Բարեկամավանի հեթանոսական դամբարան

Բարեկամավանի հեթանոսական դամբարան (ավելի հայտնի է որպես «Բարձրյալ Խաչ» տաճար), հեթանոսական, հետագայում՝ քրիստոնեականի վերածված դամբարան Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի դիմացի բարձունքում, Նոյեմբերյան քաղաքից 33 կմ հեռավորությամբ։

Բարեկամավանի հեթանոսական դամբարան
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և դամբարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀՀ, Տավուշի մարզ, Բարեկամավան
Հասցեգյուղից 3 կմ ամ, բլրագագաթին[1]
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]

Այժմ հուշարձանը կոչվում է Բարձրյալ Խաչ։ Դամբարանը նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձև դամբարան է։ Միջնադարում կոթողը ՙքրիստոնեական է դարձել՚. լուսամուտին խաչ է ագուցվել, ներսում, որպես բեմի սեղան, կանգնեցվել է խաչքար, և դամբարանը վերածվել է մատուռի։ Սակայն ժողովրդի հիշողության մեջ պահպանվում է կառույցի հեթանոսական ծագումը։ Դրա վկայություն է այն, որ դամբարանի կողքի ծառին մարդիկ, ի նշան հավատի, այժմ էլ տարբեր գույնի կտորների ծվեններ են կապում։

Նկարագրություն խմբագրել

Կառուցվել է սրբատաշ կաթնագույն կրաքարով, 5-6-րդ դարերում՝ որպես դամբարան։ Կոթողն ունի 5.5 մետր տրամագիծ և նույնքան էլ բարձրություն, որի 15 նիստերից պահպանվել են 10։ Ունի մեկ մուտք արևմուտքից և մեկ պատուհան՝ հյուսիսից։ Միջնադարում արևելյան լուսամուտին խաչաձև բացվածքով սալ է ագուցվել և ներսում որպես բեմի սեղան խաչքարի բեկոր կանգնեցվել, որով դամբարանը վերածվել է մատուռի (այժմ՝ հայտնի ուխտատեղի)։ Բարձրյալ խաչը ունի հայկական միջնադարյան ճարտարապետության համար եզակի ծավալատարածական հորինվածք և հարդարանք։ Ներսից գլանաձև է, դրսից՝ 14-նիստանի, կիսագնդաձև գմբեթով ավարտվող աշտարակաձև ծավալով, ունի սալահատակված հատակ։

Քիվը բաղկացած է տարբեր կենդանիների՝ ցուլի, խոյի, շան, եղջերուի, վարազի բարձրաքանդակներից, որոնք ընդմիջվում են ականթի ու ծաղկեշղթայի զարդաքանդակներով։ Քիվի տարբեր կենդանիների գլխաքանդակները կապվում են բազմաստվածության հետ։ Ընդհանուր հորինվածքն ու քիվը բնորոշ են անտիկ արվեստին, որի շնորհիվ նախաքրիստոնեական ճարտարապետության ու քանդակագործության ձևերի կիրառման ինքնատիպ և բացառիկ նմուշ է։

Վերանորոգում խմբագրել

2004 թ. պետբյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել հուշարձանի հիմնանորոգման համար։ 2004-ի դեկտեմբերին կոթողի նորոգումն ավարտվել է, սակայն տանիքը նախկինի պես բաց է մնում։ 2005 թ. վարչապետի աշխատակազմը ստուգելով պարզել է, որ շինարարները ՙնորոգման գումարը նպատակային են ծախսել՚։ Սակայն, այցելուների վկայությամբ, կոթողի տարբեր կողմերում թափված են Բարձյալ Խաչի պատերի քարերը, դրա փոխարեն կլոր պատի մեջ Նոյեմբերյանի Զորական գյուղի ֆելզիտից 3 նոր շար են կառուցել։ Նոր տեղադրված քարերն ուրիշ տեսակի և գույնի են։ Մինչդեռ կառույցի մաս կազմած և նորոգման ընթացքում այդպես էլ չօգտագործած քարերն այնքան շատ են, որ դամբարանի առաջ դրանից մեծ կույտ, պատնեշ է գոյացած։

Բարեկամավանի դպրոցի պատմության ուսուցիչ Յուրա Չիթչյանը ասում է, որ մինչև նորոգումը հուշարձանը կիսականգուն վիճակում էր, միայն հարավային կողմն էր քանդված։ 1990 թ. վերանորոգման նպատակով կառույցը քանդել են, սակայն սահմանագոտում սկսված կռիվները խանգարել են վերանորոգում սկսելուն։

2004-2005 թթ. նորոգումից հետո, Նոր շարերը մի տեղում պատից ակնհայտորեն դուրս են ընկել, ուրիշ տեղերում՝ մեծ չափով ներս ընկել։

Յուրա Չիթչյանը հիշում է, որ նախկինում տարբեր կենդանիների գլուխների քանդակներից վերև շարվածքը աստիճանաբար նեղանում էր, իսկ ալավերդցի շինարարների կառուցած ամենավերևի շարը, ընդհակառակը, ավելի է լայնացնում կոթողի վերնամասը։ Չիթչյանի խոսքերով՝ նախկինում Բարձրյալ Խաչի պատերի մեջ հնարավոր չէր ասեղ մտցնել, իսկ ՙնորոգման՚ ժամանակ կրի պատը ցեխով, ցեմենտով սվաղել են։ Ցեմենտի նույն սվաղը նաև կառույցի ներսում է արվել։ Շինարարները ձևափոխել են նաև կլոր դամբարանի մուտքը. նախկինում դռան բացվածքը դեպի արևմուտք թեք է եղել, հիմա ուղիղ բացվածք է։ Բացի այդ, շինարարները կառույցի հիմքը բազալտով շրջանաձև սալապատել են՝ նորից աղավաղելով դամբարանի սկզբնական տեսքը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել