Վերժինե Սվազլյան
Վերժինե Գառնիկի Սվազլյան (մարտի 1, 1934, Եգիպտոս), հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2016)[1]:
Վերժինե Սվազլյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 1, 1934 (85 տարեկան) Եգիպտոս |
Բնակության վայր(եր) | Հայկական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բանահավաք |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | Մովսես Խորենացու մեդալ և Հայաստանի Հանրապետութեան գիտության վաստակավոր գործիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Վերժինե Սվազլյանը ծնվել է 1934 թվականի մարտի 1-ին Եգիպտոսում։ 1947 թվականին Սվազլյանների ընտանիքը հայրենադարձվում է Մայր Հայաստան։ Մեծ էր հոր՝ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի դերը դստեր հայրենասեր ու նվիրյալ անհատի ձևավորման գործում։ 1956 թվականին Վերժինե Սվազլյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական բաժինը։
1958 թվականին Վերժինե Սվազլյանն աշխատել է Հայաստանի ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, նախ՝ որպես լաբորանտ, ապա՝նույն ինստիտուտում ասպիրանտական ուսումնառության տարիներին բարձր առաջադիմության համար նրան շնորհվել է Մանուկ Աբեղյանի անվան թոշակ։
Վերժինե Սվազլյանը 1961 թվականից մինչև օրս աշխատում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հայ ժողովրդական բանահյուսության տեսության և պատմության բաժնում, սկզբում՝ կրտսեր, 1972 թվականից՝ ավագ, 1995 թվականից առ այսօր՝ առաջատար գիտաշխատողի պաշտոններով։ 1996–2004 թվականներին նա աշխատել է նաև ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ շարունակելով գրանցել, ուսումնասիրել, նաև՝ տեսագրել հարյուրավոր վերապրողների հաղորդած վկայությունները։
1996 թվականին վաստակաշատ բանագետը հրավիրվել է մասնակցելու Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական աթոռի հիմնադրման 535-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին։ Այնտեղ նա ժողովրդագիտական նյութեր է գրառում Պոլսո հայ համայնքում, Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի ծերանոցում, Իշխանաց կղզիներում և Սամանդաղում (Մուսա լեռ)[2]։
ԳործունեությունԽմբագրել
Վերժինե Սվազլյանը 1955 թվականից սկսած՝ շուրջ 60 տարիների ընթացքում, անձնական նախաձեռնությամբ և անմնացորդ նվիրումով թաղից թաղ, գյուղից գյուղ շրջելով, գրանցել ու վերականգնել է Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Անատոլիայի հայության բանավոր մշակույթը՝ զանազան բարբառներով հորինված բանահյուսական տարաբնույթ նշխարները, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ականատես վերապրողներից գրառել, ձայնագրել, տեսագրել և ուսումնասիրել է նրանց հաղորդած փաստավավերական վկայությունները։
Երիտասարդ գիտնականը Հնագիտության և ազգագրության ինստիտուտում աշխատելու տարիներին կազմել և խմբագրել է 1915 թվականին Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից՝ ոտքով Արևելյան Հայաստան հասած տարագիրների պատմած ժողովրդական հեքիաթները, որոնք համաճարակի դժվարին պայմաններում գրի էին առնվել ազգագրագետ Երվանդ Լալայանի և նրա արշավախմբի անդամների ջանքերով Սուրբ Էջմիածնի վանքի պատերի տակ ծվարած արևմտահայ գաղթականներից։
Վերժինե Սվազլյանը մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովների, նաև զեկուցումներով հանդես եկել սփյուռքահայ համայնքներում՝ բանագիտությանը, ժողովրդագիտությանը, ցեղասպանագիտությանն ու Հայկական հարցին առնչվող թեմաներով։
ԱշխատություններԽմբագրել
Անվանի ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը, ծանոթանալով երիտասարդ բանահավաքի բարբառագիտական ճշգրտությամբ գրառած բանահյուսական նորահայտ նյութերին և գնահատելով դրանց բարձր մակարդակն ու աղբյուրագիտական կարևորությունը, ստանձնել է նրա գիտական ղեկավարությունը՝ առաջարկելով ուսումնասիրել XIX դարի երախտաշատ բանահավաք, ազգագրագետ «Սարգիս Հայկունու կյանքն ու գործը»: Վերժինե Սվազլյանը, ուսումնասիրելով Սարգիս Հայկունու անմշակ արխիվային նյութերը, 1965 թվականին, հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ Մենագրությունը լույս է տեսել 1973 թվականին։
Վերժինե Սվազլյանը մանրամասն ծանոթագրել է հարյուրավոր հեքիաթներ և ստեղծել տվյալ տեղավայրերի բարբառային բառերի բացատրական բառարաններ։ Այդ հեքիաթները լույս են տեսել «Հայ ժողովրդական հեքիաթներ» գիտական մատենաշարի «Արցախ-Ուտիք» (հ.VI,1973), «Տարոն-Տուրուբերան» (հ. XII,1984) և ավելի ուշ՝ «Վան-Վասպուրական» (հ. XV, 1998) հատորներում։
Վերժինե Սվազլյանն անձնական նախաձեռնությամբ տարիներ շարունակ գրի է առել խրթին և անհասկանալի, արդեն իսկ անհետացող Մուսա լեռան (Սվեդիա) երեք ենթաբարբառներով բանահյուսական նորահայտ տարաբնույթ ժողովրդական նյութերը։ Այդ փրկված նշխարները ներկայացրել է՝ զուգահեռաբար թարգմանելով գրական հայերենի։
Վերժինե Սվազլյանը նախապատրաստել ու խմբագրել է բնիկ մուսալեռցի մտավորական Գրիգոր Գյոզալյանի «Մուսա լեռան ազգագրությունը» (2001) արժեքավոր աշխատությունը։
Վերժինե Սվազլյանի «Կիլիկիա արևմտահայոց բանավոր ավանդությունը» (1994) ստվարածավալ հատորն ընդգրկում է Կիլիկիայի և շրջակա արևմտահայ 50 տեղավայրերի (Զեյթուն, Հաճըն, Մարաշ, Այնթապ, Քեսապ, Բեյլան, Ադանա, Մերսին, Տարսոն, Սիս, Մուսա լեռ և այլն) բանավոր մշակույթն իր բազմաբովանդակ կողմերով։
Հայոց ցեղասպանության 80-ամյա հիշատակին է նվիրված Վերժինե Սվազլյանի «Մեծ եղեռն. արևմտահայոց բանավոր վկայություններ» (1995) աշխատությունը, որտեղ ամփոփված են կիլիկիահայ ականատես վկաներից նրա գրի առած պատմափաստագրական բնույթի նյութերը։
Վերժինե Սվազլյանը շարադրել է «Կիլիկիայի հայոց բանավոր մշակույթը» մենագրությունը։
Վերժինե Սվազլյանի պատմագիտական գրառումներում և ցեղասպանագիտության ասպարեզում փաստագրական բացառիկ արժեք են ներկայացնում դերզորյան թուրքալեզու երգերը, որոնք նա դժվարությամբ հայտնաբերել, գրառել և ուսումնասիրել է իր «Մեծ եղեռնը արևմտահայոց հուշապատումներում և թուրքալեզու երգերում» (1997, 1999, հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսկ թուրքերենը՝ 2005, Ստամբուլ)։
2000 թվականին լույս է ընծայվում «Պոլսահայոց բանահյուսությունը» աշխատությունը, որն ընդգրկում է արդի պոլսահայերից, Թուրքիայի գավառներից Ստամբուլ փոխադրված հայերից, մասամբ նաև 1920-ական թվականներից Հայաստան ներգաղթած պոլսահայերից իր իսկ գրառած բանավոր ավանդության տարաբնույթ նշխարները։
2000 թվականին լույս է ընծայվում նաև «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» խորագրով ստվարածավալ հատորը, որն իր տեսակի մեջ պատմաքաղաքական արժեք ունեցող եզակի աշխատություն է։
Վերժինե Սվազլյանը Հայոց ցեղասպանության 90-ամյա հիշատակին է նվիրել «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը» խորագրով ուսումնասիրությունը, որը լույս է տեսել վեց լեզուներով (2003–2005, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսկ թուրքերենը՝ Ստամբուլ)։
Սվազլյանի գրչին է պատկանում նաև “Armenia” ծավալուն հոդվածը, որը լույս է տեսել ԱՄՆ-ում համաշխարհային ֆոլկլորին նվիրված մեծադիր քառահատոր հանրագիտարանում։
Վերժինե Սվազլյանի կողմից գրանցված ժողովրդական նյութերի թիվը հասել է 700 միավորի, որոնք ներկայացնում են մեր զավթված երկրի 150 տեղավայրերից բռնի տարագրված և աշխարհով մեկ սփռված ականատեսների վկայություններ։ Վերջին տասը տարիների ընթացքում նորանոր վկայություններով համալրված «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» (2011, հայերեն և անգլերեն, իսկ թուրքերենը՝ 2013, Ստամբուլ) ծավալուն ուսումնասիրություն և բազմաբնույթ տեղեկատվական ցուցիչներ ու ծանոթագրություններ պարունակող, պատմաքաղաքական բացառիկ արժեք ներկայացնող սույն ստվարածավալ եռալեզու հատորները լույս են տեսել ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, նաև Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդների որոշմամբ։
Այժմ բանագետը հրատարակության է պատրաստում «Ամերիկահայոց բանավոր մշակույթը» աշխատությունը։
Վերժինե Սվազլյանը 500-ից ավելի գիտական և հրապարակախոսական հրատարակությունների, ընդ որում՝ 25 գրքերի, հեղինակ է, որոնք լույս են տեսել Հայաստանում և արտերկրում։
Կոչումներ և պարգևներԽմբագրել
- Սվազլյանի «Մուսա լեռ» (1984) աշխատությունն արժանացել է ՀՍՍՀ ԳԱ նախագահության «Գովեստագրին», նաև՝ «Մուսա լեռ» հայրենակցական ընդհանուր միության (Բեյրութ) «Պատվավոր Մուսալեռցի» Ոսկե մեդալին (1985)։
- 1990 թվականին «Վասպուրական» հայրենակցական միությունը Վերժինե Սվազլյանին շնորհել է «Պատվավոր Վասպուրականցի» կոչում։
- 1995 թվականին Վերժինե Սվազլյանին շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան՝ «Կիլիկիայի հայոց բանավոր մշակույթը» մենագրության համար։
- 1995 թվականին «Մուսա լեռ» հայրենակցական բարեգործական միությունը նրան արժանացրել է «Պատվոգրի», իսկ «Զեյթուն» պատմամշակութային միությունը՝ «Պատվավոր Զեյթունցի», նաև «Հաճըն» հայրենակցական միությունը՝ «Պատվավոր Հաճընցի» կոչումների։
- 2000 թվականին Վերժինե Սվազլյանն արժանացել է ՀՀ ԳԱԱ նախագահության «Պատվոգրին», 2002 թվականին՝ սփյուռքի Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գիտական-բանասիրական մրցանակին, իսկ 2003 թվականին նաև՝ ՀՀ ԳԱԱ նախագահության և «Ճշմարիտները հայերի համար» միջազգային կոմիտեի «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալին։
- 2004 թվականին Փարիզի «Արարատ» հայագիտական ակադեմիան նրան շնորհել է պրոֆեսորի կոչում, 2005 թվականին Մոնրեալում Պոլսահայ մշակութային միությունը՝ «Ոսկե մեդալ», նույն թվականին Սիրիայում ՀԲԸՄ Հալեպի մասնաճյուղը՝ «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ, իսկ 2006 թվականին Ալեքսանդրիայի Հայոց քաղաքական ժողովը՝ «Նեղոսի բանալի» Ոսկե հուշամեդալ։
- 2005 թվականին ցեղասպանագիտության ասպարեզում ունեցած վաստակի համար Վերժինե Սվազլյանին շնորհվել է ՀՀ կառավարության «Հուշամեդալ», 2006 թվականին «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար» ՀՀ Նախագահի առաջին մրցանակ և «Ոսկե հուշամեդալ», ինչպես նաև 2009 թվականին՝ «Հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ։
- 2008 թվականին Ամերիկյան կենսագրական ինստիտուտը Վերժինե Սվազլյանին շնորհել է «21-րդ դարի Մեծագույն Միտք» (“The Great Mind of the 21st Century”) տիտղոս և հուշամեդալ։
- 2011 թվականին հայոց փիլիսոփայական ակադեմիան Վերժինե Սվազլյանին պարգևատրել է «Եռամեծ փիլիսոփա Դավիթ Անհաղթ» Մեծ հուշամեդալով։
- Մովսես Խորենացու մեդալ (2013) «ՀՀ ԳԱ Ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ գիտության և կրթության բնագավառում մատուցած ակնառու ծառայությունների համար»[3]։
- 2016 թվականին գիտության և կրթության բնագավառում ունեցած վաստակի համար շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
ԱշխատություններԽմբագրել
- Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2015:
- Հայոց ցեղասպանություն: Ականատես վերապրողների վկայություններ: / Վ. Սվազլյան, խմբ.` Ս. Հարությունյան, թուրք խմբ.` Տ. Տեր Ողորմիաճյան, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ: Երևան: «Գիտություն», 2011[4]:
- Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ, մաս 3, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2011:
- Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ, մաս 4, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2011:
- Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ, մաս 5, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2011:
- Հայոց ցեղասպանությունը և պատմական հիշողությունը, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2003[5]:
- Ցեղասպանություն, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2000:
- Մեծ Եղեռնը արևմտահայոց հուշատապումներում և թուրքալեզու երգերում, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, Երևան, 1997:
- Մեծ եղեռն, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 1995:
- Կիլիկիա, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 1994:
- Մուսա լեռ, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, Երևան, 1984:
- Սարյան-Հարությունյան Ս., Հայ ազգագրություն. բանահյուսություն, Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1973:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-09-29
- ↑ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Սվազլյան Վերժինե Գառնիկի, Հարությունյան Սարգիս, Տեր Ողորմիաճյան Տիգրան (2011)։ Հայոց ցեղասպանություն: Ականատես վերապրողների վկայություններ։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա (2-րդ հրատարակություն ed.)։ Երևան: «Գիտություն»։ ISBN 9785808008564
- ↑ Սվազլյան Վերժինե Գառնիկի (2003)։ Հարությունյան Սարգիս Բարդուղիմեոսի, Բարսեղյան Լավրենտի Աշոտի, Սաֆարյան Ալեքսանդր, eds.։ Հայոց ցեղասպանությունը և պատմական հիշողությունը։ ՀՀ ԳԱԱ, Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտ։ Երևան: Գիտություն։ ISBN 9785808005204
ԱղբյուրներԽմբագրել
- Սվետլանա Վարդանյան, «Վաստակաշատ բանագետ֊ժողովրդագետը» (Վերժինե Սվազլյանի 80֊ամյա հոբելյանի առթիվ), պատմաբանասիրական հանդես №1, 2014, էջ 283֊291
- Վերժինե Գառնիկի Սվազլյան (Հայ նշանավոր կին գիտնականներ, նյութեր կենսամատենագիտության, № 3), Ե., 2001: