելուց հետո գերմանական համալսարանը փակվում է, ապա վերաբացվում որպես լեհական պետական համալսարան: Նրա պաշտոնական բացումը տեղի է ունենում 1946 թվականի հունիսի 9-ին:
1952-1989 թվականներին համալսարանը կրում է Լեհաստանի նախագահի և Լեհաստանի միացյալ բանվորական կուսակցության առաջին քարտուղար Բոլեսլավ Բերուտի անունը:
Սկսած 1988 թվականից` Վրոցլավի համալսարանի և Բոխումի Ռուրի համալսարանների միջև պաշտոնապես հաստատվում են գործընկերային հարաբերություններ: 2001 թվականին Վրոցլավում կազմակերպվում են տոնական հանդիսություններ` նվիրված համալսարանի հիմնադրման 300-ամյակին:
Նշանավոր ուսանողներ ու դասախոսներԽմբագրել
Տարբեր տարիների Բրեսլաուի համալսարանում սովորել ու դասավանդել են այնպիսի նշանավոր մարդիկ,գիտնականներ, ինչպիսիք են.
- Աննա Գերման
- Ադոլֆ Անդերսեն
- Մաքս Բորն
- Սերգեյ Բուբնով
- Ռոբերտ Վիլհելմ Բունզեն
- Յոհան Գուստավ Բյուշինգ
- Դավիդ Կասել
- Յակով Կարո
- Գուստավ Կիրխհոֆ
- Շանդոր ֆոն Կորանի
- Ֆերդինանդ Լասալ
- Թեոդոր Մոմզեն
- Կարլ Նեյման
- Մաքս Դեն
- Յակոբ Ռոզանես
- Մալգոժատա Ռուխնևիչ
- Էրնստ Ստեյնից
- Ստանիսլավ Տոլպա
- Յոհան Ցուկերտորտ
- Օտտո Շտեռն
- Ֆերդինանդ Էյզենշտեյն
- Պաուլ Էրլիխ
- Քույր Էդիտ Շտայն
- Օյհեն Քյոլբինգ
- Ստանիսլավ Լենարտովիչ
- Յադվիգա Ժիլինսկայա
ԴրամագիտությունԽմբագրել
Համալսարանի բացման 100-ամյակի կապակցությամբ 400.000 օրինակով թողարկվել է 3 մարկ արժողությամբ հուշադրամ:
ԳրականությունԽմբագրել
- Joseph Reinkens: Die Universität zu Breslau vor der Vereinigung der Frankfurter Viadrina mit der Leopoldina. Breslau 1861.
- Georg Kaufmann (Hrsg.): Festschrift zur Feier des hundertjährigen Bestehens der Universität Breslau. 2 Bände. Breslau 1911.
- Erich Kleineidam: Die katholisch-theologische Fakultät der Universität Breslau 1811—1945. Köln 1961, ISBN 3-87909-028-9.
- T. Kulak, M. Pater u. W. Wrzesiński: Historia Uniwersytetu Wrocławskiego 1702—2002. Wydawnictwo Uniwersytetu Wrocławskiego, 2002 (Geschichte der Universität Breslau 1702—2002; Uniwersytet Wrocławski-Verlag)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ (unspecified title) — 2003.
- ↑ Małgorzata Porada (July 27, 2009). "Od jezuickiej Leopoldiny do polskiego Uniwersytetu Wrocławskiego (From Jesuit Leopoldina to Polish University of Wrocław)". O nas (About Us) (in Polish). Uniwersytet Wrocławski. Retrieved August 27, 2012. T. Kulak, M. Pater, W. Wrzesiński, Historia Uniwersytetu Wrocławskiego 1702-2002, Wrocław 2002
- ↑ Norman Davies Microcosm page 389, 390