Յուրիկ Մուրադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրիկ Հայկազի Մուրադյան (մարտի 15, 1949, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշխարհագետ, տնտեսաաշխարհագետ, աշխարհագրության գիտությունների թեկնածու (1985), դոցենտ (1993), պրոֆեսոր (2012)։ Հայտնի է դպրոցական և բուհական աշխարհագրության դասագրքերով։ Եղել է ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության (1980-1991), Հայկական աշխարհագրական ընկերության անդամ (1992), Հայկական աշխարհագրական ընկերության փոխնախագահ (2005)։
Յուրիկ Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1971) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | աշխարհագրության գիտությունների թեկնածու (1985) |
Մասնագիտություն | աշխարհագրագետ |
Աշխատավայր | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Անդամություն | Ռուսաստանի աշխարհագրական ընկերություն և Հայկական աշխարհագրական ընկերություն |
Կենսագրություն
խմբագրել1967-1971 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետում։ 1971-1972, 1973-1977 թվականներին աշխատել է դպրոցում։ 1972-1973 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1977-1980 թվականներին Խ. Աբովյանի անվան ՀՄԻ ասպիրանտ։ 1980-1987 թվականներին Հայկական մանկավարժական ինստիտուտի ավագ լաբորանտ և ժամավճարային հիմունքներով դասախոս, 1985 թվականին աշխարհագրական գիտությունների թեկնածու (Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գիտական խորհուրդ), 1987-2012 թվականներին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, 2006-2012 թվականներին ՀՊՄՀ պատմության և աշխարհագրության ֆակուլտետի, ապա և կենսաբանության, քիմիայի ու աշխարհագրության ֆակուլտետի դեկանի տեղակալ։ 2012 թվականից ՀՊՄՀ աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր[1]։
Գիտական գործունեություն
խմբագրելՅուրիկ Մուրադյանը մեծ ուշադրություն է դարձրել բնական ռեսուրսների տնտեսական գնահատման, բնառեսուրսային շրջանացման, բնօգտագործման, տարածաշրջանների և պետությունների սոցիալ-տնտեսական և քաղաքական աշխարհագրության, քաղաքակրթությունների աշխարհագրության հիմնահարցերի ուսումնասիրությանը, մարդկության գլոբալ հիմնախնդիրներին։
Հրատարակված դասագրքերը, մենագրությունները, հոդվածները, մասնակցությունը գիտական նստաշրջաններին։
Հեղինակ է ավելի քան 100 տպագրական աշխատանքների մոտ 4000 տպագրական էջ ծավալով, այդ թվում՝ մենագրությունների, դպրոցական և բուհական աշխարհագրության 10 դասագրքերի, բառարանի, ուսումնամեթոդական ուղեցույցների, ծրագրերի, հոդվածների և քարտեզների։ Դրանցից հինգ տասնյակը գիտական աշխատանքներ են։ Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտական նստաշրջաններում, այդ թվում Միջազգային աշխարհագրական 23-րդ կոնգրեսում (Մոսկվա, 1976), Լեհաստանի աշխարհագրական ընկերության 7-րդ համագումարին (Օպոլե, 1987)։ Գիտական աշխատանքները հրատարակվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Թբիլիսիում, Երևանում, Օպոլեում (Լեհաստան) և այլ տեղերում։
Հրատարակություններ
խմբագրել- Արտասահմանյան երկրների տնտեսական և սոցիալական աշխարհագրություն։ - Հ. 1։ Աշխարհի սոցիալ-տնտեսաաշխարհագրական ընդհանուր բնութագիրը։ Եվրոպա։ Դասագիրք մանկ. ինստ. աշխարհագրություն. մասնագիտ. համար։ Պրոֆ. Լ. Վալեսյանի խմբագրությամբ։ -Եր.։ Զանգակ-97, 1998. - 424 էջ։ Մուրադյան Յու. Հ., Մուրադյան Մ. Յու.
- Արտասահմանյան երկրների տնտեսական և սոցիալական աշխարհագրություն։ -Հ. 2։ Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա և Օվկիանիա։ Դասագիրք բուհերի աշխարհագրություն մասնագիտ. համար։ ՌԴ ԿԱ ակադեմիկոս Լ. Վալեսյանի խմբագրությամբ։ -Եր.։ Զանգակ-97, 2000. - 504 էջ։
- Աշխարհագրություն /Հասարակական աշխարհագրություն։ Աշխարհ/։ Հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի դասագիրք ՌԴ ԿԱ ակադեմիկոս Լ. Վալեսյանի խմբագրությամբ /Ավագյան Ա., Թորոսյան Մ ., Հովսեփյան Ա., Մանասյան Մ., Մուրադյան Յու., Սարգսյան Խ., Վալեսյան Լ./։ Երևան։ Մակմիլան-Արմենիա, 2007. - 208 էջ։
- Աշխարհագրություն /Հասարակական աշխարհագրություն։ Տարածաշրջաններ և պետություններ/։ Հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի դասագիրք ՌԴ ԿԱ ակադեմիկոս Լ. Վալեսյանի խմբագրությամբ/ Ավագյան Ա., Թորոսյան Մ., Հովսեփյան Ա., Մանասյան Մ., Մուրադյան Յու., Սարգսյան Խ., Վալեսյան Լ./։ Երևան։ Մակմիլան –Արմենիա, 2008. – 304 էջ։ Մուրադյան Յու. Հ.
- Հասարակական աշխարհագրության հանրագիտական բառարան։ Ուսումնամեթոդական ուղեցույց բառարան բուհերի աշխարհագրություն և հասարակագիտություն մասնագիտությունների համար պրոֆ. Ա. Ավագյանի խմբագրությամբ/։ Երևան։ ՄՈԱ հրատ. 2008. -565 էջ։, Մուրադյան Յուրիկ, Մուրադյան Մարիետա
- Տարածաշրջանների և պետությունների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն։ Գիրք 1, Եվրոպա։ Դասագիրք բուհերի աշխարհագրություն մասնագիտությունների համար։ Երկրորդ լրացված և բարեփոխված հրատարակություն ՌԴ ԿԱ ակադեմիկոս Լ. Վալեսյանի խմբագրությամբ։ Երևան։ Տիգրան Մեծ, 2009. – 210 էջ։ Մուրադյան Յուրիկ, Մուրադյան Մարիետա
- Տարածաշրջանների և պետությունների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն։ Գիրք 2, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա և Օվկիանիա։ Դասագիրք բուհերի աշխարհագրություն մասնագիտությունների համար։ Երկրորդ լրացված և բարեփոխված հրատարակություն ՌԴ ԿԱ ակադեմիկոս Լ. Վալեսյանի խմբագրությամբ։ - Եր.։ Տիգրան Մեծ, 2010. – 336 էջ։ Մուրադյան Յուրիկ
- Քաղաքակրթությունների աշխարհագրություն։ Դասագիրք բուհերի աշխարհագրություն մասնագիտությունների համար / Յուրիկ Մուրադյան; Գիտ. խմբ.՝ պրոֆ. Արամ Ավագյան. –Եր.։ Տիգրան Մեծ, 2011. – 476 էջ։ Մուրադյան Յուրիկ, Մուրադյան Մարիետա
- Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները / Յուրիկ Մուրադյան, Մարիետա Մուրադյան; Ուսումնական ձեռնարկ բուհերի աշխարհագրություն մասնագիտությունների համար; Գիտ. խմբ.՝ պրոֆ. Արարատ Զաքարյան։ Երևան։ Տիգրան Մեծ, 2014. 420 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Յուրիկ Հայկազի Մուրադյան». aspu.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.