Ադանայի եկեղեցական ժողով, Հայ առաքելական եկեղեցու ժողով, գումարվել է 1316 թ. հուլիսի 18-ին (ըստ Մաղաքիա Օրմանյանի` հուլիսի 10-ին), Կիլիկյան Հայաստանի Ադանա քաղաքում, Հայոց կաթողիկոս Կոստանդին Գ Կեսարացու և Հայոց թագավոր Օշին Ա-ի պահանջով։ Քննարկվել է Հայ եկեղեցին Կաթոլիկ եկեղեցուն միացնելու հարցը։ Միացման և լատինադավանության տարածման որոշում ընդունվել էր 1307 թվականի Սսի ժողովում, բայց, ուժեղ դիմադրության հանդիպելով, չէր կենսագործվել։

1316 թվականին Ավինյոնի Հովհաննես XXII պապն Օշին Ա-ից պահանջել է կատարել այդ որոշումը։ Կիլիկյան Հայաստանի քաղաքական կացությունը, որ վատթարացել էր մամլուքների, թուրքմեն-կարամանների և թաթար-մոնղոլների մշտական հարձակումների, ինչպես նաև ներքին եկեղեցադավանաբանական պառակտումների պատճառով, նրա գահակալներին հարկադրել է տեղի տալ արտաքին միջամտություններին, քաղաքական նեցուկ որոնել Արևմուտքում։ Օշին Ա-ն և Կոստանդին Գ Կեսարացին, պապի միջնորդությամբ եվրոպական պետություններից աջակցություն ակնկալելով, գումարել են Ադանայի եկեղեցական ժողովը, որին մասնակցել են 18 եպիսկոպոս, 7 վարդապետ և 10 իշխան` մեծ մասամբ Կիլիկյան Հայաստանի ներքին թեմերից։ Նրանք հաստատել են Հայ եկեղեցին Կաթոլիկ եկեղեցուն ենթարկելու որոշումը, որը վճռականորեն մերժել են արևելյան վարդապետները և ժողովուրդը։

Ադանայի եկեղեցական ժողովի որոշումներն ու դրանց գործադրման փորձերը, հանդիպելով համառ դիմադրության հատկապես Հայաստանում, մնացել են անկատար։ Արքունիքը փորձել է ճնշել հոգևորականության և ժողովրդի ընդվզումները, ինչը միայն խորացրել է պառակտումները և թուլացրել երկրի դիմադրողականությունը թշնամի իսլամադավան պետությունների հանդեպ։

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 67  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: