Վարդան Արևելցի

հայ փիլիսոփա, աշխարհագրագետ, թարգմանիչ, պատմաբան
(Վերահղված է Վարդան Պատմիչից)

Վարդան Արևելցի (հիշատակվում է նաև որպես Վարդան Գանձակեցի, Աղվանից Վարդան, Վարդան Կիլիկեցի, Վարդան Մեծ, Վարդան Պատմիչ, Վարդան Վարդապետ, մոտ 1198[1], Գանձակ, Առան, Ելտկուզյաններ - 1271, Խոր Վիրապ, Ոստան Հայոց, Զաքարյան Հայաստան), հայ պատմագիր, մեկնիչ, աստվածաբան, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ։

Վարդան Արևելցի
Ծնվել էմոտ 1198[1]
Գանձակ, Առան, Ելտկուզյաններ
Մահացել է1271
Խոր Վիրապ, Ոստան Հայոց, Զաքարյան Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունպատմաբան, աշխարհագրագետ, փիլիսոփա և թարգմանիչ
Գործունեության ոլորտպատմություն
Տիրապետում է լեզուներինհայերեն
Եղել է գիտական ղեկավարԵսայի Նչեցի, Ներսես Մշեցի և Հովհաննես Երզնկացի
Հայտնի աշակերտներԳևորգ Սկևռացի

Կենսագրություն

խմբագրել

Կրթություն է ստացել Նոր Գետիկի վանքում (աշակերտել է Մխիթար Գոշին), այնուհետև՝ Տավուշի Խորանաշատի վանքում՝ Վանական Վարդապետի մոտ։ Կարգվել է վարդապետ, իսկ 1235 թվականին՝ րաբունապետ, ծավալել է ուսումնագիտական բեղմնավոր գործունեություն։ Հիմնել է Կայենաբերդի Սուրբ Անդրեաս վանքի դպրոցը և այնտեղ զբաղվել ուսուցչությամբ (1235–39 թթ, 1252–53 թթ)։ 1239 թվականին ուխտագնացության է մեկնել Երուսաղեմ, վերադարձին այցելել է Կիլիկյան Հայաստան, հանդիպել Հեթում Ա թագավորի և Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու հետ։ Մասնակցել է Սսի 1243 թվականի ազգային-եկեղեցական ժողովին, այնտեղ սահմանված կանոնները 1245 թվականին բերել Հայաստան՝ հայ «արևելյան» վարդապետներին։ 1248 թվականին դարձյալ մեկնել է Կիլիկիա՝ իր հետ տանելով «արևելյան» վարդապետների պատասխան թուղթը։ Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի համահեղինակությամբ գրել է հայությանն ուղղված «Թուղթ խրատական»-ը և Հռոմի պապի դավանաբանական գրության պատասխանը, մասնակցել Սսի 1251 թվականի ժողովի ընդունած կանոնների մշակմանը։ 1252 թվականին վերադարձել է Հայաստան, գումարել Հաղպատի և Ձագավանի եկեղեցական ժողովները, հիմնել Սաղմոսավանքի, Թեղենյաց մենաստանի, Աղջոց վանքի, Խոր Վիրապի, Հառիճի վանքի, Խորակերտի դպրոցները։ Խոր Վիրապում նրան աշակերտել են միջնադարյան հայ մշակույթի նշանավոր գործիչներ Գևորգ Սկևռացին, Հովհաննես Երզնկացի Պլուզը, Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Գրիգոր Բալուեցին և ուրիշներ։

Վարդան Արևելցին իր գրական մեծ վաստակի և հոգևոր-կրթական գործունեության շնորհիվ մեծ ճանաչում է ունեցել միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում։ Ժամանակակիցները նրան մեծարել են «սուրբ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «եռամեծ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով։ Իսկ Գրիգոր Տաթևացին նրան ներկայացրել և պատվել է «Մեծն Վարդան» անունով։

Մատենագիտական ժառանգություն

խմբագրել

Աստվածաբանական երկեր

խմբագրել

Վարդան Արևելցին թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն՝ պատմական, մեկնողական, քերականագիտական բնույթի երկասիրություններ, ճառեր, ներբողներ, խրատներ, թղթեր։ Նա հայ մեկնաբանական մտքի ամենանշանավոր դեմքերից է, մի ամբողջ մեկնաբանական դպրոցի հիմնադիր։ Նշված բնագավառում հեղինակել է «Մեկնութիւն Սաղմոսաց», «Մեկնութիւն Հնգամատենին», «Մեկնութիւն Դանիէլի» և այլ գործեր։ Առանձնանում է Երգ երգոցի նրա մեկնությունը, որտեղ, հիմք ընդունելով Գրիգոր Նյուսացու համանուն բովանդակությամբ գործը, Վարդան Արևելցին նախ պարզաբանելով շարադրել է նրա մտքերը՝ լրացնելով Ընդհանրական եկեղեցու մյուս սուրբ հայրերի և Գրիգոր Նարեկացու մեկնություններով, իսկ այնուհետև տվել է իր ինքնուրույն մեկնությունը։ Վարդան Արևելցու բազմաթիվ և բազմաբնույթ ճառերում, խրատներում, ներբողներում ու թղթերում արծարծվում են աստվածաբան. խնդիրներ, ծիսական հարցեր, փառաբանվում են Հայ եկեղեցու սուրբերը («Ճառ ի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայաստան աշխարհիս», «Յայտարարութիւն բանից յերիցս երանեալ հոգին մեր ի Ս. Հայրապետն Յովհան Աւձնեցին», «Թուղթ առ Հայոց կաթողիկոսն Կոստանդին» և այլն)։

Վարդան Արևելցին մեծ ուշադրություն է դարձրել երաժշտության տեսության և գեղագիտության հարցերին, անդրադարձել ձայնեղանակների մասին ուսմունքին, երաժշտության զգայական մեծ ազդեցությանը։ Նա հայտնի է նաև որպես բեղուն շարականագիր՝ հեղինակել է Շարակնոցում Աստվածածնի ծննդյան առաջին կանոնը («Որ նախիմաց իմաստութեամբ»), տասներկու առաքյալների օրհնությունը («Ի յանսահման ծովէն») և ս. Թարգմանչաց կանոնի օրհնության երկու պատկերները («Որք զարդարեցին» և «Որ թագաւորաց»)։

Վարդան Արևելցու աստվածաբանական երկասիրություններից առանձնանում է «Լուծմունք ի Ս. Գրոց» ժողովածուն՝ գրված Հեթում Ա թագավորի պատվերով (հայտնի է նաև «Ժղլանք» անունով)։ Այն կազմված է բազմաբնույթ նյութերից, շարադրված է դյուրըմբռնելի միջին հայերենով, ունի հանրագիտարանային բնույթ, եղել է միջնադարյան Հայաստանի ամենատարածված գրքերից մեկը։

«Հաւաքումն պատմութեան»

խմբագրել

Վարդան Արևելցու պատմական բնույթի գլխավոր երկասիրությունը «Հաւաքումն պատմութեան» գիրքն է, որը համընդհանուր պատմություն շարադրելու նոր փորձ էր հայ պատմագրության մեջ։ Բաղկացած է «Նախերգանքից» և հարյուր գլխից։ Բուն պատմությունն սկսում է Բաբելոնյան աշտարակաշինությունից և հասցնում մինչև կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու մահը (1267 թ)։ Որպես սկզբնաղբյուր հեղինակն օգտագործել է նախորդ գրեթե բոլոր հայ պատմիչների ու մատենագիրների, իր ժամանակակիցներից՝ Վանական Վարդապետի, Կիրակոս Գանձակեցու և ուրիշների աշխատությունները, վիմական արձանագրություններ, դիվանատան փաստաթղթեր, ժողովրդական պատումներ, Եվսեբիոս Կեսարացու աշխատությունները։

Ըստ հրեա Հովսեպոս Փլավիոս և հույն Եվսեբիոս Կեսարացի պատմագիրների, ինչպես նաև ըստ հայկական ավանդությունների Վարդան Արևելցին Նախիջևան տեղանունը մեկնաբանվում է որպես Նոյի առաջին իջևանատեղի↓։ Հիմնվելով հնագույն այլ առասպելների վրա՝ Վարդան Արևելցին Նոյի գերեզմանատեղին հիշատակում է Վասպուրականի Նախճավանում, իսկ նրա կնոջ՝ Նոյեմզարի գերեզմանատեղին՝ Մարանդում։ Ավանդաբար Նոյի անվան հետ են կապված Ակոռի գյուղի, Առնոյոտն գավառի, Երևան քաղաքի, Նպատ լեռան և այլ անվանումներ։ Նոյ Նահապետի հիշատակը նշում են Ընդհանրական, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցիները։ Հայ եկեղեցին Էջմիածնի Մայր տաճարում, որպես սուրբ մասունք, պահում է Նոյյան տապանից փայտի մի կտոր. այն, ըստ ավանդության, Մասիսի լանջին հրեշտակից ստացել է Մծբին քաղաքի եպիսկոպոսը՝ սուրբ Հակոբ Մծբնացի հայրապետը Հատկապես արժեքավոր է իր ապրած ժամանակաշրջանի՝ XII դ վերջի և XIII դ պատմական իրադարձությունների նկարագրությունը։ Երկը կարևոր աղբյուր է այդ ժամանակաշրջանի Հայաստանի և հարևան երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար։

Այլ բնույթի աշխատություններ

խմբագրել

Վարդան Արևելցուն են վերագրվում Խաչին նվիրված ճառեր, «Կանոնական բանս» գրվածքը, առակներ, ընդարձակ և համառոտ տարբերակներով պահպանված «Աշխարհացոյց»-ը։ Հեղինակ է նաև քերականական երկու աշխատությունների՝ «Մեկնութիւն քերականին» և «Վասն բանին մասանց», որոնք գրված են ժամանակի խոսակցական լեզվով։ Հեթում Ա-ի պատվերով գրված առաջին աշխատությունը Դիոնիսիոս Թրակացու քերականության հայերեն թարգմանության մեկնությունն է, իսկ երկրորդը՝ հայոց լեզվի շարահյուսության սկզբունքների նկարագրությունը։

Թարգմանչական գործունեություն

խմբագրել

Վարդան Արևելցին բազմաթիվ գործեր է թարգմանել հունարենից, լատիներենից և ասորերերնից։ Ասորի Իշող քահանայի աշխատակցությամբ՝ 1248-ին թարգմանել է ասորի ժամանակագիր Միքայել Ասորու (1126–99) «Ժամանակագրութիւնը» և «Յաղագս քահանայութեան» գործը։ Խմբագրել ու լրացրել է Տոնապատճառ ծիսական ժողովածուն։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Արևելցի» հոդվածին։