Ստյապոնաս Դարյուս (լիտ.՝ Steponas Darius, հունվարի 9, 1896(1896-01-09), Darius - հուլիսի 17, 1933(1933-07-17), Միսլիբուժ, Gmina Myślibórz, Myślibórz County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան), լիտվացի զինվորական օդաչու, մարզիկ, Օլիմպիական խաղերի մասնակից, Լիտվայի անկախության պատերազմի մասնակից, ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի օդաչու, լիտվական սփյուռքի ներկայացուցիչ ԱՄՆ-ում, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ 1933 թվականին Ստյապոնաս Դարյուսն ու լիտվացի օդաչու Ստասիս Գիրենասը փորձել են ռեկորդային թռիչքների շարք սահմանել՝ թռչելով Նյու Յորքից Կաունաս, սակայն ինքնաթիռի աղետի պատճառով զոհվել են։ Այդ թռիչքը համարվել է 20-րդ դարի Լիտվայի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկը։

Ստյապոնաս Դարյուս
լիտ.՝ Steponas Darius և անգլ.՝ Stephen Darius
Դիմանկար
Ծնվել էհունվարի 9, 1896(1896-01-09)
ԾննդավայրDarius
Մահացել էհուլիսի 17, 1933(1933-07-17) (37 տարեկան)
Մահվան վայրՄիսլիբուժ, Gmina Myślibórz, Myślibórz County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան
ԳերեզմանCemetery in Aukštieji Šančiai
Քաղաքացիություն Լիտվա և  ԱՄՆ
ԿրթությունWar School of Kaunas?
Մասնագիտությունֆուտբոլիստ, օդաչու և ռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Մանուշակագույն սիրտ Medal for the Liberation of Klaipėda և Հաղթանակի մեդալ
 Steponas Darius Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Ծնվել է 1896 թվականի հունվարի 9-ին, Կովնոյի մարզի Ռուբիշկես ավանում, Յոնաս Ռոմուալդասի և Աուգուստինայի ընտանիքում։ Մկրտվել է կաթոլիկ հավատքով։ 1905 թվականին մահացել է հայրը, մեկ տարի անց մայրն ամուսնացել է ընտանիքի խնամակալ Կազիս Դյագուտիսայի հետ։

1907 թվականին Ստյապոնասը մոր և խորթ հոր հետ արտագաղթել է ԱՄՆ, որտեղ արդեն հաստատվել էր ավագ եղբայրը։

Զինվորական կարիերա խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ստյապոնաս Դարյուսը կամավոր ծառայության է անցել ԱՄՆ բանակում, եղել է հեռախոսավար, կռվել և վիրավորվել է Արևմտյան ռազմաճակատում (Ֆրանսիա), պարգևատրվել է «Մանուշակագույն սիրտ» պատվո շքանշանով և «Հաղթանակի մեդալով»[1]։

1920 թվականին ընդունվել է Չիկագոյի համալսարան, որտեղ հաճախել է նաև պահեստային սպայի դասընթացների, սակայն դասընթացները կիսատ է թողել։ Այդ ժամանակ նա վերադարձել է Լիտվա՝ մասնակցելու անկախության համար մղվող պատերազմին, ծառայել է Գլխավոր շտաբի հետախուզության վարչությունում։

1920 թվականի հոկտեմբերի 15-ին ընդունվել է Կաունաս քաղաքում գտնվող ռազմական ուսումնարանը և 1921 թվականին ավարտել այն, ընդգրկվել հրետանային զորամասում և նույն թվականի հունիսի 19-ից մասնակցել օդաչուների համար անցկացվող դասընթացներին։

1922 թվականին՝ դասընթացի տեսական մասն ավարտելուց հետո Ստյապոնաս Դարյուսը ստացել է ավիացիայի լեյտենանտի կոչում։ 1924 թվականի դեկտեմբերի 1-ին նա դարձել է ռազմական օդաչու, իսկ դեկտեմբերի 18-ին ստացել է ավագ լեյտենանտի կոչում։

Ստյապոնաս Դարյուսը ակտիվ մասնակցել է 1923 թվականի Մեմելի ապստամբությանը, եղել է նրա առաջնորդներից, պարգևատրվել է «Կլայպեդայի ազատագրման շքանշանով»։

1927 թվականին նորից վերադարձել է ԱՄՆ, աշխատանքի անցել ԱՄՆ քաղաքացիական ավիացիայում։

Սպորտ խմբագրել

Ստյապոնաս Դարյուսը եղել է հայտնի մարզիկ, զբաղվել է բասկետբոլով, հոկեյով, բեյսբոլով, բռնցքամարտով, թեթև ատլետիկայով։ 1924 թվականին Փարիզում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ժամանակ եղել է Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի պահեստային դարպասապահը[2]։

Տրանսատլանտյան թռիչք խմբագրել

 
Ստյապոնաս Դարյուսի և Ստասիս Գիրենասի անվան հուշարձան Չիկագո քաղաքում

1933 թվականի հուլիսի 15-ին Ստյապոնաս Դարյուսը և Ստասիս Գիրենասը փորձել են «Լիտուանիկա» ինքնաթիռով Նյու Յորք-Կաունաս (7186 կմ) երթուղով առանց վայրէջքի տրանսատլանտյան չվերթ իրականացնել[3]։

 
Ստյապոնաս Դարյուսը և Ստասիս Գիրենասը թռիչքից առաջ «Լիտուանիկա» ինքնաթիռով

Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասով 37 ժամ 11 րոպե հաջողությամբ թռիչք իրականացնելուց հետո հուլիսի 17-ի գիշերը (0:36 Բեռլինի ժամանակով) ինքնաթիռը Նացիստական Գերմանիայի տարածքում, Մըսլիբուժ քաղաքից քիչ հեռու վթարի է ենթարկվել, որի հետեւանքով երկու օդաչուներն էլ մահացել են։ Օդաչուները կատարել էին 6411 կմ թռիչք, և նրանց մնում էր ընդամենը 650 կմ՝ մինչև Կաունաս, որտեղ հանդիսավոր կերպով պատրաստվում էին դիմավորել նրանց։ Վթարի վայրն այժմ գտնվում է Լեհաստանի տարածքում՝ Պշչելնիկ գյուղի մոտակայքում։

Ըստ գերմանական հանձնախմբի պաշտոնական վարկածի՝ վթարի պատճառը վատ եղանակն ու վառելիքի ավելցուկային սպառումն են եղել, ինչն էլ հանգեցրել է ինքնաթիռի հանկարծակի անկման։

Խորհրդային և լիտվացի ռեժիսոր Ռայմոնդաս Վաբալասի 1983 թվականի նկարահանած «Թռիչք Ատլանտյան օվկիանոսի վրայով» գեղարվեստական ֆիլմի սյուժեի վարկածով (որը պատմականորեն չի հաստատվել) ինքնաթիռը թռչել է Բարլինեկ քաղաքի գաղտնի համակենտրոնացման ճամբարի վրայով և խփվել գերմանացիների կողմից[4][5][6]։

Հիշատակ խմբագրել

Օդաչուները հանդիսավոր կերպով հուղարկավորվել են Կաունասում՝ Զինվորական գերեզմանատանը և հետմահու ձեռք են բերել Լիտվայի ազգային հերոսների հռչակ։ Օդաչուների և նրանց տրանսատլանտյան չվերթի մասին լիտվացի բանաստեղծների բազմաթիվ չափածո գործեր են ստեղծվել․ հրապարակվել են հատուկ ընտրանիներ։ Դարյուսի և Գիրենասի մասին ռուսերեն բանաստեղծություն է գրել Կոնստանտին Բալմոնտը։ Գյուղը, որտեղ ծնվել է Ստյապոնաս Դարյուսը, վերանվանվել է նրա անունով։ Լիտվայում փողոցներ[7], դպրոցներ, գիմնազիաներ, Կաունաս քաղաքի մարզադաշտը կրում են օդաչուների անունները[8]։ Չիկագոյում, որտեղ մեծ լիտվական սփյուռք է ձևավորվել, տեղադրվել է Դարյուսի և Գիրենասի հուշարձանը։ Դարյուսի և Գիրենասի պատկերներն առկա են 10 լիտ թղթադրամի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. {AUTHOR}. «Биография Стяпонас Дарюс». www.peoples.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  2. Switzerland — Lithuania Արխիվացված 2012-12-16 Wayback Machine Отчёт о матче на сайте ФИФА
  3. Digrytė, Eglė. «Ветеран авиации Викторас Ашмянскас: Стяпонаса Дарюса и Стасиса Гиренаса спасла бы помощь диспетчеров и синоптиков». ru.15min.lt (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  4. Полёт через Атлантический океан (1983), Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին
  5. ««Полет через Атлантический океан» (1983)». КиноПоиск (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  6. «Полет через Атлантический океан». Vkino.net. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.(չաշխատող հղում)
  7. Путешествуем сами: Прибалтика (ePub) (ռուսերեն). Путешествуем сами. ISBN 9785904138523.
  8. «Kauno futbolo beisbolo klubas». web.archive.org. 2011 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստյապոնաս Դարյուս» հոդվածին։