Սոցիալ-տնտեսական աշխարհագրությունը Հայաստանում

Սոցիալ-տնտեսական աշխարհագրությունը Հայաստանում

Սոցիալական և տնտեսական աշխարհագրությունը՝ որպես գիտության ինքնուրույն ճյուղ, ձևավորվել է Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ պայմանավորված երկրի տնտեսական և մշակութային զարգացման ու պետական պլանավորման գիտական ապահովման անհրաժեշտությամբ՝ Հ. Հովհաննիսյանի, Խաչատուր Ավդալբեգյանի, Գուրգեն Քոչարյանի, Ա. Օհանյանի գիտական գործունեության արդյունքում։[փա՞ստ]

ՀԽՍՀ-ում տնտեսաաշխարհագրական հետազոտություններն սկզբնական շրջանում կենտրոնացվել են հանրապետության Պետպլանում, որին առընթեր ստեղծվել է շրջանացման հանձնաժողով։ Վերջինս կատարել է հանրապետության ամբողջ տարածքի բնության ու տնտեսության գիտական ուսումնասիրություն, որի արդյունքների հիմքի վրա 1929-1930 թվականներին իրականացվել է ՀԽՍՀ վարչատարածքային բաժանման բարեփոխում։ Տնտեսաաշխարհագրական բնույթի հատուկ հետազոտություններ են կատարվել նաև Երևան-Սևան-Աղստաֆա երկաթուղու, ջրատնտեսական ու արդյունաբերական մի շարք օբյեկտների շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորման, հողաշինական աշխատանքների նպատակով։[փա՞ստ]

1933 թվականին հիմնադրվել է ԵՊՀ տնտեսական աշխարհագրության ամբիոնը։ Հայաստանի տնտեսաաշխարհագրական համալիր բնութագրման առաջին փորձը եղել է «Հայկական ՍՍՀ» (ռուսերեն, 1955 թվական) կոլեկտիվ մենագրությունը։[փա՞ստ]

1966 թվականին Հարավային Կովկասի հանրապետությունների ԳԱ-ների և ԽՍՀՄ ԳԱ Աշխարհագրության ինստիտուտի ջանքերով ստեղծվել է «Անդրկովկասյան հանրապետությունների տնտեսության աշխարհագրություն» աշխատությունը, որտեղ մանրամասն վերլուծվել ու գնահատվել են երկրամասի բնական և տնտեսական ներուժի, հասարակական արտադրության ճյուղային ու տարածքային կառուցվածքը։[փա՞ստ]

Սոցիալ-տնտեսական աշխարհագրության առավել վաղ ձևավորված բաղադրիչներից է բնակչության աշխարհագրությունը, որն սկզբնական շրջանում (1930-ական թվականվեր) հենվել է գլխավորապես ժողովրդագրական հետազոտությունների վրա (Պողոս Աբելյան, Զավեն Կորկոտյան[փա՞ստ] Ավելի ուշ ուսումնասիրվել են բնակչության տեղաբաշխման ու տարաբնակեցման օրինաչափությունները՝ կախված հանրապետության տարածքի լեռնային պայմաններից, աշխատանքային պաշարների տեղաբաշխման ու օգտագործման առանձնահատկությունները, բնակչության տեղաբաշխման շարժը՝ ըստ շրջանների ու բարձրադիր գոտիների, ներհանրապետական միգրացիոն տեղաշարժերը, փորձ է արվել ստեղծելու հանրապետության բնակչության ընդհանուր աշխարհագրական բնութագիրը։[փա՞ստ] Սկզբնավորվել է նաև քաղաքների և քաղաքային ագլոմերացիաների աշխարհագրական հետազոտությունը, կատարվել է քաղաքային բնակավայրերի համակողմանի պատմաաշխարհագրական վերլուծություն, բացահայտվել են քաղաքների տեղաբաշխման առանձին օրինաչափություններ՝ կապված ռելիեֆի պայմանների ու տարածքի ուղղաձիգ գոտիականության հետ, մշակվել են քաղաքների գործառնական դասակարգման նոր սխեմաներ (Գ. Ավագյան, Խ. Ավետիսյան, Հ. Գրգեարյան, Սուրեն Դուլյան, Թադևոս Հակոբյան, Լեմվել Վալեսյան)։ Ուսումանասիրվել են Երևան քաղաքի և նրա ագլոմերացիայի զարգացման ժողովրդագրական, բնական ու սոցիալ-տնտեսական գործոնները, աճի, կառավարման ու պլանային կարգավորման հիմնախնդիրները, Մեծ Երևանի քաղաքաշինական մոդելի մշակման հարցերը (Ռ. Հովեսյան, Մ. Քեշիշյաև, Մաքսիմ Մանասյան[փա՞ստ]

Հատուկ հետազոտություններ են կատարվել հասարակական վերարտադրության կատեգորիաների համակարգում բնական պայմանների ու պաշարների տեղի բացահայտման, աշխարհագրական միջավայրի տարբեր տարրերի՝ հանածո հումքի, ջրային ու ջրաէներգետիկական, կլիմայական, հողա-բուսական պաշարների գնահատման, բնական միջավայրի պահպանման, ռացիոնալ օգտագործման ու վերականգնման հարցերի վերաբերյալ։ Առավել խոր ու բազմակողմանիորեն հետազոտվել են հանրապետության բնական շինանյութերի տարածման ու ռացիոնալ օգտագործման աշխարհագրական հարցերը։ Մշակվել են տարածքի գնահատումների և դրանց չափանիշների համակարգեր, որոնք դրվել են տարածքի տարբեր շրջանացումների հիմքում՝ հաշվի առնելով մակերևույթի հատկանիշներն ու գնահատման սուբյեկտները (Ն. Բարսեղյան, Մ. Մելքումյան, Ս. Մուսայելյան, Լեմվել Վալեսյան[փա՞ստ]

ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական ինստուտի աշխարհագրական բաժնում արվել են հանրապետության ռեկրեացիոն պաշարների ուսումնասիրության և համալիր գնահատման աշխատանքներ։ Ժողտնտեսության ճյուղերի աշխարհագրության բնագավառում կատարված հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են հայրենագիտական բնույթի ընդհանուր տնտեսաաշխարհագրական մենագրություններում, ինչպես նաև առանձին ճյուղերի նվիրված աշխատություններում։ Ուսումնասիրվել են հանքային արդյունաբերության, հանքային ջրերի արդյունաբերական օգտագործման, էլեկտրաէներգիայի, պղնձի, շինանյութերի, արդյունաբերության և այլ ճյուղերի տնտեսաաշխարհագրական հիմնախնդիրները։ Արդյունաբերական ճյուղի (բնական շինանյութերի) հետազոտական համար առաջին անգամ կիրառվել են մաթեմատիկական մոդելավորման և էներգաարտադրական ցիկլերի մեթոդները՝ գրաֆների և քարտեզագրական մեթոդների զուգորդությամբ (Ա. Ավագյան, Է. Բաբայան, Ա. Զաքարյան, Մ. Թորոսյան, Ս. Մելքումյան, Մ. Մկրտչյան, Կ. Վանունց և ուրիշներ)։[փա՞ստ]

Հրատարակվել են գյուղատնտեսության ճյուղի և ոչխարաբուծության ենթաճյուղի վերաբերյալ մենագրություններ (Գ. Ավագյան, Կ. Պոսոշնիկովա, Ա. Օհանյան[փա՞ստ]

1960-ական թվականներից մեծացել է հետաքրքրությունն արտադրության տարածքային կազմակերպման, արտադրողական ուժերի տարածական համակարգերի ձևավորման շարժընթացների նկատմամբ։ Առաջարկվել ու հիմնավորվել է թեզ, ըստ որի՝ ՀԽՍՀ սահմաններում 1960-ական թվականների կեսերից ձևավորվել է մեկ միասնական տարածքային-արտադրողական համալիր (ՏԱՀ)։ Հետազոտվել են ՏԱՀ-ի տեղը աշխատանքի միութենական բաժանման համակարգում, նրա ձևավորման գործոններն ու նախադրյալները, կառուցվածքային (ճյուղային ու տարածքային) առանձնահատկությունները, կատարելագործման ուղիները (Լեմվել Վալեսյան)։ Սոցիալ-տնտեսական աշխարհագրական բնույթի այլ աշխատանքներից կարևոր են նաև բնակավայրերի ու վարչականշրջանների տեխնիկատնտեսական ցուցանիշների հաշվառումն ու համակարգումը, որն իրականացվել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական ինստիտուտի աշխարհագրական բաժնում, տնտեսական որոշ հիմևախնդիրների լուծման տնտեսաաշխարհագրական հիմնավորումները՝ բուհական ամբիոններում։ Ընդարձակվել են ուսումնասիրվող տարածաշրջանների սահմանները, աճել է հետաքրքրությունը մասնավորապես արտասահմանյան երկրների տնտեսական և սոցիալական աշխարհագրության տարբեր հարցերի նկատմամբ։ Մենագրություններ են հրատարակվել Մերձավոր Արևելքի նավթարդյունաբերությանը, մերձդանուբյան սոցալիստական երկրների ջրաէներգապաշարների և ջրաէներգետիկայի աշխարհագրության վերաբերյալ, ուսումնասիրվել են Եգիպտոսի Արաբական Հանրապետության բնակչության և Թուրքիայի բնական պաշարների աշխարհագրական հիմնախնդիրները։[փա՞ստ]

Զգալիորեն զարգացել են սոցիալ-տնտեսական աշխարհագրությանը հարակից բնագավառները։ Առավել նշանակալի են սոցիալ-տնտեսական պատմաաշխարհագրական հետազոտությունները, որոնք վերաբերում են Հայաստանին ու սահմանակից երկրներին, աշխարհագրության և նրա առանձին հիմախնդիրների պատմությանը (Թ. Հակոբյան, Կ. Պետրոսյան, Է. Մակվեցյան, Ժ. Գանին)։ Նշանակալի երևույթ էր «Հայաստանի և հարակից շրջանների տեղանուններ»[1] բազմահատոր հանրագիտական բառարանի ստեղծումը (Թ. Հակոբյան, Ստեփան Մելիք-Բախշյան, Հովհաննես Բարսեղյան[փա՞ստ]

Կատարվել են տարբեր աշխարհամասերի, երկրների և ժողովուրդների, ինչպես նաև ընդհանուր աշխարհագրության հարցերի վերաբերյալ մի շարք ուշագրավ ուսումնասիրություններ, հրատարակվել են բառարաններ և այլ տեղեկատուներ (Կ. Ավետիսյան, Հ. Գրգեարյան և ուրիշներ), ԽՍՀՄ հանրապետությունների և տարբեր երկրների բնությունը, բնակչությունն ու տնտեսությունը բնութագրող մատենաշար և մենագրություններ (Գ. Ավագյան, Ս. Դուլյան, Թ. Հակոբյան, Լեմվել Վալեսյան), դպրոցական ու բուհական դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ։[փա՞ստ]

Անկախացումից հետո շարունակվել են սոցիալ-տնտեսական աշխարհագրական հետազոտությունները ԵՊՀ աշխարհագրության (2008 թվականից՝ աշխարհագրության և երկրաբանության) ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պատմաաշխարհագրական ֆակուլտետում, ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում՝ բնական պաշարների նպատակային օգտագործման, էներգետիկական տնտեսության (Միտուշ Թորոսյան[2][3]), կայուն զարգացման (Կարինե Դանիելյան, Սեյրան Սուվարյան), տարաբնակեցման հիմնահարցերի (Մաքսիմ Մանասյան, Ակսել Պոտոսյան), կյանքի որակի և քաղաքական աշխարհագրության (Սասուն Սարիբեկյան, Արմեն Վալեսյան[4], Լեմվել վալեսյան[4]), աշխարհագրական կրթության (Գուրգեն Հովհաննիսյան), տարածաշրջանների և պետությունների (Յուրիկ Մուրադյան), Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական աշխարհագրության (Սերգեյ Մելքումյան) և այլ ուղղություններով, հրատարակվել են դպրոցական ու բուհական բազմաթիվ դասագրքեր, կազմակերպվել են գիտաժողովներ։[փա՞ստ]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  2. «ՄԻՏՈՒՇ ՄԱՐՏԻՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  3. «ՄԻՏՈՒՇ ՄԱՐՏԻՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  4. 4,0 4,1 Վալեսյան, Արմեն; Վալեսյան, Լեմվել (2005). Քաղաքական աշխարհագրություն։ Դասագիրք բուհերի աշխարհագրական եւ հասարակագիտական մասնագիտությունների համար. Երևան: Երեւանի համալս. հրատ․. ISBN 9785808406834.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։