Սուրբ Բարդուղիմեոսի վանք

կրոնական կառույց պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Մեծ Զաբ գետի աջ ափի բլրի գագաթին

Սուրբ Բարդուղիմեոսի վանք, Դեյր, Դհեր, կրոնական կառույց պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Մեծ Զաբ գետի աջ ափի բլրի գագաթին։

Սուրբ Բարդուղիմեոսի վանք
Վանքային համալիր

Սուրբ Բարդուղեմիոսի վանքը 1911 թ-ին

ՏեղադրությունՎասպուրական
ԱշխարհՎասպուրական
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԱվերակներ
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. տիպԶվարթնոցատիպ է։ Եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-րդ դար
Կառուցման ավարտ18-րդ դար
ԱվերումՄեծ Եղեռն - 1960
##Սուրբ Բարդուղիմեոսի վանք (Թուրքիա)
Set01-church1.svg
##Սուրբ Բարդուղիմեոսի վանք (Մեծ Հայք)
Set01-church1.svg
38°08′59″ հս․ լ. 44°12′46″ ավ. ե.HGЯO

ՊատմությունԽմբագրել

Ըստ ավանդության՝ 1-ին դարում հիմնադրել է Սանատրուկ թագավորը Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանի վրա, նրա մոտ գտնվող Կաթնաղբյուրի ջրով բորոտությունից բուժվելուց հետո։ Վանքը հիշատակվում է 13-րդ դարից։ 1316 թվականից վանքի վանահայր Հակոբը մասնակցել է Ադանայի եկեղեցական ժողովին, 1321 թվականին Հռոմի Հովհաննես XXII պապը նամակով նրան առաջարկել է ընդունել Կաթոլիկ եկեղեցու ծիսակարգը, 1339 թվականին վանքում ընդօրինակվել է Ավետարան, 1398 թվականին՝ Վարդան Արևելցու «Հնգամատյանի մեկնությունը»։

1487 թվականին և 1490 թվականին վանքում Մարգար գրիչը ընդօրինակել է Ավետարան։ 1647 թվականին Սուրբ Բարդուղիմեոսի վանքը և Վարագավանքը ընդհանուր միաբանություն են կազմել։ 1651 թվականին վանքը նորոգել է վանահայր Կիրակոս վարդապետը։ 1715 թվականին երկրաշարժից քանդվել է վանքի եկեղեցու գմբեթը, խարխլվել են պատերը։ 1755–60 թվականին Հովհաննես Մոկացին (Լիմ անապատից) վերականգնել է գմբեթը և նորոգել պատերը։ 19-րդ դարի սկզբին վանքի ունեցվածքը վատնվել է, մենաստանը բարձիթողի արվել վանահայր Խաչատուր վարդապետի օրոք, ինչի համար կաթողիկոս Դավիթ Ե Էնեգեթցին նրան պաշտոնազրկել է և բանադրել։ 1817 թվականին վանահայր Իսրայել եպիսկոպոսը ընդդիմացել է Ներսես Աշտարակեցու և գեներալ Պասկևիչի՝ արևմտահայերի գաղթը կազմակերպելու ծրագրին, համարելով այն «ազգակործան»։ 1843 թվականին Ներսես Ե Աշտարակեցին դրվատել է Արտազի Սուրբ Թադե վանքի և Սուրբ Բարդուղիմեոսի վանքի առաջնորդ, ռուսամետ կողմնորոշում ունեցող Նիկողայոս եպիսկոպոսին, որը չէր ստորագրել հայերի պաշտպանությունը անգլիացիներին հանձնելու խնդրագիրը։

19-րդ դարի վանքում բացվել է վարժարան։ 1860 թվականին քանդվել է վանքի գմբեթը, որը 1878 թվականին վերակառուցել է վանահայր, ծայրագույն վարդապետ Եղիազարը։ 1897 թվականին երկրաշարժից քանդվել է եկեղեցու պատը։ 19-րդ դարում վանքը բավական հարուստ է եղել։ Նրա թեմն են կազմել Աղբակ, Գավառ, Ջուլամերիկ, Սալմաստ և Ուրմիա գավառները՝ 100-ի հասնող հայաբնակ գյուղերով։ Վանքն ունեցել է նաև ագարակներ, հանդեր, արտեր, արոտավայրեր, անտառ։ Եղել է սիրված ուխտատեղի, վանքին ավանդաբար նվիրաբերել են հազվագյուտ սպիտակ գոմեշներ, որոնց հպվելը համարվել է դիպչողի բաղձանքի կատարման առհավատչյան։

1905 թվականին վանքը կողոպտվել է, 1966 թվականին երկրաշարժից քանդվել են եկեղեցու գմբեթը և գավթի ծածկը, ոչնչացել շքամուտքի բարձրաքանդակը[1]։

ՃարտարապետությունԽմբագրել

Միջնադարում վանքը եղել է Աղբակ գավառի առաջնորդանիստ վանք, հռչակավոր սրբավայր ու ուխտատեղի։ Վանքի եկեղեցին 13-րդ դարում կառուցվել է հնագույն բազիլիկի հիմքերի վրա և ունի մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ ներսից բազմանիստ Ավագ խորանով։ Հյուսիսային ավանդատանը Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանն է հետևյալ արձանագրությամբ.

  Այս է տապան հանգստեան սբ. Բարդուղիմէոսի սրբազան առաքելոյ առաջին լուսաւորչին Հայաստանեաց աշխարհի։  


Եկեղեցուն արևմուտքից կից է նրա հետ ծավալատարածական ամբողջություն կազմող և ոճական ընդհանրություն ունեցող գավիթը, որի խաչվող կամարներով իրականացված ծածկի կենտրոնում երդիկավոր գմբեթն է։ Գավթի արևմտյան պատի վրա փոքր զանգաշտարակ է կառուցված։ Եկեղեցու և գավթի ճակատները զարդարված են որմնասյունիկներով, գմբեթի թմբուկի շարվածքում կիրառված է բազմագունություն։ Գավիթն արևմտյան ճակատում ունի պատի ողջ բարձրությամբ խոշոր շքամուտք, որի դռան վերևում քանդակված հեծյալը (համարվում է Բարդուղիմեոս առաքյալը) տեգը ձեռքին սպանում է վիշապին։ Դռան երկու կողքերին, ողջ հասակով քանդակված են բուրվառակիրներ և վանքի քարգործ վարպետները՝ շին. գործիքները ձեռքերին։ Շքամուտքի վերևի կիսաշրջանաձև ճակատակալ քարին Սուրբ Երրորդության պատկերաքանդակն է. գահին բազմած Հայր Աստվածը աջ ձեռքով պահում է Քրիստոսին, ձախով՝ աղավնակերպ Սուրբ Հոգուն, ոտքերի տակ զույգ առյուծներ են, շուրջը՝ հրեշտակներ։ Վանքի բարձրաքանդակն այս թեմայով հայկ. պատկերագրության լավագույն ստեղծագործություններից է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 34 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

ԳրականությունԽմբագրել

  • Շերենց Գ., Սրբավայրեր, Թ., 1902։
  • Էփրիկյան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 2, Վնտ., 1907։
  • Ոսկյան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 3, Վնն., 1947։