Ջովաննի Բատիստա Պերգոլեզի

ականավոր իտալացի կոմպոզիտոր, երգեհոնահար, երաժիշտ

Ջովաննի Բատիստա Պերգոլեզի (իտալ.՝ Giovanni Battista Pergolesi, հունվարի 4, 1710(1710-01-04)[1][2][3][…], Էզի, Անկոնա, Մարկե, Պապական մարզ[4][5] - մարտի 16, 1736(1736-03-16)[2][6][7][…], Պոցուոլի, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա[4][5]), ականավոր իտալացի կոմպոզիտոր, որի «Սպասուհին՝ տիրուհի» ("La serva padrona") միջերգանքը համարվում էր 18-րդ դարի ամենահաջող և ամենաճանաչված օպերային ստեղծագործություններից մեկը։

Ջովաննի Բատիստա Պերգոլեզի
Ջովաննի Պերգոլեզիի հավանական դիմանկարը։
Բնօրինակ անունիտալ.՝ Giovanni Battista Pergolesi
Ի ծնե անունիտալ.՝ Giovanni Battista Draghi
Ծնվել էհունվարի 4, 1710(1710-01-04)[1][2][3][…]
Էզի, Անկոնա, Մարկե, Պապական մարզ[4][5]
Երկիր Պապական մարզ
Մահացել էմարտի 16, 1736(1736-03-16)[2][6][7][…] (26 տարեկան)
Պոցուոլի, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա[4][5]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և երգեհոնահար
Գործիքներերգեհոն
 Giovanni Battista Pergolesi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ջովաննի Պերգոլեզիի իսկական ազգանունը Դրագի էր (Draghi), բայց երբ նրա ընտանիքը Մարկեի Պերգոլա քաղաքից տեղափոխվեց Եզի, նրանց տրվեց «Պերգոլեզի» մականունը, որ բառացիորեն նշանակում է «պերգոլացիներ»։ 1726 թվականից սկսյալ նա երաժշտական կրթություն է ստանում Նեապոլի կոնսերվատորիայում, որտեղ մեծ համբավ ստացավ նաև որպես տաղանդավոր ջութակահար։ 1732 թ. Պերգոլեզին նշանակվեց Նեապոլ շրջանի իշխաններից մեկի երաժշտական խմբի կապելմեյստեր, և այնտեղ էլ ստեղծեց իր հայտնի նեապոլյան բուֆֆ-օպերան՝ «Սիրահարված եղբայրը» ("Lo frate 'nnammorato")՝ գրված նեապոլյան լեզվով, ինչպես նաև՝ մեկ պատարագ։ Երկու ստեղծագործություններն էլ ջերմորեն ընդունվեցին։ 1733 թ. նա ստեղծեց իր «Հպարտ գերին» ("Il prigionier superbo") սերիա-օպերան, որը հսկայական հաջողություն ունեցավ հատկապես այդ օպերայի «Սպասուհին՝ տիրուհի» միջերգանքի շնորհիվ։ 1734 թվականին Պերգոլեզին նշանակվեց Նեապոլ քաղաքի կապելլայի կապելմեյստերի տեղակալ, և մայիսին ուղևորվեց Հռոմ՝ իր պատարագներից մեկի կատարումը երաժշտավարելու համար։ Պերգոլեզիի հաջորդ օպերաներն ընդունվում էին չափավոր կերպով։ Նրա առողջական վիճակն սկսեց վատթարանալ և 1736 թվականին նա լքեց Նեապոլը և ապաստան գտավ Նեապոլից ոչ հեռու գտնվող Պոցցուոլիի կնգուղակիր վանականների մենաստանում, որտեղ և ավարտեց իր վերջին ստեղծագործությունը՝ հռչակավոր «Ստաբատ մատերը» ("Stabat mater")։ Ջովաննի Պերգոլեզին վախճանվեց ծայրաստիճան աղքատության մեջ, 26 տարեկան հասակում՝ թոքախտից, և թաղվեց Պոցցուոլիի Մայր տաճարի մոտ։

Ներդրումն արվեստի մեջ

խմբագրել

Պերգոլեզիի համբավը զգալիորեն աճեց իր մահվանից հետո։ Որոշ դեպքերում նրա ստեղծագործության շուրջ սուր միջադեպներ են տեղի ունեցել, որոնցից մեկն է 1752 թ. Փարիզում տեղի ունեցած այսպես կոչված "la guerre des bouffons" («Բուֆոնների պատերազմը»), երբ ընդհարվեցին ֆրանսիական և իտալական օպերայի սիրահարները՝ «Սպասուհին՝ տիրուհի» միջերգանքի բեմադրությունից հետո։ Շատ ժամանակ չանցած երևան եկան կեղծարար կոմպոզիտորներ, որոնք փորձում էին պատճենել և խարդախել Պերգոլեզիի գործերը։ Այդ միտումը կոչվեց «պերգոլեզիանա»։ Այդ առումով կասկածի ենթակա ստեղծագործություններից է համարվում, ի շարս այլոց, Իգոր Ստրավինսկու «Պուլչինելլա» բալետում օգտագործված գործիքային երաժշտությունը (1920 թ.)։

Պերգոլեզիի լուրջ ոճն ամենալավ կերպով է արտահայտված «Ստաբատ մատերում» և իր պատարագներում, որտեղ աչքի են ընկնում մեծածավալ խմբական և գործիքային ելույթները վարպետորեն ղեկավարելու նրա ունակությունները։

Ստեղծագործություններ

խմբագրել

Օպերաներ

խմբագրել
  • «Սուրբ Գիյոմի դարձն ու մահը» (La conversione e morte di San Guglielmo), ամառ 1731, Monastery of Sant'Agnello Maggiore, Naples
  • «Սալյուստիա» (La Salustia), հունվար 1732, Teatro San Bartolomeo, Naples; լիբրետոն հավանաբար Սեբաստիանո Մորելիի ըստ Ապոստոլո Զենոյի Ալեսանդրո Սևերո ստեղծագործության
  • «Սիրահարված եղբայրը» (Lo frate 'nnamorato), 27 սեպտեմբերի 1732, Teatro dei Fiorentini, Naples
  • «Հպարտ բանտարկյալը» (Il prigionier superbo) (օպերայի մաս էր կազմում Սպասուհին` տիրուհի ինտերմեցցոն), 28 օգոստոսի 1733, Teatro San Bartolomeo, Naples
  • «Հադրիանոսը Ասորիքում» (Adriano in Siria) (օպերայի մաս էր կազմում «Լիվիետա և Տրակոլո» (Livietta e Tracollo) ինտերմեցցոն), 25 հոկտեմբերի 1734, Teatro San Bartolomeo, Naples
  • «Օլիմպիադե» (L'Olimpiade), հունվար 1735, Teatro Tordinona, Rome
  • «Ֆլամինիո» (Il Flaminio), աշուն 1735, Teatro Nuovo, Naples

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Перголези Джованни Баттиста (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Բատիստա Պերգոլեզի» հոդվածին։