Արաբական օրիքս կամ սպիտակ օրիքս (լատին․՝ Oryx leucoryx), օրիքսների դասի միջին չափի այծքաղ, որը տարածված է Արևմտյան Ասիայի անապատային և կիսաանապատային գոտիներում[1][2]։

Սպիտակ օրիքս
Արաբական օրիքս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Oryx leucoryx
Պետեր Սիմոն Պալլաս
Հոմանիշներ
  • Oryx gazella leucoryx Pallas, 1777
  • Oryx leucorix (Link, 1795)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Արտաքին տեսք խմբագրել

Արաբական օրիքսը օրիքսների դասի ամենափոքր ներկայացուցիչներից է, որի մարմնի բարձրությունը կազմում է 80-110 սմ, իսկ քաշը՝ մինչև 100 կգ։ Արտաքինից մարմինը պատված է թույլ բրդածածկով։ Ոտքերն ու մարմինը դեղնավուն են, իսկ երբեմն նույնիսկ դարչնագույն։

Յուրաքանչյուր արաբական օրիքսի դեմքն ունի յուրահատուկ մուգ շագանակագույն նախշեր։ Այծքաղների և՛ արուները, և՛ էգերը ունեն գրեթե նույն երկարությամբ եղջյուրներ, որի երկարությունը հասնում է 50-80 սմ։

Վարք խմբագրել

Արաբական օրիքսը հեշտորեն ընտելանում է անապատային կյանքին։ Անդրադարձնող արևի ճառագայթները մարմինը պաշտպանում են ջերմությունից։ Բնածին մի շարք գործոնների ազդեցությամբ արաբական օրիքսի մարմնի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 46.5 °C, իսկ գիշերը՝ 36 °C: Բնական նման ընտրությունը նվազեցնում է կենդանիների ջրի պահանջը։

Արաբական օրիքսներն իրենց դասի մյուս ներկայացուցիչների պես խոտակերներ են․ նրանք սնվում են խոտով, ծառի թփերով և տերևներով։ Այս այծքաղները կարող են երկար ժամանակ ապրել առանց ջրի։ Բացառություն են կազմում միայն հղի առանձնյակները, որոնց մոտ ավելի հաճախակի է նկատվում ջրի պահանջ։ Արաբական օրիքսները բնակվում են խմբերով, որոնք, որպես կանոն կազմված են չորսից հինգ առանձնյակներից։

Պահպանություն խմբագրել

Սկզբնական շրջանում արաբական օրիքսները տարածված են եղել Սինայի թերակղզում, Միջագետքում, ինչպես նաև Արաբական թերակղզում։ 19-րդ դարում կենդանիները հայտնվել են անհետացման եզրին և նրանց տարածվածության արեալը սահմանափակվել է Արաբական թերակղզով։ Կենդանիների թվի կրճատման վրա ազդող գործոններից ամենանշանակալին որսագողությունն է։ Կենդանիները իրենց կողմն են ձգում որսորդներին, քանի որ ունեն բավականին համեղ միս։ 1972 թվականի գնահատականով կենդանիների այս տեսակը հայտարարվել է լիովին անհետացած։

Կենդանիների տեսակի վերականգնման ուղղությամբ կատարվող քայլեր ձեռնարկվեցին այն ժամանակ, երբ արաբները փոխեցին բնության պահպանության վերաբերյալ իրենց մոտեցումները։ Արաբական օրիքսի տեսակները սկսել են վերականգնվել Օմանում (1982), Հորդանանում (1983), Սաուդյան Արաբիայում (1990) և Արաբական Միացյալ Էմիրություններում (2007)։ Հաջողություններն այնքան զգալի էին, որ որոշ ժամանակ անց սույն երկրներից փոքրիկ խմբեր ներկրվեցին նաև Իսրայել և Բահրեյն։

Այնուամենայնիվ, անգամ հիմա արաբական օրիքսները համարվում են խոցելի տեսակ։ 2007 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն հեռացնել է Օմանի արաբական օրիքսներով բնակեցված տարածքները Համաշխարհային ժառանգության ցանկից։ Դա ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ օբյեկտը հեռացվեց ցանկից։ Ի տարբերություն Օմանի՝ Սաուդյան Արաբիայում և Իսրայելում խրախուսվում է օրիքսների թվաքանակի ավելացումը։ 2012 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքի արգելոցներում բուծվել են 500 նոր կենդանիներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Ա Կաթնասուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ» — 104 էջ։
  2. Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական օրիքս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական օրիքս» հոդվածին։