Վանքասարի հուշարձաններ, Մարտակերտից Ստեփանակերտ գնացող ճանապարհի աջ կողմում հյուսիսից հարավ իջնող, կրաքարից պատրաստված սապատավոր լեռնաբազուկ։ Անհիշելի ժամանակներից լեռնաշղթան կոչվում է Վանքասար, իսկ ադրբեջաներեն՝ Բեշիկ դաղ։ Այն բնական պատնեշի դեր է խաղում տափաստանային և լեռնային Ղարաբաղի միջև։ Վանասարից հարավ-արևելք տարածվում է Քուռ-Արաքսյան հարթավայրը, իսկ արևմուտքում՝ Հայկական բարձրավանդակը[1]։

Պատմություն

խմբագրել

Վանքասարի հարավային ստորոտում՝ կրաքարային ժայռի տակից, դուրս է ժայթքում Շահ-Բուլաղ վարար աղբյուրը։ Դա սովորական աղբյուր չէ, այլ գետակ։ Խաչենագետը վերին և միջին հոսանքներում ներծծվում է հրաբխային ծակոտկեն և լեռան տակ գտնվող մինչհրաբխային ժամանակաշրջանի գետահովտով դուրս գալիս Շահ-Բուլաղ։ Ջուրը պայման է հանդիսացել, որ այստեղ դարեր շարունակ եղել է բնակավայր։ Ապացույցը հուշարձաններն են, որոնք ըստ ժամանակաշրջանի բաժանված են չորս շերտի։

Հուշարձանների առաջին շերտ

խմբագրել

Հուշարձանների առաջին շերտը, որը կառուցվել է ուշ շրջանում, կիսավեր վիճակում է։ Արտաքին շարվածքն ամբողջովին քանդված է։ Աղբյուրից մի փոքր դեպի արևելք երևում են ավերված պարիսպների մասերը և աշտարակների հիմքերը։ Գրավոր փաստերը վկայում են, որ 18-րդ դարի երկրորդ քառորդում Փանահ Ալի-խանը Քաբիրլիի գավառամասի Բայաթ բերդից իր քոչվոր ցեղակիցների հետ տեղափոխվել է այստեղ։ Նա վերականգնել է նախկինում գոյություն ունեցող ամրոցը և մի որոշ ժամանակ բնակություն հաստատել։ Վերակառուցված բերդի մեջ կառուցել է շուկա և մզկիթ։ Երբ խանը տեղափոխվել է Շուշի, աստիճանաբար Շահ-Բուլաղի ամրոցը լքվել է և վերածվել ավերակների։

Հուշարձանների երկրորդ շերտ

խմբագրել

Հուշարձանների երկրորդ շերտը վերաբերում է միջնադարին՝ մոտավորապես Համամ Արևելցու ժամանակաշրջանին։

Ըստ պատմաբան Սեդրակ Բարխուդարյանի՝ այս հուշարձանը այն տապանաքարն է, որը դրված է եղել Համամի հարազատի վրա, իսկ բնակավայրը մտել է Համամ իշխանի տիրույթների մեջ[2]։

Հին հայկական գերեզմանատուն

խմբագրել

Հին հայկական գերեզմանատունը տարածվում է աղբյուրի հյուսիսարևելյան կողմում՝ փոքր թեքության վրա։ Դարերի ընթացքում հարյուրավոր տապանաքարեր քայքայվել և իրենց սկզբնական տեսքը կորցրել են։ Դրանց զգալի մասը թաղվել է հողի մեջ, իսկ թեքադիր մասում գտնվողները կիսով չափ ծածկված են հողով։

Վանքասարի ամենաբարձր ժայռի վրա բազմած է քառանկյունի հատակագիծ ունեցող մի եկեղեցի։ Այն կառուցված է գորշագույն կրաքարի տաշած քարերից։ Ծածկը և պատերի մի մասը փլված են։ Դռան հյուսիսային կողմում՝ պատի մեջ տեղադրված խաչքարի վրա, գրված է «Ես Շահան-շահ որդի Աշոտայ կանգնեցի զխաչս հոգոյ իմոյ» արձանագրությունը։

Հնագույն հուշարձաններ

խմբագրել

Հնագույն հուշարձանները թաղված են հողի տակ և գրավում են ընդարձակ տարածություն։ Այս հնավայրը արցախյան Տիգրանակերտ քաղաքն է[3]։ Տիգրան Մեծ թագավորն իր անունով կառուցել է տվել չորս Տիգրանակերտ։ Դրանցից ամենամեծը Աղձնիքում էր։ Մյուս քաղաքները կառուցվեցին Արցախում, Ուտյաց աշխարհում և Գողթն գավառում։ Այս չորս Տիգրանակերտներից առաջինը կառուցվել է Արցախում։ Տիգրանակերտը Արցախի ամենահին քաղաքն է եղել։ Այն հաստատվում է Մովսես Կաղանկատվացու աշխատությունում։ Պատմիչը խոսում է 8-րդ դարի սկզբին Պարտավի եկեղեցական ժողովի մասին, որտեղ ներկա է եղել նաև «Տկռակերտի Պետրոս վանականը»։ Ապա երևում է, որ 10-րդ դարում ապրած Սևադային նվիրած վիմագիր արձանագրությունից այդ քաջ ու խելացի իշխանը մասնակցել է Տիգրանակերտի համար մղված կռիվներին։ Սեբեոսը նույնպես հիշատակում է Տիգրանակերտ անունը։ Արդեն 10-րդ դարում Արցախի Տիգրանակերտն ավերակ էր։

Ուսումնասիրություններ

խմբագրել

19-րդ դարի 90-ական թվականներից սկսած՝ հնադարյան այդ հուշարձանները երկարատև ուսումնասիրությունների առարկա դարձան Շուշվա ռեալական ուսումնարանի ուսուցիչ Էմիլ Ռյոսլերերի և վարդապետ Խաչիկ Դադյանի համար։ Տարբեր ժամանակներում հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվել են հնագետներ Ռուդոլֆ Վիրխովը, Իվանովսկին, Սմբատ Տեր-Ավետիսյանը, Մեսչանինովը, Հումմելը, Թաշչյանը, Քուշնարյովան, Մինկևիչ-Մուստաֆաևան և ուրիշներ։ Պեղումները կատարվել են հիմնականում մարզի կենտրոնական մասում՝ Կարկառ և Խաչեն գետերի միջին հոսանքներում՝ Առաջաձոր, Խոջալու, Ստեփանակերտ բնակավայրերի շրջակայքում։

Բրոնզեդարյան հուշարձանները դամբանաբլուրների տեսքով ամբողջական տեսքով տեղավորված են գետերի ափերին կամ հին ճանապարհների եզրերին։ Դրանց տարածման գոտին սկսվում է Ղարաբաղի դաշտավայրից և ձգվում դեպի Լեռնային Ղարաբաղի խորքերը, իսկ տեղ-տեղ՝ լեռնանցքներով, Թարթառ, Խաչեն և Իշխանիկ գետերի հովիտներով՝ մեկը դեպի Սյունիք, իսկ մյուսը՝ Սևանի ավազանը։ Մարտակերտի հատվածում կա 15 դամբանաբլուր, որոնցից 8-ը գտնվում է իրար կողքի՝ մի գծի վրա։ Շահ-Բուլաղ ամրոցի կամ հին արցախյան Տիգրանակերտի ավերակների մոտակայքում՝ ճանապարհի ուղղությամբ, սկսվում են դամբանաբլուրների փոքր խմբեր, որոնք վերջանում են վիթխարի դամբանաբլրով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մկրտչյան, Շահեն (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: Հայաստան. էջեր 77–80. ISBN 4902020000. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  2. (PDF) https://web.archive.org/web/20171214071614/http://basss.asj-oa.am/2425/1/1964%2D1(61).pdf. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. Ղաֆադարյան, Կարո (1975). Աշխատություններ Հայաստանի պետական պատմական թանգարանի. Երևան: ՀՍՍՌ ԳԱ. էջ 151.