Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դամբարան (այլ կիրառումներ)

Դամբարան (հուն․՝ τύμβος՝ թումբոս), մինչքրիստոնեական գերեզմանների անվանումը հնագիտության մեջ։ Քարի դարից հայտնի են հիմնահողային դամբարանները, դոլմենները, կրոմլեխները։

Դամբարան
Տեսակճարտարապետություն

Բրոնզի դարում առաջացել են քարարկղային դամբարանները, դամբարանաբլուրները։ Ցեղային առաջնորդներին մեծ մասամբ թաղել են դիասայլերի, դիակառքերի վրա, զենքերի և այլ առարկաների (Լճաշեն, Ներքին Գետաշեն և այլն), սպանված կանանց, ծառաների, ձիերի հետ։ Արթիկի բրոնզեդարյան դամբարանադաշտում պեղվել են տուֆաքարի մեջ փորված շատ դամբարաններ։

Մ․թ․ա․ 1-ին հազարամյակում երևան են եկել կարասե, իսկ անտիկ շրջանում՝ կավե տարատեսակ դագաղներով դամբարանները։ Բրոնզի դարաշրջանի նյութական մշակույթը հիմնականում ներկայացնում են դամբարաններից հայտնաբերված գտածոները։

Ճարտարապետության մեջ խմբագրել

Ճարտարապետության մեջ դամբարանը ստորգետնյա կամ վերգետնյա գերեզմանային կառույց է։ Հայաստանում հնագույներից են Աղավնատան շրջանաձև և Օշականի ուղղանկյուն հատակագծով կառույցները, ուրարտական ժայռափոր դամբարանները։

Հելլենիստական Հայաստանի դամբարաններից են Փարաքարի բոլորակ հատակագծով, քարե բազմանիստ հարթակի վրա բարձրացող աշտարակաձև կառույցը, մեջտեղում ձվաձև գերեզմանով, ինչպես և Սիսիանի իշխանական դամբարանը, որի կեղծ թաղով գետնափոր խցում դրված է կավե սարկոֆագը։ Քրիստոնեական վաղ շրջանի պահպանված օղակներից են Աղցի Արշակունի թագավորների դամբարանը և նույն հորինվածքն ունեցող՝ Իգաձորի (Անի) ժայռափոր կառույցները (4-րդ դար), Էջմիածնում՝ Հռիփսիմեի և Գայանեի (4-5-րդ դարեր), Օշականում՝ Մեսրոպ Մաշտոցի, Ամարասում՝ Գրիգորիսի (5-րդ դար) դամբարանները։

Ճարտարապետությամբ ինքնատիպ են Զովունիի Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը և Ջրվեժի հուշահամալիրը (երկուսն էլ՝ 5-րդ դար)՝ բաղկացած եկեղեցուց, գետնափոր դամբարաններից և կոթողից, Նախճավանի Կամսարականներից երկու խցով դամբարանը (8-րդ դար)։ Հայաստանում որպես դամբարան են ծառայել եռաստիճան եկեղեցիների ստորին հարկը, գավիթներն ու ժամատները։

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամբարան» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 272