Վարդուհի Ռուբենի Աբրահամյան (նոյեմբերի 20, Երևան, Հայաստան), ֆրանսահայ աշխարհահռչակ օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո)։

Varduhi Abrahamyan, Franco-Armenian opera singer, Mezzo-soprano

Կենսագրություն խմբագրել

Վարդուհի Աբրահամյանը ծնվել է Երևանում՝ երաժիշտների ընտանիքում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, եղել է Գոհար Գասպարյանի սանը։ Կոնսերվատորիան ավարտելով՝ տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ՝ Փարիզի օպերայում, կատարել է առաջին քայլերը դեպի օպերային ասպարեզ։ Առաջին դերն եղել է Ջուզեպպե Վերդիի Ռիգոլետտո օպերայում՝ Մագդալենայի դերում։

Կատարում է օպերային դերեր հայերեն, ռուսերեն, իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն լեզուներով։

Նա կարիերան սկսել է ազգային և միջազգային խոշոր բեմերում։ Վարդուհի Աբրահամյանի երգացանկը ծավալուն է՝ Մոնտեվերդիից մինչև Վագներ։

Ելույթներ խմբագրել

Երգել է աշխարհի այնպիսի հեղինակավոր բեմերում և համերգասրահներում, ինչպիսիք են՝ Փարիզի օպերան՝ Ֆրանսիայում, Լոնդոնի Քովենթ Գարդեն արքունական թատրոնը, Մետրոպոլիտեն օպերան՝ Նյու Յորքում, Հռոմի, Բերգամոյի օպերային թատրոններում, Պեզարոյում՝ Ռոսսինիին նվիրված օպերային փառատոնում, Տորինոյի, Նապոլիի օպերաներում, Բարսելոնի Լիսեու մեծ թատրոնում, Մոսկվայի Բոլշոյ տեատրում, Գերմանիայի Մյունխեն, Համբուրգ քաղաքներում և այլ երկրներում։

Համատեղ կատարումներ է ունեցել այնպիսի նշանավոր օպերային երգիչների և երգչուհիների հետ, ինչպիսիք են՝ իսպանացի հռչակավոր տենոր Պլասիդո Դոմինգոն, իտալացի մեցցո-սոպրանո Չեչիլիա Բարտոլին, իտալացի սոպրանո Մարիելլա Դեվիան, գերմանացի օպերային տենոր Յոնաս Կաուֆմանը, ռուս սոպրանո Աննա Նետրեբկոն, բրիտանացի բաս-բարիտոն Բրին Թերֆելը։

2021թ․ բրիտանական Դեկա Կլասսիկս (Decca Records) ձայնագրման ստուդիայի հետ թողարկել է առաջին ձայնասկավառակը՝ «Ռապսոդիա» անունով` Չեչիլիա Բարտոլիի մենթորությամբ, որի հետ կա նաև մեկ դուետային կատարում։ Ձայնասկավառակը նվիրված է ֆրանսիացի օպերային երգչուհի և կոմպոզիտոր Պոլին Վիարդոյին։ Ձայնասկավառակում ընդգրկված է նաև Կոմիտասի կողմից մշակված «Կռունկ» ստեղծագործությունը` դուդուկահար Արայիկ Բախտիկյանի նվագակցությամբ։ Արիաները կատարվում են Մոնտե Կարլոյի «Արքայազն Մոնակոյի երաժիշտները» (Les Musiciens du Prince-Monaco) նվագախմբի նվագակցությամբ։ Ձայնասկավառակում ընդգրկված են նաև արիաներ, որոնք կատարվել են Պոլին Վիարդոյի կողմից, ինչպես նաև՝ կոմպոզիտորների գործեր, որոնք գրվել են նրա համար։ Ձայնասկավառակը ներառում է Ռոսսինիի, Գլյուկի, Բրամսի, Գունոյի, Սեն-Սանսի, Մեյերբերի, Կոմիտասի ստեղծագործությունները[1]։

Խաղացանկ խմբագրել

Խաղացանկը ծավալուն է և ընդարձակ, կատարումներ է ունեցել հետևյալ կոմպոզիտորների գործերից՝ Հենդել, Ռոսսինի, Դոնիցետի, Բելլինի, Վերդի, Վագներ, Չայկովսկի և այլք։

Նրա խաղացանկը ներառում է՝ Հենդելի՝ Բրադամանտե («Ալչինա»), («Ռինալդո»), Կորնելիա («Հուլիոս Կեսար»), Պոլինեսո («Արիոդանթ»), Ռոսսինիի՝ Արսաչե («Շամիրամ»), Մալկոլմ («Լճի օրիորդը»), Իզաբելա («Իտալուհին Ալժիրում»), Օտտոնե («Ադելաիդան Բուրգունդիայից»), Կալբո՝ («Մահմուդ Երկրորդ»), Դոնիցետտիի՝ Օրսինի («Լուկրեցիա Բորջիա»), Լեոնորա դի Գուսման («Ֆովորիտուհի»), Բելլինիի` Ադալջիզա («Նորմա»), («Զաիրա»), Վերդիի՝ Էբոլի («Դոն Կարլոս»), Պրեցիոզիլլա («Ճակատագրի ուժը»), Ուլրիկա («Պարահանդես-դիմակահանդես»), Չայկովսկու՝ Պոլին («Պիկովայա դամա»), Օլգա՝ («Եվգենի Օնեգին»), Վագների՝ Ֆրիկա («Վալկիրիա»), Քամիլ Սեն-Սանս՝ Դալիլայի դերերգը «Սամսոն և Դալիլա» օպերայում։

Ունի կատարումներ նաև հոգևոր ժանրից․ երգել է Վերդի «Ռեքվիեմ», Ռոսսինիի «Ստաբատ Մատեր», Դվորժակի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունները։ Վերդիի «Ռեքվիեմի» կատարումներով «MusicAeterna» համույթի հետ շրջագայություններով հանդես է եկել Մոսկվայում, Փարիզում, Քյոլնում, Համբուրգում, Վիեննայում և Աթենքում։ Վերդիի Ռեքվիեմը կատարել է նաև Սեն-Դենիի փառատոնում՝ Մյունգ-Վուն Չունգի հետ և Փարիզի Նվագախմբի ուղեկցությամբ։ Սեն-Դենիի փառատոնում կատարել է նաև Դվորժակի «Ստաբատ Մատերը»՝ Ռադիո-Ֆրանսիա ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։ Ռոսսինի «Ստաբատ Մատերը» կատարել է Հռոմի Սուրբ Սեսիլիայի ակադեմիայում («Accademia di Santa Cecilia») և Փարիզի ֆիլհարմոնիայում՝ Խեսուս Լոպես Կոբոսի հետ, Պերգոլեզիի «Ստաբատ Մատերը»՝ իտալացի օպերային երգչուհի Սեսիլիա Բարտոլիի հետ՝ Մարտինիում և Լուգանոյում։

Քննադատների կարծիքը Վարդուհի Աբրահամյանի խաղացած դերերի մասին խմբագրել

Ռոբերտ Ադելսոն և Ժակլին Լեցթեր․ Բրադամանտեի ընդգրկուն դերը հրաշալիորեն կատարեց ֆրանսահայ մեցցո-սոպրանո Վարդուհի Աբրահամյանը, ով Չեչիլիա Բարտոլիի «Mentored by Bartoli» ստուդիայի կողմից ընտրվել էր ձայնագրման համար։  Աբրահամյանի առույգ և երբեմն հումորային խաղը ներկայացմանը տալիս են հետաքրքիր բարդություն և հզորություն, ինչը երբեմն բացակայում է Ալչինայի այլ բեմադրություններում։ Նրա բազմաթիվ տպավորիչ վոկալային կատարումների շարքում «Act II» արիան՝ «Vorrei vendicarmi»-ն առանձնանում էր մեցցոների համար մարտահրավեր հանդիսացող ցածր նոտաների կոլորատուրայի երկար հատվածներով, բայց որը նաև կատարում էր մեծ վստահությամբ[2]։

Պաոլիլո Լուիջի․ Վարդուհի Աբրահամյանի «Ֆրիկան» առանձնանում էր իր բավականին աշխույժ և, միևնույն ժամանակ, երաժշտական առումով հզոր մեկնաբանությամբ։ Երբ վոկալ արտահայտչականությունն անթերի է, այն ուժգին կերպով արտացոլվում է նաև բեմական խաղի վրա[3]։

Պար Լորենցո Ֆլորիտո․ Վարդուհի Աբրահամյանը Ֆրիկան էր, ով հրաշալի էր ամեն առումով, նրա միատարր պահպանվող տեմբրը, ձայնի հզորությունը, կրքոտությունը և ժեստերը արտացոլում են նրա  ուժի արտահայտչականությունը՝ առանց ավելորդ ջանքեր ներդնելու[4]։

Մարկո Ֆավերզանի | Ջորջիո Պանիգաթի․ Չեչիլիա Բարտոլիի կողքին առանձնանում էր Վարդուհի Աբրահամյանի Բրադամանտեն՝ իր թավշյա վոկալով և բազմերանգ տեմբրով։ Նրա լայն ու ծավալուն երգեցողությունը հեշտությամբ և վստահորեն ընդլայնվում է՝ պահպանելով ռեգիստրների զարմանալի կոմպակտությունն ու միատարրությունը։ Հատկանշական է, որ նա հմտորեն վերահսկում է իր դինամիկ  երգեցողությունը՝ առանց որևէ ջանք գործադրելու։ Բավականին հաջողված են նաև նրա հուզական բնույթի կատարումները, որոնք ընդգծված են քաղցրահնչյուն երգեցողությամբ։ Նրա մեկնաբանությունը բավականին բարձր մակարդակի վրա էր՝ թե՛ ֆրազիրովկայի խորությամբ, թե՛ անմիջականության և թե՛ բեմի վրա շարժումների թեթևությամբ[5]։

Ժոսլին Դե Նիկոլա․ Վարդուհի Աբրահամյանի մուգ կոնտրալտոն մեզ առաջարկում է Էբոլի՝ իր ամբողջ գեղեցկությամբ,  առանց պարտադրանքի։ Սարասենական երգեցողության մեջ` բավականին զգայական, կրքոտ, նույնիսկ մի քիչ կատաղի՝ որպես վիրավորված կին, բայց նաև մեծ ինտենսիվությամբ և գերազանց գույներով նա կատարում է «O don fatale...» արիան։  Բավականին էներգիայով լեցուն կատարում, բայց նաև՝ շատ երաժշտական։ Նրա վոկալը իր բեմական խաղի պես անթերի է[6]։

Միշել Էգեա․ Մեցցո սոպրանո Վարդուհի Աբրահամյանը մեզ է ներկայացնում կրքոտ, տառապած և ուժասպառ եղած մի Էբոլի, որը նա մարմնավորում է մեծ ազնվականությամբ, ինչը արտահատվում է նրա ձայնի մեջ, որտեղ որ հղկվում են զգացմունքները։ Հրաշալի, ֆանտաստիկ կատարում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «RHAPSODY Varduhi Abrahamyan». www.deccaclassics.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  2. OperaWire (2023 թ․ հունվարի 25). «Opéra de Monte-Carlo 2022-23 Review: Alcina». OperaWire (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
  3. Paolillo, Luigi (2023 թ․ ապրիլի 19). «Recensione | Die Walküre al Teatro San Carlo di Napoli». Fermata Spettacolo (իտալերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
  4. «Die Walküre in Naples: the age of gods is over | Bachtrack». bachtrack.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
  5. «Alcina – Grand Théâtre, Monte-Carlo | OperaLibera» (իտալերեն). 2023 թ․ հունվարի 26. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
  6. Nicola, Jocelyne De (2022 թ․ հունիսի 14). «Marseille, Opéra Municipal: "Don Carlo"». GBOPERA (իտալերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
  7. alaincochard (2022 թ․ հունիսի 5). «Don Carlo à l'Opéra de Marseille – D'une force intacte – Compte-rendu». Concertclassic (ֆրանսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

VARDUHI ABRAHAMYAN

Varduhi Abrahamyan

Օպերային դիվա՝ աշխարհահռչակ մեցոսոպրանո Վարդուհի Աբրահամյան

Առավոտ լուսո հարցազրույց. Վարդուհի Աբրահամյան