Ներքին Գետաշեն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ներքին Գետաշեն (այլ կիրառումներ)
- Այս հոդվածը Գեղարքունիքի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գետաշեն (այլ կիրառումներ)։
Ներքին Գետաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հին անվանումը՝ Կոթ։ Միջին դարերում, Կոթը հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ներքին Գետաշեն | |||
Ներքին Գետաշենի համայնապատկերը | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Մարտունու շրջան | ||
ԲԾՄ | 1948±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲8553 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելՆերքին Գետաշեն գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 2 կմ հյուսիս-արևմուտք` Արգիճի գետի ափին` Սևանա լճից ոչ հեռու։ Ունեցել է Ներքին Ադյաման անունը։
Գյուղը նախկինում Ադիաման անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[2]։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ներքին Գետաշենի մշտական բնակչությունը կազմել է 8553, առկա բնակչությունը՝ 8071 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828-1829 թթ. եկել են Ալաշկերտի Թոփրախկալա գյուղից, ոմանք` Մուշից[4]։ Ներքին Գետաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Պատմություն
խմբագրելԺամանակակից գյուղը հիմնադրվել 1828-1829 թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Թոփրախկալա գյուղից, ինչպես նաև Մուշից գաղթած հայերի կողմից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գործում են 2 միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, կապի բաժանմունք, բուժկետ, գրադարան։ Ներքին Գետաշենի տեղում եղել է դեռևս IX դարից հայտնի Կոթ գյուղաքաղաքը, որը IX-X դարերում առևտրական կարևոր հանգույց էր Դվին-Պարտավ քարավանային ճանապարհի վրա, ինչպես նաև Բագրատունիների արքունական ձկնորսարանը։ Գյուղը և նրա շրջակայքը հարուստ են հնություններով։
Գյուղի կենտրոնում գտնվում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ (XIX դ.) և Սբ. Վարդան (IX-X դդ.) եկեղեցիները, Սբ. Ամենափրկիչ մատուռը (XII-XIII դդ.)։ Գյուղի արևմտյան կողմում` բլրի վրա, գտնվում են նշանավոր Կոթավանքը կամ Կոթի Սբ. Աստվածածին եկեղեցին (IX դ.), բազմաթիվ խաչքարեր։ Գյուղի մոտ կան նաև դամբարանադաշտ, միջնադարյան գյուղատեղի և XI-XIII դարերի «Իշխանհատիկ» եկեղեցին։
Մարտունի ավանում «Ներքին Կզնուտ» բնակեցվեցին Ալաշկերտի գավառի Մանգասար գյուղից գաղթածները, Գեղհովիտում «Վերին Կզնուտ» Մանգասար, Քուպշրան, Զանգե Դիդամ, Ղամուր, Սչտլու և Ղզլղայա գյուղերից եկածները, Զոլաքարում՝ «Ակնախառ» Զիրոյի, Խամուր, Մանգասար գյուղերից եկածները, Ծովինարում՝ Կոփ, Յոնջալու, Շեյխաղուբ (Շեյխ Յակուբ) գյուղերից եկածները։
1830 թ ձմռանը հիմնականում ավարտվեց գաղթի նախապատրաստումը։ Ժողովրդական գաղթը սկսվեց 1830 թվականի գարնանը։ Թոփրախկալայից գաղթածների մի մասը բնակություն հաստատեց Ներքին Ադյամանում։ Դա նախկին Կոթ գյուղաքաղաքն էր։ Թուրքական նվաճողները ճիշտ չեն կարողացել անունը արտասանել և բնակավայրը կոչել են Ադիյաման՝ անունը վատ է, սոսկալի է։ Ներքին Ադյամանում բնակչության գաղթը ղեկավարում էր մելիք (իշխան) Հակոբ Եղյանը։
Երվանդ Լալայանը նշում է, որ գյուղում Կոթավանքին մոտիկ գտնվում է մեկ այլ մեծ գերեզմանատուն։ Դա հայտնի է Խաչեր անունով, այն փակ է։ Ականավոր հնագետը չի նկատել գյուղի մեջտեղ Մյասնիկ Գրիգորյանի (Շոխոյան) տնամերձում գտնվող գերեզմանատունը, ուր մինչև այժմ էլ կանգնած են բազմաթիվ խաչքարեր։ Ե. Լալայանը գյուղի տարածքում պեղումները կատարել է 1907 և 1908 թթ.: Նա արդյունավետ աշխատանք է կատարել հատկապես 1908 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին։ Լալայանը ղեկավարել է պեղումները։ Հայտնաբերված իրերը պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։ 1908 թվականի հոկտեմբերի 17-ին գալով Ներքին Ադյաման, նա ստեղծում է բանվորական երկու խումբ։
Լալայանը գյուղում կատարել է 53 դամբարանի պեղում, որոնց արդյունքները ամփոփված են «Գեղարքունիք կամ Նոր Բայազետի գավառ» աշխատության «Ազգագրություն» բաժնում։
Բոլոր դամբարանները պատկանում են բրոնզե դարի վերջին շրջանին։ Այդ են ապացուցում դամբարաններում հայտնաբերած իրերը։
Տես նաև
խմբագրելՆերքին Գետաշենի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Գեղարքունիքի մարզ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 34
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 844
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 144. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներքին Գետաշեն» հոդվածին։ |