Անապատային կլիմա (լատին․՝ aridus «չոր» բառից), չոր կլիմա օդի բարձր ջերմաստիճաններով և օրական մեծ տատանումներով։ Այստեղ մթնոլորտային տեղումները շատ քիչ են՝ տարեկան մոտ 100-150 մմ կամ ընդհանրապես բացակայում են։

Անապատային կլիմա ունեցող տարածաշրջանները

Ստացված ամբողջ խոնավությունը արագորեն գոլորշիանում է։ Գետերը, որոնք հոսում են անապատի միջով հարևան՝ ավելի խոնավ շրջաններից, այստեղ ծանծաղում են և հաճախ ավարտվում աղի լճերի անհոսք գոգահովիտներով։ Այստեղ լինում են օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումներ օրվա ընթացքում, այդ պատճառով նույնիսկ ամենակարծր լեռնային ապարները քայքայվում են և վերածվում ավազի։ Քամին անխոչընդոտ տեղափոխում է չոր ավազի զանգվածներն՝ առաջացնելով ավազաթմբեր և դյուներ։

Անապատային կլիման իր առավել վառ ձևերով բնորոշ է արևադարձային և մերձարևադարձային լայնություններին՝ Սահարա անապատ, Արաբական թերակղզի, Ավստրալիա և այլն։ Ավելի բարձր լայնություններում անապատային կլիման կապված է կամ լեռնաշղթաների հետ, որոնք խոչընդոտում են խոնավության տեղափոխմանը օվկիանոսից՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի անապատներ, կամ օվկիանոսից հեռու գտնվելու հետ, օրինակ՝ Կենտրոնական Ասիայի անապատները։

Դասակարգում խմբագրել

Սովորաբար առանձնացնում են անապատային կլիմայի երկու կամ երեք ենթատեսակ՝ շոգ անապատային կլիմա (BWh), ցուրտ անապատային կլիմա (BWk) և երբեմն անապատային մեղմ կլիմա (BWh/BWn)։ Շոգ և ցուրտ անապատներում կլիման սահմանազատելու համար սովորաբար կիրառվում են երեք իզոթերմեր՝ օդի միջին տարեկան ջերմաստիճանը, որը կազմում է 18 °C, ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը, որը կազմում է 0 °C կամ -3 °C: Այն դեպքում, երբ ջերմաստիճանը նշված ցուցանիշից ցածր է, ապա կլիման դասակարգվում է որպես ցուրտ անապատային կլիմա (BWk), եթե ջերմաստիճանը նշված ցուցանիշից բարձր է, ապա այն դասակարգվում է որպես շոգ անապատային կլիմա (BWh)[1]:

Շոգ անապատային կլիմա խմբագրել

 
Շոգ անապատային կլիմա ունեցող տարածաշրջաններ

Շոգ անապատային կլիմա ունեցող տարածաշրջաններն, որպես կանոն, գտնվում են մերձարևադարձային գոտուց հարավ և ամբողջ տարվա ընթացքում օդի կայուն վայրընթաց հոսանքների և բարձր մթնոլորտային ճնշման շնորհիվ դրանց բնորոշ է փոքր ամպամածությամբ եղանակ։ Այդ տարածաշրջանները գտնվում են 30° հարավային և 30° հյուսիսային լայնությունների միջև։

Շոգ անապատային կլիման բնորոշ է Հյուսիսային Աֆրիկային (Սահարա, Լիբիական և Նուբիական անապատներ), Աֆրիկյան պոզի, Հարավային Աֆրիկայի (Նամիբ և Կալահարի) անապատներին, Միջին Արևելքի (Արաբական անապատ, Սիրիական անապատ, Դեշտե-Լուտ), Հարավային Ասիայի անապատներին (Թար անապատ), ԱՄՆ-ի և Մեքսիկայի անապատներին (Մոխավե, Սոնորա, Չիուաուա), Ավստրալիայի անապատներին (Սիմփսոն, Վիկտորիա մեծ անապատ) և այլ տարածաշրջաններին։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 31,5 34,8 38,0 42,0 45,1 49,8 52 47,8 44,5 41,0 36,0 31,0 52
միջին առավելագույնը (°C) 20,1 23,0 27,6 34,0 39,6 42,7 43,4 43,2 41,3 35,1 27,6 22,0 33,1
միջին ջերմաստիճանը (°C) 14,4 16,9 21,1 26,9 32,9 35,4 36,6 36,5 33,3 28,2 21,4 16,1 26,6
միջին նվազագույնը (°C) 6,9 9,0 15,0 20,3 25,7 27,6 29,1 28,8 25,7 20,9 15,3 8,4 19,9
բացարձակ նվազագույնը (°C) −1 0,5 4,5 11,0 18,0 21 23,6 22,7 16,1 13,0 7,0 1,4 −1
տեղումների քանակը (մմ) 12,3 5,8 30,2 23,3 6,2 0 0 0,3 0 2,3 7,4 11,2 99,0
Աղբյուր՝ pme.gov.sa

Ցուրտ անապատային կլիմա խմբագրել

 
Ցուրտ անապատային կլիմա ունեցող տարածաշրջաններ

Ցուրտ անապատային կլիմային բնորոշ է շոգ (երբեմն շատ շոգ) և չոր ամառ։ Շոգ անապատային կլիմա ունեցող տարածաշրջանների հետ համեմատած, ցուրտ անապատային կլիմա ունեցող շրջաններին բնորոշ են ցուրտ, երբեմն շատ ցուրտ ձմեռներ միջին ջերմաստիճաններով, որոնք իջնում են 0 °C-ից[2]։ Ցուրտ անապատային կլիմա ունեցող շրջանները սովորաբար գտնվում են ավելի բարձր լայնություններում ի համեմատ շոգ անապատային կլիմա ունեցող շրջանների։

Անապատային կլիմայի այդ տարատեսակը երբեմն հանդիպում է Ասիայի սահմաններից դուրս։ Ցուրտ անապատներն, որպես կանոն, հանդիպում են բարեխառն կլիմայական գոտում, որտեղ տեղումների թափվելուն խոչընդոտում են լեռնաշղթաները։ Ցուրտ անապատային կլիմայի դասական օրինակ է հանդիսանում Մոնղոլիայի Գոբի անապատը[2]։ Այս անապատին բնորոշ է շոգ ամառը և շատ ցուրտ ձմեռներ Սիբիրից և Կենտրոնական Ասիայից տեղափոխվող սառը օդային զանգվածների շնորհիվ։ Կենտրոնական Ասիայի Կզլկում և Տակլա Մական անապատները, Հնդկաստանի Լադակխ տարածաշրջանը և ԱՄՆ-ի արևմուտքում գտնվող Մեծ Ավազանի անապատների առավել չորային շրջանները նույնպես համարվում են ցուրտ անապատային կլիմայի (BWk) վառ օրինակ։

Արկտիկական և անտարկտիկական շրջաններում նույնպես շատ քիչ տեղումներ են թափվում, սակայն դրանք դասակարգվում են որպես բևեռային կլիմա։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Զամըն-Ուուդե, Մոնղոլիա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 10,5 13,0 24,9 34,0 37,1 39,9 40,0 40,3 34,6 27,6 19,4 9,9 40,3
միջին առավելագույնը (°C) −11,0 −6,0 4,8 14,4 23,0 27,8 29,8 27,7 21,4 13,0 1,4 −8,6 11,5
միջին ջերմաստիճանը (°C) −18,5 −14,5 −4,5 5,9 14,4 20,2 22,8 20,8 13,5 4,4 −6,6 −15,9 3,5
միջին նվազագույնը (°C) −24,7 −21,8 −11,9 −2,0 6,8 12,4 16,2 14,3 6,7 −2,3 −12,7 −21,8 −3,4
բացարձակ նվազագույնը (°C) −39,3 −42,3 −28,4 −18,6 −9,0 −6,5 7,2 0,9 −5,6 −17,5 −30,5 −39,9 −42,3
տեղումների քանակը (մմ) 1,9 1,3 1,6 3,8 7,1 14,9 28,5 29,1 14,0 5,8 1,9 1,1 111
Աղբյուր՝ NOAA (1961-1990)

Մեղմ անապատային կլիմա խմբագրել

 
Լիմա՝ Պերուի մայրաքաղաք

Մեղմ անապատային կլիման (BWh կամ BWn), որպես կանոն, բնորոշ է մայրցամաքների արևմտյան առափնյաներին արևադարձային գոտու սահմաններում (կամ դրա մոտակայքում) կամ այն բարձրալեռնային շրջաններին, որոնց բնորոշ է շոգ անապատային կլիման։ Հարավային Ամերիկայում անապատային մեղմ կլիման բնորոշ է Ատակամա անապատի առանձին շրջաններին, հատկապես Պերուի կենտրոնական և հարավային առափնյայի երկայնքով։ Մասնավորապես, այդպիսի կլիման բնորոշ է Պերուի մայրաքաղաք Լիմային։ Հյուսիսային Ամերիկայում անապատային կլիմայի այդպիսի տարատեսակը բնորոշ է Կալիֆոռնիա թերակղզուն։ Աֆրիկայում դրան համապատասխանում են Նամիբ անապատի առանձին շրջանները։ Արաբական թերակղզում անապատային մեղմ կլիման բնորոշ է Եմենի առանձին շրջաններին։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Լիմա, Պերու
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 32,7 32,6 33,3 31,5 30 30 28,3 25,4 28 24,8 27,6 30,4 33,3
միջին առավելագույնը (°C) 26,3 27,3 26,8 24,6 22,1 20,1 19,4 19 19,5 20,5 22,2 24,5 22,7
միջին ջերմաստիճանը (°C) 22,6 23,3 22,8 20,9 18,9 17,7 17,1 16,7 16,9 17,6 18,9 21 19,5
միջին նվազագույնը (°C) 20,2 20,8 20,3 18,6 17 16,2 15,7 15,4 15,4 15,9 17,1 18,8 17,6
բացարձակ նվազագույնը (°C) 15 15 14 11,1 11,1 10 8,9 10 12,5 11,1 11,1 12 8,9
տեղումների քանակը (մմ) 0,3 0,6 0,8 1 0,3 0,8 0,7 1 0,8 0,3 0,2 0,4 8
Աղբյուր՝ Погода и Климат, Туристический портал

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Peel, M. C.; B. L. Finlayson and T. A. McMahon (2007). «Updated world map of the Köppen-Geiger climate classification» (PDF). Hydrology and Earth System Sciences. 11: 1633–1644. Bibcode:2007HESS...11.1633P. doi:10.5194/hess-11-1633-2007.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  2. 2,0 2,1 Cold Climate — The Desert