Թուրք-պարսկական պատերազմ (1532-1555)

Թուրք-պարսկական պատերազմ (պարս.՝ جنگ صفویان و عثمانی), ռազմական հակամարտություն Սուլեյման I-ի գլխավորած Օսմանյան կայսրության և շահ Տահմասպ I-ի ղեկավարած Սեֆյան Իրանի միջև, որը տեղի է ունեցել 1532-1555 թվականներին։

Թուրք-պարսկական պատերազմ
Թուրք-պարսկական պատերազմներ

Թվական 1532-1555
Վայր Միջագետք, Հայկական լեռնաշխարհ, Իրանական Ադրբեջան
Պատճառ Տարածքային վեճեր
Արդյունք Թուրքիայի հաղթանակ և Ամասիայի հաշտության պայմանագրի ստորագրում
Հակառակորդներ
Իրան Սեֆյան Պարսկաստան Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Կողմերի ուժեր
60,000 200,000

Պատերազմի վերջում կնքվել է Ամասիայի հաշտության պայմանագիրը, որով Հայաստանն առաջին անգամ բաժանվում է Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև։

Պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Երկու կայսրությունների մեջ պատերազմական գործողությունների սկսման շարժառիթը հանդիսացան տարածքային վեճերը։ Այդ վեճերն էլ ավելի սրվեցին այն ժամանակ, երբ Բիթլիսը Պարսկաստանին ինքնակամ միանալու որոշում կայացրեց։

Մինչ պատերազմական գործողությունների սկիզբը Սեֆյանները նպատակ ունեին դաշնակցել Ավստրիայի Հաբսբուրգների հետ՝ Օսմանյան կայսրությանը երկճակատ մարտում հեշտորեն պարտության մատնելու համար։

Պատերազմական գործողությունների սկիզբ և ընթացք խմբագրել

1532 թվականին օսմանյան բանակը՝ մեծ վեզիր Իբրահիմ փաշայի (հետագայում՝ Սուլեյման սուլթանի) ղեկավարությամբ անցնում է հարձակման։ Շնորհիվ քանակական գերազանցության՝ կարճ ժամանակահատվածում թուրքերը կարողանում են բռնագրավել Բիթլիսը և անցնել Թավրիզ, իսկ 1534 թվականին նաև Բաղդադ։ Իրանի շահը ստիպված էր հանձնվել և 1536 թվականին կողմերի միջև կքնվեց ժամանակավոր զինադադար։

1548 թվականին վերսկսեց պատերազմական գործողությունների երկրորդ շրջափուլը։ Այս անգամ նախահարձակ եղան պարսիկները՝ գրոհի անցնելով Հայաստանից։ Մինչ այդ օսմանյան սուլթանը համաձայնության էր եկել Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս I-ի հետ, ինչն էլ ստիպեց Ֆրանսիայի վաղեմի թշնամի Ավստրիական կայսրությանը մերձենալ Իրանի հետ։ Շուտով ֆրանս-թուրքական ուժերը հատեցին պարսից սահմանագիծը և անցան հարձակման։ Թուրքերին հաջողվեց ամբողջությամբ գրավել Թավրիզ քաղաքը, ինչպես նաև իրենց հպատակեցնել Հայաստանի, Արևելյան Անատոլիայի, Վանի նահանգի և Արևմտյան Վրաստանի հողերը։

Ռազմաճակատում գործողությունները վերսկսվեցին 1553 թվականին։ Սա դարձավ օսմանյան սուլթան Սուլեյման I-ի վճռական արշավանքը, որի ժամանակ թուրքերի բանակը գրավեց Էրզրումը՝ վերջ դնելով բազմափուլ պատերազմին։

Ավարտ և Ամասիայի հաշտության պայմանագիր խմբագրել

Պատերազմի ավարտից հետո՝ 1555 թվականին, Փոքր Ասիայի Ամասիա բնակավայրում ստորագրվեց հաշտության պայմանագիր, որով Իրանը ունեցավ տարածքային կորուստներ։ Ըստ Ամասիայի պայմանագրի՝ Հայաստանը առաջին անգամ բաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև[1]։ Այս բաժանմամբ Օսմանյան տերությանը անցան Արևմտյան Հայաստանի նահանգները՝ Փոքր Հայքը, Բարձր Հայքը, Աղձնիքը, Տուրուբերանը, Ծոփքը, Միջագետքը և Վրաստանի արևմտյան հատվածը։ Պարսկաստանին մնացի Արևելյան Հայաստանը՝ Այրարատը, Գուգարքը, Արցախը, Ուտիքը, Վասպուրականը, Սյունիքը, արևելյան Վրաստանը, Դաղստանը և Ատրպատականը։

Էրզրումը, Վանը և Շահրիզորը հայտարարվեցին բուֆերային տարածքներ, իսկ Կարսը պահպանեց իր չեզոքությունը՝ աջակցություն չցուցաբերելով ո՛չ Օսմանյան կայսրությանը, և ո՛չ էլ Սեֆյան Իրանին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Թուրք-պարսկական պատերազմներ՝ Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.